Տիգրան Համասյանի արտասովոր համերգները՝ Գյումրիի դոմիկներից մինչև Խուստուփ
Սեպտեմբերի 5-ին Տիգրան Համասյանը ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ տանիքին։ Անսովոր վայրը նրա դեպքում նորություն չէ․ Համասյանը հաճախ է ընտրում ոչ ստանդարտ բեմեր, միջավայրեր ու ձևաչափեր։ Ահա ամենավառ օրինակներից մի քանիսը։
03.09.2026Համերգ՝ ստվերների թատրոնի ուղեկցությամբ
2013-ին թողարկված Shadow Theater-ը Համասյանի կարիերայի կարևոր ալբոմներից էր՝ ջազի, ռոքի, էլեկտրոնային երաժշտության և հայկական երաժշտական շերտերի խառնուրդով։
Նույն տարվա սեպտեմբերին Shadow Theater-ի ծրագիրը ներկայացվեց նաև Երևանի «Ուլիխանյան» ակումբում։ Նախագծի անունը հայաստանյան ներկայացումներից մեկի ժամանակ բառացի դարձավ՝ երաժշտությունը զուգակցվեց իսկական ստվերների թատրոնի հետ՝ «Այրուձի» թատերախմբի կատարմամբ։
Հետաքրքիր է, որ Համասյանը դեռ ալբոմի թողարկման շրջանում պատմում էր՝ Shadow Theater անունը մտածելուց հետո միայն իմացել է, որ Հայաստանում իսկապես ստվերների թատրոն կա։
Դիջեյ սեթ՝ դիմակով ու DAFKID կեղծանվամբ
Համասյանի՝ սովորական դաշնակահարի կերպարից ամենահեռու փորձերից մեկը DAFKID նախագիծն էր։ Այդ անունով նա հանդես էր գալիս էլեկտրոնային կենդանի սեթերով՝ աշխատելով բիթերի, սեմփլների և էլեկտրոնային հնչողությունների հետ։
DAFKID-ի հայաստանյան ելույթներն էլ հենց փոքր ակումբային ու արվեստային տարածքներում էին։ 2013-ին նա երկու երեկո ելույթ ունեցավ Music Factory ակումբում՝ ռեպ կատարող Kill NF-ի ու Բամբիռի ֆլեյտահար Արիկ Գրիգորյանի ուղեկցությամբ։ Այս ձևաչափով երաժիշտը հանդես է եկել մի քանի անգամ Երևանի ու այլ քաղաքների տարբեր ակումբներում (օրինակ՝ Bourbon-ում 2013-ին ու «Դալան» արվեստի տարածքում՝ MOROOQ լուսանկարչական ցուցահանդեսի շրջանակում 2015-ին)։
Ակցիա-համերգ՝ քանդվող Աֆրիկյանների ակումբի մոտ
2014-ի հունիսի 24-ին Համասյանը միացավ Աֆրիկյանների ակումբի պատմական շենքի պահպանության համար պայքարող ակտիվիստներին։ Համերգը նախատեսված էր շենքի բակում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին դաշնամուրը ներս տանել, և Համասյանը նվագեց հենց փողոցում՝ շենքի հարևանությամբ։ Փոքր համերգը վերածվեց շենքի պահպանության ակցիայի ամենամարդաշատ դրվագներից մեկի։ Համասյանն իր ելույթն անվանել էր «Աֆրիկյան ռեքվիեմ» և հույս հայտնել, որ շենքի ապամոնտաժումը կդադարեցվի։ Արդեն հուլիսին շենքն ապամոնտաժվեց։
Հոգևոր երաժշտություն՝ Զվարթնոց տաճարում
2015-ի Լոյս ի լուսոյ նախագիծն ամբողջությամբ կառուցված էր երաժշտության և տարածքի կապի շուրջ։ Համասյանը Երևանի պետական կամերային երգչախմբի և դիրիժոր Հարություն Թոփիկյանի հետ հայկական հոգևոր երաժշտության մեծ շերտ էր մշակել դաշնամուրի ու ձայների համար՝ Մեսրոպ Մաշտոցից ու Գրիգոր Նարեկացուց մինչև Կոմիտաս ու Մակար Եկմալյան։
Նախագծի կարևոր մասը հենց շրջագայությունն էր՝ որպես երաժշտական ուխտագնացություն հայկական եկեղեցիներով ու պատմական վայրերով։ Հայաստանում ամենատպավորիչ կանգառներից մեկը Զվարթնոցի տաճարն էր։ 2015-ի հունիսի 11-ին Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը հայկական հոգևոր երաժշտություն կատարեցին հենց 7-րդ դարի տաճարի ավերակների տարածքում։
