Տիգրան Պասկևիչյան. Գործընթացի սկիզբը
Գրող, լրագրող Տիգրան Պասկևիչյանը հիշում է, թե ինչպես նշվեց Անկախության հռչակագրի ընթերցումը և ինչու էր Շարժման ժամանակ հրապարակն ամենաապահով վայրը։
Տեքստը՝ Տիգրան Պասկևիչյանի
Լուսանկարները՝ Զավեն Խաչիկյանի, Լևոն Համբարձումյանի
ԵՐԵՎԱՆ #64 | 2020
Անկախությունը, հիմա որ հիշում եմ, երևութացավ նույնքան աննկատ, որքան թվացյալ էր դրա անհնարինությունը։ Օգոստոսի 23-ի երեկոյան՝ կեսգիշերին մոտ, Ազատության հրապարակից քայլեցինք դեպի Սարյանի պուրակ։ Արամ Մանուկյանը հանդիսավոր առոգանությամբ արդեն ընթերցել էր հռչակագրի տեքստը, Կոմիտեի անդամները ելույթներ էին ունեցել։ Վանոն, հիշում եմ, ասել էր՝ այս հռչակագրից հետո պետք է ներել բոլորի բոլոր մեղքերը։
Մի բան խմելու ցանկություն կար, բայց երևի փող չունեինք, խանութներն էլ արդեն փակ էին։ Դեռ Սովետ էր, խանութները ժամը ութին փակվում էին։ Հռչակագիրը դեռ չէր փոխել կարգերը, ընդամենը գործընթաց էր սկսվել. սպասիր մինչև կբացվեն։
Տղերքից մեկը հանկարծ, ինչպես ձեռնածուն գլխարկից նապաստակ դուրս կբերեր, աաա՜փ, պայուսակից հանեց մի շիշ լիմոնի օղի։ Այդ տարիներին Վրաստանից էին բերում, ավելի ճշգրիտ՝ Աբխազիայից։ Դեղին, դառնահամ հեղուկ էր։ Ասեց՝ ես կանխատեսում էի, որ գործընթաց է սկսվելու ու տնից դուրս գալուց էս շիշը վերցրի։
«Կազիրյոկ» սրճարանը փակ էր, աթոռները հավաքած-կողպած։ Մի սեղանի մոտ կանգնեցինք ու, քանի որ բաժակ էլ չունեինք, հենց շշի բկից սկսեցինք ներքաշել դառնահամ հեղուկը՝ չմոռանալով նախ և ապա ասել՝ կեցցե՛ անկախությունը։
Տիգրան Պասկևիչյանը 1990-ի օգոստոսին Գերագույն Խորհրդի նիստերի դահլիճի աստիճանների վրա, լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի
Շատ հետո, երբ մի մտավորական հեռուստացույցով լուրջ տեսքով ասում էր. «Մենք անպատրաստ էինք այս անկախությանը» (կարծես այլ անկախություն եղել կամ լինելու էր), հիշեցի օգոստոսի 23-ի այդ երեկոն և համաձայնեցի բանախոսի մտքին։ Անպատրաստ էինք, բա ի՜նչ, որովհետև մենք ոչ միայն օղու հետ ուտելու բան չունեինք, այլև չունեինք երկրորդ-երրորդ-չորրորդ շշերն ու ստիպված պիտի ընդհատեինք պանծանքի այդ ծեսն ու ցրվեինք տներով։
Դա տոնի ամենալավ ավարտը չէր։ Տնամերձ պարտեզում, գիտեի, հայրս նստած ծխում էր ու սպասում, որ կռվի հետս, որ ասի. «անկախություն, հա, ի՞նչ»։ Հայրս նրանցից չէր, որոնք սովետը «գյոզալ» էին համարում։ Շատ լավ գիտեր՝ ինչն ինչոց է, գիտեր, որ արդարությունն անարդարությունից քիչ է, որ սուտը շատ է, ազնվությունը՝ նվազ, որ խանութները դատարկ են, թերթերն ու հեռուստացույցը լի՝ ուռճացված հաշվետվություններով ու սին խոստումներով, որ զավակների համար հեռանկար չիք, բայց նաև չիք գնալու տեղ։ Գնալու իմաստն էլ…։
