«Սթենդափերը պիտի մազոխիստ լինի»
Սթենդափ

«Սթենդափերը պիտի մազոխիստ լինի»

ԵՐԵՎԱՆը մի ամբողջ օր անցկացրել է «Արի» սթենդափ ակումբում և զրուցել հայկական (արդեն ոչ այդքան) անդերգրաունդ սթենդափ աշխարհի մի քանի ներկայացուցիչների հետ։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Հայգազ Կրադենյանի

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

Անի Բարսեղյան

Միշտ զբաղվել եմ ու հիմա էլ զբաղվում եմ մարքեթինգով ու լրագրությամբ, իսկ սթենդափը կողքից որպես հոբբի է եղել։ Մոտ ապագայում, որպես հիմնական աշխատանք, սթենդափը չեմ տեսնում, բայց մեկ էլ ու տեսար։ 

 


Մինչ այս երբեք մեծ սեր չէի ունեցել սթենդափի նկատմամբ, բայց հետո նայեցի Marvelous Mrs. Maisel հեռուստասերիալն ու հասկացա, որ սթենդափը կարող է լինել ոչ թե հռհռացնող, այլ հոգին տաքացնող։ Սկսեցի փորփրել ու գտա այդպիսի մարդկանց նաև ժամանակակից սթենդափի մեջ։ 


Արդեն գիտեի, որ Հայաստանում անդերգրաունդ սթենդափ աշխարհ կա, որոշեցի մի անգամ գնալ տեսնելու, թե ինչ կա ու ավելի տաքացա։ Տեսա Աշոտի ելույթը, որը բարձր նշաձող էր սահմանել և որին կարելի է ձգտել։ Տեսա նաև մարդկանց, որոնցից միանշանակ ավելի լավ կարող էի ելույթ ունենալ։ Դա վստահություն տվեց, որ ես էլ փորձեմ։ Որոշեցի հենց հաջորդ օփեն մայքին էլ գնալ։ 


Այն ժամանակ դա այդքան էլ հաճախակի հանդիպող երևույթ չէր, մի քանի ամիսը մեկ էին անցկացվում։ Այս անգամ կազմակերպիչը լսելու էր կոմիկներին, ֆիլտրեր լավագույններին ու շոու կազմակերպեր։ Նախորդ օրն ավելի փորձառու կոմիկներով հավաքվել էին «ռազգոնի» ու ես էլ որոշեցի գնամ իմ հում կատակներով։ Այնտեղ զգացի, որ դեռ շատ աշխատելու տեղ ունեմ ու որոշեցի այդ օրվա օփեն մայքին ուղղակի որպես հանդիսատես գնալ։ Բայց կազմակերպիչը՝ Մհեր Խաչատրյանը, ինձ համոզեց բեմ դուրս գալ։ Ահավոր վախենալու էր։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես եմ անդադար քայլում բեմով։ Ամեն դեպքում, անցա հիմնական շոուին, բայց երբ շոուն պիտի լիներ, քովիդը սկսվեց ու ամեն ինչ չեղարկվեց։ Որոշ ժամանակ անց նորից գնացի օփեն մայքի, նորից անցա, բայց այս անգամ սկսվեց պատերազմը։ Անցած տարվա հունվարին «Մոյկայի» շոուին մասնակցեցի և այդտեղից սթենդափը կյանքիս մշտական մաս դարձավ։ 


Ամեն անգամ, երբ բացված չեմ լսարանի առաջ, դա դառնում է ձախողում։ Հետո ընկնում եմ մտքերի մեջ, թոքերս եմ քաշում։ Մի որոշ ժամանակ դադար եմ տալիս ու նորից վերադառնում։ Գաղափար չունեմ այդ կապը ոնց է ստեղծվում, պարզապես պիտի զգամ մարդկանց։ 


