SUMMEET 2022-ը Երևանում և Լոռվա սարերում
Փառատոն

SUMMEET 2022-ը Երևանում և Լոռվա սարերում

Հունիսի 24-ից հուլիսի 2-ը SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնը վերադառնում է նոր, հետաքրքիր ծրագրով։ ԵՐԵՎԱՆը պատմում է, թե ինչ է սպասվում։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

#Արվեստ

Այսօր՝ հունիսի 24-ին մեկնարկում է SUMMEET-ը, որն այս անգամ երևանյան բեմերից և փողոցներից կտարածվի նաև դեպի Լոռիի Դեբետ և Դսեղ գյուղերը՝ խառնվելով տեղի բնության հետ։ 

 

Փառատոնի շրջանակներում կլինեն պերֆորմանսներ, ներկայացումներ, վարպետաց դասեր, և դասախոսություններ։ Մասնակիցները կտեսնեն ու կզգան ժամանակակից պարի ամենագեղեցիկ և նորարարական դրսևորումները։

 

Summeet-ի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 27-ին գերմանացի խորեոգրաֆ, բեմադրիչ Ֆաբիան Պրիովիլի 12FIFTY MB/S ներկայացումով, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում։ 

 

Վերջինիս VR ներկայացումը հայկական Balmanukyan Dance Project-ի կատարմամբ և հայկական Arloopa ընկերության տեխնիկական ապահովմամբ պարբերաբար կներկայացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

 

Հայկական ներկայացումների շարքը՝ARMENIAN SHOWCASE-ը մեկնարկելու է բեմադրիչ, խորեոգրաֆ Արինա Արարատյանի «Գարնան սպասումով» բեմադրության պրեմիերայով, որը ստեղծվել է դեռ 2005-ին, բայց վերականգնվել է հատուկ այս տարվա փառատոնի համար։ Ներկայացումը առաջին անգամ ցուցադրվելու է ամսի 28-ին, ԵՊԿ օպերային ստուդիայի բեմում։

 

Հուլիսի 1-ին, «Կինոպար» խորագրի ներքո ՀԲԸՄ-ում տեղի կունենա Conny Janssen Danst ընկերության Framed ներկայացումը, որը միավորում է պարը իրական ժամանակում, ֆիլմը և երաժշտությունը։

 

Վարպետաց դասերի և դասախոսությունների մի մասը կանցկացվի Լոռիի COAF սմարթ կենտրոնում։ Փառատոնի ընթացքում ժամանակակից պարից խոսելու են Ֆաբիան Պրիովիլը (հանդիպումը տեղի կունենա Դեբետում), փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան և նախկինում բասկետբոլով, իսկ հետո սթրիթբոլով զբաղվող, պարող Ballrider Vaggi (խմբ. Վահան Մանուկյանը)։ Վերջինս հունիսի 25-ի իր վարպետաց դասի ընթացքում պատմելու է գնդակի հետ պարելու՝ Freestyle Basketball Choreography ոճի մասին (ու ցուցադրելու է իր հմտությունները)։ 

 

Նույն օրը հենց այդ ոճով պերֆորմանս կանի Դսեղի տարածքում, իսկ հուլիսի 2-ին՝ Ազնավուրի հրապարակում։ Լոռիում կներկայացվի նաև Վալերիա Կասպարովայի և Արման Բալմանուկյանի «Պատկերներ» site specific ստեղծագործությունը։

 

Ավելի նեղ մասնագիտական վարպետաց դասեր կանցկացվեն Երևանի պետական պարարվեստի քոլեջում արտասահմանցի մասնագետների կողմից։ Միրզոյան գրադարանում անցկացվող դասախոսությունները կհետաքրքրեն նույնիսկ պարարվեստից հեռու մարդկանց։ Բանախոսները հիմնականում Ռուսաստանից են, բայց հայ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը հունիսի 27-ին ներկայացնելու է «Արմեն Օհանյան՝ մոդեռն պարի առաջին հայ պարուհին» թեման։ 

 

 

Փառատոնի գրեթե յուրաքանչյուր օր եզրափակվելու է ազատ ֆորմատի հանդիպումով արտիստների հետ, իսկ փակման շրջանակներում կցուցադրվի բեմադրիչ, կոմպոզիտոր Ֆրանկ Վիգրուի «Անտառ» ներկայացումը։ 

 

SUMMEET փառատոնը կազմակերպվել է SARER մշակութային հասարակական կազմակերպության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Open Look միջազգային փառատոնի և Balmanukyan Dance Project-ի կողմից։

 

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

 

Ամբողջ ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։