ՏաԹևեր․ 10-ամյակ
Մենք մերոնցով

ՏաԹևեր․ 10-ամյակ

Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը՝ 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիր:

Այցելությունը Տաթև անմոռանալի ուղևորություն է յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար և այս տարի սպասվում է միլիոներորդ հյուրի այցելությունը ՏաԹևեր ճոպանուղի. ներկայացնում ենք վերջին տարիների խոշորագույն զբոսաշրջային նախագծի գլխավոր բաղադրիչները։

 

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանկարները՝ 
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» 
բարեգործական հիմնադրամ


ԵՐԵՎԱՆ #63 | 2020

 

«Տաթևի վերածնունդ» ծրագիրն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որը 2020 թվականի հուլիսից ստանձնել և իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը: Այս ծրագրերի փաթեթը ներառում է նաև Դիլիջանի, Գյումրիի, Արցախի և Երևանի զարգացման նախաձեռնությունները։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում է տարածքային կայուն զարգացմանն ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։

#ՆերքինՏուրիզմ

ԴՈՆՈՐՆԵՐ

«Տաթևի վերածնունդ» ծրագրի համահիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը: Տասը տարվա ընթացքում ծրագրին աջակցություն է ցուցաբերել շուրջ 160 դոնոր, որոնց թվում են Նուբար և Աննա Աֆեյանները, Դանիիլ Խաչատուրովը, Գոռ Նահապետյանը, Միխայիլ Կուսնիրովիչը և այլոք։ Ընդհանուր առմամբ՝ 10 տարվա ընթացքում «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում կատարվել է 37 միլիոն դոլարի ներդրում:

 

 

Հայաստանում շատ են գեղեցիկ վանքերը, բայց Տաթևի ընտրությունը պատահական չէ։ Նախկինում Սյունիքի մարզի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հատվածն ամենավատ վիճակում գտնվողներից էր՝ գործազրկության ամենամեծ ցուցանիշով և հաջողության հասնելու նվազագույն հնարավորությամբ։ Ինձ համար սա անձնական և ամբիցիոզ մարտահրավեր էր։ Հանկարծ ես հասկացա, որ եթե հաջողության հասնեմ այս տարածաշրջանում, ես կկարողանամ բազմապատկել այն այլուր։
Ռուբեն Վարդանյան
«Տաթևի վերածնունդ» ծրագրի համահիմնադիր

 

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

Հայաստանի ամենահայտնի և խորհրդավոր վանական համալիներից մեկը կառուցվել է 9-10-րդ դարերում, թեև համալիրի տարածքում դեռ 4-րդ դարից գործել է եկեղեցի։ Մինչև 19-րդ դարը վանքը հանդիսացել է խոշորագույն հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոն: 1722-30 թվականներին Տաթևը եղել է Սյունիքի ազատագրական պայքարի, իսկ 1919-21 թվականներին՝ Զանգեզուրի ինքնապաշտպանության կարևոր օջախներից մեկը (Տաթևի վանական համալիրից դուք կարող եք տեսնել այն տեղանքը, որտեղ Գարեգին Նժդեհը պարտության է մատնել բոլշևիկներին): 

 


1931 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով վանական համալիրի կառույցների զգալի մասը հիմնովին ավերվել է։ Մեզ այժմ հայտնի տեսքով Տաթևը վերականգվել է 1970-ականներին մեկնարկած վերականգման աշխատանքների շնորհիվ։ Վանական համալիրի վերջնական վերականգնումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի առանցքային կետերից մեկն է։


Ձիթհանը վանական համալիրի առաջին ճարտարապետական հուշարձաններից է, որը վերականգնվել է 2010 թ.-ին և մինչ օրս բաց է այցելուների համար։ Այնուհետև վերակագնվել են համալիրի հյուսիսային մուտքն ու աղբյուրը, իսկ 2018 թ.-ին տեղի է ունեցել վերականգնված Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբացումը (համալիրի եկեղեցիներից ամենափոքրը)։ Վերականգման հաջորդ փուլերում կընդգրկվեն համալիրի մյուս կառույցները։


