Ստաս Ժիցկի. «Ոչ տոնական Երևան»
Կադրերի բաժին

Ստաս Ժիցկի. «Ոչ տոնական Երևան»

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ռուս նկարիչ, դիզայներ Ստաս Ժիցկին Երևան տեղափոխված ռելոկանտների թվում էր։ Ի թիվս այլոց, Ժիցկին սիրում է ճեպանկարների միջոցով արտահայտել իր տեսած ոչ տոնական Երևանը, որտեղից մոտ ժամանակներս չի պատրաստվում հեռանալ։ ԵՐԵՎԱՆը նկարչի հետ զրուցել է այստեղ գալու, աղբի դեմ պայքարելու և հայերեն սովորելու մասին։

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Լուսանկարները՝ Ստաս Ժիցկու

 

#Արվեստ

Ինչու եմ նկարում

Նկարելու ցանկությունը սկսվել է Հռոմից: Ես փոքր տղայիս հետ գնացել էի Հռոմ, և տղաս այնպիսի բաներ էր նկատում, որ մտածեցի՝ պետք է նկարեմ, թեպետ մոտավորապես 20 տարի չէի զբաղվել: Ես, իհարկե, արվեստով զբաղվում էի, բայց միայն որպես աշխատանք: Նկարելու ժամանակ հետին միտք չունեմ, պարզապես ուզում եմ թղթին հանձնել իմ տպավորություններն ու զգացածները: 

 

Լուսանկարը՝ Դաշա Կարետնիկովայի

 

 

Երևանում կարելի է նկարել ամեն անկյունը: Չեմ նկարում, օրինակ, Հանրապետության հրապարակը, որը շատ գեղեցիկ է, սակայն արդեն այնքա՜ն նկարողներ կան: Այն, ինչ վաճառվում է տուրիստներին, հարյուր անգամ նկարված է արդեն: Ես ուզում եմ նկարել աղյուսով շարած պատշգամբները։ Գիտեմ, որ շատերը Երևանում չեն սիրում ինքնաշեն կառույցները, բայց ինձ դրանք դուր են գալիս, որովհետև ավելի մարդկային են, իսկ ինձ ավելի հետաքրքիր են մարդիկ։ Ավելի շուտ կնկարեմ շատ ժանգոտված, ծուռ մեքենա, պարանին կախված սպիտակեղեն, փողոցային երաժիշտներ… Հույս ունեմ կշարունակեմ նկարել: 

 

Սիրում եմ նկարներում տեղավորել զգացողությունները, որը շատ դժվար է: Երբ ես նկարում եմ հեռախոսով, այն, ինչ ինձ դուր է գալիս, հետո նայում եմ, հասկանում եմ, որ չկա ոչ մի զգացողություն, էմոցիա: Նկարում եմ, հետո նայում եմ, որ, այո՛, ստացվել է փոխանցել ինչ ուզում եմ: Միշտ չի, որ ստացվում է նույն տեսածը նկարել, բայց կարևոր չեն ինձ համար դոկումենտալ իրողությունները, կարևոր է, որ ճիշտ փոխանցեմ իմ զգացողությունները: 

 

 

 

Ինչպիսի ֆիլմ կնկարեի Երևանի մասին

Լավ գաղափար է  ֆիլմ նկարել Երևանի մասին Երևան ժամանածի աչքերով, հետաքրքիր է, հնարավոր է, որ հենց այդպես էլ անեմ: Այնուամենայնիվ, այն առաջնային կպատմի մարդկանց մասին, որովհետև, ընդհանրապես, սա երևի առաջին դեպքն է աշխարհագրական և սոցիալական իմ պրակտիկայում, երբ ես հասկանում եմ, որ կարևոր ձեռքբերումը Հայաստանում մարդիկ են: Սա այստեղ ամենաընտիրն ու լավն է: Ոչ մի երկրում այսպիսի մարդկանց չեմ հանդիպել։ Հասկանալի է, որ ամեն տեղ կան բարի, հյուրասեր մարդիկ, բայց երբեք իմ տպավորություններում նրանք չեն եղել առաջին տեղում, իսկ Հայաստանում այդպես եղավ:  

 

Դրա համար ես կնկարեի մարդկանց մասին, իսկ հետո երևանյան հասարակ, կենցաղային բաների մասին, ոչ թե տոնական ու տուրիստական Երևանի: Օրինակ՝ դրսում փռված լվացքի, սենյակ սարքած պատշգամբի մասին, այն ամենի մասին, ինչը գտնվում է շենքի հետևում, բակում, պապիկների մասին, որ նարդի են խաղում, սուրճ պատրաստող սարքերի, անվճար ցայտաղբյուրների մասին: Այս բոլոր մանրուքները, որոնք ձևավորում են մարդու ապրելու պայմանները, ինձ միշտ ավելի հետաքրքիր են, քան տուրիստական հետաքրքրությունները: 

 

Անձնական ներկայությունը ինչ-որ քաղաքում կարևոր է հենց նրա համար, որ զգաս, շոշափես տվյալ քաղաքի մթնոլորտը, տրամադրությունը, իսկ մթնոլորտը չի կառուցվում թանգարաններով, ճարտարապետական մեծ շենքերով, անգամ չքնաղ Կասկադով: Քաղաքի տրամադրությունը ստեղծվում է մարդկանցով, սրճարաններով, որոնցով հասկանում ես քաղաքի անհատականությունը: Ես սիրում եմ քայլել թաղերով, նստել սրճարաններում, որտեղ տեղացիներն են նստում, սա միշտ հավես է: Ֆիլմը կանվանեի «Ոչ տոնական Երևան»: 

