Տաքսիստ Արուսը
Նառա Վարդանյանի պատմվածքը՝ կարծատիպերը կոտրող վարորդուհու մասին։
Տեքստը՝ Նառա Վարդանյանի
ԵՐԵՎԱՆ #59 | 2019
Մի իրիկուն Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» նայելուց հետո որոշեցի առավոտը` լույսը բացվի, նստեմ սև օպել աստրայիս ղեկին ու տաքսի քշեմ: Փորփրեցի ինտերնետը, Յանդեքսի պայմաններին ծանոթացա. ոչ մի պարտավորություն չունեի, պիտի լիցքավորեի հաշիվս, պիտի նկարեի ավտոս դեմից, հետևից, կողքից ու նստեմ ղեկին: Հեռախոսիս մեջ քաշեցի ծրագիրը: Քնեցի: Լույսը բացվեց, հայելու առաջ կախեցի արծաթից ականջօղերս, միջնամատիս դրեցի գալարված մողեսով արծաթե մատանին ու դուրս եկա: Մտա Դավթաշենի մոտակա գազալցակայանը: Առաջիններից էի, մի բիձուկ էր գազ լցնողը.
- Հազարի գազ լցրեք:
Սա մոտեցավ, ականջիս, համարյա շշուկով ասաց.
- էս դու հեր, ախպեր, մարդ չունե՞ս, որ դու ես էկել զապրավկա, ազիզ ջան:
Սկսվեեե՜ց: «Ազիզ ջանն» էլ լոզերը գնալու նման ասեց: Այ սեքսիստ բիձուկ, քեզ ի՞նչ, քեզանից հասնում ա գազը լցնել, լցրու էլի, մարդ ունեմ, հեր ունեմ… բա որ սա իմանա՝ հեսա գնալու եմ տաքսի քշեմ, ինֆարկտ կստանա:
- Իհարկե ունեմ, հարգելի (ուզում էի ասեմ քյաֆթառ) պապի ջան, բայց տանից փախել եմ, գողացել եմ ավտոն, չգիտեն, որ եկել եմ քաղաք:
- Բա որտեղի՞ց ես որ:
- Ֆանտանից:
- Ի՞նչ կա Երևան:
- Սիրած ունեմ, եկել եմ տեսնեմ, գնամ:
- Որտե՞ղ ա ապրում որ:
Հըըըմ, մտածի, մտածի Արուս, ասա Դավթաշեն, եսիմ, Կոմիտաս, Կոնդ:
- Կոնդում,- ասացի:
- Յա, էդ Կոնդում հլը ջահել տղա էլ կա՞:
- Կա, ես հանդիպել եմ:
- Բա ինչի՞ ես Դավթաշեն հասել:
Հոպ, բիձեն ուզում էր ինձ ստուգի:
- Դե, մտածեցի Հրազդանի ձորով դուրս գամ Պռոշյան, վարորդական վկայական չունեմ:
- Բայց լավ ստայանկա արեցիր:
- Դե քշել գիտեմ, կանգնացնել էլ ստացվում ա:
- Հը՞:
- Հա, գիտեմ վարել:
- Աղջիկ ջան, զգույշ կլինես, առանց վկայական քշում ես, կբռնեն, կտուգանեն, համ էլ Երևանում շատ են ֆռցնում, ընենց կխաբեն, խաբար չես ըլնի:
- Շատ լավ, ուշադիր կլինեմ, շնորհակալ եմ, որ զգուշացրեցիք:
Գլխիս որդերն իրար են գալիս, պետք էր պատժել բիձուկին: Հենց ավարտեց ու գազի փականը դրեց տեղը, անակնկալ թռա, պինդ փաթաթվեցի, ոսկորները թևերիս մեջ խշրտացին, թուշը պաչեցի, սա անակնկալի եկավ:
- Ի, էս ի՞նչ ես անում:
- Դուք կարծես հայրս լինեք, էնքան բարի եք, էնքան հոգատար, խորհուրդներ եք տալիս:
- Լավ, լավ, մի չափազանցրու, ուշադիր քշի գնա:
- Լավ օր ձեզ, կրկին շնորհակալ եմ:
Բիձուկս հետ քաշվեց, վախեցած խուսափեց անակնալ գրկախառնությունից: Նստելու ընթացքում զգում եմ ուշադիր զննում ա, շրջվեցի, աչքով արեցի:
Միացնում եմ ծրագիրը, միացնում եմ նավիգատորը, ու գնացի: Քշում եմ Հալաբյանով, չի ծլնգում, էս ո՞նց ա սրա պատվերը, չեմ հասկանում, ոչ մեկ չի ուզում տաքսի նստի, որի ղեկին կին է, այ քեզ բան: Ծլընգ, հոպ, եղավ, սպասի:
Նավիգատորը ցույց ա տալիս Հանրապետական հիվանդանոց: Հա, իհարկե, իմ կյանքի առաջին պատվերը հիվանդ պետք ա լինի, մտածում եմ ու էս մտքերով փորձում եմ մոտենալ նշած տեղը: Ի, հրաժարվեցին: Հա, լավ, երևի լավն էլ էս ա:
Ծլընգ…
Պատվեր երկու: Մոտենում եմ. կին, տղամարդ, երեխու հետ.