Հոգևոր-մշակութային կյանքի վերածնունդը վանական համալիրում ևս մեկ կարևոր բաղադրիչ է։ Այս 10 տարվա ընթացքում Տաթևի վանական համալիրում կազմակերպվել են տարատեսակ համերգներ, կրթական և մշակութային միջոցառումներ, որոնց թվում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, «Հովեր» երգչախմբի, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի, Մարսելի Musicatreize անսամբլի և Ֆրանսիայի ռադիոյի (Radio France) համերգները և այլն։

 

ԹԱՆԳԱՐԱՆ

2019 թվականի հոկտեմբերին Տաթևի վանական համալիրում թանգարանի է վերածվել 3 սրահ: Թանգարանի մուտքի դիմաց 1304 թվականին վանքի հոգևոր առաջնորդ Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանին նվիրաբերած զանգն է: Սրահի ներսում ներկայացված են վանական համալիրի պատմական ցուցանմուշները, որոնց մի մասը հայտնաբերվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում կատարվող վերականգման աշխատանքների ընթացքում, իսկ մի մասը տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:


Դրանց թվում են մի շարք խաչքարեր, ափսեներ, մոմակալներ, ծիսական զարդեր, բուխարու մասեր, 18-րդ դարի պնակներ՝ վրան արձանագրություններով, վանքի դռան հին բանալին, 1087 թ.-ին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթի մետաղյա խաչը և Մատենադարանի 4 պատմական ձեռագրերի կրկնօրինակներ:

 

 

ՃՈՊԱՆՈՒՂԻՆ

«ՏաԹևեր» ճոպանուղին ոչ միայն աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է, այլև Հայաստանի այցեքարտերից մեկը: 2010 թվականից ի վեր գործող «ՏաԹևեր» ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղի, այլև որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս)  կառուցված ճոպանուղի: Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։ 
Ճոպանուղով կարելի է «Հալիձոր» կայանից 12 րոպեում հասնել Տաթևի վանական համալիրի տարածք, ինչը շատ ավելի արագ է, քան Որոտանի կիրճով անցնող ճանապարհը։
Ճախրելով կիրճի վրայով՝ օդախցիկը հասնում է իր առավելագույն բարձրությանը՝ 320 մետրի: Երբ առաջին օդախցիկը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան: Երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Ամեն օդախցիկում տեղավորվում է 30 ուղևոր և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է (թեպետ կորոնավիրուսային համաճարակի պատճառով այժմ մեկ օդախցիկից կարող է օգտվել միաժամանակ 10 ուղևոր)։

 


Արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղին խթանեց Հայաստանի և տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունը՝ հեշտացնելով այցելուների մուտքը դեպի պատմական վանք և ինքնին դառնալով զբոսաշրջային տեսարժան օբյեկտ։ Մյուս կողմից՝ այն խթանեց լոկալ աշխատատեղերի ստեղծումն ու դարձավ հարմարավետ, մատչելի տրանսպորտային միջոց նաև Տաթևի շրջակա համայնքների բնակիչների համար (մի քանի անգամ ավելի էժան՝ 500 դրամ, քան հյուրերի համար):

 

ՌԵՍՏՈՐԱՆ, ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ, ՏՈՒՐԵՐ

Ճոպանուղուց և վանական համալիրից ստացած անմոռանալի տպավորությունները թերի կլինեին, եթե տեղում չստեղծվեին հանգստի և ժամանցի գոտիներ։ Նույնիսկ մեկօրյա այցի ժամանակ ոչ մի զբոսաշրջիկի չէր խանգարի Տաթևի ավանդական խոհանոցը ներկայացնող ճաշն ու անուշաբույր սուրճը Տաթևի չքնաղ բնության, դեպի վանքը սավառնող ճոպանուղու և Որոտանի կիրճի համայնապատկերի մեջ։ 

 

 

