Սթենդափի տեսություն և պրակտիկա. Աշոտ Դանելյան
Սթենդափ

Սթենդափի տեսություն և պրակտիկա. Աշոտ Դանելյան

Ո՞նց են սովորում սթենդափ անել։ Պատմում է «Սուբյեկտիվ սթենդափ» ռուսալեզու բլոգի հեղինակ, սթենդափ ցուցադրությունների կազմակերպիչ, սթենդափեր Աշոտ Դանելյանը։

Տեքստը՝ Անի Բարսեղյանի


Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱն #77 | 2022

Իմ սթենդափի սկիզբը

Առաջին ելույթիս, որը 3 րոպե էր, պատրաստվել եմ մի ամբողջ ամիս՝ օրական 6-7 ժամ։ Դրանից առաջ վաճառքով էի զբաղվում։ Լավ էի վարձատրվում, բայց այդ՝ կոստյումով մեծ մարդու կյանքն իմը չէր։ Կնոջս աջակցությամբ թողեցի աշխատանքս ու ինչ-որ ժամանակ ընկղմվեցի սցենար գրելու գործի մեջ՝ այն, ինչ սովորել էի ու ինչն ինձ դուր էր գալիս։ 


Ընկերս, որի հետ սցենար էի գրում, անընդհատ սթենդափից էր խոսում, իսկ ես դեռ լավ չէի պատկերացնում, թե դա ինչ է։ Տեսել էի Էդդի Մըրֆիին, Բիլ Հիքսին, Կառլինին, մեկ էլ, ինչպես հետո տեղը բերեցի, Դագ Սթենհոփին։ Բայց ինձ ուղղակի թվում էր՝ իրենք դերասաններ են ու բենեֆիս են անում։ 


Ընկերս այնքան հոգիս հանեց իր սթենդափով, որ որոշեցի երկուսիս գրանցել օփեն մայքի։ Մտածում էի՝ դրանից հետո մտքից կհանի ու կվերադառնանք մեր սցենարներին։ Այնպես ստացվեց, որ ես շատ լուրջ մոտեցա սթենդափի պատրաստություններին։ Մոսկվայում էինք, այնտեղ համ բաց խոսափողներ կային, համ ընկերներ, որոնք հումորի ինչ-որ փորձ ունեին ու կարող էին խորհուրդներ տալ։ Լսեցի բոլորի խորհուրդները, YouTube-ում նայեցի տեղական բոլոր հնարավոր բաց խոսափողները՝ հայտնի ու անհայտ կոմիկների։


Ե՛վ իմ, և՛ ընկերոջս առաջին ելույթը շատ լավ անցավ։ Այդ օրվանից ես երկու ոտքով մտա սթենդափի մեջ, իսկ նա դուրս եկավ, էլ չզբաղվեց։ 


Ես շատ շուտ հասկացա, որ այդ առաջին ակումբի միջոցառումները՝ շաբաթը 2 անգամ, ինձ համար քիչ են։ Սկսեցի տարբեր տեղերում ելույթ ունենալ, ավելի շատ միջոցառումների գնալ, մարդկանց հետ ծանոթանալ։


Այդ ընթացքում էլ ձևավորվեց իմ ճաշակը։ Բացահայտեցի նոր դեմքերի (հիմնականում Stand-Up Club #1-ի տղաներն էին), որոնք փորձում էին հնարավորինս հեռանալ ծեծված կատակներից։ Նրանք սեքսիստ հումորներ չէին անում «կինս հիմար է» ոճով, այլ մտածելու տեղ էին տալիս թե՛ կատակի ձևով, թե՛ բովանդակությամբ։ 

 

Տեղական սթենդափ կոմիկների ելույթները «Արի» ակումբում, Աշոտն առաջին մասնակիցն է

 

Բլոգի սկիզբը

Ուզում էի շփվել նրանց հետ, բայց չգիտեի՝ ոնց։ Սկսեցի բլոգ վարել VKontakte-ում. Մոսկվայում բոլոր միջոցառումները, աֆիշաները, խմբերը, գրանցումները, ամեն ինչ այդ հարթակում է։ Մի քանի հոգի կար սթենդափի ոլորտից, որ արդեն գրում էր, բայց ես հասկացա, որ կարող եմ դա ավելի լավ անել։ Կինովերլուծությունների մեծ փորձ ունեի ու որոշեցի այստեղ էլ սթենդափ սփեշլների վերլուծություններ գրել։ 