Ազատության մասին հորս սերունդը չէր խոսում. չգիտեին երևի՝ ի՞նչ է դա։ Իսկ մեր վեճերը, որ ծայր էին առել 88-ի փետրվարից ու թեժացել նույն թվականի նոյեմբերին, երբ տուն գալով Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակից՝ առողջ, մի տեսակ ժրաջան ցինիզմով նկարագրել էի «նոյեմբերի յոթն ու քառսունքը մեկ արեցինք» արարքը, վեճերը դադարել էին երկխոսություն լինելուց. իմ դավանած ազատությունն իր ներսում կուչ եկած տագնապին ու անհանգստությանն այլևս հակոտնյա էր։
Տուն հասա, հայրս պարտեզում չէր, քնել էր արդեն։ Օրվա կռիվն արել էր հարևանի կնոջ հետ, որը, տեսակով БТР-ներից լինելով, իր տունը մտնելուց առաջ հարկ էր համարում հարևանի հետ կիսվել տպավորություններով և, հերքում չընդունող տոնով ասում էր. «Անկախություն… и только անկախություն» կամ «Комитет всегда прав»։ Պատկերացրեցի խեղճ հորս վիճակը՝ ո՞նց է ներս արել հույզերը հարևանի (նաև իր մանկության ընկերոջ) կնոջը «խելառ անտեր» կամ «ախմախ» չանվանելու համար։
Պառկեցի քնելու։ Անհաց-անպանիր խմած դառն օղին ներծծվելու խնդիր ուներ։ Քունը մոտ չէր գալիս, բայց կոպերս ծանր էին, քունքիս տակ զարկվում էին բազմամարդ հրապարակի «ան-կախ-ութ-յո՜ւն, ան-կախ-ութ-յո՜ւն» կանչերը։ Մի վիճակ, որ մտածում ես՝ քնած եմ, մինչ արթնության ստորին մակերևույթին ժամանակագրությունից ու պատումից զերծված պատկերներ են հայտնվում։ Հայտնվում ու կորչում են։ Կորչում ու կրկին են հայտնվում։
***
1979-ի դեկտեմբերի 24-ն է։ Սովետական զորքերը մտել են Աֆղանստան։ Աֆղանստանը հեռու է, բայց ժամանակի և տարածության մեջ մեզ ամենամոտ պատերազմն է։ Եղբայրս ավարտել է դպրոցն ու պոլիտեխնիկ ընդունվելու անհաջող փորձ արել։ Բանակի խնդիր կա։ Բանակն այլևս մեզանից ավագների «дембельский альбом»-ների ռոմանտիկան չէ՝ գոտին փորից կախ, դոշերը բաց, լոթի կեցվածքով կամանդիրսկի «ГАЗ-69»-ին հենված։ Բանակը ստույգ պատերազմ է։ Ու տատս անհասցե անիծում է. «Վայ, տունդ քանդվի, պատերազմ սկսող»։ Հիտլեր չկա, որ ասի «տունդ քանդվի Հիտլեր»։ Չգիտի՝ ո՞ւմ մեղադրի։ Սովետական երկիրն էլ, որ իրեն հայտարարել է «оплот мира», այսինքն՝ ալամ աշխարհի խաղաղության պատվար ու երաշխիք, ինքն է մտել Աֆղանստան։ Պապս լուռ է, ոչ մի դատողություն Բրեժնևի ու քաղբյուրոյի անքննելի ճշտության մասին, բայց և ոչ մի հակառակ դատողություն։ Եղբայրս մի պահ երևում ու անհետանում է։