Հումորներս հիմնականում վերաբերում են այն ամենին, ինչն ինձ ջղայնացնում է, առաջացնում է «what the fuck?» ռեակցիան։ Այդ իրավիճակները երկար վերլուծում եմ, մտածում և հասնում ուրիշ տեսակետի, որն էլ արդյունքում զարգանում ու դառնում է հումոր։ Սթենդափը՝ որպես թերապիա։ Կոպիտ բառեր շատ եմ օգտագործում սթենդափ անելիս։ Իմ ասածը շատ է աչքի ընկնում, որովհետև բարի ժպիտով եմ ասում այդ ամենը։ 


Ներսիս ակտիվիստն ասում է, որ սթենդափերը չպիտի ինչ-որ հստակ ձև լինի, բայց կա մի քանի կարևոր բան, որը շատ կօգնի։ Պետք է միշտ ուսումնասիրել թեման ու խոսել այն մասին, ինչից գլուխ ես հանում։ Պետք է կարողանաս անջատել ինքդ քեզ բեմական կերպարից, որպեսզի ձախողումներդ անձիդ չվերագրես ու մտածես, որ կյանքով մեկ անհաջողակ ես։


Ալեքսանդր Նյու

Տան մի անկյունում գցած դիպլոմում գրված է, որ խաղարկային ֆիլմերի ռեժիսոր եմ։ Ամբողջ ազատ ժամանակս ծախսում եմ սթենդափի վրա, իսկ ոչ ազատը՝ «Երակ» ՍՊԸ-ում եմ աշխատում, որտեղ միակ գործառույթս ամիսը մեկ հաշվիչները նկարելն ու մայրիկիս ուղարկելն է։ 

 


Սթենդափով զբաղվում եմ մոտ վեց տարի։ Ինձ ինչքան հիշում եմ, միշտ ուզեցել եմ ստեղծագործական ոլորտում լինել։ Փորձեցի նկարիչ դառնալ, բայց թարգեցի։ Ընդունվեցի Թատերական, այդտեղից էլ՝ կորած դիպլոմս։ Երբ սկսեցի գովազդային ընկերությունում որպես սցենարիստ աշխատել, ընկերներիցս մեկից իմացա սթենդափի մասին։ Հետաքրքրվեցի ու հասկացա, որ սա հենց այն է, ինչով ուզում եմ զբաղվել։ Դուրս եկա աշխատանքից։ 


Մինչև առաջին սթենդափս ես երկու տարի միայն կատակներ էի գրում, քանի որ չգիտեի՝ Հայաստանում որտեղ կարելի է ելույթ ունենալ։ Իսկ հետո անոնիմ չաթով ծանոթացա Սամարայից մի աղջկա հետ։ Կես տարի շփվելուց հետո որոշեցի գնալ իր մոտ ու նաև մտածեցի, որ հաստատ այնտեղ օփեն մայքեր կանցկացնեն։ Ռուսերեն բավական լավ խոսում եմ, այդպես գրանցվեցի ու գնացի Սամարա։ Դուրս եկա բեմ, անկապ բաներ խոսեցի։ Ի վերջո, այդ աղջկանից բաժանվեցի, իսկ սթենդափը մնաց։ 


Ամենամեծ ձախողումը եղել է, երբ 40 րոպեանոց ելույթ էի կազմել, բավական շատ մարդկանց հրավիրել, բայց այդ ամենը տևեց 25 րոպե։ Մարդիկ էլ էին վատը, ես էլ էի վատը։ Առավելությունն այն էր, որ դրանից հետո ավելի վատ չէր կարող լինել, արդեն բոլոր տեսակ ելույթների պատրաստ էի։


Սկզբում շատ էի նայում նրան, թե ինչն է մարդկանց ծիծաղեցնում։ Հիմա կենտրոնանում եմ նրա վրա, թե ինչն է հետաքրքիր և ծիծաղելի հենց ինձ համար, ինչ է կատարվում իմ ներսում։ Պարզ է, դրսի որևէ բան ևս կարող է ոգեշնչել կատակի, բայց կարևորն անկեղծ լինելն է։ Երբ սթենդափերը ելույթը սկսում է «Ծափերով հասկանանք՝ ինչպես է մեր տրամադրությունը» արտահայտությամբ, հասկանում ես, որ մեկը ուզում է քեզ գցած լինի։


Ամիր Վաֆայի

Մասնագիտությամբ երաժիշտ եմ, բայց քանի որ Հայաստանում ենք ապրում, աշխատում եմ որպես ծրագրավորող։ Սթենդափն իմ կյանքում շատ նոր բան է։ Եթե անկեղծ, ինձ դեռ չէի անվանի սթենդափ կոմիկ։ 

 


Երկու հատկանիշ ունեմ, որոնք տրամաբանորեն բերում են սթենդափով զբաղվելուն։ Մեկն այն է, որ շատ-շատ եմ խոսում, իսկ մյուսը՝ միշտ փորձում եմ բոլորին ծիծաղեցնել, լավ տրամադրություն ապահովել։ Թեկուզ երբ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, կամ ինչպես ընկերներս են ասում, թարմ ականջ եմ գտնում, ուզում եմ իրենց էլ ծիծաղեցնել։ 


Երկու տարի մտածում էի սթենդափի մասին, բայց կարծում էի, որ Հայաստանում չեմ կարողանա դա անել, քանի որ իմ հումորները հաճախ 18+ ոճի են։ Իսկ հետո իմացա, որ դա հնարավոր է։ 


Մի քանի տարի առաջ շատ մոտիկ ընկերներիս հարսանիքի հանդիսավարն էի։ Խոսափող, մարդիկ, մոնոլոգ, ես փորձում եմ բոլորին ծիծաղեցնել. դա կարելի է ասել սթենդափի նման մի բան էր։ Բայց առաջին իրական ելույթս որպես սթենդափ կոմիկ տեղի ունեցավ մի չորս-հինգ ամիս առաջ։ Անտանելի վախենալու էր, բայց պատկերացրածիցս լավ անցավ։ Օփեն մայք էր, շատ մարդ չկար։ Երբ երկրորդ ելույթս ստացվեց, որոշեցի, որ անպայման պիտի զբաղվեմ սթենդափով։ 


Վերջին ելույթս անտանելի վատն էր։ Իջա բեմից, մի տղա մոտեցավ, ասում է՝ շատ լավ ելույթ էր, բայց TedTalk-ի համար։ Նախավեր-ջինի համար տեղի զուգարանում հումորներ գրեցի, մինչև ելույթի սկիզբը, մեկ անց քսան վերցրի խոսափողը և ոչ մեկ չծիծաղեց։ Այդ պահին խառնվել էի իրար, իսկ հետո ինձ ասեցին, որ ուշ ժամ էր, մարդիկ հոգնել էին, դրա համար էլ չէին ծիծաղում։ 


Կարծում եմ այն, որ ես իրանցի եմ, որը ապրում է Հայաստանում և պատմում է իր կյանքից սթենդափով՝ արդեն ծիծաղելի է լսարանի համար։ Փորձում եմ միշտ ինձ հետ պատահածների մասին պատմել։ Օրինակ՝ այն մասին, որ մտածում էի պահպանակն ու պաղպաղակը նույն բանն է, ու զարմանում էի՝ էս հայերն ինչ տարօրինակ մարդիկ են։ Վերջերս իմացա, որ տարբերություն կա։


Ինձ համար կարևորը, որ ներկայացրածս հումորն իրականության վրա հիմնված լինի։ Ամեն անգամ բեմ բարձրանալով մի նոր բան պիտի տանես և ուշադիր լինես արձագանքին։ Եթե սկզբում արածիդ քսան տոկոսը հաջող ստացվեց, արդեն լավ է։ Գնալով պիտի այդ տոկոսն ավելացնես։ Եթե ինքդ քո և մարդկանց հետ անկեղծ լինես, կստացվի։


