Տիեզերքը՝ երեխաներին ավելի մոտ
Տիեզերք

Տիեզերքը՝ երեխաներին ավելի մոտ

STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանում անցկացրեց «Տիեզերական զրույցներ» միջոցառումը՝ հնարավորություն տալով դպրոցահասակ երեխաներին հանդիպելու աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։

 

Տեքստը՝ Կարինա Տերտերյանի

 

Լուսանկարները՝ TEAM

#Գիտություն

Պլանետարիում Երևանում տիեզերական թեժ զրույցներ էին, էպիկենտրոնում աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանն ու տիեզերական ոգով լցված ավելի քան 80 երեխաներն էին։ Այլմոլորակայիններ, կյանք տիեզերքում, Երկիր մոլորակը տարիներ անց, Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներ ու մի շարք այլ հարցերի պատասխաններ տվեց աստղաֆիզիկոսը, իսկ հետո, ժամանակի ու տարածության մեջ ճամփորդելով, երեխաները դիտեցին Արեգակնային համակարգի մոլորակների և արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։ Տիեզերական ցերեկույթն ամփոփվեց «Տիեզերք» ՖԲ-խմբի կողմից անցկացվող մրցույթով։ 

 

Կազմակերպիչները 

Տիեզերական թեմաներով ու աստղային հյուրերով հագեցած STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանի «Տիեզերական զրույցներ» միջոցառմամբ նպատակ ուներ հնարավորություն տալ դպրոցականներին հանդիպել ու զրուցել աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ, աստղաֆիզիկոսից ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, արթնացնել երեխաների սերը դեպի տիեզերք, աստղեր ու գիտություն: 

 

«Մեր ընկերությունը միշտ աջակցում է նախագծերին, որոնք միտված են գիտության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների հանրայնացմանն ու տարածմանը։ STARMUS փառատոնը համընկնում է մեր նպատակներին՝ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացմանը։ Ուրախ ենք, որ այս նախաձեռնության կողքին ենք, գործընկերն ու աջակիցն ենք»,- նշեց Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։ 

 

Ինչու են ստեղծվել աստղացուցարանները

Գարիկ Իսրայելյանը պատմում է՝ աստղացուցարանները ստեղծվել են, որ երեխաներին տանեն աստղագիտության մոգական աշխարհ և, ընդհանրապես, գիտություն։ Դրանք ոգեշնչում են երեխաներին, առաջացնում առաջին հանելուկային մտքերը տիեզերքի, գիտության նկատմամբ։ 

 

«Կարելի է զուգահեռներ անցկացնել STARMUS-ի և աստղացուցարանների միջև․ փառատոնի նպատակը ևս ոգեշնչելն է։ Կցանկանամ, որ Երևանի աստղացուցարանում նման միջոցառումներ հաճախ կազմակերպվեն։ Հաճելի է տիեզերքով լի օրվա մի մասը դառնալ»,- ասաց աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը։ 

 

«Իմ պապիկը երկնքում թռչող սարք է տեսել». խոսում են փոքրիկ տիեզերագետները

Տիեզերական օրն ամփոփելով՝ տիեզերքի մասին զրուցեցինք ապագա աստղագետների հետ։ 

 

«Տիեզերքն այն տարածությունն է, որտեղ գտնվում են տարբեր ՏԻԵԶԵՐՔԱՅԻՆ մարմիններ։ Կարճ ասած՝ տիեզերքը մեր Вселенна-ն ա»,

- Վարդան, 11 տարեկան: 

 

«Տիեզերքը տարածություն է, որտեղ գտնվում են գալակտիկաներ, տիեզերական մարմիններ, մոլորակներ աստղեր, ու մեզնից բացի այլ մարդիկ կամ այլմոլորակայիններ»,

- Արեգ, 11 տարեկան: 

 

«Տիեզերքը գազերի խառնուրդ է։ Իսկ այլմոլորակայիններին մի կողմից հավատում եմ, մյուս կողմից՝ չէ։ Հավատում եմ, որ երկիրը որոշ չափով իրենք են ստեղծել, իսկ չեմ հավատում, որովհետև իրենց երբեք չեմ տեսել»,

- Ալիսա, 10 տարեկան:

 

«Ես երազում եմ տիեզերագնաց դառնալ։ Հուսամ մինչև մեծանալս տեխնոլոգիաներն ավելի զարգացած կլինեն, Մասկն էլ Մարսի վրա կյանք ստեղծած կլինի ու կգնամ էնտեղ»,

- Արիաննա, 12 տարեկան:

 

«Այլմոլորակայինները չեն գալիս մեր երկիր, որովհետև վախենում են փորձարկման առարկա դառնալ»,

- Դավիթ, 10 տարեկան: