🛑 STOP տալ չկա՜
Ակումբ

🛑 STOP տալ չկա՜

ԵՐԵՎԱՆը հանդիպել և զրուցել է Stop ակումբի սեփականատեր Մկրտիչ Բալասանյանի, FairWind խմբից Վարդգես Հովեյանի և Alter Ego խմբի հիմնադիր էդգար Բարսեղյանի հետ, ովքեր տարբեր ժամանակներում կյանքի մի մեծ շրջան անցկացրել են «Բրյուսովի տակ» գտնվող նկուղային ռոք հավաքատեղիում։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի, Stop-ի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Ռոք

Մկրտիչին հանդիպեցի հենց Stop-ում՝ իր բնական միջավայրում։ Ակումբի ղեկավարը չունի առանձին աշխատասենյակ, նախընտրում է իր հաշվարկները սրահի անկյունային մասի ակվարիումի կողքը գտնվող սեղանի մոտ կատարել՝ ընթացքում շփվելով աշխատակիցների և այցելուների հետ։ Հենց այդ սեղանի մոտ էլ նստեցինք և փորձեցինք վերականգնել սկզբում ռոք ակումբի, իսկ հետո արդեն Stop-ի անցած օրերը։ Մկրտիչը, իր շուրջը նայելով, ասում է, որ այս պատերը շուրջ 23 տարի ռոք են լսել և, իհարկե, բազմաթիվ պատմությունների ականատես եղել։ 

 

 

Ռոք ակումբը

Stop-ը բացվել է 2005-ին, իսկ մինչ այդ այս նույն տարածքում գործում էր տարածաշրջանի առաջին ռոք ակումբը՝ «Ինտելեկտ Լիգան»։ Ակումբի հիմնադիրն Արթուր Մալխասյանն էր՝ ազատամարտիկ, մահապարտների ջոկատի հրամանատար, շատ մեծ հայրենասեր և այդ ամենի հետ մեկտեղ՝ ռոքի սիրահար։ Նա բացեց ակումբը 98-ին՝ դարձնելով ռոքը ոչ թե ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող իրադարձություն, այլ առօրյայի մի մաս։ Ցավոք, Մալխասյանը շատ շուտ հեռացավ կյանքից և չհասցրեց տեսնել, թե ինչպես ռոքը վերջապես դարձավ ընդունված սովորական երևույթ…


Սկզբնական շրջանում գրեթե ամեն երեկո կարելի էր գալ լսել Ոստան Հայոցի, երբեմն Kings Cross-ի ելույթները։ Քաղաքի ռոքասերները հավաքվում էին հենց այս փոքր երկու հարկանի նկուղային տարածքում, որպեսզի պոկվեն իրականությունից։ Այդ ժամանակ Մկրտիչն ու իր եղբայրն ակումբի բարմեններն էին։

 

Մկրտիչ. «Ամեն մեկը չի, որ սիրում է ռոք։ Ես ինքս սկզբում չէի սիրում։ Սովորաբար համերգների ժամանակ խառը վիճակում հաճախորդներին էի սպասարկում ու ժամանակ չէր մնում նույնիսկ լսել կատարումները։ Մի օր երաժիշտներն ասեցին՝ արի դու մի աշխատի, թող ուրիշ մեկը քո գործն անի, դու արի ու լսի։ Էդպես էլ արեցի, սիրահարվեցի և այդ օրվանից ռոքը դարձավ իմ դրոշակը»։ 

 

 

Հլը ստո՜պ

2000-ականների սկզբին ռոք ակումբը տեղափոխվեց Ժուռնալիստների տան շենքը՝ նույն ինքը՝ «Ժուռդոմը», նույն ինքը՝ «Բուրգը»։ Մկրտիչն այն ժամանակ դուրս էր եկել աշխատանքից, բայց ակումբի հետ կապը դեռ կար։