Սպարտակ

Այս պահին միայն սթենդափ եմ անում, իսկ մինչ այդ ռեժիսուրա էի սովորում։ Սկզբում ուզում էի բաթլ ռեպով զբաղվել, բայց հասկանում էի, որ Հայաստանում դժվար կլինի դա անել։ Հետո որոշեցի, որ իմ տեքստերն ավելի շատ համապատասխանում են սթենդափի ոճին։ Այդպես մոտ երեք տարի առաջ սկսեցի զբաղվել։ 

 


Առաջին ելույթս «Բարկոդում» տեղի ունեցավ 2020-ի հունվարին։ Ելույթ էի ունենում սթենդափի աշխարհում իմ սենսեյներ Հայկ Գրիգորյանի ու Միկա Սամսոնյանի հետ։ Չնայած որ սպասում էի վատ կանցնի, բայց շատ լավ եղավ ամեն ինչ։ Այդ օրվանից էլ հասկացա, որ պիտի զբաղվեմ սթենդափով։ 


Կատակներն իրենք իրենցով են գրվում։ Ուղղակի ապրում ես, նայում շուրջդ, եթե մի բանի մասին երկար մտածում ես, կատակներն արդեն իրենք իրենցով գալիս են։ Նույնիսկ մտածել շատ պետք չի։ Իմ հումորները միշտ հենց իմ կյանքի մասին են, այն, ինչն ինձ է հետաքրքիր։ Թեմաները կարող են մեծ իմաստ չունենալ, չկա որոշակի ցենզուրա կամ կանոններ։ Սթենդափ կոմիկի միակ հատկանիշն այն է, որ պիտի ծիծաղալու լինես, ուրիշ բան չկա։ Ցանկացած մարդ, որը ծիծաղալու է, կարող է ընտիր կոմիկ դառնալ։


Լեո

Կրթությամբ արվեստաբան եմ։ Համոզված էի, որ նկարիչ եմ դառնալու կամ հենց արվեստաբան, հետո մտածում էի տատու արտիստ դառնալու մասին, բայց ձեռքս դողում էր, չստացվեց։ Մինչև սթենդափով զբաղվելը չգիտեի՝ ինչ եմ անելու, հիմա էլ չգիտեմ, պարզապես վայելում եմ։ 

 


Կյանքում սթենդափ չէի նայել, միշտ մտածում էի, որ անկապ բան է։ Աշխատանքի վայրիս կորպորատիվի ժամանակ ԿՎՆ-ի նման մի բան էին կազմակերպել։ Ստիպեցին ելույթ ունենամ։ Լավ անցավ, թեև չէի հասկանում՝ ինչի հենց ես։ Հետո ընկերներիցս մեկն առաջարկեց «Վան Գոգի» օփեն մայքին մասնակցեմ։ Մտածեցի կգնամ, լավ չի ստացվի ու ինձ վերջապես հանգիստ կթողեն։ Կյանքիս այն փուլում էի, որ առաջին անգամ բաց էի թողել ղեկը, չգիտեի՝ որտեղ եմ գնում։ Այդ անգամ ելույթը լավ ստացվեց ու արդեն մեկը մյուսի հետևից սկսվեց։ 


Հիշում եմ առաջին ելույթիցս առաջ ընկերոջս հետ նստել գրել էինք կատակները, ցենզուրային ենթարկել։ Մինչև ելույթ ունենալս զգացի, որ բոլորը ոնց կա ասում են ու հաջորդ անգամ որոշեցի, որ առանց ֆիլտրի, ես էլ ինչ կա՝ ասելու եմ։


