«Still in those deserts». ցուցադրություն
Էլինա Երկանյանի (ռեժիսոր, սցենարագիր), Կարեն Մարգարյանի (գեղարվեստական պորդյուսեր, համա-ռեժիսոր) և Վահան Զատիկյանի (երկրորդ ռեժիսոր) «Still in those deserts» կիսա-դոկումենտալ ֆիլմը ներկայացնում է Եղեռնը վերապրած կնոջ ժառանգ՝ Արինի պատմությունը՝ կենտրոնանալով ցեղասպանության տրավմայի և հայկական ինքնության ձևավորման թեմաների վրա։ Նախագծի մասին պատմում են հեղինակները։
Ցուցադրությանը մասնակցելու գրանցման հղում՝ https://inqe.tilda.ws/filmregistration
Իսկ ի՞նչ տեսք ունեին նախնիներս, ո՞նց էին հագնվում, արդյոք խմում էին սև սուրճ ու ամենակարևորը արդյոք գիտակցում էին, որ Մեծ Եղեռնի պատճառով այս հացերի պատասխանները մեզ համար կարող էին մնալ անպատասխան՝ կորցված հայերենիքի և կտրված կապի պատճառով․․․
Հայաստանում և Սփյուռում ապրող հայերի մեծամասնությունը արմատներով սերում են Արևմտյան Հայաստանից և այս հարցերը երևի թե սայթաքել են նրանցից հարյուրավորների մտքով՝ նորից ու նորից նրանց տեղափոխելով անցած դարեսկզբի ողբերգական իրականություն, որտեղ վճռվում էր իրենց ընտանիքների ճակատագիրը։
Բայց արդյո՞ք մի բան փոխվել է քսաներորդ դարի սկզբից, ինչ հետք է հայերիս վրա թողել ցեղասպանությունը և ինչ ենք մենք իրականում զգացել, ականատես լինելով արցախահայության էթնիկ զտտմանը 2023 թվականի բռնի տեղահանման ժամանակ: Ցավոք դրանք քիչ ուսումնասիրված և բարձրաձայնված հարցեր են, որոնք սակայն իրենց արտացոլումը գտել են մի խումբ երիտասարդ ստեղծագործողների դեբյուտային կարճամետրաժ ֆիլմում, որի ցուցադրությունը լինելու է հոկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Վերապրելով իր նախնիների ցավը և կարոտը պատմական հայրենիքի նկատմամբ՝ Արինը նկատում է դրա արձագանքները ներկայի մեջ՝ գիտակցելով, որ պատմությունը հաճախ կարող է կրկնվել:
Մտքերով դեռ այն անապատներում գտնվող հերոսուհին փորձում է վերլուծել իր էթնիկ ինքնությունը ու չափ և ձև տալ իր սեփական և կոլեկտիվ հիշողություններին՝ վիզուալիզացնելով իր զգացմունքները:
Հայոց ցեղասպանության տրավման դոկումենտացնելու գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները փորձել են յուրովի ու նոր ձևաչափով շոշափել այս թեմաները՝ դրանք մատուցելով նոր սերնդի տեսանունից և 2020 թվականի պատերազմի պրիզմայի միջով։
Ցավոք այն իրականությունում, որտեղ ապրում է ոչ միայն “Still in those deserts”-ի Արինը, այլ նաև մենք բոլորս, այս տրավման դեռ երկար տարիներ կշարունակի ապրել մեր մեջ՝ քանի դեռ կա զոհի հոգեբանությունը և առանց վերքերի սպիացման լուռ թվացյալ վերապրումը։
Բայց ինչը հաստատ կա, և հուսով ենք՝ դեռ զարգանալու է հայկական ստեղծարար համայնքում՝ դա համագործակցությունն է և աջակցությունը։
Չէ՞ որ, այսքան տարիներ իրարից անջատ և կտրված ազգի ներկայացուցիչներին կապում է ոչ միայն կոլեկտիվ տրավման այլ նաև անդադար ստեղծագործելու և նույնիսկ ամենադժվարին պահերին արվեստի մեջ իրենց ուժը գտնելու կամքը։
Եվ չնայած, որ շատերս հոգով դեռ այն անապատներում ենք գտնվում, ֆիզիկապես մենք այս պահին իսկապես իրար կարիքը ունենք։