Talk City. խոսող քաղաքը
Պատմում ենք երևանյան զբոսաշրջության նոր ձևաչափի մասին․ Talk City-ի գլխավոր բաղադրիչներն ականջակալն ու դրանից հչող ձայնային ուղեկցությունն են։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
ODIO լեյբլի հիմնադիրներ և Talk City նախագծի հեղինակներ՝ Սարգիս Բաղդասարյան և Լևոն Ագաթյան
Սցենար՝ Սարգիս Բաղդասաչյան, Գրիշա Օհանյան
Ձայնային դիզայն՝ Գեորգի Ջիվառգիզով
Դերերում
Հռիփսիմե Նահապետյան՝ Եվգենիա (Մայր Հայաստանի բնորդուհի)
Վլադիմիր Օհանյան՝ Տիգրան
Մերի Օհանյան՝ Ժոել
Գոռ Գլումով՝ Կասկադ
Լոլա Բուկիյա՝ Մոնիկ (Բոտերո, Ծխող կնոջ արձան)
Ռոբերտ Հակոբյան` Վիլյամ Սարոյան
Կարեն Ծատուրյան` Դավիթ
Արթուր Կարապետյան` բալետմեյստեր
Արամ Կարախանյան՝ Հեղինակ, ծխնելույզ մաքրող
Հայկ Բիանջյան՝ Հայկ Բիանջյան
Վերջերս Երևանի փողոցներում մեծ ականջակալներով, երբեմն կարծես երաժշտության տակ փոքր-ինչ պարելով կամ ռիթմիկ քայլերով, ժպտացող ու զարմացող խմբեր են շրջում։ Նրանց առաջին անգամ հանդիպեցի Հաղթանակի զբոսայգում ու պիտի խոստովանեմ, միանգամից չգուշակեցի, թե ինչ է կատարվում, միայն թե հաստատ շատ զվարճալի էր թվում։ Օրեր անց, մինչ ես փորձում էի պարզել, թե այդ ինչ խումբ էր, իմ լավ ընկեր Ժակը պատմեց իր ընկերների նախաձեռնության մասին։ Ահա թե ինչ, փաստորեն Talk City նախագիծն էր։ Մի խոսքով, ԵՐԵՎԱՆ-ը որոշեց անպայման միանալ խմբին ու փորձարկել այդ զվարճալի զբոսանքը։
10 պատմություն, 100 րոպե և 10,000 քայլ։
Talk City-ն եզակի աուդիո զբոսանք է Երևանի մասին՝ ականջակալներով։ Առայժմ հասանելի է ռուսերեն տարբերակով, շուտով պատրաստ կլինի նաև անգլերեն տարբերակը։ Այն հատկապես հետաքրքիր կլինի զբոսաշրջիկներին, սակայն անտարբեր չի թողնի նաև երևանցիներին (անձնական փորձից եմ ասում)։ Talk City-ն աուդիո տուր-երկայացում է, որի ընթացքում 10 կերպար կպատմեն իրենց պատմությունները տարբեր ժամանակաշրջաններից, ինչի շնորհիվ զբոսանքի մասնակիցները շատ բան կիմանան Երևանի ու երևանցիների մասին՝ 100 րոպեի ընթացքում կատարելով մոտ 10,000 քայլ։
Զբոսանքը սկսվում է Հաղթանակի զբոսայգուց։ Խումբը հանդիպում է Մայր Հայաստանի մոտ և մինչ բոլորը հավաքվում են՝ ականջակալներից լսվում է այնքան հարազատ խորհրդահայ երաժշտություն․ Մարտին Վարդազարյան, Ռաիսա Մկրտչյան և այլն։ Երբ բոլորն արդեն տեղում են, զբոսանքի մասնակիցներին ողջունում է հեղինակը, իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը։ Նախ՝ իր նուրբ ու փափուկ ձայնով 60-ական թվականների հեռավորությունից խոսում է Մայր Հայաստանի բնորդուհի Եվգենիան, պատմում քանդակագործ Արա Հարությունյանի մասին («Անունս Եվգենիա է, և ես Մայր Հայաստանն եմ, ավելի ճիշտ այդ քանդակի բնորդուհին։ Այո, հենց այս քանդակի, որը, հուսով եմ, դեռ կանգուն է ու նայում է քաղաքին․․․»)։
