Տաշ Սարգսյան. «Մենք մեր քաղաքի մի մասն էինք»
Իմ Երևան

Տաշ Սարգսյան. «Մենք մեր քաղաքի մի մասն էինք»

Լեգենդար «Նոր հայերի» և Comedy Club-ի անդամ, երկու երկրների ու քաղաքների միջև ապրող Տաշ Սարգսյանը պատմում է իր Երևանի մասին՝ Բ կարգի Տոլստոյի դպրոցից մինչև կվն-յան հուշերով լի Համալիրն ու քաղաքի կենտրոնի դերը ստանձնող Պուշկինի փողոցը։

Տեքստը՝ Լենա Գևորգյանի

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

 

#ԻմԵրևան

Մամային ա պետք հարցնել, թե որ ծննդատանն եմ ծնվել։ Մենակ գիտեմ, որ 100 տոկոսով Մարգարյանում չեմ ծնվել։

 

Շատ երևանցիների նման մենք էլ բնակարան էինք ստացել. այն ժամանակ՝ Կվարտալում։ Մինչև 3-րդ դասարան հենց այնտեղ եմ ապրել, բայց ամբողջ ամառս Կոմիտաս 23-ում ա անցել՝ տատիկիս տանը, կամ Լալայանցում՝ տատիկիս մամայի մոտ։ Ինձ համար կինո «Պիոները», որն արդեն չկա, Կոմիտասի, Բրյուսովի տարածքներն ավելի հարազատ են, քան Չերյոմուշկան։

 

Ֆիզգոռոդոկի մանկապարտեզն եմ գնացել. ամենալավ մանկապարտեզն էր էդ ժամանակ: Տեղափոխվեցինք Մոնումենտ՝ դրա պատճառով բարդ ա ասել, թե Երևանի կոնկրետ որ շրջանում եմ մեծացել։ Սաղ Երևանով ֆռֆռում էի։

 

Սկսել եմ 109 դպրոցից, ավարտել՝ 128-ով։ Տոլստոյի անվան դպրոցը «Բ» կարգի դպրոց էր համարվում. դե տենց հասկացողություն կար։ Կային «Ա» դասի դպրոցներ՝ Պուշկինը, Չեխովը, Դերժինկան։ Չգիտեմ ինչի, որովհետև Տոլստոյը կարգին դպրոց էր։ Երևի իրանք էին տենց որոշել։ Իրականում՝ մեր ժամանակ բոլոր ռուսական դպրոցները, հիմնականում, նորմալ էին։ 

 

Համալսարանական տարիներիս սկսվեց անկախացման ընթացքն ու ռուսերենը սկսեցին ամեն տեղից հանել։ Քանի որ ռուսական կրթություն ունեմ, տանն էլ հիմնականում ռուսերեն էինք խոսում, ցանկացած համալսարան ընդունվելու շանսերս խիստ կրճատվեցին։ Մամայիս երազանքն էր, որ բժշկականն ավարտեի։ Բայց ես չսիրեցի, իմը չէր։ Ավարտեցի գյուղատնտեսական ինստիտուտի գինեգործության բաժինը: Էդ ժամանակ երկիրը նենց վիճակում էր, որ կրթության մասին շատ քիչ էին մտածում. շատ ուրիշ մտածելակերպ էր թելադրվում։

 

 

Համալիրում էինք սկսում ԿՎՆ-ը։ Գյուղինստիտուտի այգու դիմացի շենքը «Շարմի» առաջին օֆիսն էր, կարելի ա ասել հումորը սկսվեց և վերջացավ հենց այդտեղ։

 

Երևանը դինամիկ մեծացող ազատ երկրի մայրաքաղաք ա։ Երևանի հավես մասն էն ա, որ ինքը շատ օրգանիկ ա զարգանում՝ շերտերով։ Իմ կարծիքով դա շատ ավելի թանկ ա ու հետաքրքիր։ Քաղաքն իր սխալներն էլ ունի, օրինակ՝ Հյուսիսային պողոտան իր տգեղությամբ: 

 

Քաղաքը մարդկանցով ա հետաքրքիր. այդ շերտերը քաղաքին տարբեր ազգերի ներկայությունն ա ապահովում։ Դա չափազանց կարևոր դեր ա խաղում քաղաքի զարգացման հարցում։ Մարդիկ տարբեր էներգիա են փոխանցում քաղաքին։ Սիրիահայերը, որ իրենց շունչն են փոխանցել քաղաքին, հիմա՝ ռուսների ներկայությունը։ Առաջ մեզ մոտ այլազգիներին տարօրինակ էին նայում։

 

Չգիտեմ՝ հիշում եք, թե չէ՝ էն ժամանակ Սարյան փողոցում շատ վտանգավոր էր նույնիսկ կանգնել, որովհետև Կոնդից «օրկերը» իջնում, մարդկանց «տանում էին»։ «Ռոսիա» կինոթատրոնի տարածքն էն ժամանակ «Ազիա» էր, հիմա էլ, իհարկե, նենց չի շատ ա փոխվել։ «Ազիայի» սահմանն անցնում էր Չարենցով՝ Բժշկական համալսարանի մոտով, Պլանի Գլխից մինչև Պուշկին։ Իսկ Սարյանը վտանգավոր զոնա էր։ 

 

Հին Երևան ասելով ի՞նչ նկատի ունենք։ Մենք հին քաղաք չենք։ Քաղաք ենք, որը գտնվում ա շատ հին քաղաքի տարածքում։ Երևանը կառուցել ա Թամանյանն իր կոնստրուկտիվ մոդեռնիստական տեսակետով։ 

 

Երբ, օրինակ, ռուսներին հարցնում ես՝ ինչո՞վ ա լավ Երևանը, ասում են՝ «Երևանը գրկում է»։ 