- Բարև ձեզ, վայ էս կի՞ն ա ղեկին:
Սկսվեեե՜ց:
- Այո, խոստանում եմ բարեհաջող տեղ հասցնել:
Տղամարդը նստում ա առջևը, կինն ու երեխան հետևում:
- Դե հիմա կանայք ավելի լավ են մեքենա վարում,- կինը փորձում ա լարված ամուսնուն թուլացնել:
- Հա, դուք հանգիստ եղեք, ես յոթ տարի է մեքենա եմ վարում:
- Շատ լավ է:
- Մենք հանգիստ ենք,- տղամարդն էր,- թող ուրիշ վարորդները մտածեն:
Պահ, սրա հումորը, ինքը: Լռեցինք բոլորս:
Իջնում եմ Սեբաստիայով, երևի երեխուն պոլիկլինիկա են տանում: Վերջնակետը նշել էին: Երեխեն հետևում անհանգիստ էր: Հիշեցի, որ մեքենայում պահած շոկոլադ ունեմ, հանեցի, փորձեցի փոխանցել փոքրիկին: Հայելու մեջ նայում եմ: Կլոր թուշիկներով, նարնջագույն մազերով տղա էր, ձգվեց դեպի ինձ, վերցրեց շոկոլադը ու թուղթը ճռճռացնելով բացեց: Մի թուշն ավելի ուռեց, շոկոլադն ամբողջ պարունակությամբ թուշի տակ էր տեղավորել ու հայելու միջից ինձ էր ժպտում:
Հասանք, սեղմեցի «ավարտ» կոճակին, ուղեվարձը կազմել էր վեց հարյուր դրամ: Հայրը գրպանում կոպեկներն էր շխկացնում, հաշվե՜ց, հաշվե՜ց, վեց հարյուր դրամ տվեց, շնորհակալություն, ցտեսություն, քցի՛բ:
Տաքսիստիս առաջին աշխատավարձը…
Ծըլընգ…
Այս անգամ ուղևորս միջին տարիքի գիրուկ տղամարդ է: Մի կաշեպատ նոթատետր թևի տակին, հազիվ տեղավորվում է նստարանին: Ճանապարհային քարտեզը նշել է ծրագրում, Կիևյան-Կենտրոն:
- Վայ, կներեք երևի սխալվել եմ:
- Ինչո՞ւ:
- Ես տաքսի էի պատվիրել:
- Չեք սխալվել, մի իջեք:
- Ինչ լավ անակնկալ էր, կին է վարորդը, ինձ էլ թվաց սխալ եմ նստել:
- Չէ:
Տղամարդուց բուրում էր սպիրտի հոտը:
- Կներեք, կարո՞ղ ա ծամոն ունենաք:
- Այո, խնդրեմ, վերցրեք:
- Երեկ շատ եմ խմել, կներեք վիճակիս համար:
- Հանգիստ եղեք, նորմալ է:
- Մեր ճանապարհը մի քիչ երկար է լինելու: Հիմա գնում ենք Կիևյան, դեղատուն պետք ա մտնենք, հետո իջնենք Կենտրոն:
- Ինչպես կասեք, դուք եք ուղևորը:
- Հա, կինս հիվանդ ա, քաղցկեղ ունի, դեղերը պատվիրել եմ, բերել են, մորֆի ա, վերցնենք, հետո շարունակենք:
Կողքից նայում եմ դեմքին, հեռախոսով կնոջ հետ է խոսում: Պարզվում է՝ տանը չի գիշերել:
