«Արևորդի» կինո ուղեցույց․ 10 պատմություն, որոնք կստիպեն նորովի նայել բնությանը
Փառատոն

«Արևորդի» կինո ուղեցույց․ 10 պատմություն, որոնք կստիպեն նորովի նայել բնությանը

Այս տարի «Արևորդի» 14-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնը Երևանում միանում է COP17-ի օրակարգին՝ իր էկրան բերելով աշխարհի տարբեր երկրներից պատմություններ վայրի բնության, էկոհամակարգերի, մարդկանց և բնության փոխհարաբերությունների մասին։ Ֆիլմերը կցուցադրվեն հոկտեմբերի 23-ից 30-ը։

Հետևեք https://sunchild.am/ կայքի թարմացվող օրակարգին՝ ցուցադրության ճշգրիտ օրն ու ժամը բաց չթողնելու համար։ 

 

#Կինո

Նավզիկեն քամիների հովտից / Nausicaä of the Valley of the Wind

Ռեժեիսոր՝ Հայաո Միյաձակի, Ճապոնիա, 1984

 

 

Մարդու և բնության համերաշխության մեծագույն երգիչներից մեկի՝ Հայաո Միյաձակիի առաջին ֆիլմերից մեկում բնությունը դառնում է ոչ թե դեկորացիա, այլ պատմության գլխավոր հերոս։ 1984-ին նկարահանված «Նավզիկեում» մարդկային քաղաքակրթությունը վնասել է բնական աշխարհը, իսկ բնությունը սկսել է պատասխանել իր ձևով։ Միայն իրեն հատուկ շշմեցուցիչ տեսողական լեզվով Միյաձակին հարցնում է դիտողին․ կարո՞ղ է մարդը սովորել ապրել բնության հետ, ոչ թե նրա հաշվին։ Պատասխանի մասին կարելի է մտորել դեռ երկար, նույնիսկ ֆիլմից հետո։ 

 

Վայրը՝ Կինոյի տուն

Օրը՝ հոկտեմբերի 25

Ժամը՝ 19:00

 


 

Ջեյն Գուդոլ. hույսի աղբյուրներ / Jane Goodall: Reasons for Hope

Ռեժիսոր՝ Դեյվիդ Լիքլի, Կանադա, 2023

 

 

Այս օրերին շատ հեշտ է տխրել ու ընկճվել շրջակա միջավայրին վերաբերող զանազան վիճակագրություններից, բայց երբեմն կարելի է նաև լցվել հույսով։ Լեգենդար բրիտանացի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի մասին այս վավերագրական ֆիլմը պատմում է բնապահպանության տարբեր հաջողված օրինակների մասին և ցույց է տալիս, թե ինչպես կարող են մարդիկ իրական փոփոխության հասնել։ 

Վայրը՝ Կինոմոսկվա

Օրը՝ հոկտեմբերի 22

Ժամը՝ 19:00

 


 

Դեյվիդ Աթենբորոյի պատմությունը գորիլայի մասին / A Gorilla Story: Told by David Attenborough

Ռեժիսոր՝ Ջեյմս Ռիդ, Քալում Վեբսթեր,  Միացյալ Թագավորություն, 2026

 

 

Դեյվիդ Աթենբորոն, գորիլա Պաբլոն և մի պատմություն, որը սկսվել է դեռևս տասնամյակներ առաջ։ Ֆիլմը պատմում է Աթենբորոյի և փոքրիկ Պաբլոյի առաջին հանդիպման մասին։ Մենք հետևում ենք նաև Պաբլոյի ժառանգներին՝ Ռուանդայի լեռներում։  Սա ոչ միայն վայրի բնության մասին ֆիլմ է, այլ հիշողության և սերունդների մասին պատմություն։ Միգուցե ամենակարևոր հարցն է՝ ի՞նչ է տեղի ունենում մի տեսակի հետ, երբ մարդը վերջապես որոշում է ոչ թե պարզապես ուսումնասիրել նրան, այլ պահպանել նրա ապրելավայրն ու ապագան։