Բլոգիս անունը դրեցի «Սուբյեկտիվ սթենդափ»։ Ուզում էի այդպես երկխոսություն ստեղծել՝ նայեք, եկեք խոսենք, ի՞նչն եմ սխալ ասում։ Ու ես վախենում էի, որ կասեն՝ նոր ես սկսել, ի՞նչ ես հասկանում, ի՞նչ գործ ունես, որ եկել ուրիշներին ես քննադատում։ Բայց դա այդպես էլ չեղավ։ Իմ բլոգ բացելը համընկավ «Սիթդաուն» փոդքասթի հետ, որտեղ հյուրերը սթենդափերներն էին, ու այնտեղ էլ մոտեցումն իմի նման էր՝ սուբյեկտիվ կարծիքներ սթենդափի մասին։ Ես իրենց մասին էի գրում, իրենք իմ բլոգից էին խոսում, բոլորս քիչ-քիչ սկսում էինք հասկանալ մեր անելիքը։ 


Սկզբի ժամանակներում Դոլգոպոլովը կիսվեց իմ բլոգով, ու միանգամից մոտ 200 հետևորդ ավելացավ։ Ես այդքան էլ պլանավորում էի՝ մոտ 200, բայց հիմա 2000-ի կարգի է թիվը։ Բլոգի շնորհիվ բոլորի հետ ծանոթացա, ինձ մոտենում, հարցեր էին տալիս։ Անգամ հիմա, երբ բլոգն ակտիվ չէ, Հայաստան տեղափոխվող ռուս սթենդափերները երբեմն ինձ ճանաչում ու կապի են դուրս գալիս հենց բլոգի միջոցով։

 

Պրակտիկան

Իմ նոր շրջապատը համարում էր, որ պիտի ինչքան կարող ես շատ ելույթ ունենաս ու ինչքան կարող ես վատ տեղերում։ Գնում էինք Մոսկվայի ծայրամասերով պտտվում, մի անգամ փորձեցի Վասյա Մեդվեդևի հետ ոտք գցել, ու այդ օրը 7 անգամ ելույթ ունեցանք։ Օրական 7 անգամը շատ-շատ է. դու արդեն գոյություն չունես, չես հասկանում՝ խոսում ես, չես խոսում, շատ դժվար է։ Վասյան դա ամեն օր էր անում։


Ես հանգիստ եմ զգում, երբ շաբաթական 7 անգամ ելույթ եմ ունենում։ Բայց դա բավարար չէ, փորձում եմ այնքան անել, որ մի քիչ բարդ լինի ինձ համար, տեղում չմնամ։ Փորձեցի նորմաս դարձնել շաբաթը 15 ելույթ։ Մի քիչ ծանր էր, բայց ինձ հենց դա էր պետք։ 


Գնալով շատացնում էի, հետո 2 տարի առաջ ստիպված եղա մշտական Հայաստան վերադառնալ։

 

Ռուսլան Բելիի երևանյան համերգից առաջ

 

Ակումբային սթենդափը Հայաստանում

Այս 2 տարում Հայաստանի սթենդափը շատ է փոխվել։ Երբ նոր էի եկել, ամիսը մեկ էր միջոցառում լինում։ Բաց խոսափողները գրեթե չէին տարբերվում շոուներից։


Ես տեսնում էի, որ այդ ֆորմատը երկար չի ձգի։ 15 րոպե նյութ գրելու համար կոմիկը պիտի մոտ մի ամիս ամեն օր ելույթ ունենա։ Սթենդափը կինոյի նման է։ Առաջինը հեշտ է ստացվում, որովհետև մինչ այդ մի ամբողջ կյանք ես ապրել, որ կարող ես ֆիլմիդ մեջ դնել։ Երկրորդ կինոն արդեն դժվար է։ Դրա համար բոլորս առաջին 15 րոպեն արագ հավաքեցինք։ Իսկ հետո առաջ շարժվելը դժվար է, երբ դու չունես բաց խոսափող, չես կարող նյութդ փորձարկել, չես կարող բառերդ մի քիչ տեղերով փոխել, հասկանալ՝ ոնց ավելի լավ կաշխատի։


Հիմա այստեղ սթենդափով զբաղվողները բոլորը գիժ են, ոչ մի նորմալ մարդ դրանով չի զբաղվի, քանի որ ոչ մի փորձված ճանապարհ, հստակ հեռանկար չկա։ Պիտի մի ուրիշ կարգի սիրես էս ամեն ինչը, որ զբաղվես։


Բայց իրենք առաջիններն են եղել, իրենք ճանապարհը կկառուցեն, որովհետև հեռուստատեսային կոմիկները, որ այստեղ կան, ուրիշ ճանապարհով են գնացել։ Իրենք չեն գնացել ինքնազարգացման ճանապարհով։ Իրենք առաջ են գնացել իրենց խարիզմայի հաշվին, պրոդյուսերների հետ, գրողների հետ, ովքեր ուղղակի սթենդափի ֆորմատով մի բան են սարքել, բայց դա հենց սթենդափ չէ։