- Հա դե Հակոբենց տանն էինք Նանար ջան…,- հետո Նանարն ինչ-որ բան է ասում,- չէ, լավ եմ… հա… շատ էինք խմել… չէ… հա… գնամ վերցնեմ, զանգեմ… իջնելու եմ Էրոյից փող վերցնեմ… հա, կունենա… հա խոսացել եմ… դե չէ, երեկ… լավ, կապի մեջ:
Հեռախոսն անջատեց ու բխկաց: Զգուշորեն պատուհանս իջեցնում եմ: Այ քեզ փորձանք: Բայց դե Արուս ջան, դու ուզում էիր չէ՞ մարդկանց հետ շփվել, դու ուզում էիր չէ՞, տեսնել, ինչպես են ապրում քաղաքիդ մարդիկ, բա Արուս ջան, հո հեշտ չէ՞ր լինելու: Արուս ջան, դիմանալու ես, հոտին էլ, մունաթին էլ, բա դու դուրս ես եկել կարծարտիպեր կոտրելու, չէ՞ Արուս ջան, մի բխկոցի ու հազար շիշ խմածի հոտն ինչ ա որ չդիմանաս, դիմացի, դիմացի Արուս ջան, դեմդ նայի, զգույշ քշի:
- Հասանք, էստեղ մի րոպե պահեք, հիմա կգամ:
Տղամարդն իջավ Կիևյանի վրայի երկար լիմուզիների կողքին, մտավ մի ոչ այնքան էլ դեղատուն հիշեցնող դռնով, հետո դուրս եկավ, ձեռքին երևի դեղերի կապոցն էր: Հետևից երկու խոշորամարմին սափրած գլխով տղամարդիկ դուրս եկան: Սկսեցին զրուցել, սկսեցին բարձր զրուցել, հետո տեսնում եմ, որ գոռգոռում են ու էն մեկն ուղիղ ուղևորիս աչքին մի հատ հասցրեց: Բա, Արուս ջան, բա, տաքսիստ ջան, հիմա ի՞նչ ես անելու, գնա՞ս, թե՞ մնաս, սպասի տեսնենք՝ վերջն ինչ ա լինում, կորոշենք: Էն մյուսն էլ ուսից բռնեց, քաշքշում են ուղևորիս, սա հազիվ գլուխն ազատեց ու վազում ա դեպի մեքենաս, ես արագ կողմորոշվում եմ, միացնում եմ շարժիչը, ուղևորս հևալով պինդ սեղմած ձեռքի կապոցը, հազիվ իրեն գցում ա նստարանին ու գոռում՝ քշի՜, քշի՜: Բայց էդ վազելու ընթացքը շատ խնդալու էր: Լավ, ինչևէ, չշեղվենք:
Ես քշում եմ, սա նրանց հայհոյում ա: Պոկվելուց առաջ նկատեցի, որ էն սափրած գլխովները վազեցին դեպի իրենց մեքենան: Հետապնդելու են մեզ: Վա՜խ, Արուս ջան, հիշի էն Փարիզի, Մարսելի տաքսիստին, հիշի, ոնց էր գոնկեք անում քաղաքում: Փրկի՛ր քո հաստլիկ ալկաշ ուղևորի կյանքը, ինչո՞ւ չէ, նաև քո:
- Անձեռոցիկ ունե՞ք,- ուղևորիս աչքի տակը բացել էին, արյունը չռռում էր:
