«Սա պարզապես վանդալիզմ է»․ Թամանյանի կիսանդրու փոփոխությունները
Մի քանի օր առաջ փոփոխությունների է ենթարկվել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի մուտքի մոտ տեղակայված՝ Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին։ Մասնագետները չեն հասկանում, թե ինչու էր պետք միջամտել Արտաշես Հովսեփյանի աշխատանքի մեջ։
Լուսանկարները՝ Կարեն Բալյանի, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ֆբ-էջ, Wikipedia.org/Armineaghayan
Մի քանի օր առաջ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ ճարտարապետ Արեգ Ասրաբյանը և քանդակագործ Տիգրան Վարդանյանը փոփոխություններ մտցրեցին քանդակագործ Արտաշես Հովսեփյանի կերտած՝ Թամանյանի կիսանդրու մեջ։ Այսպես, պատվանդանին ավելացվեցին «Ալեքսանդր Թամանյան» գրությունն ու զարդաքանդակը։
Ըստ ճարտարապետ Կարեն Բալյանի, այս ավելացումները չունեին որևէ իմաստ, քանի որ թանգարանի պատին արդեն կա քարե ցուցանակ, այն մասին որ սա Թամանյանի անվան թանգարանն է ու դրանով իսկ պարզ էր, թե ում կիսանդրին է, «առավել ևս ավելորդ զարդաքանդակով ներքևում»։
Թանգարանի ֆեյսբուքյան գրառման տակ ճարտարապետ Արսեն Շուռ Կարապետյանը տարակուսում է․ «Խայտառակություն է, ձեր կարծիքով Արտաշես Հովսեփյանը չէ՞ր կարող վարդակ քանդակել, եթե ուզենար, երանի ձեր ինքնավստահությանը։ Սա պարզապես վանդալիզմ է»:
Արձանը՝ թանգարանի մուտքի մոտ, 2013 թվական
Ըստ ճարտարապետ Ռոման Գրիգորյանի (նույն գրառման մեկնաբանություններում), «Արտաշես Հովսեփյանի մոնումենտալ կոթողային արվեստի մեջ կոնցեպտուալ կարեւորություն ունի պարզունակ կոնստատատիվ արձանագրություններին ակցենտ չտալը: Դա ըստ իր տեսության կոնկրետացնում է անձը, մինչդեռ ձգտումը պատկերվող անձի հոգեւոր արտահայտումն է, որտեղ հիմնական խոսքը զտված է տարատեսակ «ջրերից»եւ հասցված էսենցիայի խտության»։ Վերջում ճարտարապետը հավելում է, որ «կատարվածը պրիմիտիվ մտքի արտահայտություն է»: