Tonelab․ առաջին երկու տարիների ամփոփում
Քաղաքի համեմատաբար երիտասարդ համերգային հարթակներից մեկը՝ Tonelab-ը, նշում է երկրորդ տարեդարձը։ Սա շատ լավ առիթ է վերհիշելու անցած ճանապարհն ու այնտեղ տեղի ունեցած բազմաթիվ հրաշալի համերգները, իսկ եթե դուք չեք լսել Tonelab-ի մասին, նաև ծանոթանալու։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով հարթակի թիմի անդամ, համերգների կազմակերպիչ (ու երաժիշտ) Արթուր Աթայանը պատմում է 10 կարևորագույն համերգների մասին, որոնք լավագույնս բնութագրում են Tonelab-ի անցած ուղին և արժեքները։
Տեքստը՝ Արթուր Աթայանի
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Tonelab-ը հիմնադրվել է 2023 թվականի ապրիլին, Կորյուն փողոցի նկուղներից մեկում։ Սա թերևս հասարակ նկուղ չէր․ այստեղ գործել էին բազմաթիվ բարեր, մասնավորապես՝ լեգենդար UPtown-ը։ Արդեն բավական ժամանակ չգործող տարածքը երաժշտական բազմաֆունկցիոնալ ստուդիայի վերածելու գաղափարը Rozen Tal խմբի կիթառահար և վոկալիստ Արմեն Եդիգարյանինն էր։ Կոնցեպտը շատ պարզ էր․ Երևանի անկախ երաժշտական համայնքը չունի սեփական վայրը, հավաքատեղին, որտեղ հնարավոր կլինի փորձեր անել, ստեղծագործել, ձայնագրվել ու վերջում այդ ամենը ներկայացնել հանդիսատեսին։ Կարճ ասած, պետք էր մի հարթակ, որը կապահովեր երաժշտության ստեղծման ու ներկայացման ամբողջական ցիկլը։
Նախագիծը իրականություն դարձավ Artbox Incubator-ի շնորհիվ․ սա եվրոպական ծրագիր է, որը խթանում է արվեստի նախաձեռնությունները, սովորեցնում բիզնեսի հիմունքներն ու նախնական ներդրում ապահովում։ Եվ ահա, անցնելով ծրագրի բոլոր փուլերը, Tonelab-ն իրականություն դարձավ՝ Արմենի, իր համախմբեցի, թմբկահար Նարեկ Թովմասյանի, այդ տարիներին խմբի մենեջեր Արսեն Օհանջանյանի և բազմաթիվ նվիրված և եռանդուն ընկերների ջանքերով։
Rozen Tal և Ցայգ խմբերի համատեղ ելույթը Tonelab-ում, 2024
Tonelab-ի վիճակագրությունը բավական տպավորիչ է․ երկու տարվա մեջ՝ մոտ 150 միջոցառում (գուցե՝ ավելի)։ Բազմաթիվ արտասահմանյան կատարողներ՝ Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեդիաից, Գերմանիայից, Բրիտանիայից և այլն։ Բարեգործական համերգներ, միջազգային վարպետաց դասեր ու իհարկե, հենց ստուդիայում ծնված բազմաթիվ ստեղծագործություններ՝ արդյունքն, ինչպես տեսնում եք, բազմազան է։
Շաբաթվա օրերին Tonelab-ը փակ է այցելուների համար, և բացվում է միայն ուիքենդին՝ անցկացնելու մեկից երեք միջոցառում։ Այստեղ կարելի է ծանոթանալ հայկական անկախ երաժշտության բոլոր երանգներին՝ ֆոլկից մինչև էլեկտրոնիկա, փոփից մինչև մետալ։ Եվ էս ամենի կապակցությամբ, ուզում եմ՝ վերհիշենք վերջին երկու տարվա 10 ամենահավես համերգները։
10․ The Deenjes Tribute
