The Main Design Store
Խանութ

The Main Design Store

Կարևորագույն դիզայներների ու ստուդիաների աշխատանքները՝ մի վայրում։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ The Main Design Store

 

@TheMainDesignStore
Մհեր Մկրտչյան 10

 

#Դիզայն #Արվեստ

 

 

Դեռ մեկուսացման օրերից The Main Design Store-ը նաև իրականացնում է առաքում։ Կարող եք մտնել նրանց ինստագրամյան էջը, ընտրել ձեր սրտին կպած զարդը, պաստառը, կամ ցանկացած այլ գործ և շատ կարճ ժամանակում այն ձեր մոտ կլինի։

Հայաստանում տաղանդավոր արտիստները շատ են, կոնցեպտուալ դիզայնն էլ արդեն այդքան անծանոթ երևույթ չէ, բայց մինչ վերջերս չկար միասնական մի հարթակ, որը գլուխ գլխի կհավաքեր բոլորին, կզբաղվեր նրանց առաջխաղացմամբ, թույլ կտար ազատ ստեղծագործել և, ինչը պակաս կարևոր չէ, կապահովեր վաճառքի հավասար պայմաններ։ Վերջերս Երևանում բացվել է Main Design Store-ը, որը լուծում կտա այդ բոլոր հարցերին։

 

 

 

Հիմնադիրներ Նոնա Իսաջանյանն ու Առնոս Մարտիրոսյանը, լինելով տեղական ստեղծարար համայնքի վառ ներկայացուցիչներ, երկար ժամանակ մտածում էին այս գաղափարի մասին։ Եղել են աշխարհի տարբեր կետերում, և այդ բոլոր ճանապարհորդություններից ամենասիրված հուշերն այնտեղի դիզայն խանութներից գնված տարբեր հետաքրքիր իրերն էին: Օրինակ՝ Սինգապուրի Red Dot Design Museum-ից կամ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի MoMa design store-ից բերված հուշանվերները։ Դրանցից ոգեշնչված որոշեցին առաջին փոքր (բայց հպարտ) քայլն անել Հայաստանում։ Եվ արեցին։ Հատկապես, որ արտիստների մեծ մասն իրենց ընկերներն են:

 

Բացի այդ, հաճախ երբ նվեր տալու առիթ էր լինում, երկար չէին կարողանում գտնել մի խանութ, որտեղից կարելի է գնել մի բան, որը հա՛մ իրենց դուր կգար, հա՛մ ստացողին, հատկապես իրենց ոլորտի մարդկանց։ Այս ամենի պատասխանն էլ դարձավ Main Design Store-ը: Խանութի կահավորման կոնցեպտն ու ստեղծումն ամբողջությամբ Առնոսի ձեռքի գործն է: Ընկերների և ընտանիքի օգնությամբ Main-ը գաղափարից դարձավ մի ջերմ անկյուն Ռումզ սրճարանի տարածքում, իսկ շատ շուտով կբացվի նաև Միրզոյան գրադարանի առաջին հարկում: Այստեղ ներկայացվում են տարբեր դիզայներական իրեր, իլուստրացիաներ, պոստերներ, փիներ և պրոդուկտ դիզայնի բազմաթիվ նմուշներ: Հայ արտիստների կողքին նաև վաճառվում են մի շարք օտարերկրյա արտիստների աշխատանքներ: Ներկայացված գործերի մեծ մասը limited edition են, նաև ունեն օրիգինալ պրինտեր՝ հեղինակի մակագրությամբ: Main-ը մի քիչ դուրս է ստանդարտ խանութային ֆորմատից, նպատակներն ավելի գլոբալ են, քան պարզապես հետաքրքիր աշխատանքների վաճառքը։ Ամենակարևոր նպատակներից է հայ արտիստների առաջխաղացումը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

 

  

 

Եվ թե՛ այստեղ, թե՛ դրսում հետաքրքրությունը նախագծի հանդեպ շատ մեծ է, հեռանկարները նույնպես։ Նոնան ու Առնոսն ուզում են ստեղծել բավարար պայմաններ, որպեսզի հայ արտիստները կարողանան վաճառել իրենց աշխատանքները միջազգային ստանդարտներին մոտ գներով, ինչը դուրս կբերի ոլորտը նոր մակարդակի։ Մոտ ապագայում պլանավորում են նույն գաղափարի շրջանակում ստեղծել նաև ցուցասրահ։ Այն նախատեսված կլինի վիզուալ արտիստների համար՝ նկարիչներ, գեղանկարիչներ, գրաֆիկայով զբաղվողներ, լուսանկարիչներ, քանդակագործներ: Բացի այդ, շատ շուտով կլինեն համագործակցություններ տարբեր ոլորտների արտիստների հետ և համատեղ հավաքածուներ կստեղծվեն՝ օգտագործելով այդ արտիստների աշխատանքները կրկին սահմանափակ քանակությամբ: