Թաքնված գանձեր․ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
Թանգարաններ

Թաքնված գանձեր․ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

ԵՐԵՎԱՆն ուսումնասիրում է Երևանի թաքնված, բայց շատ հետաքրքիր թանգարանները։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարները՝ Մարիամ Հովհաննեսյանի

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

 

Հասցե՝ Մուրացանի 79

 

Մեծահասակների համար՝ 1000, երեխաների համար՝ 500։ Աշխատում է ամեն օր՝ 12։00-ից 19։00։

 

#Թանգարաններ

Նորից մետրո, նորից «Սասունցի Դավիթ», միայն թե այս անգամ կանգնում եմ մեջքով դեպի երկաթուղային կայարանը և շրջանցելով առևտրի մեծ ու փոքր կետերը՝ հարցուփորձ անելով և պարզելով, որ պետք է առաջին լուսացույցից թեքվել աջ, հայտնվում եմ Մուրացան փողոցի բնակելի տների մոտ։ Մի քիչ էլ պրպտելուց հետո հայտնվում եմ ուղիղ N79 երկհարկանիի առաջ, որտեղ ինձ վերջնականապես կողմնորոշում է թանգարանի մուտքը ազդարարող ցուցատախտակը։

 

 

 

Այս թանգարանը գործում էր դեռևս հայտնի ազգագրագետ ու նկարչուհի Լուսիկ Ագուլեցու կենդանության օրոք՝ 2013 թվականից, սակայն այն ժամանակ դա նաև բնակության վայր էր։ Այդ պատճառով թանգարանը հյուրեր ընդունում էր միայն նախնական պայմանավորվածությամբ։ 2019-ից՝ Լուսիկ Ագուլեցու մահից հետո, ընտանիքը տեղափոխվեց, իսկ տունը դարձավ լիարժեք թանգարան։ 

 

Բայց թանգարանի առաքելություններից մեկը գանձերը ոչ միայն պահպանելն է, այլև դրանք ստեղծելու մշակույթի ավանդույթների փոխանցումը սերնդեսերունդ։ Այդ պատճառով այստեղ գործող արվեստ կենտրոնում շուտով կսկսվեն դասընթացներ, որտեղ կսովորեցնեն ազգագրական երգ ու պար, կավագործություն և այլ արհեստներ։ Կենտրոնի հիմնական վայրը կլինի տան բակը, որտեղ այժմ կարելի է տեսնել Լուսիկ Ագուլեցու գեղանկարչական ու նրա ամուսնու՝ Յուրի Սամվելյանի քանդակագործական աշխատանքները։ 

 

 

Բակից գնում ենք հյուրասենյակ, որտեղ Լուսիկ Ագուլեցու հարսը՝ Գայանեն, վերհիշում է, թե ինչպիսի համադամ ուտեստներ են մատուցել հյուրասենյակի ընդարձակ սեղանին և ինչ զրույցներ են լսել սենյակի պատերը։ Նույն այդ պատերի մեջ մեզ սպասում են Լուսիկ Ագուլեցու շուրջ 40 տարվա հավաքչական աշխատանքներից շատ ցուցանմուշներ՝ սպասք, կաթսաներ, լամպեր, ձեռագիր մատյաններ, գորգեր, դաշույններ և այլ իրեր։ Իսկ յասամանի անուշաբույրը և հյուրասենյակի կահավորանքը հնարավոր են դարձնում պատկերացնել, թե ժամանակին ինչպիսի անցուդարձ է տիրել այս սենյակում։

 

Ննջարան մուտքն ազդարարում է 17-րդ դարի ֆրանսիական զարդատուփի մեղեդին։ Այստեղ կարելի է տեսնել հայկական գոտիների լայն հավաքածու, ազգային տարազի նմուշներով իր զգեստապահարանն ու զարդասեղանը։

 

Հաջորդ սրահում ձեզ կողջունեն հին ռադիոյի ձայնն ու վինիլային ձայնարկչից հնչող ազգային հին երաժշտության ելևէջները, որոնք լցնում են հին ժամացույցների, հեռախոսների և այլ գործիք-ցուցանմուշների սենյակը։ 

 

 

 

Վերնասրահում ձեզ կսպասեն Աշորայի, Վանատուրի, Ամանորի, Անահիտ աստվածուհու և շատերի փոխակերպված արձանիկ-տիկնիկները, որոնք կպատմեն, թե ինչ տեսք են ունեցել ջրաբեր, անձրևաբեր կամ արևաբեր աստվածությունները և այլ տարբեր կերպարներ։ Լուսիկ Ագուլեցին այս տիկնիկների ստեղծման վրա աշխատել է 2012-15 թվականներին՝ ստեղծելով տոնածիսական մշակույթի առանձնահատուկ փոխակերպումներ։

 

Դուրս եմ գալիս հստակ զգացողությամբ, որ սա ոչ այնքան առանձնատուն էր, որտեղ ապրել են տարիներ շարունակ, ու ոչ միայն թանգարան՝ իր յուրահատուկ ցուցանմուշներով, այլ մի ամբողջ Հայաստան՝պարզապես խտացված ու պարփակված չորս պատերի ու երկու հարկերի մեջ։

 

հավելյալ նյութեր