Ինչքան շատ բացվեցի, սկսեցի անձնական թեմաներից խոսել հետաքրքրությունը շատացավ, մարդիկ սկսեցին ավելի շատ գալ։ Հիմնականում խոսում եմ իմ կյանքից և տրավմաներից՝ մի քիչ ճոխացրած և դրամատիզացրած տարբերակով։ Չեմ կարող խոսել մի բանի մասին, որն ինձ հետ չի եղել կամ որի մասին պատկերացում չունեմ։ Բացառություն են կանանց մասին թեմաները, որոնք միայն իրենց հետ կարող են պատահել։ Նաև խոսում եմ այն թեմաներից, որոնց արգելված են մեր հասարակության մեջ՝ սեքս ցանկացած ձևով, հարաբերություններ ցանկացած տեսակի մարդկանց հետ, ազգային ողբերգություններ, դժբախտություն։ Իմ միջոցով հանդիսատեսն արտահայտում է այն ամենը, ինչն ամենամոտիկ մարդուն չի ասի։ Աշխատում եմ կոպիտ բառեր չկիրառել, դրանց ժողովրդական տարբերակներն եմ ասում, բայց մեկ-մեկ փստացնում եմ։ Շոուներից մեկի ժամանակ մարդկանցից մեկը որոշեց գա, կանգնի առջևում ու խոսի հանդիսատեսի հետ։ Պարզ է, խմած էր, ինձ ասեց դեպրեսիվ բաներից ես խոսում, ես էլ ինձ չկորցրի ու սկսեցի իրեն կծել։ Մարդկանց դա դուր եկավ, բայց իմ մոտ հետո երկար ժամանակ ֆոբիա էր առաջացել ելույթներից։ Այդ պատճառով սթենդափերը պիտի մազոխիստ լինի, որովհետև բոլորը չեն, որ կարող են կանգնել ու ասել՝ խնդրում եմ, ծիծաղե՛ք ինձ վրա։


Սոֆի

Ամբողջ կյանքս սովորել եմ երաժշտական դպրոցում ու ամբողջ կյանքս մտածել եմ, որ կշարունակեմ ուսումս կոնսերվատորիայում, բայց գնացի Սլավոնական համալսարանի զբոսաշրջության բաժին, որտեղ արվեստի պակաս էի զգում։ 

 


Միշտ սիրել ու նայել եմ սթենդափ, հատկապես անդերգրաունդ։ Երբ նայում էի, պարբերաբար ինձ բռնացնում էի այն մտքի վրա, որ ես այս մի կատակն ուրիշ ձև կասեի, այս մի բանն այլ կերպ կանեի։ Առաջին ելույթս Սլավոնականի բեմից էր։ Սկզբում շատ էի անհանգստանում, չէի ուզում դուրս գալ բեմ, բայց ընկերներիցս մեկն ինձ համոզեց, որ ամեն ինչ կստացվի։ Հայտնվեցի բեմում և այդ պահից ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում։ 


Սկսեցի գնալ «Վան Գոգ», որն այդ ժամանակ միակ տեղն էր, որտեղ օփեն մայքեր էին կազմակերպվում, իսկ հետո երբ բացվեց «Արին», սկսեցի գալ այստեղ նույնպես։ Սրանք դարձան հիմնական վայրերը, որտեղ պարբերաբար ելույթ եմ ունենում։ Դեռ ութ-ինը ամիս է, ինչ զբաղվում եմ սթենդափով։ Առաջին անգամը չհաշված՝ բեմից մեծ վախ չեմ ունեցել, քանի որ նախկինում երգել ու նվագել եմ ու դա ինձ օգնել է վստահ դուրս գալ բեմ։ Ինչքան էլ ծնողներս դեմ են, մոտ ապագայում ես ինձ լիովին տեսնում եմ սթենդափի մեջ։
Թեմաները շատ պատահական են ծնվում։ Կարող եմ ավտոբուսում երգ լսել, մտքերով ընկնել, մեկ էլ մի բան հիշել, որ իմ կյանքում տեղի է ունեցել ու դա դառնա հումորի թեմա։ Այդ պահին մի տեղ գրում եմ որպես վերնագիր, որ չմոռանամ, իսկ հետո գնում տուն ու շարունակում զարգացնել թեման։ Հիմնականում խոսում եմ ընտանիքիս մասին, կյանքի, մարդկանց, այն ամենի, ինչի մեջ ապրում եմ։ Պարզապես ինքնավստահ պիտի լինես ու եթե ասելիք ունես, հաստատ կստացվի։