Վայրը՝ Նաիրի կինոթատրոն

Օրը՝ հոկտեմբերի 28

Ժամը՝ 15:00

 


 

Սթիվ Զիսուի ծովային կյանքը / The Life Aquatic with Steve Zissou

Ռեժիսոր՝ Ուես Անդերսոն, ԱՄՆ, 2004

 

 

Օվկիանոսագետ Սթիվ Զիսուն իր անձնակազմի հետ մեկնում է ծով` գտնելու խորհրդավոր «յագուար շնաձկանը», որը ժամանակին սպանել է իր գործընկերոջը։ Մինչ ամենասիրուն կինոների ստեղծող Ուես Անդերսոնը պատրաստում է իր նոր ֆիլմը, Արևորդին հնարավորություն է տալիս մեծ էկրանին դիտելու նրա վաղ շրջանի՝ համեմատաբար քիչ հայտնի, բայց ոչ պակաս հետաքրքիր ծովային կատակերգությունը ու մի փոքր այլ աչքով նայել մարդ-բնություն հարաբերությանը։ Բացի բնապահպանական բաղադրիչից, «Սթիվ Զիսուն» պարունակում է նաև այն ամենը, ինչի համար սիրում ենք Անդերսոնին՝ գեղատեսիլ պատկեր, յուրահատուկ հումոր, անմոռանալի սաունդթրեք ու ֆանտաստիկ դերասանական կազմ (Բիլ Մյուրեյ, Ուիլեմ Դեֆո, Օոեւն Ուիլսոն)։ 

Վայրը՝ Կինոմոսկվա

Օրը՝ հոկտեմբերի 26

Ժամը՝ 19:00

 


 

Սիլյանի պատմություն / The Tale of Silyan

Ռեժիսոր՝ Թամարա Կոտեվսկա, Հյուսիսային Մակեդոնիա, ԱՄՆ, 2026

 

 

Մի սպիտակ արագիլ, մի ընտանիք և մի պատմություն, որտեղ բնությունը անսպասելիորեն դառնում է մարդկային կյանքի հայելին։ Տամարա Կոտևսկայի ֆիլմը հետևում է մակեդոնացի ֆերմեր Նիկոլա Կոնևին և նրա ընտանիքին, որոնց պատմությունը միահյուսվում է վիրավոր սպիտակ արագիլի ճակատագրի հետ։ Արագիլները ֆիլմի համար նաև միգրացիայի, տան և հեռանալու խորհրդանիշ են։ Երբեմն կենդանու պատմությունը մեզ ստիպում է ավելի լավ հասկանալ մարդուն։

Վայրը՝ Կինոյի տուն

Օրը՝ հոկտեմբերի 27

Ժամը՝ 19:00

 


 

Անտառների երգը / Le Chant des forêts 

Ռեժ՝ Վենսան Մյունյե, Ֆրանսիա, 2025

 

 

Անտառ։ Ոչ թե պարզապես քարտեզի վրա նշված տարածք, այլ իր օրենքներով ու կյանքով ապրող մի ամբողջ կենդանի աշխարհ։ Վինսենթ Մունիրի ֆիլմը կարծես հորդորում է չշտապել, դանդաղել և լսել այն, ինչ սովորաբար չենք լսում։ Թռչուններ, ծառեր, կենդանիներ, քամի, լույս և ստվեր։ Այս ֆիլմը կարելի է դիտել որպես փոքրիկ հիշեցում, որ բնությունը միշտ չէ, որ մեզանից ինչ-որ բան է պահանջում։  

Վայրը՝ Կինոմոսկվա 

Օրը՝ հոկտեմբերի 24

Ժամը՝ 19:00

 


 