Վերջին շրջանի ամենահիշվող, անգլերեն ասած` iconic իվենթը, անկասկած, լեգենդար The Deenjes-ին նվիրված համերգն էր։ Դե պատկերացրեք․ Դինջերն ունեն երկրպագուների հոծ բանակ, բայց համերգներ չեն տալիս, ու հարյուրավոր մարդիկ երազում են նրանց երգերը բեմից լսել։ Դինջերին նվիրված համերգի գաղափարը առաջարկեց երաժիշտ Արեգ Առաքելյանը, որ դեռ 2019-ին կազմակերպել էր նմանատիպ մի միջոցառում։ Այս անգամ առաջարկեցինք մասնակցել Ուրու, Տիեզերք, Ցայգ, Դեղ, FairWind խմբերին և Սյուզի Սիրակին։ Այն, ինչ կատարվեց, ուղղակի ֆանտաստիկ էր՝ ~230 հյուր, միասին երգել, հուզվել, իսկ վերջում՝ (FairWind-ի «Ողջույնի» ժամանակ) հանդիսատեսը բեմ բարձրացավ, ու համերգը վերածվեց իսկական կինոյի տեսարանի։ Նաև շատ տպավորիչ էր, որ երաժիշտները շա՜տ տարբեր ձևով էին մոտեցել Դինջերի գործերին՝ ակապելայից մինչև պանկ-ռոք։ Համերգը նկարահանվում էր, ու հուսանք՝ մոտ ապագայում կդառնա Tonelab-ի առաջին խոշոր վիդեո-պրոդուկտը։
9․ Siren’s Song
2025-ի մարտի 8-ին Tonelab-ի բեմը գրավել էին աղջիկները։ Ընդհանրապես, մեր անկախ երաժշտական բեմում կան բազմաթիվ շատ տաղանդավոր կին արտիստներ, որոնք շատ տարբեր ոճերում են ստեղծագործում։ Այս անգամ Կանանց միջազգային օրվա առթիվ իրար գլխի էին հավաքվել Տիեզերք, Ուրու և Դեղ խմբերը, որոնց frontwoman-ները համ էլ բազմաթիվ անակնկալ համարներ էին պատրաստել հատուկ այդ օրվա համար։ Պատահական չէր, որ համերգը կոչվում էր Siren’s Song. համերգի ընթացքում կարծես իսկական ջրահարսերի կախարդանք էր կատարվում։ Որոշ պահերի հանդիսատեսի անգամ շունչը չէր լսվում․ ոչ մեկս չէինք հավատում, որ այս գեղեցկությունն իրական է։
8․ Samhain Fest
Արդեն մի 15-20 տարի է՝ հոկտեմբեր ամսին սկսում է նախա-Halloween-յան բուռն տուրուդմփոցը։ Ու մինչ այս տարի էլ համացանցը եռում էր հայու պատիվը պահողների և պիղծ դդումների սիրահարների պայքարից, Tonelab-ում նախապատրաստվում էր Samhain-ին՝ հին կելտական տոներից մեկին նվիրված համերգով։ Նախաձեռնողը ռուսական համայնքում ստեղծված Lost In The Woods խումբն էր, որի երաժիշտները կազմակերպեցին ժողովրդական երաժշտության փոքր ֆեստիվալ՝ մրցույթներով, խաղերով ու կոստյումներով։
Այդ օրը Tonelab-ը կերպարանափոխվել էր․ կանաչ տերևներ, դդումներ, մոմեր ու ամեն տեղ շատ օրիգինալ կոստյումներով վհուկներ և վամպիրներ, հոբիթներ և էլֆեր, ասպետներ և ծաղրածուներ։ Իռլանդական երաժշտության հնչյունների ներքո դահլիճը երգում ու պարում էր, իսկ վերջում բեմ բարձրացանք նաև մենք՝ The Windrose-ով (հուսամ ընթերցողների մեջ կլինեն մարդիկ, որ հիշում են մեր իռլանդական ֆոլկ խումբը)։ Սա երևի ամենադրական ու ուրախ համերգներից մեկն էր։
7․ Unrest Festival
Tonelab-ն, առհասարակ, բավական հաճախ է համագործակցում ռուսական համայնքի հետ։ Ու թերևս ամենահիշվող միջոցառումներից մեկը ռուսական Camerata նախաձեռնության Unrest Festival-ն էր, որը միաժամանակ տեղի էր ունենում դեմ դիմաց գտնվող երկու ակումբում՝ Tonelab-ում և երջանկահիշատակ Poligraf-ում։ Արդյունքն իսկական տոնախմբություն էր․ մասնակցում էր 15-ից ավել ռուսական և հայկական խումբ, հանդիսատեսը ակումբից ակումբ էր տեղափոխվում, իսկ ամենահետաքրքիրը ոճերի բազմազանությունն էր՝ հիփ-հոփից և էլեկտրոնիկայից մինչև ֆոլկ-ռոք ու, ասենք, բլեք մետալ։ Ցավոք, Poligraf-ը կես տարի անց փակվեց, Camerata-ն էլ դադարեց գործունեությունը, բայց ֆեստիվալը հիշվեց որպես ամենամասշտաբային ու լավ իմաստով խառ-ռ-ռը միջոցառումը։