Մալխասյանի մահից հետո ակումբը սկսեց գնալ դեպի անկում։ Այնտեղ աշխատելու ընթացքում Մկրտիչին այնքան էր կլանել ռոք ակումբի միջավայրը, որ մի քանի տարի անց՝ 2005-ին, երեք ընկերով՝ Մկրտիչը, իր բանակային ընկեր Ռուբեն Սուչյանն ու Ռուբենի քեռին՝ Ռոբերտ Ղազարյանը, որոշեցին վերաբացել ակումբը։ 


Անվանումն ընտրեցին բոլորով։ Մի օր ակումբ էին եկել «Բամբիռի» ժողովուրդը, «Կատուները» և ակումբի այլ ընկերներ։ Իրենց ուժերով վերանորոգում էին տարածքը և զուգահեռ մտածում ցուցանակի մասին։ Սկզբից մեկը առաջարկեց People’s՝ նկատի ունենալով, որ այս տեղը պատկանում է մարդկանց։ Մեկ ուրիշը մի այլ բան առաջարկեց և այդպես ամեն առաջարկից հետո մյուսն ասում էր՝ «հլը ստոպ, իսկ եթե սենց դնե՞նք»։


Մի պահի էլ հասկացան, որ կարելի է ակումբն անվանել հենց Ստոպ։ Գովազդն ապահովված էր ամբողջ աշխարհով. ամեն ուր գրված է այդ բառը, նույնիսկ հետիոտնային անցումներում լինում է STOP ցուցանակը։ 

 

Մկրտիչ. «Stop-ում նվագում էին թե՛ երիտասարդ խմբերը, թե՛ հին գելերը։ Ոստան Հայոցի հետ մեկտեղ ելույթ էին ունենում Բամբիռները, Դորիանսը, Ռեինկարնացիան, որն այդ ժամանակ դեռ պանկ ռոք էր նվագում, ու շատ ուրիշներ։ Նույնիսկ ջազն իր տեղն ուներ։ Երևանում արդեն իսկ գոյություն ունեին ջազ ակումբներ, օրինակ Պոպլավոկը, բայց այնտեղ բոլորին չէին բեմ տրամադրում, ընտրում էին մի քանի հոգու, իսկ Stop-ի բեմը բոլորինն էր, ով հմուտ էր երաժշտության մեջ և կարող էր որակյալ երաժշտություն մատուցել։ Մի օր Կատուների համերգն էր։ Ստեղծագործության շատ հանգիստ ու կամաց հատված էր։ Մեկ էլ ներս են մտնում կարմիր պիջակներով հաստավիզ դեմքեր։ Նայում են ներքև, որտեղ այդ պահին Նորայր Քարտաշյանը պիկոլո սաքսաֆոնով հայկական երանգներով երգ է նվագում։ Մեկ էլ այդ տղաներից մեկը բարձր ասում է՝ «ռաբիզնոց ա, հելանք»։ Այդ պահին երաժշտությունը կանգնեց, բոլորը պտտվեցին, նայեցին այդ երկուսին և սկսեցին ծափահարել»։ 

 

 

Reincarnation

 

2400

Էդգար Բարսեղյանը ռոք ակումբում առաջին անգամ եղավ հենց բացման օրը։ Մինչ այդ արդեն հասցրել էր հիմնել Alter Ego խումբը, փոփոխել դրա կազմը, ելույթ ունենալ Ռոք-ՆՓԱԿ փառատոնում, գրել մի քանի երգ։ 

 