«Տաթևատուն» ռեստորանը գտնվում է «Հալիձոր» կայանի հարևանությամբ, և այստեղից այցելուների առջև բացվում է Որոտանի կիրճի հրաշալի տեսարանը: Ռեստորանն առաջարկում է ինքնատիպ տեսականի և համառորեն պահպանում է հայկական խոհանոցի յուրօրինակ բաղադրատոմսերը: «ՏաԹևեր» առանձնատունը գտնվում է Որոտանի գեղատեսիլ կիրճի եզրին՝
Հալիձոր գյուղի սրտում, որտեղից 30 րոպե զբոսնելով կարելի է հասնել «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայան: Այս հարմարավետ առանձնատունը, որը նախկինում եղել է գյուղական բնակելի տուն, իր չորս սենյակներում՝ երկու մեկտեղանոց և երկու երկտեղանոց, կարող է ընդունել մինչև 6 հյուր: Առանձնատունն ունի բացօթյա հանգստի գոտի, լողավազան, խոհանոցային պարագաներ, հաղորդակցության միջոցներ և աննկարագրելի գեղեցիկ տեսարան: Ի լրումն՝ հնարավոր է կազմակերպել նախաճաշի առաքում «Տաթևատուն» ռեստորանից:


Չմոռանաք այցելել նաև կայանի կողքի հուշանվերների խանութը։ Այստեղ կարող եք ձեռք բերել «ՏաԹևերի» բրենդավորված և տարատեսակ ձեռագործ հուշանվերներ, որոնք դեռ երկար կհիշեցնեն «ՏաԹևեր» ճոպանուղու թռիչքի և միջնադարյան Տաթևի մասին: Տարածքում ձեզ նաև «Wheels of Tatev» Տաթևի ջիպ-տուրերն են սպասում։ Ցատկեք Տաթևի ջիպն ու միասին բացահայտենք Հին Հալիձոր, Հին Շինուհայր ու Հին Խոտ գյուղերը։ Անմոռանալի արկածները երաշխավորված են։ 

 

 

«Ժամանակին թվում էր, թե ճոպանուղու գաղափարը և այս գյուղերի զարգացման գաղափարը չափազանց հանդուգն են, բայց այսօր հենց այսպիսի նախագծեր են անհրաժեշտ Հայաստանին աշխարհում իսկապես մրցունակ լինելու համար։ Պետք է սկսել խոշոր մի նախաձեռնությունից իրական հաջողության հասնելու համար»։
Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՏաԹևերի» կարևորագույն նպատակներից մեկն էր նաև համայնքի ակտիվացումը։ Զբոսաշրջային հոսքը թույլ տվեց տեղացիներին մասնակցություն ունենալ գործընթացների մեջ։ Նախ, «Տաթևի Վերածնունդ» ծրագրի և պետական-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակում կառուցվեց Տաթև տանող ճանապարհը։ Այնուհետև աշխատանք տարվեց ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ Սվարանց գյուղում բարեկարգվեց 500 մետրից ավելի երկարությամբ վնասված խողովակաշարը և վերականգնվեց մշտական ջրամատակարարումը, Տաթև գյուղում տեղադրվեցին աղբամաններ, իսկ Տանձատափի փողոցներում՝ լուսադիոդային էներգախնայող լամպեր։


Ստեղծվեց Տաթևի մանկական երգչախումբը, որն ամեն տարի հանդես է գալիս համերգներով Տաթևում, Երևանում և այլ մարզերում: Նույնիսկ 2018-ին ունեցան համատեղ համերգ Ֆրանսիական Musicatreize և Ֆրանսիայի ռադիոյի պատանեկան երգչախմբերի հետ։ Զարկ տրվեց B&B տեսակի հյուրատների զարգացմանը. իրականացվեց հյուրատների սեփականատերերի վերապատրաստում՝ ցուցաբերելով նրանց համակողմանի աջակցություն։ Արդյունքում ստեղծվեց 20-ից ավելի հյուրատուն, որոնց մասին տեղեկությունները կարելի
է գտնել հատուկ մշակված tatevbnb.am կայքում։

 


Տեղացիներից շատերն էլ ներգրավվեցին դպրոց-արհեստանոցների նախագծում, որի շնորհիվ զբոսաշրջիկներն այժմ կարող են գնել հուշանվերներ տասնյակ վարպետներից։
Այս 10 տարվա ընթացքում, շնորհիվ զբոսաշրջային հոսքի ակտիվացման, Տաթևի շրջանում և Գորիսում բացվեցին 100-ից ավելի հյուրանոցներ և B&B տեսակի հյուրատներ։