Թանգարան այցելելու 10 պատվիրանները
Խորհուրդ

Թանգարան այցելելու 10 պատվիրանները

ԵՐԵՎԱՆ-ի խորհուրդները՝ թանգարանային այցելությունից հնարավորինս ավելին քաղելու համար։ 

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Նկարազարդումները՝ Հարություն Թումաղյանի

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

#Թանգարաններ

Թվում է՝ ինչ կա՞ որ, թանգարան է, էլի, կայցելեմ, կնայեմ։ Բայց իրականում հնարավոր է թանգարանից վերցնել առավելագույն գիտելիքներ, ստանալ առավելագույն բավարարվածություն և ցանկանալ վերադառնալ այնտեղ նորից ու նորից՝ հետևելով մի քանի հիմնական սկզբունքների։

 

Նախապատրաստվե՛ք

 

Կարևոր է թանգարան մտնել ճիշտ տրամադրվածությամբ և ճիշտ ակնկալիքներով։ Ակնկալիքների և իրականության մեծ տարբերությունից խուսափելու համար նախ կարելի է որևէ ընդհանուր տեղեկություն կարդալ թանգարանի մասին։ Ձեզ հետաքրքրող ուղղվածության թանգարանը գտնելուց հետո տրամադրվեք, որ նոր գիտելիքներ եք ձեռք բերելու և նոր բան տեսնելու։ Վերաբերվեք այդ այցին ինչպես մի փոքր ճանապարհորդության ժամանակի մեջ։ Իհարկե, իրական ճանապարհ չեք գնալու, բայց պատրաստ եղեք նաև քայլելու, այնպես որ հագեք հարմարավետ կոշիկներ։ 

 

Պահպանե՛ք թանգարանում սահմանված կանոնները

Ինչպես ցանկացած հաստատություն, այնպես էլ թանգարաններն ունեն կանոններ, որոնց անհրաժեշտ է անպայմանորեն հետևել։ Թանգարանի հիմնական գործառույթը պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների պահպանությունն է, այնպես որ, բարձրարժեք, հաճախ էլ անգին այդ իրերի անվտանգությունը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ այցելուի համար հարմարավետ ցուցադրություն կազմակերպելուց։ 

 

 

Ուշադիր եղեք թանգարանում տեղաշարժվելիս։ Ապակյա ցուցափեղկերը հաճախ շատ փխրուն են, երբեմն էլ ցուցանմուշները ցուցադրվում են բաց վիճակում և առավել խոցելի են։ Մի սպասեք, որ թանգարանի աշխատակիցը դիտողություն անի, մի՛ դիպչեք իրերին։ Մի փորձեք ուտել կամ խմել ցուցասրահում, թափված ջրի նույնիսկ մեկ կաթիլը երբեմն կարող է վնասել հազարամյակների խորքից մեզ հասած որևէ նմուշ։ 

 

Անպայման հարցրեք աշխատակցին, թե արդյոք կարե՞լի է լուսանկարել (հաճախ արգելքը պայմանավորված է նմուշները հավելյալ լույսից պաշտպանելով)։ Ի դեպ՝ կարիք չկա ամեն բան լուսանկարել, նախ, դուք այդ լուսանկարների մասին մի քանի օր հետո ուղղակի մոռանալու եք, հետո՝ միշտ հնարավոր է գտնել լավ վերատպություն։ Իսկ, որ ամենակարևորն է, պետք չէ նմուշներին նայել տեսախցիկի միջով, վայելեք պատմության հետ իրական շփման հնարավորությունը։   

 

Մի՛ թերագնահատեք էքսկուրսավարի դերը

 

Թանգարանի ցուցադրության մասին ամբողջական պատկերացում կազմելու ամենաճիշտ տարբերակը  էքսկուրսավարի ծառայությունից օգտվելն է։ Երբեմն ցուցանմուշն աննշան է, բայց մեծ ու հետաքրքիր պատմություն ունի և միայն էքսկուրսավարի ուղեկցությամբ թանգարանում շրջելը կարող է արդյունավետ դարձնել այցը, իսկ լսածն ու տեսածն էլ ավելի համակարգված ու հասկանալի։ 

 

Ընթերցե՛ք ուղեկցող տեքստերը

Եթե այնուամենայնիվ որոշել եք չօգտվել էքսկուրսավարի ծառայությունից և ինքնուրույն շրջել թանգարանում, ապա անպայման կարդացեք անոտացիոն տեքստերն ու պիտակները։ Դա հնարավորություն կտա հնարավորինս լավ պատկերացում կազմել տեսածի, սեղմ ժամանակում ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել ցուցադրվող նյութի մասին, ինչպես նաև պատկերացում կազմել դրա ժամանակաշրջանի, նյութի, տեխնիկայի և էլի շատ այլ կարևոր հատկանիշների մասին։ 

 

 

Ուշադրություն դարձրեք նաև ուղղորդող ցուցանակներին։ Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած որոշ թանգարաններում ուղեկցող տեքստերը գուցե փոխարինված լինեն QR կոդերով և այդ պարագայում հեռախոսի առկայությունն իհարկե առավելություն է։

 

Դիտարկե՛ք թանգարանը որպես մի ամբողջություն

Այցելությունը թանգարան լիարժեք չի լինի, եթե ուշադրությունը կենտրոնացնեք միայն առանձին ցուցանմուշների վրա։ Շատ կարևոր է դիտարկել թանգարանը որպես մի ամբողջություն, որտեղ ցուցադրված յուրաքանչյուր ցուցանմուշ ամբողջի մաս է միայն։ Թանգարանը պատմություն է պատմում, որտեղ յուրաքանչյուր ցուցանմուշ այդ պատմության մի էջն է։ Ուշադրություն դարձրեք ցուցադրության կազմակերպմանը, դասավորվածության տրամաբանությանը, հաջորդականությանը, խմբավորմանը։ 

 

 

Պակաս կարևոր չէ նաև արձանագրել որոշ տիպիկ թանգարանային դրվագներ, ինչպես, օրինակ, այն, թե ինչպես է ցուցադրված նյութը, ինչպես է լուսավորված և այլն։ Շատ հաճախ պատմամշակութային արժեք ներկայացնում են ոչ միայն ցուցադրված իրերը, այլև հենց ինքը՝ թանգարանի շենքը։ 

 

Մի՛ կենտրոնացեք միայն նկատելի ցուցանմուշների վրա

Թանգարան այցելելիս միշտ հիշեք, որ ամենաարժեքավորն ու հետաքրքիրը ոչ միշտ է ամենանկատելին, չափսերով մեծը կամ գեղեցիկը։ Հաճախ ամենաննշան ցուցանմուշը կարող է մի ամբողջ պատմություն ունենալ իր հետևում։ Իհարկե, ձեր անձնական նախասիրությունները կարևոր են, միշտ ինչ-որ բան ձեզ ավելի է գրավելու, քան մյուսները։ Բայց թանգարանից առավել ամբողջական պատկերացմամբ և գիտելիքներով հեռանալու համար ուշադրություն դարձրեք նաև մանրուքներին։ 

 

 

Մի՛ խնայեք

Հայաստանում թանգարանների մուտքի տոմսի արժեքը տատանվում է 200-2000 դրամի սահմաններում։ Իսկ այժմ, փորձեք հիշել, թե որքա՞ն գումար եք պատրաստ վճարել սրճարանում մեկ գավաթ սուրճի, ասենք՝ ամերիկանոյի համար։ Իրականում հայաստանյան թանգարանների մուտքի տոմսի արժեքը բավական մատչելի է, ինչպես և էքսկուրսավարների ծառայության արժեքը և չափազանց ոչ համարժեք այն նյութին, որը ցուցադրվում կամ ներկայացվում է։ Այնպես որ, խնդրում եմ, մի խնայեք, ընկալեք դա իբրև ներդրում և հավատացած եղեք, որ այն, ինչ տեսնելու եք, միանշանակ արժի շատ ավելին։ 

 

Մի՛ շտապեք, գտե՛ք ձեր ռիթմը

Թանգարանում քիչ ժամանակ անցկացնելու մեջ, իհարկե, ոչ մի ամոթալի բան չկա։ Սակայն, եթե այցի նպատակը գիտելիքն ու տպավորություններն են, ցանկալի է չշտապել։ Անշուշտ, այս շտապողականությունը հասկանալի է մեծ թանգարանների պարագայում, երբ ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է մեկ այցի ընթացքում տեսնել ամեն ինչ։ Սակայն, հավատացնում եմ, ավելի լավ է լինել միայն մեկ սրահում, բայց լիարժեք ու առանց ավելորդ ցայտնոտի ծանոթանալ միայն այդ մեկին, այլապես թանգարանը հիշողության մեջ տպավորվում է որպես հոգնեցնող ու խառը ինչ-որ վայր։ 

 

 

Ոչ մեծ թանգարանների պարագայում պարզապես գտեք ձեր ռիթմը, մի խնայեք ժամանակը մանրամասն ուսումնասիրելու համար։ Հոգնելու դեպքում միշտ կարելի է որևէ նստելու տեղ գտնել։ Ի դեպ՝ հատակին նստելը թանգարաններում միանգամայն նորմալ է։ 

 

Գնե՛ք  որևէ բան թանգարանային խանութից

Թանգարանները, որպես կանոն, ունենում են փոքրիկ խանութներ, որտեղ վաճառվում են տարատեսակ հուշանվերներ, թանգարանի հավաքածուի հետ կապված իրեր, աքսեսուարներ, գրքեր, կատալոգներ, փոստային քարտեր և էլի ինչ ասես։ Ընդ որում, այն ամենը, ինչ վաճառվում է թանգարանային խանութներում, որպես կանոն՝ չկա ուրիշ ոչ մի տեղ։ Եվ դա լավ է։ Թանգարանաից գնված ամենափոքրիկ իրն անգամ ամբողջովին այլ նշանակություն է ստանում և միանգամայն այլ բավարարվածություն է պատճառում։ Ցուցադրությունը դիտելուց հետո թանգարանից գնումներով հեռանալիս կարծես տուն տանես տեսածդ արժեքավոր արտեֆակտներից, որ դեռ երկար են հիշեցնելու անցկացրածդ լավ օրվա մասին։ Դա չափազանց հաճելի փորձառություն է։ 

 

Վերադարձե՛ք

Թանգարանային հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները հաճախ համալրվում և փոփոխվում են, այնպես որ, յուրաքանչյուր թանգարան մեկ անգամ այցելելը ամենևին էլ բավական չէ։ Բացի դա, թանգարաններում հաճախ են լինում ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլ ինտերակտիվ միջոցառումներ։ Հետևե՛ք դրանց։ Դիտարկեք թանգարանը որպես գործող ու ակտիվ հաստատություն, որտեղ միշտ կարելի է մի նոր բան տեսնել։  

 

հավելյալ նյութեր