Ես, դե ինչ խոսք, մի քիչ շփոթված էի, ասեցի չէ, բայց էդտեղ դռան վրա կտոր կա, վերցրեք: Վերցրեց, արյունը մաքրեց, հետո հիշեցի, որ դրանով շարժիչի յուղն եմ ստուգել, ձողի ծայրի յուղը մաքրել էի ու մի քանի անգամ: Մի խոսքով յուղաարնախառն դեմքով կողքիս հևում էր ուղևորս: Դեմքը շատ խնդալու էր, բայց դե դրա ժամանակը չի: Ես սլանում եմ՝ Օրբելի, Բաղրամյան, Պռոշյան, կարմիր-կանաչ չեմ նայում, նկատում եմ, սև մերսեդեսով մեզ հետևում են: Պարոնյանով, հետո՞, Արուս: Դե քշի էլի, ի՞նչ իմանամ: Սուրբ Սարգսի կողքով դուրս եմ գալիս, աջը կանաչ ա, մեքենաները քիչ, ուղևորս ցավից հայհոյում ա: Ես լավ չեմ հասկանում՝ ինչ էր կատարվել, էդ ի՞նչ մորֆի էր, էդ ի՞նչ Նանար էր, էդ ի՞նչ սափրագլուխներ էին, քշում եմ ինքնամոռաց: Կանաչ լուսացույցի տակով դուրս եկա Ծովակալ Իսակով, նրանք մնացին մեքենաների մեջ: Նավիգատորը ճղճղում ա՝ դուք շեղվել եք ճանապարհից, դուք շեղվել եք ճանապարհից: Ուզում եմ հասկանամ՝ էս նավիգատորն ինչ ակնարկներ ա անում: Անջատեցի, լռի՛ր, հիմար սարք, բա Արուսը ճանապարհից շեղվո՞ղ աղջիկ ա:
- Քուրս, ներող կլնես, քեզ անհարմար վիճակի մեջ դրեցի:
- Դե, ոչինչ, սաղիս հետ էլ պատահում ա:
Այ Արուս, քեզ հետ ե՞րբ ա պատահել, որ սափրած գլխով տղամարդիկ ուզենան ծեծեն, որ սաղիդ հետ էլ պատահում ա: Դե լավ խոսք էր, ասեցի էլի:
- Բայց լավ ես քշում, ի՜նչ խոսք:
- Հա՞, մերսի:
Չէ, Արո՛ւս, լավ կլինի ասես մեղղղսի, չէ՞ որ դու էն ֆրանսիացի տաքսիստն ես, ի՜նչ Սկորսեզե, ի՜նչ Ռոբերտ Դե Նիրո:
Կիլիկիա ավտոկայանի մոտ ուղևորս խնդրեց կանգնեմ:
- Ես էստեղ իջնեմ, հա՞, քուրս, դու գնա, հետևիցդ չգան, ներող կլնես, փողերս վերցրին ձեռիցս, կոպեկ չունեմ մոտս, համարդ տուր, զանգեմ, վաղը հանդիպենք, կբերեմ:
Իա՜, Արուսը գժվե՞լ ա՝ քեզ համար տա, ա՛յ ախմախ հաստլիկ:
- Լավ, կարիք չկա, ոչինչ, մի ուրիշ անգամ, եթե բախտի բերմամբ հանդիպենք, կտաք, խնդիր չի:
- Ապրես քուրս, կյանքս փրկեցիր, շնորհակալ եմ շատ:
- Խնդրեմ, խնդրեմ: Շնորհակալություն, ցտեսություն:
Ուղևորս իջավ, անմիջապես վերցրի հեռախոսս, տաքսու ծրագիր, նավիգատոր ջնջեցի, քարտս հանեցի, շպրտեցի ու ուղիղ տուն: Հոգնած էի: Հասա մուտքի մոտ, իջնելիս մեքենայի ներսը զննեցի, շեկլիկ երեխան շոկոլադի թուղթը գետնին էր գցել, հետո էլ տեսա, որ հաստլիկ ուղևորս ձեռքի կապոցը թողել էր մեքենայում, դիմապակու մոտ դրած, չի նկատել, մոռացավ: Վերցրեցի, բացեցի, դեղեր էին՝ մորֆի, օմնոպոն, պրոմեդոլ: Գրկեցի դեղերն ու տուն բարձրացա: Վաղը կմտածեմ: