«Թէատրոն» 2026․ ուղեցույց
Սեպտեմբերի 14–28-ը Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում անցկացվում է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը միավորում է թատրոնը, ժամանակակից պարը, դրամատուրգիան, երաժշտությունը, կրթական և սոցիալական նախաձեռնությունները։ Պատմում ենք, թե հատկապես ինչին արժե ուշադրություն դարձնել։
16.09.2026Հիփ-հոփն ու բարոկկոն՝ մեկ բեմում․ Մուրադ Մերզուկիի «Ֆոլիան»
Փառատոնի պաշտոնական բացումը սեպտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կլինի ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի և «Կաֆիգ» պարախմբի «Ֆոլիա» ներկայացմամբ։ Նույն ներկայացումը կկրկնվի նաև սեպտեմբերի 23-ին։
Մերզուկին ժամանակակից պարի այն հեղինակներից է, որոնք դեռ 1990-ականներից հիփ-հոփը տեղափոխեցին մեծ բեմեր՝ այն միացնելով այլ պարային ու բեմական լեզուների։ Նրա ղեկավարած «Կաֆիգ» պարախումբն այս տարի նշում է գործունեության 30-ամյակը։
«Ֆոլիան» ստեղծվել է 2018 թվականին՝ Լիոնի Les Nuits de Fourvière փառատոնի համար։ Այստեղ հիփ-հոփը հանդիպում է բարոկկո երաժշտությանը, իտալական տարանտելաների ռիթմերին, ժամանակակից պարին ու բալետին։ Բեմում պարողների հետ կենդանի նվագում է Le Concert de l’Hostel Dieu համույթը։
Երբ՝ սեպտեմբերի 22 և 23, 19:30
Որտեղ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գոգոլը՝ տիկնիկային թատրոնի լեզվով․ «Լոկո»
Սեպտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բելգիական «Չայկա» թատերախումբը կներկայացնի Նատաշա Բելովայի և Տիտա Յակոբելիի «Լոկո» ներկայացումը։ Նույն օրը նախատեսված է երկու ցուցադրություն, որոնցից առաջինը հատուկ ներառական ներկայացում է։
«Լոկոյի» հիմքում Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» պատմվածքն է։ Պոպրիշչինի իրականությունն աստիճանաբար խառնվում է երևակայությանը, իսկ նրա ինքնության ճգնաժամը բեմում մարմնավորվում է դերասանների և տիկնիկների միջոցով։ Ներկայացումը ստեղծվել է 2021-ին, իսկ 2022-ին ընդգրկվել է Վենետիկի միջազգային թատերական բիենալեի ծրագրում։ Այն նախատեսված է 12 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Երբ՝ սեպտեմբերի 24, 15:00 և 19:30
Որտեղ՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
Պար՝ հիշողության և մոռացության մասին
Թէատրոնի ծրագրում առանձին տեղ ունի արվեստի և սոցիալական թեմաների հատումը։ Ֆրանսիացի պարուսույց Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» ներկայացումը նվիրված է Ալցհայմերի հիվանդությանը, հիշողությանը և միջսերնդային կապերին։ Այն նախ ցուցադրվում է Գավառում, ապա՝ Երևանում։
Սակայն ծրագիրը միայն ներկայացումով չի սահմանափակվում։ Դրան զուգահեռ անցկացվում են Ալցհայմերի թեմայով աշխատարան և գիտաժողով՝ առողջապահական և մասնագիտական կառույցների մասնակցությամբ։ Այսպիսով, պարը դառնում է ոչ միայն բեմական պատմության, այլև հանրային խոսակցության մեկնարկային կետ։
Երբ՝
սեպտեմբերի 15, 18:00 — Գավառ / Գավառի մշակույթի կենտրոն
սեպտեմբերի 17, 19:30 — Երևան / Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգիան՝ հայերեն
Թէատրոնի կարևոր ուղղություններից մեկն այս տարի ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգիայի թարգմանությունն ու տարածումն է Հայաստանում։
Սեպտեմբերի 21-ին «Զանգակ» գրատանը կներկայացվեն Ժան-Ֆրանսուա Սիվադիեի «Ընտանեկան դիմանկար․ Ատրիդների պատմությունը», Թամարա Ալ Սաադիի «Լռել․ Իմ Անտիգոնե» և Օլիվիե Քեմեդի «Էդիպ» պիեսների հայերեն հրատարակությունները։ Շնորհանդեսը կուղեկցվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների մասնակցությամբ թատերական ընթերցմամբ։
Դրամատուրգիական ծրագրի մյուս կարևոր հատվածը Արտաշատում անցկացվող «Էկուբե» ռեզիդենցիան է՝ Օլիվիե Քեմեդի ղեկավարությամբ։ Երկշաբաթյա աշխատանքը կեզրափակվի սեպտեմբերի 27-ին ստեղծված տեքստերի թատերական ընթերցմամբ։
Երբ՝ սեպտեմբերի 21 և 27
Որտեղ՝ «Զանգակ» գրատուն, Երևան / Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Արտաշատ
«Բարբարոս գիշերներ»՝ Կասկադում
Փառատոնի փակումը սեպտեմբերի 28-ին կանցկացվի Կասկադում։ Ֆրանսիացի պարուսույց Էրվե Կուբիի պարախումբը «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կներկայացնի «Բարբարոս գիշերներ կամ մարդկության առաջին լուսաբացները» ներկայացումը։
Կուբիի ստեղծագործություններում ժամանակակից պարը հաճախ միանում է հիփ-հոփին, ակրոբատիկային և միջերկրածովյան մշակութային ժառանգությանը։ Նրա պաշտոնական կայքում «Les Nuits Barbares»-ը շարունակում է մնալ պարախմբի հիմնական խաղացանկի ստեղծագործություններից մեկը։
«Բարբարոս գիշերների» կենտրոնում Միջերկրականի պատմությունն է և այն ժողովուրդները, որոնց տարբեր ժամանակներում օտար կամ «բարբարոս» են կոչել։ Երևանում այն կցուցադրվի բացօթյա՝ Կասկադի ստորին հատվածում, և հենց այս ներկայացմամբ էլ կփակվի Թէատրոնը։
Նույն օրը կեսօրին Երևանի պարարվեստի պետական քոլեջում տեղի կունենա նաև Էրվե Կուբիի պարախմբի աշխատարանը։
Երբ՝ սեպտեմբերի 28, 20:00
Որտեղ՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզ, Կասկադ
Ծրագրում կան նաև աշխատարաններ, հանդիպումներ արվեստագետների հետ, գրքերի շնորհանդեսներ և միջոցառումներ Մեղրիում, Գավառում ու Արտաշատում։ Ամբողջական ծրագիրը՝ այստեղ։