 

 

 

Ինչը կփոխեի Երևանում

Ես սոցիալական արշավ կսկսեի աղբի դեմ: Աղբի դեմ մեծ բյուջեներ պետք չի ծախսել, այլ ուղղակի պետք է հասկացնել մարդկանց, որ քաղաքը չպետք է աղտոտեն: Երևան եկած մարդիկ շատ անգամ հավաքվում են և մաքրում Երևանի աղբը, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար, որովհետև մաքուր լինելու համար պարտադիր չէ հավաքել աղբը, այլ պարտադիր է չթափել, գոնե սկզբի համար: Ահա, ես սա կփոխեի: 

 

Նաև կաշխատեի քաղաքի դիզայնի վրա, հրաշալի են շենքի ճակատները, ճարտարապետությունը՝ տարբեր դարաշրջանների, հետո բրուտալ մոդեռնիզմը, թե ինչո՞վ է կապվում այս ամենը Հայաստանի հետ, և այդ ամենի վրա փակցված են գովազդներ, կուզեի, որ այդ կառույցները ազատվեին գովազդներից, ցույց տային իրենց իրական դեմքը: 

 

Երբ այս մասին խոսեցի մի հարցազրույցի ժամանակ, ինձ հետ կապ հաստատեց Երևանի փոխքաղաքապետը, մենք երկար զրուցեցինք, ես հասկացա, որ քաղաքապետարանը ևս զբաղվում է ինձ անհնագստացնող հարցերով:

 

 

Ինչն է տպավորել ամենից շատ

Շփման կուլտուրան է ինձ ամենաշատը դուր եկել: Ինձ անսահման դուր է եկել պարզությունը, որից շատ հետ են վարժվել ռուսները, մասնավորապես մոսկվայաբնակները: 

 

Տնից տուն տեղափոխվելու ժամանակ անծանոթ մարդիկ գալիս են և օգնում են ծանր իրերը քարշ տալ՝ առանց անգամ բառ ասելու, չեն գնում, մինչև ամբողջը չտեղափոխենք: Փողոցում վաճառողից ուզում էի  ձկան խավիար գնել, իսկ այդ պահին ինձ մոտ կանխիկ դրամ չկար, ես ասացի գնամ գումարը վերցնեմ, վերադառնամ, իսկ նա ինձ ասաց, որ խավիարը հետս կարող եմ վերցնել, հետո գումարը կբերեմ: Ահա խնդրեմ, ամենակարևոր մշակութային տարրը: 

 

Ինչու եմ սովորում հայերեն

Հնչում է գեղեցիկ, գրվում է անհասկանալի, ես Մաշտոցին մի անգամ չէ, որ անիծել եմ հայերեն այբուբենը սովորելու ընթացքում: Որովհետև տպագիր ու ձեռագիր տառերը խիստ տարբերվում են իրարից, դրա համար ես շատ քիչ բառեր գիտեմ, օրինակ՝ Արարատ, որով անվանում են այն, ինչ հարմար է, եթե Արարատ չէ, ապա՝ Նոյ։ Բայց ես հետո հետ եմ վերցնում իմ անեծքները, որովհետև կա ռուսերենը, որը ևս շատ բարդ է: Ես կարծում եմ՝ եթե ռուսերենը սովորել եմ, ապա հայերենն էլ կսովորեմ, ժամանակն է քիչ ուղղակի: 

 

Հայերենը բարդ է այնքան, որ կան շատ հայեր, որոնք ավելի լավ ռուսերեն են խոսում, քան հայերեն: Բայց ես չեմ պատրաստվում այստեղից որևէ տեղ գնալ, ու չնայած այստեղ ռուսերեն էլ հասկանում են բոլորը, բայց ես ուզում եմ սովորել հայերենը: Այնպես որ՝ շարունակելու եմ սովորել: 

 

 

 

 

Միշտ արևոտ, առանց ձյան

Ես եղել էի Հայաստանում, մոտավորապես տասը տարի առաջ, և ամեն ինչ ավելի վատ էր այն ժամանակ: Մեկուկես տարի առաջ մեծ աղջիկս իր ընտանիքով ճանապարհորդեց Կովկասում, եղավ նաև Հայաստանում, և երբ մենք որոշեցինք լքել մեր երկիրը, աղջիկս միանգամից առաջարկեց գալ Հայաստան: Եկանք ու, իրոք, ասյտեղ ամեն ինչ հրաշալի է: Հետևաբար, չկա ոչ մի հիասթափություն: 

 

Ես հասկանում եմ, որ այստեղ գուցե չի հերիքում գլամուրային փայլը, բայց հենց դա է ինձ դուր գալիս: Այստեղ շատ ավելի մարդկային է, քան Մոսկվայում, որտեղ անիմաստ փողեր են շպրտվում: Միայն այն, որ կան ցայտաղբյուրներ, որոնցից կարելի է անվճար ջուր խմել, արդեն հրաշալի է: Ես հասկանում եմ, որ փող չկա, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ այն ծախսվում է կարևորի վրա, որը ինձ ևս դուր է գալիս: 

 

Ինձ նաև դուր է գալիս, որ ձյուն չկա: Ռուսաստանում անընդհատ անարև տխրություն է, իսկ ոտքերիդ տակ՝ մշտական ցեխ և խոնավություն: Իսկ երբ միշտ արև է, տրամադրությունդ էլ է բարձրանում

հավելյալ նյութեր