«Թատերական պաստառներ» 2026
Ցուցահանդես

«Թատերական պաստառներ» 2026

Մինչև սեպտեմբերի 30-ը Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կարելի է տեսնել, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրներում պատկերացնում թատրոնը՝ մեկ պաստառի սահմաններում։ Դրանք ցուցադրվում են «Թատերական պաստառներ» Հայաստանի միջազգային բիենալե 2026-ի շրջանակում։

Լուսանկարները՝ YANTS Images

#Արվեստ

Եթե բիենաելի առաջին թողարկմանը 2022-ին ներկայացվել էր 406 աշխատանք, ապա 2026-ին կազմակերպիչները ստացել են արդեն 1708 պաստառ՝ 844 դիզայներից և 75 երկրից։ Դրանցից ցուցադրության համար ընտրվել է 203 աշխատանք՝ 194 հեղինակներից, 49 երկրից։

 

 

 

Ըստ բիենալեի հիմնադիր ու տնօրեն դիզայներ Էդիկ Պողոսյանի, միջոցառման թեման միայն դրամատիկական թատրոնը չէ․ այստեղ ներկայացված են օպերայի, բալետի, պարի, երաժշտական ներկայացումների, փերֆորմանսների ու այլ բեմական իրադարձությունների համար ստեղծված պաստառներ։ Տարբեր երկրների հեղինակների աշխատանքներում նույն արվեստը ստանում է բոլորովին տարբեր տեսողական լեզու՝ մինիմալիստական լուծումներից մինչև տիպոգրաֆիկ և պատկերային համարձակ փորձարկումներ։

 

2026-ի Grand Prix-ին արժանացել է լեհ դիզայներ Լեխ Մայևսկին՝ Յոհան Շտրաուսի «Գիշեր Վենետիկում» օպերետի պաստառի համար։ Best Poster Award մրցանակները ստացել են պորտուգալացի Պաուլո Գրասան և Շվեյցարիան ներկայացնող Անաստասիա Տեմիրխանը։

 

 

 

Ցուցադրությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ թատերական պաստառը պարզապես ներկայացման մասին տեղեկացնող աֆիշ չէ։ Այն կարող է դառնալ ներկայացման առաջին մեկնաբանությունը՝ մեկ պատկերով փոխանցելով ստեղծագործության տրամադրությունը, կոնֆլիկտը կամ գաղափարը դեռ մինչև վարագույրի բացվելը։

հավելյալ նյութեր