Հետո ես հանրային գրադարանում եմ։ Դիմացը պոլիտեխնիկի գլխավոր մասնաշենքն է։ Մարքսի կիսադեմը հազիվ է երևում տերևաթափ ծառերի արանքից։ Շենքի ճակատային սյուներից սև սավաններ են կախում։ Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում։ Գիրքն արագ փակում եմ, որ մոտենամ գրադարանավարին՝ ինչ-որ բան իմանալու հույսով։ Վաթսունն անց կինը՝ շալերով փաթաթված, նստած է։ Ասում է՝ չգիտեմ, չգիտեմ ու պարզում ժետոնս։ Մի քանի քայլ չարած՝ հետ է կանչում. «Աստվածաշունչը որ պատվիրել էիր, մերժվել է»։ Ինչո՞ւ՝ զարմանում եմ։ «Գրված է՝ չի հանձնարարվում»։
Դուրս եմ գալիս, Արմենն է պատահում՝ ընկերս, ասում է. «Տեսա՞ր, Բրոն մեռավ»։ Բրոն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի առաջին քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի անվան կարճ-փաղաքշական ձևն էր։ Չի ասում՝ իմացա՞ր, ասում է՝ տեսա՞ր։ Գուցե որովհետև Բրոն վաղուց մեռած էր, մենք չէինք նկատում։ «Դե, դրանք ինչքան էլ մեռած լինեն, կաշին մի իշաբեռ ա». ծիծաղում է։ Գնանք, էդ առիթով մի բաժակ բան խմենք՝ ասում եմ։ Խմում ենք ջրիկ, մի քիչ թթված «Հրազդան» գինի. ամենաէժանն է։ Արմենն ականջիս տակ շշուկով ասում է. «Վախենամ՝ ավելի վատ լինի»։ Սրանից վատ, էլ ո՜ւր՝ ի պատասխան շշնջում եմ։
Եղբորս կնունքն է։ Որոշել են՝ բանակ գնալուց առաջ անպայման մկրտված լինի։ Քահանան տուն է եկել։ Ալյումինե թասի մեջ ջրի փոխարեն թարխունի լիմոնադ է։ Երևի նոր են լցրել, գազը դեռ պճպճում է։ Զարմանում եմ՝ որտեղի՞ց. ամբողջը օրը չորս-հինգ խանութ եմ վազել, թարխունի լիմոնադ չկար։ «Ծառա Աստծո…». ասում է քահանան։ Նրա աջ ձեռքում մեկնարկային ատրճանակ կա։ «Ծառա Աստծո…». ասում ու կրակում է։ Բակի մեծ թթենուց երամով սև ծտեր են թռչում։ Վազում եմ դուրս հաշվելու։
Ղարաբաղում տեղի ունեցող բռնության դեմ ցույց
***
Մեկ-երկու-երեք-չորս… Շարային քայլք։ Հրապարակի սալքարերը դաղում են ոտքերս. փաթաթանը քանդվել ու կուչ է եկել սապոգիս մեջ։ Սերժանտը ոտքով խփում է կոճիս, որ համաքայլ գնամ։ Ցավից գլուխս լցվում է մշուշով։ Մեկ էլ պապս հայտնվում ու ասում է. «Դրա համար գիտե՞ս քեզ ուր կուղարկեին»։ Ո՞ւր՝ հարցնում եմ ու շուրջս մթնում է։ Բանտախցում ինձ նման մի տասնյակ մարդ կա։ Դուք ի՞նչ եք անում ստեղ՝ հարցնում եմ։ Ասում են՝ համաքայլ չգնաս, ստեղ են բերում։ Հուսահատ կուչ եմ գալիս մի անկյունում, նստում եմ գետնին։ Մեկ էլ մեկն ասում է՝ ըտեղ մի նստի, դա Չարենցի տեղն