Team-ն այս շաբաթ ամենուր է․ Գիտության շաբաթ, DigiTec Expo ու WCIT2024
2024-ի հոկտեմբերի առաջին շաբաթը Հայաստանում գիտաշատ է լինելու։ Մի կողմից նորից վերադառնում են DigiTec-ն ու WCIT-ը, իսկ դրանց զուգահեռ Երևանում և բոլոր մարզերում այս տարի առաջին անգամ անցկացվելու է Համազգային գիտության շաբաթը։ Պատմում ենք, թե ինչով են կարևոր ու հետաքրքիր այս երեք միջոցառումները, որոնց բոլորի իրականացմանն աջակցում է Team Telecom Armenia-ն՝ երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու և հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը նպաստելու համար։
01.10.2024
Համազգային գիտության շաբաթ 2024․ Մոտեցնելով գիտությունը հասարակությանը
Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Համազգային գիտության շաբաթը: Սա «Գիտուժի» նոր և կենսական կարևոր նախաձեռնությունն է, որը նպատակ ունի առաջին հերթին հասնել հասարակության բոլոր շերտերին և ցույց տալ, որ գիտությունն ամենուրեք է: Հենց այս պատճառով էլ Գիտության շաբաթը ապակենտրոն է: Դա նշանակում է, որ 6 օր շարունակ Ազատության հրապարակում անցկացվելու է Գիտության փառատոն (դրան մասնակցելու են գիտական ինստիտուտներ, համալսարաններ, ինչպես նաև կրթական և տեխնոլոգիական համայնքի կարկառուն կազմակերպություններ ու ընկերություններ), որին զուգահեռ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում կազմակերպվելու են ապակենտրոնացված միջոցառումներ: Գիտության շաբաթվա միջոցառումների ծրագրերը քայլ առ քայլ մշակել և ուղարկվել են են ավելի քան 1500 դպրոցների և մանկապարտեզների։
Ինչպես իրենք են ասում՝ «Երևանից մինչև ամենափոքր գյուղ՝ Հայաստանում մեկ շաբաթ շարունակ գիտության և տեխնոլոգիաների տոն է լինելու»: Այնպես որ, երբ ասում ենք, որ սա գիտության համազգային շաբաթ է, ամենևին չենք չափազանցնում: Գիտութան շաբաթվա թիմն աշխատել է հարուստ և բազմազան բովանդակություն ստանալու ուղղությամբ՝ նպատակ ունենալով Գիտության շաբաթը դարձնել բովանդակություն ստեղծող և տարածող, համայնքներ և դիսկուրսներ զարգացնող հարթակ, գիտաֆանտաստիկայից մինչև արվեստ կապելով գիտությանը։ Եվ սա դեռ առաջին տարին է։ Նպատակ կա Գիտության շաբաթը դարձնել գիտությունը և տեխնոլոգիաները տոնելու ինստիտուցիոնալ հարթակ։
Եթե հոկտեմբերի 1-6-ը գաք Ազատության հրապարակ, անպայման ներկա կգտնվեք գիտափորձերի, գիտնականների հետ շփումների, ցուցադրությունների, ելույթների, վարպետաց դասերի… մի ցանկ, որ կարելի է անվերջ թվել: Եվ սա դեռ բավական չէ, Գիտության շաբաթը Team Telecom Armenia-ի հետ մեկը մյուսից «գիտատեխնոլոգիական և գիտաֆանտաստիկ» մրցույթներ է կազմակերպել․ «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին Team-ը պարգևատրելու է հատուկ մրցանակներով: Նախատեսվում է մրցույթ կազմակերպել նաև Գիտության շաբաթվան միացած ու ակտիվ մասնակցած դպրոցների միջև։
DigiTec24 Expo․ տեխնոհամայնքի ամենասպասված միջոցառումը
Հայաստանում գիտատեխնոլոգիական համայնքի կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց ամենամյա DigiTec Expo-ի։ 19 տարի շարունակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կազմակերպում է այս ցուցահանդեսը՝ հնարավորություն տալով տեխնոլոգիական էնտուզիաստներին և ոլորտի մասնագետներին ներկայացնել իրենց նորարարություններն ու փորձով փոխանակվել։ Գիտատեխնոլոգիական համայնքի ներսում կատակում են՝ «DigiTec-ը քննության պես մի բան է. ամբողջ տարին աշխատում ենք, հետո գալիս ներկայացնում, թե ինչ առաջընթացներ ենք գրանցել»։
