«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրություն
Ցուցահանդես

«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրություն

Վերջին հնարավորությունը տեսնելու Թերեզա Միրզոյանի աշխատանքները Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ ԵՐԵՎԱՆն այցելել է ԳԱԿ ու պարզել, թե ինչով է ցուցադրությունը կարևոր։

Աղբյուր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն

#Արվեստ

Կին արվեստագետների ներդրումը հայ արվեստում անգնահատելի է, բայց և հաճախ աննկատ կամ պակաս հայտնի։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ապրիլի 21-ին բացված «Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությունը առաջինն է Կենտոնի գործունեության մեջ, որ անդրադառնում է կին արվեստագետի ժառանգությանը։ 

 

 

 

Թերեզա Միրզոյանը (1922-2016) 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ կարևոր ավանդ ունեցած ականավոր արվեստագետներից է, ում անունը, ցավոք, հանրային լայն շրջանակներին հայտնի չէ։ Այդուհանդերձ, նա ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև անգնահատելի ազդեցություն է ունեցել հայկական քանդակագործության զարգացման վրա՝ լինելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին դասախոսներից մեկը և աշխատելով հայկական արվեստային գլխավոր կրթական հաստատությունում շուրջ վաթսուն տարի։ Ամփոփելով Թերեզա Միրզոյանի ուղին՝ այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու քանդակագործի թե՛ գեղագիտական մոտեցման, թե՛ պլաստիկական լեզվի, թե՛ տարբեր տեխնիկաների ու նյութերի կիրառման, և  թե՛ թեմատիկ դիապազոնի բազմաթիվ շերտեր։ 

 

Թերեզա Միրզոյանը եղել է 20-րդ դարի եզակի կին քանդակագործներից մեկը Հայաստանում, և այդ տեսանկյունից նրա ստեղծագործության ներկայացնումն ու բացահայտումն առավել արդիական է այսօր։ Նա այն քիչ կին արվեստագետներից էր Խորհրդային Միությունում, որ աշխատել է մոնումենտալ քանդակագործության բնագավառում ևս։ Հատկապես քանդակագործության ասպարեզում տղամարդ արվեստագետները մշտապես գերակայել են։ Այս տեսանկյունից կին քանդակագործի ներկայացնումն էլ ավելի է կարևորվում։

 

 

 

 

Ցուցադրությանը ներկայացված ստեղծագործությունների ճնշող մեծամասնությունը պահպանվել է Թերեզա Միրզոյանի ժառանգների կողմից։ 1950-ականներից 2000-ականներով թվագրվող քանդակներում կարելի է նկատել արվեստագետի սերը ինչպես անտիկ արվեստի, այնպես էլ պատկերագրական կայացած թեմաների և անգամ մոդեռնիստական միտումների նկատմամբ։ Ցավոք, Թերեզա Միրզոյանի հատկապես վաղ ստեղծագործական շրջանից քիչ նմուշներ են պահպանվել։ Արդեն հասուն շրջանի նրա քանդակներում ակնհայտ է որոշակի դասական թեմաների սեփական յուրահատուկ մեկնաբանությունը կամ նոր լեզվամտածողության ներմուծումը հայ կերպարվեստ՝ ազգային մոդեռնիզմի ծաղկման շրջանում։ 

 

Այս ամենով հանդերձ, Թերեզա Միրզոյանի հետահայաց ցուցադրության շրջանակում հատկապես ուշագրավ է հետևել՝ ինչպես է կին արվեստագետը վերաիմաստավորում կնոջ կերպարը վիզուալ արվեստում։ 

 

Անշուշտ, այսքանով չի սահմանափակվում արվեստագետի գեղարվեստական հետաքրքրությունների շրջանակը, որը նա ընդարձակել է ողջ կյանքի ընթացքում՝ հարստացնելով մայրության, սիրո, ընտանիքի, տխրության, թախիծի, սպասումների ու մտորումների, ինչպես նաև հոգևորի մոտիվներով։

 

Թերեզա Միրզոյանի դիմանկարները՝ տարբեր նկարիչների կատարմամբ

 


 

«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությունը գործելու է մինչև հունիսի 19-ը: Մուտքն ազատ է:

 

հավելյալ նյութեր