Թանգարանների միջազգային օր և թանգարանների գիշեր 2024
Թանգարաններ

Թանգարանների միջազգային օր և թանգարանների գիշեր 2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն:

Աղբյուր՝ ԿԳՄՍՆ

 

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

#Թանգարաններ

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում:

 

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային դերը՝ որպես կրթության և հետազոտության կենսունակ տարածքներ, որոնք խթանում են նորարարական հետազոտությունները և բացահայտումները:

 

Թանգարանների միջազգային խորհուրդը որպես 2024 թվականի միջազգային օրվա հիմնական ուղերձներ սահմանել է կրթության հզորացումը, հետազոտական համագործակցությունը, թվային ուսումնառության միջավայրը, ներառական նախաձեռնությունները և համընդհանուր ժառանգության պահպանությունը:

 

«Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարանները՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով մայիսի 18-ին իրենց դռները կբացեն հասարակության առջև: Մեկ անգամ ևս կվերահաստատվի թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակությունների ձևավորման համատեքստում:

 

Թանգարանների միջազգային օրը հռչակվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարանները հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մարտահրավերների դիմագրավման, թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

 

«Թանգարանների գիշեր» ծրագիրը անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:

հավելյալ նյութեր