«Պետք է վերածնվենք արվեստի միջոցով».  Ստեփանակերտի լուսաբացի փառատոնը
Փառատոն

«Պետք է վերածնվենք արվեստի միջոցով». Ստեփանակերտի լուսաբացի փառատոնը

«Sunrise Stepanakert» փառատոնի համահիմնադիր Շուշան Քեշիշյանը ԵՐԵՎԱՆին պատմել է հետպատերազմական Արցախում առաջին մշակութային փառատոնը կազմակերպելու և այնտեղ հիմնավորվելու մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Sunrise Stepanakert փառատոնի

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#Արցախ

Ի գործ

Շուշանին հանդիպեցի Երևանում։ Կարճ ժամանակով էր այստեղ, մի շաբաթից պիտի մեկներ Արցախ։ Այնտեղ հիմնավորվել է շուրջ մեկ տարի առաջ, երբ 2021-ի ամռանն ինքն ու Լիլիթ Հակոբյանն անցկացրին առաջին «Sunrise Stepanakert» մշակութային փառատոնը։ 


Նրանք Հայաստանում հայտնվեցին «Ի գործ» ծրագրով։ Շուշանը եկել էր Լիբանանից, իսկ Լիլիթը՝ Ռուսաստանից։ Շուշանն Արցախում մինչ պատերազմ երկու անգամ էր եղել։ «Այն, որ Լիբանանից եմ տեղափոխվել Հայաստան, կարևոր դեր է խաղացել,– ասում է նա,– ինձ համար նորություն չէ, երբ հոսանքը պարբերաբար անջատում են կամ երբ չկար անվտանգության երաշխիք»։ Մնալով Արցախում՝ Շուշանը դարձել է նաև «ՀԱԲ Արցախի» տնօրենը։ Մի տանիքի տակ հավաքել են Արցախում սոցիալական ձեռնարկությանը խթանող տարբեր լուծումներ. իրականացնում են տարբեր ծրագրեր, կա նաև քովորքինգի տարածք, որտեղ մարդիկ գալիս աշխատում են, սեմինարների և դասընթացների մասնակցում։ 

 

 

Տրամաբանական շարունակությունը

Թե՛ Շուշանի, թե՛ Լիլիթի տեղափոխությունը Հայաստան համընկավ պատերազմի օրերի հետ։ Լինելով արվեստի ոլորտից՝ սկսեցին մտածել, թե ինչպես կարող են օգտակար լինել։ Այդ ժամանակ Շուշանն արդեն հասցրել էր «Զանգակ» գրախանութում փոքր ցուցադրություն-վաճառք կազմակերպել, որի հասույթն ուղղվել էր պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին։ Տրամաբանորեն հաջորդ քայլը պիտի լիներ արդեն հետպատերազմական Ստեփանակերտում որևէ նախաձեռնություն իրականացնելը։ Այդպես էլ արեցին. հավաքվեցին և ճանապարհ ընկան դեպի Արցախի մայրաքաղաք՝ տեսնելու, թե ինչ կարող են անել։ 


Տեղում հասկացան, որ մի ցուցադրությամբ այս պատմությունը չի ավարտվի. պետք էր ավելի մասշտաբային և ընդգրկուն նախագիծ մտածել։ Ոգեշնչված վերադարձան Երևան արդեն այն մտքով, որ արվեստի մեծ փառատոն է հասունանում՝ վարպետաց դասերով, կինոդիտումներով, ցուցադրություններով և համերգներով։ Այդպես ստեղծվեց «Sunrise Stepanakert» փառատոնը, որն անցկացվեց նաև 2022-ին, իսկ թիմն արդեն իսկ սկսել է նախապատրաստական աշխատանքներն այս տարվա փառատոնի համար։ 


«Խավարից հետո միշտ լուսաբաց է լինում, դա անհերքելի է,– վստահ է Շուշանը,– այս միտքը դարձավ մեր կարգախոսը և փառատոնը հենց այդպես էլ անվանեցինք՝ «Sunrise Stepanakert»։ Այն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ վերականգնում արվեստի միջոցով։ 

 

 

Կավագործության դասընթաց Sunrise Stepanakert փառատոնի շրջանակներում

 