Կարիճ ու Անդո 

Կարիճ. Բեմական անունս երկար պատմություն ունի, բայց կոմեդիայի տեսանկյունից՝ որովհետև խայթում եմ հումորով։ Հիմա սթենդափից բացի ոչ մի բանով չեմ զբաղվում։ Ժամանակին փորձում էի երաժշտությամբ ու նկարչությամբ զբաղվել, բայց դրանից բան դուրս չեկավ։ Ավարտել եմ Ֆիզտեխն ու Ագրարային համալսարանը։ 

 


Բավական տարօրինակ ճանապարհով եմ հայտնվել սթենդափում։ Առաջին ելույթս լավ եմ հիշում։ Գնացել էինք Կիպրոսում հանգստանալու և այնտեղ սթենդափ երեկո էին անցկացնում։ Կոմիկներից մեկը չէր եկել։ Կազմակերպիչները ծանոթ էին և խնդրեցին փոխարինեմ։ Այնտեղ հայտնի էի որպես ուրախ մարդ և խնդրեցին, որ մի բան անեմ։ Համաձայնեցի, քանի որ այստեղ ինձ ոչ մեկ չէր ճանաչում։ 


Մի անգամ տեսա Անդոյի ելույթը, հասկացա, որ նման են մեր հումորները, նույն ձև ենք մտածում։ Առաջարկեցի ու համաձայնեց միասին ելույթ ունենանք։ Մեր հումորներն ինտելեկտուալ ոճի են ու առհասարակ անխելք մարդը չի կարող սթենդափեր լինել, ժամանակի ընթացքում հաստատ դուրս կմնա։ Կոպիտ բառեր աշխատում ենք չօգտագործել։ Հումորը մաքսիմալ մաքուր պիտի լինի։ Կոպիտ արտահայտություններով ծիծաղեցնելը բավական հեշտ է, ավելի դժվար է բարի ու լավ հումորներ անել։ Ես ինքս նայում եմ ամերիկյան, ռուսական սթենդափներ, տեսնում եմ՝ ինչպիսի մոտեցումներ են այնտեղ աշխատում և փորձել եմ տեղայնացնել։ 


Ձախողումներ միշտ էլ լինում են։ Շատ անգամ դահլիճում կռիվ է սկսվել ելույթի ընթացքում կամ հետո։ Հաճախ հենց արված հումորի հետ է կապված եղել, բայց կռվողները երբեք կոմիկները չեն եղել։ 


Անդո. Ես սցենարիստ, կինոդրամատուրգ եմ։ Սթենդափով սկսեցի զբաղվել մի քանի տարի առաջ։ Երբ կյանքն ինձ հնարավորություն տվեց ընտրել, թե ինչով եմ ուզում զբաղվել, այս աշխարհում ամենահաճելի, հարմար ու դուրեկան բանը սթենդափն էր։ Առաջին անգամ 16 տարեկանում էի փորձել և լավ չէր ստացվել։ 


Ըստ իս՝ կոմիկներն ամենախելացի մարդիկ են։ Պարզ է՝ նայած մարդ, բայց մեծ հաշվով կոմիկները զարգացած են, սեփական տեսանկյունն ունեն աշխարհի մասին։ Պիտի պարզապես փորձես անկեղծ լինել, այլ ոչ թե հենց ծիծաղալու։ Իմ կատակները հիմնականում կարճ են և ոչ իմ մասին։ Ուղղակի թեմա՝ կատակ։ Եթե քֆուրներ օգտագործելու կարիք շատ է լինում, կիրառում եմ, բայց միայն, եթե այն ուժեղացնում է հումորը։

հավելյալ նյութեր