6․ Celeste
Միջազգային հյուրերով ամենատպավորիչ օրերից մեկը ֆրանսիական Celeste մետալ խմբի համերգն էր, որը կազմակերպել էր Zhesht Events-ը։ Tonelab-ում առհասարակ հաճախ է հնչում էքստրեմալ երաժշտություն, իսկ կոնկրետ Celeste-ը բավականին հայտնի է մետալ աշխարհում, մասնավորապես գժական շոուի շնորհիվ։ Ֆրանսիացիները եկել էին սեփական լուսային տեխնիկայով, պահանջել էին լիքը տեխնիկա, մոտ երեք ժամ սաունդչեք էին անում, և նրանց ելույթի առաջին իսկ պահից հասկանալի դարձավ, թե ինչու։ Համերգը տեսալսողական ֆանտաստիկ փորձառություն էր․ դահլիճը համարյա մութ էր, և խավարի ու ծխի մեջ երևում էին երաժիշտների գլուխներին ամրացված հատուկ կարմիր լապտերները, իսկ լուսային տեխնիկան աշխատում էր երաժշտությանը համընթաց։ Պահի տակ թվում էր, թե առհասարակ Հայաստանում չես․ այնքան ժամանակակից ու հզոր տեսք ուներ այդ ամենը։
5․ Howlin' Jaws
Այս պատմությունն անհավանականների շարքից է։ Ուրեմն, 2024-ի նոյեմբերին The Beautified Project-ի Անդրեն մի օր հյուր է գալիս Tonelab ու խոսքի մեջ պատմում, որ նրա հետ կապվել են իր ծանոթների ծանոթները՝ ինչ-որ ֆրանսիական տրիո, որոնք նվագում են 60-ականների ոճի ռոքնռոլ, շուտով լինելու են Հայաստանում ու ուզում են այսինչ օրը համերգ տալ։ Ասում ենք՝ լավ, փորձենք մի բան կազմակերպել։ Բայց դե շատ հայտնի խումբ չէ, իսկ համերգը միշտ որոշակի ռիսկ է, հատկապես, երբ կիրակի օրվա վրա է ընկնում։
Օրը գալիս է, և հանկարծ ժամանում են կարծես ուղիղ 60-ականներից հայտնված ֆրանսիացի երիտասարդներ, որոնցից մեկը, պարզվում է, Ջիվան անունով հայ է։ Սաունդչեքի վերջում պարզվում է, որ այսօր գալու է նրանց հետ Հայաստան եկած ինչ-որ թատերախումբ։ Դրանից հետո իրադարձությունները շատ արագ են զարգանում։
Հանկարծ Tonelab է լցվում մի քանի տասնյակ արտասահմանցի, որոնք ինչ-որ առիթ են նշում։ Համերգը շատ արագ վերածվում է ցնծությամբ լի գինարբուքի, երբ բարն ուղղակի չի հասցնում պատվերներ տալ։ Աստիճանաբար, գինովցած արտասահմանցի հյուրերը սկսում են բարձրանալ բեմ, ինչ-որ կենացներ ասել, ու հանկարծ բեմում է հայտնվում Սիմոն Աբգարյանը (այո, այո, հենց այն հայտնի սփյուռքահայ դերասանը), որը սկսում է երգել հանրահայտ «16 Tons»-ը, կարճ ասած, ես մի երկու անգամ ինքս ինձ ճմկտում եմ, որ համոզվեմ՝ երազ է, թե ոչ։
Միայն համերգից հետ է պարզվում՝ սա Աբգարյանի թատերախումբն է, որ նախորդ օրը ներկայացում էր խաղում Երևանում, իսկ Ջիվանը նրա որդին է։ Ֆինալը՝ Սիմոն Աբգարյանի հետ երկար կենացներ և գրկախառնություններ ու, իհարկե, խոստումներ անպայման նորից հանդիպել։
4․ Rise and Shine