ա։ Պապս ու Չարենցը ջահել ժամանակ շատ նման էին իրար, մտածում եմ՝ խոխմա կըլներ Չարենցի տեղը սխալմամբ պապիս գնդակահարած լինեին։ Շրխկոցով բացվում է դռան պատուհանիկը։ Մեկ էլ տեսնեմ՝ պապս հայացքով ինձ է փնտրում ու, նեղացած, որ նման պատահականություն եմ անցկացրել մտքովս, ասում է. «Դո՛ւրս, դո՛ւրս իմ տնից»։ Գրեթե լացակումած հարցնում եմ. «Բայց ի՞նչ եմ արել, որ…»։ Ասում է՝ դրսում ազատություն ա, այ ղամմազ»։ Ազատությունն ի՞նչ ա՝ հարցնում եմ խցակից տղերքին։ Կասկածոտ հայացքով նայում են՝ ասեն-չասե՞ն, բա որ չեկայի դրածո լինե՞մ։ Մեկ էլ մեկը մոտենում, ականջիս շշնջում է. «Ամսի 18-ին համալսարանի մոտ ենք հավաքվում, կգա՞ս»։ Ասում եմ՝ որ ստեղից թողնեն, կգամ։ Տղերքը ծիծաղում են՝ դու ստեղ չես, մենք էլ արդեն ստեղ չենք։
Քայլում ենք, քայլում ենք խիտ շարքով։ Խիտ ենք, երևի, որովհետև վախենում ենք։ Վախենում ենք, որովհետև առաջին անգամն է։ Առաջին անգամը վախենալու է։ Առաջին ծխախոտից ականջիդ արմատն է ցավում։ Առաջին խումից սիրտդ է խառնում։ Առաջին սեքսից… Չէ, սովետում սեքս չկար, կար միայն վերարտադրողական ֆունկցիա։ Ու մեր ձեռքերի լայն ցուցապաստառներում հենց դա էլ գրված էր. «Նաիրիտը վտանգում է մեր երեխաների ապագան»։ «ԱԷԿ-ը մեր երկրի տակ դրված ռումբ է». գոռում է մեկը։ Մյուսն աղաղակում է. «Թույլ չենք տա նոր Չեռնոբիլ»։
Առաջին անգամվա խիզախությունը փոխարինվում է բռնվելու վախով։ Բռնվելու վախը ստիպում է թաքնվելու տեղ գտնել։ Ասում են՝ ինչքան չգրաքննված բան ունեք, պահեք, որ չգտնեն։ Պահելու տեղ չկա, թաքնվելու տեղ չկա. ստիպված ես խիզախ լինել։ Թաքնվելու միակ տեղը հրապարակն է՝ բոլորը բոլորին տեսնում են, բոլորը մերձ են բոլորին, գետինը ոտքի տակ է այն աթոռակի նման, որը կանխորոշելու է կախված-չկախված լինելը։
Քայլում ենք, երգում՝ բամբ-բարձրաձայն։ Շարքերում հանկարծ նկատում եմ եղբորս։ Աֆղանստանից նոր է եկել։ Ինձ թվում է՝ աջ ձեռքը չկա։ Մի ոտքն էլ, ծնկից ներքև՝ բացակա է։ Ինքը չի երևի՝ մտածում եմ։ Ես եմ՝ ասում է ու, աջ ձեռքի բռունցքը վեր պարզած՝ քայլում։ Քայլում, քայլում է փաստորեն։
Արթնանում եմ։ Հայրս տանը չի։ Աշխատանքի է գնացել։ Ում հետ վիճեմ կիսատ վեճը։ Մայրս վիճող չի, կարեկցող է։ Ուզում ես քնարական բանաստեղծություն գրի, ուզում ես կայսրություն փլուզիր՝ ինքը սրտակից է։ Չի ասում. «անկախություն, հա, ի՞նչ»։
Ասում է՝ միայն զգույշ եղեք, էդ անկախությունը չընկնի գլխներիդ։ Ասում եմ՝ մամ, քյարփինջ չի, որ ընկնի գլխներիս, գործընթաց ա, ավելի շուտ՝ գործընթացի սկիզբը։