Թանգարանների գիշեր և թանգարանների միջազգային օր 2026
Մայիսի 16-ին Հայաստանում կանցկացվի Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ բացի հիմնական ցուցադրությունից նաև առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։ Մշակույթի զարգացման հիմնադրամն առանձնացրել է հայաստանյան թանգարանների ամենադիտարժան միջոցառումները։
15.05.2026Հայաստանի պատմության թանգարանը կներկայանա «Գոյամարտ և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» և «Հայաստանը 20-րդ դարում» հիմնական ցուցադրության վերաբացումով։
Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսված է համերգային ծրագիր՝ «Երաժշտական վիզուալ կատարում (պերֆորմանս)» խորագրով։ Կատարողներ՝ Չայկովսկու երիտասարդական նվագախումբ, մենակատարներ՝ Էդուարդ Դայան, Լիդիա Գրիգորյան։
Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում համեչգով հանդես կգան Արմեն Տիգրանյանի երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև կներկայացվի երկու ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայ բեմի հմայքը․ Մետաքսյա Սիմոնյան» և «Վլադիլեն Բալյան. Կոմպոզիտորի աշխատասենյակ»։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այցելուները կդիտեն «Նամակներ Վիլժուիֆից» Ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև կանցկացվեն համերգներ՝ Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով խորագրով (կատարողներ՝ Հայկ Պետրոսյան, Հասմիկ Բաղդասարյան –Դոլուխանյան) և Գեղարդ երգեցիկ խմբի մասնակցությամբ։ Նախատեսված է նաև աշխատարան՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, կրթական ծրագրեր՝ «Չինարի ծառի մոտ», «Կոմիտասը արվեստի գործերում», բանախոսություն՝ «Հայ ավանդական երգեր․ ծիսապաշտամունքային արմատներ» խորագրով (բանախոս՝ Մարյանա Տիգրանյան), ներկայացում-պերֆորմանս՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի սաների մասնակցությամբ։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացվի «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը, նախատեսվում է երաժշտական դպրոցների սաների համերգ, վոկալ երաժշտության երեկո, համերգային ծրագիր և «Պեպո» ֆիլմի ցուցադրություն։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Սարյան» միջոցառումը, որտեղ այցելուները կնկարեն գարունը Սարյանի այգում, ինչպես նաև «Հայաստան. Պաննո» կրթական ծրագիրը՝ վիրտուալ ճամփորդությամբ։ Նախատեսված են դասական և ջազային համերգներ։
Հովհաննես Թումանյանի թանգարանում կցուցադրվի «Կիկոսի մահը» ներկայացումը (Հովհ. Թումանյան թանգարանի և Հայաստանի աուտիզմի ասոցիացիայի «Իմ ուղին» կենտրոնի «Ճամփորդները» թատերախմբի մասնակցությամբ), «Արտիստի աչքով» ցուցահանդեսը՝ իտալացի արվեստագետ Ֆիլիպպո Բիաջիոլիի պատկերազարդումներով, ինչպես նաև «Ապրելու արվեստը. Հ. Թումանյան» գրքի շնորհանդեսը և «Մեղեդի» լարային քառյակի համերգը։
Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանում նախատեսված են համերգներ, ինչպես նաև մոմերի պատրաստման վարպետաց դաս։
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում կանցկացվի «Մեր բակի թանգարանը» կրթական ծրագիրը, Ջոտտոյի և նրա կնոջ՝ Դիանա Ուկլեբայի մասին «Սեր» ֆիլմի ցուցադրությունը և «Արվեստով միեղեն. Երվանդ և Մելինե Քոչարներ» ցուցահանդեսի շրջայցը։
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Ա. Սպենդիարյանը Երևանում, 1924-1928 թթ.» ժամանակավոր ցուցադրությունը և «Արարատին նայող տունը» ֆիլմի ցուցադրությունը։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կանցկացվի «Մենք և մեր սրտի թանգարանը» (ԿԱՊԿՈՒ ուսանողներ Գոհար Հարությունյանի և Լևոն Հովհաննիսյանի մասնակցությամբ և «Մշակույթը ներառման հիմքում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ) միջոցառումը, Երևանի թիվ 4 արհեստագործական, պետական քոլեջի սաների իսահակյանական թեմաներով արված աշխատանքների ցուցահանդես-վաճառք, նկարչական աշխատանքների «Երազներ» ցուցահանդես, Ավետիք Իսահակյանի և կնոջ՝ Սոֆիի եվրոպական շրջանի հագուստների և լուսանկարների ցուցադրություն։ Նախատեսված է նաև երկու համերգ «Ապրած իմ կյանքից․․․» (կատարումներ եվրոպական աշխարհահռչակ ստեղծագործություններից, երգչուհի՝ Մարիցա Թիլիքյան) և «Համաշխարհային հիթեր» (կիթառահար՝ Գենադի Միրզոյանց) խորագրով։
Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվի «Արվեստի պահը» (Moment of Art) ցուցահանդեսը։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախատեսված է «Դեմ առ դեմ» ցուցահանդեսը, «Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը, «Պատգամ» բեմադրությունը (ԵԹԿՊԻ ուսանողների մասնակցությամբ), քվեստախաղեր և «By The Way Music Band» համերգը։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի «Թաղիքագործություն» վարպետաց դասը, իսկ Փայտարվեստի ցուցասրահում կներկայացվի «Անի Հովակ» ժամանակավոր ցուցադրությունը։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նախատեսված են թանգարանային փոդքաստ, «Խաչատուր Աբովյանը արևելքի և արևմուտքի միջև» ցուցահանդես և «Մեծերը մեծի մասին» ֆիլմի շնորհանդեսը։ Թանգարանում նախատեսված է նաև յուրատեսակ միջոցառումների շարք, որը կկրի «Շոշափելի արվեստ/շոշափելի տեխնոլոգիա» խորագիրը։ Ծիրագիրը Մշակույթի զարգացման հիմնադրամի, hosq հիմնադրամի և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի համատեղ նախաձեռնությունն է։ Նախագծի առանցքում է «նմուշին դիպչել կարելի՛ է» գաղափարն է։
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի կունենան ժողովրդական երգերի կատարումներ Ջիվանու դպրոցի սաների կատարմամբ (գեղ. Ղեկավար՝ Թովմաս Պողոսյան), Կապուտիկյանի բաղադրատոմսով հյուրասիրություն։
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում նախատեսված է Ռուբինա Առաքելյանի համերգը, հանդիպում բանաստեղծ Սոնա Վանի հետ։
Թանգարանների ամբողջական ծրագրին ծանոթանալ կարող եք այստեղ։
Իսկ եթե որոշել եք դուրս գալ Երևանից և այցելել մարզային թանգարաններ, կամ պարզապես փնտրում եք թանգարանների հասցեները, ապա հարմար կլինի օգտվել թանգարանային քարտեզից։