Էդգար. «Խեղճ ու կրակ ուսանողներով որոշել էինք ամեն մեկս 300 դրամ գցվել, գնալ ռոք ակումբի բացմանը և «Կիլիկա» խմել։ Վերջին սեղանն էր մնացել, հենց մուտքի մոտ: Ոստան Հայոցը սկսեց նվագել, ոգևորվեցինք, սկսեցինք թռվռալ ու հանկարծ մեր ընկերներից մեկը ձեռքով կպավ և գարեջրի բաժակը գցեց գետնին։ Արդյունքում հաշիվը պլանավորված 1200-ի փոխարեն դարձավ 2400։ Ստիպված մոտեցա Արթուր Մալխասյանին, բացատրեցի իրավիճակը։ Խոստացա, որ մոտ օրերս կբերեմ։ Երկու օր անց բերեցի գումարը և այդ օրվանից Արթուրն ասաց, որ այլևս այնտեղ խնդիր չենք ունենալու: Երբ իմացավ, որ նաև նվագում ենք, թույլ էր տալիս Ոստանի համարների արանքում մենք էլ մի երկու բան երգենք, իսկ հետո արդեն առանձին ելույթներ էինք ունենում։ Ժամանակներ էին լինում, երբ շաբաթներով այստեղից դուրս չէի գալիս։ Բրյուսովում էի սովորում, դասերից հետո իջնում էի ուղիղ ռոք ակումբ։ Եղել է դեպք, որ մի շաբաթ հետո մայրիկս եղբորս հետ գիշերվա ժամը երկուսին եկել են ինձ տուն տանելու, բայց արդյունքում էլի մնացել եմ այստեղ»։

 

Քաշվանք 

2000-ականներին ռոք համայնքի մեջ լինելը դեռ բարդացնում էր մարդկանց կյանքը։ Առավել ևս հարթ չէր մի ամբողջ ռոք ակումբի առօրյան։ Stop-ից դուրս եկողների վրա հարևանները պարբերաբար տարբեր իրեր էին շպրտում, օրինակ՝ կարտոֆիլ կամ խնձոր։ Հարևան թաղերից տարբեր կերպարներ մեկումեջ հայտնվում էին ակումբի մոտակայքում և հետևում երկար մազերով տարօրինակ հագնվող տղաներին և արտասովոր տեսքով աղջիկներին։ Անդադար կռիվներ ու բացատրական աշխատանքներ էին տարվում։ 


90-ականների վերջին, երբ դեռ կար Արթուր Մալխասյանը, դժվար էր գալ ու մահապարտների ջոկատի հրամանատարին ասել՝ ինչի՞ են մազերդ երկար, դրա համար շրջակայքի հետաքրքրությունն այդքան մեծ չէր, բայց արդեն Stop-ի տարիներին դաստիարակչական գործընթացներ էին անցկացվում։ Ստոպցիները փորձում էին հասկացնել, որ պետք չի անուն կպցնել՝ առանց իրար ճանաչելու։ Այդ համբերատար շփումների արդյունքում այդ անկոչ հյուրերից շատերը դառնում էին Stop-ի հաճախորդ։ 

 

 

Ոստան Հայոց, Stop Club, 2012


Միֆեր էին նաև պտտվում, որ ռոք ակումբի աղջիկները շատ ավելի հասանելի են, քան այլ վայրերում և շատ սեռաքաղցներ հենց այդ նպատակով էին գալիս, բայց քանի որ դա իրականությանը չէր համապատասխանում՝ ինչպես գալիս էին, այդպես էլ գնում էին։ 


Մկրտիչ. «Դեռ ռոք ակումբի օրերն էին, այսինքն՝ 90-ականների վերջ, նվագում էր Ոստան Հայոցը։ Ներս են մտնում մի քանի հոգի, ինչպես հետագայում պարզվեց՝ ուժային կառույցների ներկայացուցիչներ, ու մեծ կռիվ է սկսվում։ Ամբողջ փողոցով մեկ՝ տուր ու դմփոց, ինչի արդյունքում բոլորին՝ այդ թվում Ոստան Հայոցի տղեքին ու մեզ տանում են ոչ շատ հեռու գտնվող այսօր արդեն նախկին դատախազության շենք։ Բարեբախտաբար, Մալխասյանը լուրջ համբավ ուներ, մենք էլ մեղավոր չէինք, ու այդ հարցը շուտ լուծվում է, մեզ բոլորիս դուրս են թողնում։ Բայց էդ գիշերվա հետքերով որոշ ժամանակ հետո ծնվեց Ոստան Հայոցի հայտնի «Քաշվանք» երգը, որը մինչ հիմա ակտուալ է։

 

Էդգար. «Էսօրվա պես հիշում եմ՝ մտան ներս, սկսեցին մատուցողուհիներից մեկին նեղացնել, իսկ հինգ րոպե հետո քթով ասֆալտն էին մաքրում։ Հետո իրանց ընկերները հայտնվեցին սպիտակ 06-երով և բոլորին հավաքեցին ու տարան։ Մենք ջահել երեխեք էինք, մեզ ձեռք չտվեցին։ Որոշեցինք գնալ թափառել մինչև մի լուր լինի։ Ինչ-որ անօթևանների գտանք, կրակ էինք վառել, զրուցում էինք, բնականաբար խմիչք էլ գտնվեց։ Լուսաբացին վերադարձանք հետ ու տեսանք, որ ակումբի լույսերը վառ են։ Ներսում մեծ սեղան էին գցել։ 


Պարզվեց՝ երբ ուզեցել են բաց թողնել տղերքին, սրանք ասել են, որ ուզում են ֆուտբոլ նայել, միլիցեքն էլ հեռուստացույցը մոտ են բերել ու բոլորով նստել նայել են։ Հետո արդեն ուրախ-ուրախ եկել են ակումբ՝ հաղթանակը նշելու։ Էդ էն օրերից էր, որոնք ուղղակի չեն վերջանում, շարունակվում են»։ 

 

Ոստան Հայոց

 

FairWind

 

Մեր նմանները

Վարդգես Հովեյանին, ով Stop-ի համեմատաբար երիտասարդ սերնդից է, սերը ռոքի հանդեպ փոխանցվել է ծնողներից։ 2000-ականների սկզբում երևանյան երիտասարդ ռոքերների (այդ թվում նաև Վարգեսի և իր ընկերների) երթուղին անցնում էր հետևյալ ճանապարհով՝ Կասկադ, «Ջինսնոց», երբեմն՝ Ռայկոմի ռոք համերգներ, իսկ, երբ բացվեց Stop-ը, այն դարձավ իրենց տեղը, վայր, ուր հավաքվում էին ռոք համայնքի բոլոր ներկայացուցիչները։ 


Ըստ էության, Stop-ը եղել է այն վայրը, որտեղ նա հանդիպել է իր նմաններին։ Հենց Stop-ի պատերի ներսում այդ նմաններով որոշել են հիմնադրել FairWind խումբը։ 

 

Վարդգես. «Մինչ Stop-ի բացումը մեզ թվում էր, որ էս յոթ հոգին ենք քաղաքում չլարած կիթառներով, որ ռոք ենք սիրում լսել։ Մենք 16-17 տարեկան երեխեք էինք ու Stop-ը մեզ համար իրական ակումբ էր՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով, կռիվ-ղալմաղալներով, անպատասխան սիրո պատմություններով։ 


Ես դասից թռնում էի, գնացքի գծերով վազելով իջնում էի Կասկադ, գնում էի Yum-Yum, իջնում էին Ջինսնոց ու հետո վերջին կետը Stop-ն էր։ Երբ եկանք, Stop-ն արդեն ռոք ակումբի պատմություն ուներ ու մեզ համար շատ ավելի հետաքրքիր էր դառնում այնտեղ գտնվելն ու առհասարակ ռոքը։ Մեր խմբի թմբկահար Տիգրանին հենց Stop-ում ենք հանդիպել։ Նստած էինք էն հաստ թավշյա շալվարներով, անհասկանալի վերարկուներով, 150 դրամանոց սուրճ էինք խմում։ Մենք սուրճ չէինք սիրում, բայց չսիրելով խմում էինք, որովհետև էդ տարիքում գիտեինք, որ լավ տղան սուրճ է խմում։ Հայտնվեց Տիգրանը՝ երկար մազերով, գունավոր շորերով ու անընդհատ մտածում էինք՝ ե՞րբ առիթ կլինի էս տղային մի երկու բան բացատրել։ Երբ առիթը եղավ, դարձանք լավագույն ընկերներ։ 


Մեր առաջին համերգը եղավ իհարկե Stop-ում։ Ռեինկարնացիայի Ռոլանդի համերգն էր։ Ինքը մեր ընկերն էր, խնդրեցինք, որ համերգի ընթացքում մի հինգ երգ էլ մենք նվագենք։ Համաձայնեց։ Stop-ի համար իդեալական համերգ էր. մեր ընկերոջ ծնունդն էր, նվագում էինք Мама Анархия-ն Наив-ի, անմիջապես հետո Knocking on the heaven’s door-ը, և իմ գրած երգերից մի բան։ 
Վերջերս հին Stop-ի հին դեմքերից մեկն ասեց՝ գիտե՞ս, էն երեխեքը, ովքեր ծնվել են ձեր առաջին համերգների արդյունքում, էսօր գալիս են ձեզ լսելու»։ 

 

Քարաճիկով կարտոֆիլն ու ստաբիլությունը

Stop-ում միշտ եղել է ու դեռ կա բավական լուրջ խոհանոց, որի մասին քչերը գիտեն։ Օրինակ՝ քարաճիկով կարտոֆիլ, աջարական խաչապուրի։ Իսկ ամենակարևոր դեմքերից էր մատուցողուհի Անոն, ով այսօր էլ դեռ այնտեղ է։ Բայց այդ ամենում կարևորը այն է, որ առ այսօր Stop-ը կա։ Այն կարող է վերանորոգման մեջ լինել, պասիվ լինել մի որոշ ժամանակ, բայց այսօր էլ երևանյան ռոքը մեծապես պտտվում է հենց Stop-ի դռներից ներս։ 

 

Վարդգես. «Լոնդոնում սովորելուց հետո, երբ վերադարձա, ամեն ինչ նույնն էր։ Stop-ը կար։ Նույն աղջիկները չէին տալիս նույն տղեքին, նույն տղեքը նույն կարիքներով պտտվում են, նույն Անոն իր տեղում էր։ Կարևոր է, որ այս մի բանը քո կյանքում ստաբիլ է, միշտ էլ վերադառնալու տեղ ունես»։ 

 

Լավ էլի

 

 

Անցյալի ու ներկայի միջև

Ակումբն իր բումն ապրեց 2005-ից 2011 թվականներին։ Ընթացքում լիքը բաներ փոխվեցին, բայց անկախ ամեն ինչից Stop-ը դեռ գործում է՝ մնալով հին ու նոր ռոքնռոլային ժամանակներն իրար կապող բացառիկ կամրջակներից մեկը։ 


Սկզբում չկար գումար, բայց կար ցանկություն։ Նույնիսկ առաջին դինամիկներն ակումբի ձեռքով հավաքած էին, իսկ բեմ պարզապես գոյություն չուներ։ Հետո FairWind խումբն ակումբին բեմ նվիրեց։ Բարի մենյուն վինիլային սկավառակի վրա էր, որը բազմաթիվ տուրիստներ պարբերաբար փորձում էին գնել, իսկ այսօր այն որպես հուշ կախված է ակումբի պատից։ 


Ակումբը մնում է հավատարիմ իր գաղափարներին։ Ամեն երկուշաբթի երեքշաբթի օրերին բեմը տրամադրում են նորեկ երաժիշտների և խմբերի, որպեսզի նրանք փորձեն իրենց ուժերը, փորձառու երաժիշտների հետ ծանոթանան։ Ջեմ սեշններին մասնակցելն անվճար է, եթե նորմալ նվագում ես, կարող ես գալ փորձել, ծանոթանալ և միանշանակ մի բան կստեղծվի, մի բան կառաջարկեն, կամ դու կառաջարկես։ 

 


Չորեքշաբթի օրերին ակումբը փակ է, քանի որ, Մկրտիչի խոսքով, Stop-ը կենդանի էակ է, պիտի շունչ քաշի հանգստանա, որ արդեն ուրբաթ-շաբաթ օրերը գմփա։

հավելյալ նյութեր