Համերգ՝ Գյումրիի դոմիկների թաղամասում
2016-ի փետրվարի 27-ին Համասյանը վերադարձավ ծննդավայր Գյումրի՝ բոլորովին այլ պատճառով։ Լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ դրամահավաք էր սկսվել երկրաշարժից տասնամյակներ անց դեռ ժամանակավոր տնակներում ապրող 13 ընտանիքի համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով։
Սկզբնական գաղափարն էր, որ Համասյանը նվագի հենց դոմիկներից մեկի ներսում, սակայն միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և վերջում համերգը կազմակերպվեց բացօթյա՝ ժամանակավոր տնակների թաղամասում։ Հավաքվածները դեպի համերգի վայրը գնացին ոտքով՝ ճանապարհին տեսնելով այն միջավայրը, որի խնդրի մասին ակցիան փորձում էր խոսել։
Ինքը՝ Համասյանը, համերգից հետո հիշեցրեց, որ ծնվել ու մեծացել է Գյումրիում և անընդունելի համարեց, որ 1988-ի երկրաշարժից գրեթե երեք տասնամյակ անց մարդիկ դեռ շարունակում են ապրել այդ պայմաններում։
Համերգ՝ Rambalkoshe-ի փոքր սենյակում
2024-ի փետրվարին բոլորովին հակառակ մասշտաբի փորձառություն էր Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի տարածքում կազմակերպված համերգը։ Ռամբալի 7-ևդ տարեդարձին նվիրված ցերեկույթին Համասյանը նվագում էր փոքր, գրեթե սենյակային միջավայրում՝ հանդիսատեսից բառացիորեն մի քանի քայլ հեռավորության վրա։ Ելույթը լսելու համար հավաքվել էր հազարից ավելի մարդ, շատերը ստիպված տեղավորվում էին միջացնքում, բակում և նույնիսկ զուգարանում։
Ռոյալ՝ ուղղաթիռով Խուստուփի ստորոտ
2024-ի ապրիլի 21-ին Համասյանի «Հող ու ջուր» նախագիծը հասավ արդեն լրիվ այլ մասշտաբի։ Համերգը կազմակերպվեց Սյունիքում՝ Խուստուփ լեռան ստորոտում գտնվող Փսկու Խութում։ Հանդիսատեսը Վաչագանից դեպի համերգի վայր պետք է անցներ լեռնային ճանապարհով, իսկ ռոյալն այնտեղ հասցվեց ուղղաթիռով։ Համասյանի հետ ելույթ ունեցան բասիստ Մարկ Կարապետյանն ու թմբկահար Արման Մնացականյանը։
Համերգ՝ հին գյուղական մշակույթի տանը
Խուստուփի համերգի հաջորդ օրը նույն ճանապարհորդությունը շարունակվեց արդեն Շվանիձորի հին մշակույթի տանը։ Խորհրդային շրջանից մնացած, երկար ժամանակ իր նախկին նշանակությամբ գրեթե չգործող շենքը մեկ երեկոյի համար նորից դարձավ համերգային տարածք։ Երկու հաջորդական օրերին Համասյանի երաժշտությունը հայտնվեց երկու ամբողջովին տարբեր միջավայրերում՝ նախ բաց լեռնային տարածքում, հետո գյուղական հին մշակույթի տան ներսում։
Համերգ-նկարահանում՝ Ռապի լճի մոտ
Նույն գաղափարը մի քանի ամիս անց շարունակվեց Արագածի հյուսիսային լանջին՝ Ռապի լճի տարածքում։ 2024-ի օգոստոսի 29-ին այնտեղ իրականացվում էր Տիգրան Համասյանի մասնակցությամբ համերգ-նկարահանում։ Նախագծում ներգրավված էր նաև «Խազեր» երգչախումբը։ Լեռնային լճի մոտ նկարահանված նյութն ավելի ուշ դարձավ Համասյանի The Bird of a Thousand Voices նախագծի տեսանյութերից մեկի հիմքը։