Տիեզերական կապի մեջ
Թանգարան

Տիեզերական կապի մեջ

Մայիսի 18-ին՝ Թանգարանների գիշերը, Հայաստանի կապի պատմության միակ թանգարանը կվերաբացվի։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

#Գործընկեր #Թանգարաններ

Թանգարանների գիշերը Կապի թանգարանը բաց կլինի 18:00-ից 22:00-ն։

 

Այնուհետև թանգարանը բաց կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 13:00-ից 16:00-ն, իսկ խմբային այցերն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել։ Մուտքն անվճար է։

 

Գրանցվելու համար անհրաժեշտ է գրել museum@telecomarmenia.am էլ․ հասցեին կամ զանգահարել 010410410 հեռախոսահամարին։

ԵՐԵՎԱՆը եղել է հայոց կապի անցյալի, ներկայի և ապագայի պահոցում. պատմում ենք նախկին «ԱրմենՏելի» շենքում տեղակայված Կապի թանգարանի և շենքում բնակություն հաստատած «Տելեկոմ Արմենիա» ընկերության մասին, որն այսօր վերաիմաստավորում է կապի ոլորտը Հայաստանում։

 

 

Տիեզերական շենքը

Ազատության պողոտայով անցնելիս անպայման մի պահ կանգ ես առնում և հայացքդ գցում քարե զարդանախշերով և բարձրաքանդակներով պատված շինության վրա: Մոլորակներ, տիեզերագնացներ, արև, աստղեր, հեռախոսով զրուցող կերպարներ, մարդիկ, որոնք իրենց ուսերի վրա տանում են մի ամբողջ իմաստնություն։ Ամբողջ պատկերն ասես շարժման մեջ լինի։ Նախկին «ԱրմենՏելի» շենքն իր ամբողջ տեսքով հուշում է, որ ներսում գաղտնիք ունի, այստեղ տիեզերական գործընթացներ են տեղի ունենում։ Եվ իրոք, այս շենքի պահոցներն իրենց մեջ զետեղում են Հայաստանի հեռահաղորդակցական անցյալը, ներկան և արդեն՝ ապագան։ Շենքը մշտապես կապի մեջ է։

 

 


Հարյուր տարի առաջ

«Շարի՛, գալիս եմ»։ Մոտավորապես այսպիսի բովանդակություն ուներ հեռավոր 1997 թվականին գրված Հայաստանում երբևէ ուղարկված առաջին էլեկտրոնային տեքստային հաղորդագրությունը։ Նամակի հեղինակն այն ժամանակվա Կապի նախարար Գրիգոր Պողպատյանն էր, ով ցանկանում էր շախմատ խաղալ իր ընկերոջ՝ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վահրամ Սողոմոնյանի հետ։


Նման դրվագներ և այլ հետաքրքիր երևույթներ հայոց հեռահաղորդագրական պատմության մեջ շատ են եղել և այդ ամենը պահվում է հենց այդ տիեզերական շենքում գտնվող Կապի թանգարանում։ 2012 թվականին բացված թանգարանի նմուշներն այցելուներին տանում են մեկ հարյուրամյակ հետ՝ դեպի 1913 թվական, երբ Ամիրյան փողոցում գտնվող մի հեռագրային գրասենյակի երկրորդ հարկում տեղադրվեց առաջին հեռախոսային կայանը, որը հեռախոսակապ էր տրամադրում շուրջ 200 բաժանորդի։


Թանգարանը մեզ տեղափոխում է հետ՝ այն օրերը, երբ զանգեր հնարավոր էր կատարել միայն հեռախոսավարուհու միջոցով, ով հեշտությամբ կարող էր լսել ձեր խոսակցությունը, երբ մի ամբողջ բազմաբնակարան շենք օգտվում էր միայն մեկ հեռախոսից, երբ հենց այդ նույն հեռախոսը չուներ անջատման կոճակ, իսկ փողոցում տեղադրված հեռախոսին հնարավոր էր խաբել՝ գցելով թելով կապած կոպեկը և խոսակցության ավարտին հետ քաշել։ Ի դեպ, թանգարաններում ներկայացված սարքավորումների մեծ մասն աշխատում է, կարելի է զանգահարել սենյակի մի հեռախոսից մյուսին՝ վերարտադրելով տասնամյակներ առաջ եղած հեռախոսային փորձառությունները։

 

Կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանը՝ Կապի թանգարանում


Նոր սերնդի ցանցը

Շարունակելով շենքի տիեզերական տրամադրությունը՝ այսօր այնտեղ է գտնվում «Տելեկոմ Արմենիա» ընկերության գլխամասը։ Շաբաթներ առաջ ընկերությունը ձեռնարկեց օպտիկամանրաթելային ապագայի NGN (Next Generation Network) սերնդի ցանցը, որը յուրաքանչյուր բաժանորդին կարող է տրամադրել 25 Գբիթ/վրկ արագություն։ Պարզապես պատկերացում կազմելու համար ասենք, որ ներկայումս օգտագործվող GPON ցանցերի արագությունը կազմում է 1 Գբիթ/վրկ։ Է՛լ ավելի պարզ հասկանալու համար նշենք, որ ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով այսօր Հայաստանի բնակիչները բոլորը միասին օգտագործում են ընդամենը 500 Գբիթ/վրկ արագություն։


Նոր՝ տիեզերական արագությամբ COSMO կապը դեռևս հասանելի է միայն Դավթաշեն թաղամասում, բայց մոտակա ուղղությունն Արաբկիր վարչական շրջանն է, որտեղ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ցանցի գործարկումից ընդամենը երկու օր անց օպերատորն արդեն ուներ իր հարյուրերորդ հաճախորդը։ Այսօր շուրջ 500 հոգի բաժանորդագրվել է և նրանց մեծ մասն արդեն իսկ միացված են ցանցին։ Ընկերությունը պլան ներ ունի մեկ տարում նման օպտիկական մանրաթելերով պատել ամբողջ Երևանը և մի քանի այլ քաղաք Հայաստանում։

 

 

Գրեթե անսահմանափակ կապ

Այս լուծման նպատակը միայն նորարարությունը չէ, այլ ընդհանուր ծառայության որակի բարձրացումը, դրա համար սկսեցին համագործակցել ոլորտում աշխարհի առաջատար Nokia ընկերության հետ՝ կիրառելով նոր սերնդի սարքավորումներ, ներառյալ Wi-Fi ուժեղացուցիչներ և տրամադրելով մի շարք այլ առավելություններ։ 


Բնականաբար, օպտիկական մանրաթելերի օգտագործումը Հայաստանում արդեն իսկ կիրառվում է այլ օպերատորների կողմից, սակայն վերջիններս, օգտագործելով այդ տեխնոլոգիան, մեկ մանրաթելը բաշխում են մի շարք բաժանորդների միջև։ NGN ցանցը, իր հերթին, յուրաքանչյուր բաժանորդին տրամադրում է մեկ օպտիկական մանրաթել, որը հետագայում հեշտությամբ կարելի է վերազինել ապագայի տեխնոլոգիական նորամուծություններին համապատասխան։ Բացի այդ, այսօր էլ բաժանորդը կարող է ստանալ գրեթե անսահմանափակ արագություն՝ կիրառելով համապատասխան տեխնիկա։


«Տելեկոմ Արմենիան» իր բաժանորդներին չի կապում երկարաժամկետ պայմանագրային պարտավորություններով, քանի որ վստահ է տրամադրած լուծման որակի վրա և որ հաճախորդը, միանալով ցանցին, դեռ երկար կմնա իրենց հետ։ Ընկերության Բրենդի և հասարակայնության հետ կապերի կառավարման վարչություն ղեկավար Աշոտ Բարսեղյանի համոզմամբ՝ Cosmo-ն այն հենքային ցանցն է, որի վրա հնարավոր կլինի ապագայում կառուցել ցանկացած տիպի ցանց։ Երբ ընկերությունն ավարտին հասցնի իր աշխատանքները, Հայաստանն այլևս ցանց կառուցելու հարցի առջև չի կանգնի, վերազինելով արդեն առկա ցանցը՝ հնարավոր կլինի զարգացնել հեռահաղորդակցական ենթակառուցվածքները։

 

 


***
Հենց այս ամբողջ հարստությունն էլ թաքնված է Ազատության պողոտայում տեղակայված շենքի ներսում։ Առաջին հարկի թանգարանում պահվող պատմության հիման վրա մի քանի հարկ վերև՝ «Տելեկոմ Արմենիայի» լուսավոր գլխամասի սենյակներում, ծնվում է հայոց կապի ապագան։

հավելյալ նյութեր