Հետո զբոսանքը շարունակվում է լեգենդար երաժշտական կատարումների, զբոսավարի՝ Սարգիսի, պարային քայլերի ու նոր հերոսների՝ Տիգրանի ու Ժոելի երկխոսության ուղեկցությամբ մինչև Հաղթանակի օբելիսկն ու Կասկադը։ Այդտեղ ականջակալներից լսվում է աստիճանների ձայնը, որը մի փոքր վրդովվում է, երբ իր վրա կանգնում են ու չեն էլ նկատում։ Ներքևում զբոսանքի մասնակիցներին հանդիպում է կրքոտ պուերտոռիկուհի Մոնիկը (Բոտերոյի «Ծխող կինը»), որը պատմում է, որ իրեն հաճախ են փորձում սիրահետել։ Զբոսանքը շարունակվում է, ընդգրկում Ալեքսանդր Թամանյանի, Վիլյամ Սարոյանի և Կոմիտասի արձանները, Կոնսերվատորիան, Օպերայի շենքը, որից հետո հին երևանցի ծխնելույզ մաքրողը տանիքների բարձրությունից կպատմի Երևանի մասին։ Հյուսիսային պողոտան Talk City-ի հետ իրական պարահրապարակի է վերածվում։ Առհասարակ ողջ զբոսանքը համեմված է բացառիկ լավ երաժշտությամբ։
Հետո ականջակալներից կլսվի լուսանկարիչ Հայկ Բիանջյանի ձայնը, որը կպատմի, թե ինչպես է արձանագրել Երևանի տարբեր շերտերի ոչնչացումը։ Զբոսանքը կավարտվի Երևանի 2800-ամյակի այգում։ Ամբողջը չեմ պատմի, ու իրականում պատմելն անհնար է։ Ոչինչ չի կարող փոխարինել այն զգացողությունները, որ հաղորդում է զբոսանքը։
Լևոնն ու Սարգիսը, չհաշված մյուսներին
Նախագծի գաղափարը Լևոն Ագաթյանինն էր, որը ցանկանում էր ստեղծել յուրահատուկ և նոր ձևաչափ հայկական մշակութային ու զբոսաշրջային ոլորտում, քանի որ գտնում էր, որ Հայաստանն ունի ճանաչելիության և ճիշտ ներկայացման խնդիր։ Այսպես, Սարգիս Բաղդասարյանն ու Լևոն Ագաթյանը որոշեցին ստեղծել ODIO լեյբլը, որի նպատակն էր նոր և եզակի աուդիո նախագծերի ստեղծումը Հայաստանում։
«Ներկայացումը, ֆիլմը, հաղորդումը խոսում է իրեն հատուկ լեզվով՝ իր լսարանի համար։ Իսկ այս նախագիծը հնարավորություն է ստեղծում ընդգրկել ավելի մեծ խմբերի իր բազմաժանր լինելու շնորհիվ։ Զբոսանք, երաժշտություն, աուդիո-տուր, տարբեր պատմություններ, զվարճանք․ սրանք այն բաղադրիչներն են, որոնցից ստեղծվեց Talk City նախագիծը։ Մենք ոգեշնչվեցինք հենց այս ամենը իրականացնելու գաղափարից,— ասում են տղաներն ու ավելացնում,— Նպատակը Երևանի մասին անկեղծ պատմելն էր: Ցանկանում էինք պատմել քաղաքի մասին այնպես՝ ինչպես ներկայացնում ենք այն մարդկանց, որոնք չգիտեն նրա մասին, կամ ինչպես մենք կխոսենք Երևանի մասին ընկերական զրույցների ժամանակ. պարզ սիրով, մեծ ջերմությամբ և մի փոքր ցավով»։
Այստեղ կան աուդիո-գիդի տարրեր, պատումների ինֆորմացիոն հատվածներ, սակայն ուղղվածությունն ավելի թատերային է, տեքստը՝ գեղարվեստական։ Բոլոր 10 կերպարների պատումները հիմնված են իրական փաստերի վրա, բայց ընդլայնված են գեղարվեստական դրամատուրգիայով։ Գլխավոր նպատակն է եղել փոխանցել քաղաքի տրամադրության այն հաճախականությունը, որը զգում են հեղինակներն իրենք․ «Այսպիսով օտարերկրացիները ծանոթանում են քաղաքի հետ, իսկ երևանցիները ևս մեկ անգամ համոզվում են թե ինչ բազմաշերտ ու հարուստ է մեր մայրաքաղաքը»։
Անկախ նրանից մասնակիցը փորձառու է իբրև հանդիսատես, թե ոչ, գրքասեր է, թե էդքան էլ չէ, սիրում է պարել և զվարճանալ, թե գերադասում է ավելի պասիվ հանգիստը, միևնույն է, Talk City աուդիո-զբոսանքի ընթացքում կստանա այն ջերմությունն ու Երևանի այն մասնիկը, որը տղաները ներդրել են իրենց նախագծի մեջ։