Teen Art Awards. հայտ ներկայացնելու ժամանակն է
Արվեստ

Teen Art Awards. հայտ ներկայացնելու ժամանակն է

Օգոստոսի 1-ին մեկնարկեց Teen Art Awards-ի հայտերի ընդունման գործընթացը։ Մինչև դեկտեմբերի 1-ը հնարավոր է դիմել ու մասնակցել սանկտպետերբուրգյան ամենահայտնի պատանեկան մրցույթին՝ ժամանակակից արվեստի ոլորտում։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

ԵՐԵՎԱՆը զրուցել է մրցույթի ժյուրիի՝ Հայաստանը ներկայացնող անդամ Էլիզաբեթ Շիրինյանի հետ ու պարզել բոլոր մանրամասները։  

 

Art.Coordinate հիմնադրամի կողմից անցկացվող այս մրցույթը եզակի հնարավորություն է ժամանակակից արվեստով զբաղվող պատանիների, այժմ նաև հայ պատանիների համար։ «Նոր կյանքը անմահի համար. դասական արվեստը ժամանակակից աշխարհում» («Новая жизнь для безсмертного: классическое искусство в современном мире») խորագրի ներքո անցկացվող մրցույթի անվանակարգերը բազմազան են․ գեղանկար, գրաֆիկա, ծավալային արվեստ, թվային արվեստ, լուսանկարչություն, վիդեո արտ, պերֆորմանս։ Մրցույթը բացառիկ է ոչ միայն նրանով, որ անց է կացվում 14-17 տարեկան պատանիների համար, այլև նրանով, որ մասնակիցները հնարավորություն են ստանում արտահայտելու իրենց կարծիքը ժամանակաիից արվեստի լեզվով, ինչպես նաև շահելու արժեքավոր մրցանակներ․ դրամաշնորհ՝ ժամանակակից արվեստի կրթական ծրագրերի մասնակցելու համար, մրցանակներ մրցույթի գործընկեր LG միջազգային կազմակերպության կողմից, արվեստի մասին գրքեր, պրոֆեսիոնալ նկարչական պարագաներ։ 

 


Գլխավոր մրցանակակիրները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք խմբային ցուցահանդեսի, որի շրջանակում կտարվի աշխատանք համադրողի հետ, ցուցահանդեսը կլուսաբանվի հեռուստատեսությամբ և մամուլում, ինչպես նաև կհրատարակվի կատալոգ, որտեղ մրցանակակիրների աշխատանքները կուղեկցվեն արվեստաբանի մասնագիտական տեքստով։ Այս ամենից զատ պատանիները ձեռք կբերեն մենթորների հետ աշխատանքի անգնահատելի փորձ, որոնց դերում հանդես կգան Ռուսաստանի և հարևան երկրների առաջատար արվեստագետները։ Այսպիսով՝ մրցույթը փնտրում է վառ, ամբիցիոզ ու ստեղծագործ պատանիների և նպատակ ունի նպաստել նրանց պրոֆեսիոնալ աճին։


Մասնակցության համար անհրաժեշտ է ընտրել նոմինացիաներից մեկը, կատարել աշխատանք ընտրված թեմայով, լրացնել հայտը teenartawards.com կայքում և ներկայացնել աշխատանքի լուսանկար, տեսագրություն և նկարագրություն։ Մասնակցությունն անվճար է, մասնակցության դեպքում անվճար է նաև աշխատանքի տեղափոխումը։
 

Նորություններին հնարավոր է հետևել @teenartawards ինստագրամյան էջում։