Իր ճանապարհը սկսելով հեռավոր 2005-ին Ալեք Մանուկյան փողոցի փոքրիկ դահլիճներից մեկում՝ DigiTec-ը մեծացավ մեր աչքերի առաջ` Մերգելյան ինստիտուստ, Համալիր և արդեն երկու տարի շարունակ՝ Մերիդիան էքսպո կենտրոն։
Այս տարի DigiTec-ը հյուրընկալելու է ավելի քան 200 մասնակցի, այդ թվում` 84 ստարտափի: Էպիկենտրոնում Startup Alley-ն է, նույն ինքը` Ստարտափների արահետը` բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Չէ՞ որ DigiTec-ի նպատակը առաջին հերթին հասարակության մեջ հետաքրքրություն ու սեր արթնացնելն է դեպի տեխնոլոգիաները: Այդ պատճառով էլ պատահական չէ, որ Team Telecom Armenia-ն նորից դարձել է DigiTec24-ին տեխնոլոգիական գործընկերը՝ սոցիալական պատասխանատվության իր ծրագրի շրջանակում շարունակելով աջակցել կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը:
Այս համագործակցությունը միանգամայն բնական է, եթե հաշվի առնենք, որ Team ընկերությունների խումբը, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը: Ընկերությունների խմբի տաղավարում ներկայացված կլինեն Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները, ինչպես նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման Team Energy նախագիծը։
WCIT2024 / DigiTec․ Հայաստանը՝ տեխնոլոգիական մտքի կենտրոն
Եթե DigiTec-ը ներկայացնում է մեր երկիրը տեխնոլոգիական աշխարհում, ապա WCIT-ն համաշխարհային փորձն է բերում Հայաստան։
WCIT2024-ը՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, այն եզակի միջոցառումներից է, որն իր շուրջն է համախմբում ՏՀՏ և բիզնես համայնքն ամբողջ աշխարհից՝ Երևան հրավիրելով ոլորտի առաջատար մասնագետներին։
WCIT-ը կազմակերպվում է դեռևս 1978-ից՝ Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: Մասշտաբները պատկերացնելու համար միայն նշենք, որ տարբեր տարիներին կոնգրեսում բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Միխայիլ Գորբաչովը, Մարգարետ Թետչերը, Բիլ Գեյթսը և շատ ուրիշներ: Եվ այո, հենց այս նույն միջոցառումն է, որ արդեն 2-րդ անգամ անցկացվելու է Հայաստանում (առաջինը՝ 2019-ին էր):
Այս տարվա թեման է «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում»։ Մեզ սպասվում են առաջատար համաշխարհային խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ և շատ ավելին: WCIT-ի ընթացքում տեղի կունենա նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը՝ շուրջ 20 երկրներից ընտրված 9 ստարտափների համար, որոնցից երկուսը՝ Text'nPayMe և AllClean, հայկական են:
Հաա՜, չմոռանանք ասել՝ ուշադրություն դարձրեք նաև WCIT-ի լոգոյին. այն Խորհրդային Միության «Գիտություն և տեխնիկա» հանդեսի շապիկներից մեկի իլյուստրացիայի հիման վրա է արվել՝ մշակվելով AI-գործիքներով:
Ի դեպ, ոչ մի ելույթ կամ քննարկում բաց չթողնելու համար Team Telecom Armenia-ն, որը նաև WCIT-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերն է, այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլև տրանսպորտային կապով Հանրապետության հրապարակից դեպի DigiTec և WCIT։