Խատուտիկի ոդիսականը / Dandelion’s Odyssey

Ռեժ՝ Մոմոկո Սետո, Ֆրանսիա, 2025

 

 

Պատկերացրեք՝ ի՜նչ զարմանահրաշ տեսարանների կարող էինք ականատես լինել, եթե կարողանայինք հետևել խատուտիկի՝ քամով քշված սերմի ճամփորդությանը։ Մոմոկո Սետոյի այս բացառիկ անիմացիոն ֆիլմը տալիս է այդ հնարավորությունը։ Ֆիլմը հատկապես հետաքրքիր ընտրություն է նրանց համար, ովքեր ուզում են բնապահպանական կինոն տեսնել ոչ միայն վավերագրական, այլև արվեստի, երևակայության և անսպասելի պատմության միջոցով։

Վայրը՝ Թումո Երևան

Օրը՝ հոկտեմբերի 24

Ժամը՝ 14:30

 


 

Ինչպես ապրել Երկրի վրա / How To Live on Earth

Ռեժ՝Ֆրեդի Դեվաս, Միացյալ Թագավորություն, 2026

 

Ինչպե՞ս ապրել Երկրի վրա՝ առանց մոռանալու, որ մենք դրա միակ բնակիչները չենք։ Ֆիլմը հրավիրում է մտածելու մեր առօրյա ընտրությունների, շրջակա միջավայրի և այն աշխարհի մասին, որը կիսում ենք միլիոնավոր այլ կենդանի էակների հետ։ Դիտողի հետ այս հարցի շուրջ մտորում է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբաթչը։ 

Վայրը՝ Կինոյի տուն

Օրը՝ հոկտեմբերի 24

Ժամը՝ 19:00

 


 

Նյարդայնացնող արջը / Nuisance Bear

Ռեժ՝ Գաբրիելա Օսիո Վանդեն, Ջեք Վայսման, ԱՄՆ, 2026

 

 

Ի՞նչ է տեղի ունենում, երբ վայրի կենդանին հայտնվում է մարդու բնակության տարածքում։ Նյարդայնացնող արջը պատմում է վայրի բնության և մարդկային բնակավայրերի բախման մասին, ստիպելով վերանայել այն պիտակները, որոնք հաճախ տալիս ենք կենդանիներին․ «անհանգստացնող», «վտանգավոր» կամ «անցանկալի»։ Ի դեպ, երբ կենդանին հայտնվում է մեր տարածքում, իսկապե՞ս դա միայն մեր տարածքն է։

Վայրը՝ Կինոյի տուն 

Օրը՝ հոկտեմբերի 26

Ժամը՝ 19:00

 


 

Վայրի Լոնդոն / Wild London

Ռեժիսոր՝ Ջո Լոնքրեյն, Միացյալ Թագավորություն, 2026

 

 

Լոնդոն։ Միլիոնավոր մարդիկ, փողոցներ, շենքեր, մետրո և… վայրի բնություն։ Վայրի Լոնդոնը ցույց է տալիս քաղաքի մեկ այլ՝ հաճախ անտեսանելի կողմը, այն կենդանիներին ու բույսերին, որոնք ապրում են մարդկանց կողքին։ Քաղաքային բնությունը հաճախ այնքան մոտ է մեզ, որ պարզապես չենք նկատում այն։ Թռչուններ, աղվեսներ, միջատներ, բույսեր և բազմաթիվ այլ տեսակներ իրենց տեղն ունեն քաղաքի կյանքում։ Ֆիլմը հիշեցնում է, որ կենսաբազմազանությունը միայն հեռավոր անտառներում կամ ազգային պարկերում չէ։ Այն կարող է լինել հենց մեր պատուհանից այն կողմ։

Վայրը՝ Քաղաքային կենսաբազմազանության գոտի (Երևանի 2750-ամյակի այգի)

Օրը՝ հոկտեմբերի 24

Ժամը՝ 16:00

հավելյալ նյութեր