 

Սթենդափի սահմանումը

Եթե հարցնեք՝ բա որն է իսկական սթենդափը, չգիտեմ։ Սթենդափը հստակ սահմանում չունի։ Ես երկար փորձում էի ինձ համար սահմանել, բայց ամեն անգամ, երբ ինձ թվում էր, թե գտել եմ սահմանումը, գտնվում էր մեկը, ով դուրս էր այդ սահմանումից։


Սթենդափն իր հայտնվելու պահից անընդհատ ստեղծում էր մի նոր ձև, ու անընդհատ հայտնվում էր մի նոր ուղղություն, որը կոտրում էր մինչ այդ եղած բոլոր սահմանումները։ Դրանով սթենդափը թատրոնին է նման, որ պիտի անընդհատ փոխվի, թե չէ կմեռնի։ 

 

Սովորել vs տաղանդ

Հարցնում են՝ սթենդափը հնարավո՞ր է սովորել, թե՞ պիտի միջից լինի։ Այսպես ասեմ՝ չես կարող չսովորել։ Սթենդափը պարտադիր պրակտիկա է պահանջում, ու պիտի էնքան անես, մինչև ստացվի։ 


Եթե անվերջ ելույթներ ունենաս ու ամեն անգամ նույն կատակի բառերը տեղերով փոխես, գոնե մի անգամ լավ կստացվի։ Դա կախված ա պատրաստակամությունից, թե ինչքան ես պատրաստ անհաջող ելույթներ ունենալ, մինչև հաջող ստացվի։ 


Իսկ ինչ վերաբերում է բնածին տաղանդին, չգիտեմ, այն կարող է խանգարել։ Առաջին անգամները ստացվում են, սովորում ես, որ մարդիկ ծիծաղում են, իսկ հետո համբերություն չես ունենում, որ փորձարկես նոր փոփոխություններդ, մինչև դրանք էլ ծիծաղելի դառնան։


Ինչ վերաբերում է գրքերով սթենդափ սովորելուն, իմ փորձից կարող եմ ասել, որ գրքերից ամենամեծ օգուտը մոտիվացիան ու ինքնավստահությունն է։ Եթե բեմ բարձրանալու համար քեզ պետք է գիրք կարդալ, խնդրեմ, կարդա, կարևորը՝ ելույթ ունենաս վերջում։ Պատկերացրու՝ բասկետբոլ ես խաղում։ Կարող ես անվերջ ուսումնասիրել, թե ֆիզիկայի տեսանկյունից ինչպես է գնդակն ընկնում զամբյուղի մեջ։ Բայց մինչև դաշտ դուրս չգաս ու գնդակը ձեռքումդ չբռնես, կյանքում խաղալ չես սովորի։ Սթենդափում լրիվ նույնն է։ 


Ինձ ավելի շատ օգնում է սթենդափերների ինքնակենսագրությունները կարդալը, նրանց պատմությունն իմանալը։

 

Ճանաչել մեծերին

Ա՛յ սթենդափ նայելը պարտադիր է։ Պիտի լավ ազդեցություն ունենաս, սիրած կոմիկներ, որոնցից դու սովորում ես, մատուցումից ոգեշնչվում ես։ Քո սեփական մատուցման ոճը կձևավորվի տասնհինգ տարի հետո։ Հաշվիր՝ քանի տարի որ բեմում ես, այդքան տարեկան ես։ Ու «դեռահաս տարիքում» նոր կարողանում ես հետաքրքիր մտքեր հայտնել։ 


Եթե լավ սթենդափ չնայես, մնալու ես քո շրջապատի կամ հեռուստացույցի մասսայական արտադրանքի ազդեցության հույսին։ Այդպես չի լինում, որ ոչ ոք չազդի, ոչ ոքի գոնե պատահաբար չընդօրինակես։ Ավելի լավ է՝ որակյալ կոմեդիա նայես։ Դեռ Մոսկվայում ապրելուս ժամանակվանից ցուցադրություններ էի կազմակերպում, որ հավաքվենք տեղի սթենդափերներով, նայենք, քննարկենք։ Պարզվեց՝ խմբով նայելուց ավելի բուռն ենք արձագանքում, քան առանձին։ Վերջերս Երևանում էլ սկսեցինք նման դիտումներ կազմակերպել։


Եթե ամենահայտնի սթենդափերներին չես հավանում, ոչ մի վատ բան չկա, դեռ հակառակը։ Մի քիչ էլ փորփրիր, երիտասարդների, պակաս ճանաչվածների մեջ կգտնես հենց քո ոճի մեկին՝ ամենասպիտակ հետերո տղամարդուց մինչև woke սթենդափերներ։

հավելյալ նյութեր