Թաքնված գանձեր․ Հայաստանի երկաթուղային թանգարան
ԵՐԵՎԱՆն ուսումնասիրում է Երևանի թաքնված, բայց շատ հետաքրքիր թանգարանները։
Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի
Լուսանկարները՝ Մարիամ Հովհաննեսյանի
ԵՐԵՎԱՆ #70 | 2021
Հասցե` Երևանի երկաթուղային կայարանի շենք, Տիգրան Մեծի պողոտա 80
Աշխատանքային օրերին սկսած ժամը 09։00-ից։ Մուտքն ազատ է։
Իմ հաջորդ թանգարանին հասնում եմ մետրոյով. իջնում եմ «Սասունցի Դավիթ» կայարանում, անցնում գետնանցումով, հետո հայտնվում նույնանուն, բայց երկաթուղային կայարանի սպասասրահում։ Թանգարանը հարևան սրահներից մեկում է, հուշում են ցուցանակները։
Թանգարանը կյանքի է կոչվել 2009-ին, իսկ ներկայիս տնօրեն Նիկողայոս Տեր-Կարապետյանը շուրջ վեց տարի է, ինչ խնամքով պահում և այցելուներին ներկայացնում է «ռելսերի վրայի կյանքը»։ Սկսում ենք հերթով տնտղել լուսանկարները, որտեղ Երևանի կայարանն է՝ տարբեր տարիներին, հատուկ հանդերձանքով մեքենավարները, «դեպոյի պետերը և հրամանատարները» և այլն։ Հետո անցնում ենք Գյումրու, Վանաձորի և հայաստանյան այլ կայարանների փայտե ֆիգուրների, զինվորական նշանակության, մարդատար և բեռնատար (ձկնափոխադրող) գնացքների կողքով։ Ցուցադրության մյուս հատվածներում ներկայիս մանկական երկաթուղու կառուցման պատմությունն է, պատերազմի և Սպիտակի երկրաշարժի հետևանքներն արտացոլող լուսանկարներն են։
Մինչև մենք կանգ էինք առել 1956 թվականի վրա, երբ Երևանի կայարանը վերանորոգվում և ստանում է մեզ ծանոթ տեսքը, սրահն ընդունում է իր մշտական այցելուին՝ Խաչատրյան Մարգարիտային, որը թանգարանում ցուցադրված մարդկային պատմություններից մեկի անմիջական կրողն է։ Երբ այցելեք թանգարան, լուսանկարներից մեկում կկարդաք Անդրանիկ Խաչատրյանի անունը, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին, վարելով շոգեքարշներ, կյանքեր է փրկել։ Տիկին Մարգարիտան ասում է, թե միայն այստեղ է կարողանում վերադարձնել հոր մասին հիշողություններն ու ամեն առիթով Գյումրիից գալիս է Երևան։
Թանգարանում մի ուշագրավ լուսանկար էլ կա՝ արված Կրեմլում 1982 թվականին՝ Կարեն Դեմիրճյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։ Դրա նախապատմությունը պատմում է Վլադիմիր Նիկոյանը, ով այժմ զբաղեցնում է Հարավկովկասյան երկաթուղու տնօրենի հայաստանյան խորհրդականի պաշտոնը։ Բախտս բերեց, քանի որ նա հաճախ մտնում է թանգարան մի բաժակ սուրճի։ Ես էլ իմացա այս պատմությունը. 1982-ի ձմռանը, երբ պարոն Նիկոյանը Ջաջուռ կայարանում ավագ կոորդինացնողի պաշտոնին է եղել, կայանալու էր Խորհրդային Միության Կոմկուսի 24-րդ համագումարը, որին ներկա էր գտնվելու նաև Կենտկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ Առատ ձյան հետևանքով գնացքների աշխատանքը դադարեցվում է։ Հայաստանյան պատվիրակությանը Ռուսաստան հասցնելու համար պարոն Նիկոյանը ձեռնամուխ է լինում կազմակերպելու ձնամաքրման աշխատանքները և դրանց ավարտը երևում է երեք օր անց միայն։ Այդ օրերի մասին այժմ պատմում է ընդհատված լռություններով՝ նշելով, որ կարգին հանգստանալ իր կյանքի ընթացքում չի հասցրել՝ գիշեր-ցերեկ աշխատելով երկաթգծերի վրա։
Այ այսպես, թվում էր, թե գնացքների ու երկաթգծերի թանգարան է, իսկ իրականում՝ անվերջ մարդկային պատմությունների դարան։ Դրանց գումարվում է յասամանի աննման փունջը, որը նվիրում է թանգարանի կից այգում այգեպան Վահագը, և ես նստում եմ մետրոյի վագոնը՝ վստահ լինելով, որ էլի եմ գալու։