Հենց Արցախում

Առաջին տարին բարդ էր։ Աղջիկները նոր էին եկել ու ծանոթանում տեղացիների հետ, իսկ արդեն երկրորդ փառատոնի ժամանակ հասցրեցին երիտասարդության հետ կապեր ստեղծել ու գտնել իրենց լսարանը։ «Մեր թիրախային խումբը ստեղծարար մարդիկ են, Թումոյի ուսանողներ, ինքնակրթվող ու հետաքրքրասեր մարդիկ, որոնց համար հաճույք է ունենալ նման մի միջոցառում հենց Արցախում»։ Որպես սփյուռքի ներկայացուցիչներ աղջիկները ցանկանում էին, որ փառատոնը ոչ միայն հարթակ տրամադրի տեղացի արտիստներին, այլև Արցախում համախմբի սփյուռքի և Հայաստանի ստեղծագործ ուղեղներին։ 

 

Լուսաբացին

Առաջին փառատոնի թեման թվային արվեստն ու լուսանկարչությունն էին։ Աշխարհի բոլոր կողմերից շուրջ 20 արտիստի աշխատանքներ ներկայացվեցին։ Այս տարի արտիստների քանակը 13-ն էր, իսկ այցելուների քանակը՝ սպասվածից ավելի։ Շուրջ 20 միջոցառման եկան մոտ 1400 մասնակից։

 

Վանաձորյան «Լավ էլի» խմբի երաժիշտները, որոնք փառատոնի այս տարվա երաժշտական հյուրերից էին, չգիտեին, որ Արցախում այդքան երկրպագուներ ունեն. շուրջ 400 մարդ էր մասնակցել Արցախի մշակույթի եվ երիտասարդության պալատում տեղի ունեցած իրենց համերգին։ Դասընթացները և վարպետաց դասերը ևս մարդաշատ էին։ Շուշանը պատմում է, որ նախանցյալ տարի հայտերի քանակի սահմանափակում չէին դրել՝ մտածելով, որ դժվար շատ մարդ գրանցվի։ Մի պահ հայտնաբերեցին, որ նախատեսված 30-ից երեք անգամ ավել մարդ է դիմել։ Ստիպված, բայց մեծ սիրով երկու անգամ անցկացրին։ 


Դասընթացների թեմաները շատ տարբեր են։ Անցյալ տարի ունեցել են շուրջ տասը վարպետաց դաս՝ կավագործության, վլոգինգի, հանրային կապերի, փախլավա և ժենգյալ պատրաստելու, արվեստի, ձայնային թերապիայի և այլն։ «Տեղացի երիտասարդությունն ուզում է ամեն ինչում մասնակցել, կրթվել, ծանոթանալ աշխարհի տարբեր անկյուններից եկած մարդկանց հետ,– պատմում է Շուշանը,– փառատոնին մասնակցած բոլոր հյուրերն էլ Արցախին նվիրված մարդիկ էին, նույնիսկ վճար չվերցրին մասնակցության համար»։


Հիմնականում տարվա ընթացքում հենց դասընթացավարներն են գալիս և առաջարկում որևէ հետաքրքիր թեմա։ Անցյալ տարի նաև, փորձելով տարբերվել նախորդից, ժամանակակից և ազգագրական պարի դասընթացներ ևս ունեցան։ Նման վարպետաց դասերից մեկից հետո էլ թիմին միացավ Սոնյա Ավագյանը, որն անցյալ տարի իր վրա վերցրեց արտիստների հետ կապի ապահովումը և փառատոնի ընթացքում գործող փոփ-ափ խանութը։ Նաև հենց Ստեփանակերտից թիմին միացել է ևս մեկ անդամ՝ Գայանե Սարգսյանն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ։ 


«Sunrise Stepanakert»-ի գլխավոր հովանավորն է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը:

 

 

Մայրամուտից հետո

«Sunrise»-ի թիմն արդեն բացել է «Sunrise Master file»-ի google sheet-ը (հինգից ավելի էջերով) և այնտեղ այս տարվա համար գրի է առնում գաղափարներ համերգի, վայրերի, վարպետաց դասերի թեմաների վերաբերյալ։ Եվ շուտով կսկսեն իրար կապել այդ գաղափարները, շփվել մարդկանց հետ, ի մի բերել ունեցածը։ 


«Չպիտի հուսահատվենք։ Եթե անընդհատ մտածենք՝ բայց ապահո՞վ ա, բայց արժի՞, այդպես էլ ոչինչ չենք անի կյանքում։ Պիտի ադապտացվենք,– ասում է Շուշանը։– Առաջին Sunrise Stepanakert-ի ժամանակ շատերը պատերազմից հետո առաջին անգամ եղան Արցախում։ Համախմբելով Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայերին՝ մենք ասում ենք, որ ամեն մայրամուտից հետո սկսվում է լուսաբացը։ Կյանքը շարունակվում է, պետք է վերածնվենք ու դա անենք արվեստի միջոցով»։

հավելյալ նյութեր