 

Պուշկինի փողոցն իմ կարծիքով շուտով դառնալու է Երևանի նոր կենտրոնը։ Սարյանն արդեն ունի իր ուրույն տեղը. գինու փառատոնի շնորհիվ ձևավորեց իր ոճը։ Պուշկինը եվրոպայոտ ա, իսկ դեպի ներքև՝ Կողբացին, ավելի արևելյանոտ։

 

Կուզենայի, որ հետիոտնի հանդեպ հարգանք լիներ։ Մենք քայլող ազգ ենք։ Մեզ համար մայթերը շատ կարևոր դեր ունեն։ Լրիվ օք ենք սրճարանների միջով քայլել, ուտող մարդկանց էլ դա չի անհանգստացնում։ Սովոր ենք կոֆե խմել այնտեղ, ուր նստում ենք՝ մանավանդ, որ տարվա մեջ 8-9 ամիսը դուրսը նստելու հնարավորություն ունենք։ 

 

Պիտի սպասենք, որ Բուլվարի կաֆեներն իրանք իրանց վերանան։ Այդպես էլ լինելու է, որովհետև այնտեղ էլ ոչ ոք չի գնում։ Ժամանակը պիտի պարտադրի մարդկանց վերանայել սեփական տարածքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Նրանք պիտի հասկանան, որ մեքենայից շիշ շպրտելը նույն ա, ոնց քո տանը կեղտ թափելով քայլես։ Վաղ թե ուշ դա փոխվելու է. մարդիկ սկսելու են ավելի խնամքով վերաբերվել իրենց քաղաքին։

 

Այո՝ մեզ Առաջին ալիքով էին ցուցադրում, բայց փող չէինք աշխատում, աստղեր չէինք, մեր քաղաքի մի մասն էինք։ Ինձ թվում ա՝ «Նոր Հայերին» դրա համար էին անսահման սիրում՝ քաղաքից չէինք պոկվել։ Ռուսաստանում մեզ «Քոմեդի քլաբով» են հիշում, իսկ ստեղ մինչև հիմա մենք «Նոր Հայերի» տղաներն ենք մնացել։ Հիմա եմ հասկանում՝ տարիներ անց, թե ինչ կարևոր դեր ենք խաղացել էս քաղաքի համար այդ էմոցիոնալ ծանր ժամանակներում։

 

2000 թվականից ապրում եմ Մոսկվայում։ Երևան տարին մեկ էի գալիս։ Անկեղծ՝ երբեք նոստալգիկ զգացողություններ չեմ ունեցել։ Հիմա էլ նույնը՝ ինձ այստեղ հաճախ էմիգրանտ եմ զգում։ Քաղաքի հետ հատուկ կապ չունեմ։ Խնդիրը նրանում ա, որ մի մեծ մաս բաց եմ թողել։ Կարծես սերիալը կեսից եմ նայել։ Հարցեր են առաջանում՝ բա էն ու՞ր ա, էս ի՞նչ ա, էս ովքե՞ր են, ի՞նչ ա ես 20 տարում ստեղ կատարվել: 

 

Երևանը սթրեսային ա, ինձ համար շատ փոքր ա, կարծրատիպերով լի։ Ստեղ ամեն ինչ շատ ա բարդացվում, դիստանցիա չկա, միանգամից «ախպեր ջանով» են հետդ խոսում։ Շատ փափուկ ենք, փորձում ենք մինչև վերջ լուծում գտնել՝ առանց կոնֆլիկտի։ Մի կողմից վատ ա, որ գործնական և անձնականն այստեղ չեն տարանջատում, բայց մյուս կողմից էլ կարմիր գծեր կան, որոնք երբեք չեն անցնում։

 

Երևանցին էն մարդն ա, ով ապրում ա էս քաղաքում։ Ու կա ինչ-որ անբացատրելի խոսալու ձև, միմիկա, որ երևանցին երևանցուն կհասկանա առանց ավելորդ բացատրության։

 

Շատ շուտ եմ զարթնում ու հեծանիվ քշում՝ 7:30-ին Երևանը չկար։ Տենց շուտ մենակ երևի «Նաիրիտի» գործարանի աշխատողներն էին ավտոբուսով գործի գնում։ Հիմա էդ մշակույթը զարգացել ա նոր բացված սրճարանների շնորհիվ։ Ինձ համար առավոտյան Երևանը շատ թանկ ա։

 

Երևանը տարիքով մեծ ձյաձ ա` սենց ծանր, փնթփնթան, «բա մեր ժամանակները սե՞նց էր» ասող ու հին հիշողություններով ապրող։ Ձյաձը հումորով ա, ընդհանրապես հայերը հումորից լավ են. սենց լուրջ դեմքով, ծանր, բայց աչքերը բարի են։ Ինքը՝ Երևանը, երբեք ջեբդ բան չի քցի։

 

Տենց հասկացողություն կա՝ Magic India, որ հին տարածք ա, որտեղ շատ ուժեղ էներգիա կա, ու էնտեղ ինչ մտածում ես՝ կատարվում ա։ Հիմա մենք էլ ապրում ենք նենց տարածքում, որ շատ հին ա իր էներգիայով, շատ զգույշ ա պետք լինել, կախարդական բաներ կան այստեղ։ Ու երևի հենց դա էլ ստիպում ա, որ լիքը բանի մեջ խորանաս։ Մտածելու տեղ ա տալիս, փաթաթվում ա քեզ ու ցավազրկող ա սրսկում, ու չես հասկանում՝ կյանքդ ոնց ա անցնում։ Լավ իմաստով վտանգավոր էներգիայով քաղաք ա։

հավելյալ նյութեր