Rise And Shine-ը առանձին իվենթ չէր, այլ ավելի շուտ՝ համերգային ֆորմատ։ Այս համերգներին Tonelab-ը ներկայացնում է առաջին քայլերն անող արտիստներին, որոնց համար դա նվագելու և նոր հանդիսատես ձեռք բերելու լավ հնարավորություն է։ Վերջինին՝ այս ապրիլին, նվագեց չորս խումբ, որոնցից երկուսը՝ Mardatar-ն ու South of the Sun-ը, լրիվ նոր են հայկական բեմում, երկուսն էլ՝ Offcide-ն ու New Gray-ը, երկար դադարից հետո վերամիավորվել էին։ Համերգների այս շարքը բխում է Tonelab-ի առաքելությունից՝ խթանել անկախ երաժշտության զարգացումը Հայաստանում, ու եթե հանկարծ տեսնեք այս խորագիրը, ժամանակ մի խնայեք ու եկեք․ դրանով դուք կքաջալերեք ու կսատարեք ինչ-որ նոր ու հետաքրքիր արտիստի։
3․ Համերգներ Արցախի համար
2023-ի սեպտեմբերի իրադարձությունները բոլորիս թողեցին պապանձված ու հուսալքված․ աշխարհը կարծես փուլ էր գալիս, ու մենք անզոր էինք որևէ բան անել։ Երաժիշտները նման դեպքերում, հավատացեք, հատկապես անօգուտ են զգում․ ի՞նչ ես կարող քո երաժշտությամբ անել տուն, հայրենիք, հարազատներ կորցրած մարդկանց համար։ Սակայն, Արցախի դատարկվելուց անցավ ընդամենը մի քանի օր, և պարզ դարձավ, որ հազարավոր մարդիկ չեն կարողացել գտնել ապաստան, և հայտնվել են սարսափելի վիճակում։ Այդտեղ առաջացավ համերգաշարի գաղափարը․ երաժիշտներին տալ հնարավորություն իրենց արվեստով բարի գործ անել, և միաժամանակ օգնել ծանր կացության մեջ հայտնված մարդկանց։
Մասնակից խմբերի ջանքերով Tonelab-ը հավաքեց մոտ 3,500,000 դրամ, որը Գյումրու Հայորդյաց տան միջոցով բաշխվեց արցախյան տարբեր ընտանիքների միջև։ Սա նաև Tonelab-ի ամենադժվար շրջանն էր, բայց օգտակար լինելու զգացողությունը գոնե փրկում էր հուսահատությունից։ Ու ուզում եմ ևս մի անգամ հսկայական շնորհակալություն հայտնել TmbaTa, FairWind, Katil, Lav Eli, Tsayg, Rozen Tal, Degh, Mad Nation, Zrangi, Hogh Arthun, Palm Of Granite խմբերին։
2․ Համերգ Ջիմի համար
Ջիմ Հովհաննիսյանի պատմությունը անցած տարվա վերջին տարածվել էր սոցիալական ցանցերով։ Դպրոցական տարիքի տղան գենետիկ բարդ հիվանդություն ուներ, որի հետևանքով կորցնում էր շարժվելու ունակությունը։ Նրա մայրը բոլորիս լավ ընկերն էր՝ Անահիտը, որը հիմնադրել էր «Իլիկ» սրճարանը, ու որին մեզնից շատերը պարտական են բազմաթիվ հրաշալի հիշողությունների համար։ Իմանալով, որ Ջիմի բուժումը հսկայական գումարներ է պահանջում՝ մի քանի խմբով որոշեցինք օգնել նրանց ընտանիքին, ու էդպես ստացվեց Concert For Jim-ը՝ Տիեզերք, Ցայգ, Rozen Tal ու Վանական խմբերի մասնակցությամբ, որը հերթական անգամ ստիպեց հիշել հայտնի մեմը՝ faith in humanity restored:
1․ Rozen Tal-ի 8-րդ ծնունդը
Rozen Tal-ի թոնլաբյան համերգները վաղուցվանից կայացած ավանդույթ են, սակայն դրանցից մեկն իսկապես պատմական դարձավ։ Համերգը նվիրված էր խմբի 8-ամյակին, և Rozen Tal-ի ելույթի ընթացքում բեմ էին բարձրանում հրավիրյալ երաժիշտներ՝ Դեղ, Սևագիր, Կաթիլ, Ցայգ, Sheygun, Mad Nation, The Bambir և Lav Eli խմբերից։ Ամեն հաջորդ հյուրի հետ ինչ-որ բացառիկ բան էր մտածված, ու համերգն իսկապես բացառիկ էր ու․․․ անվճար։ Կարծում եմ, արդեն պատկերացրեցիք՝ ինչ էր կատարվում։
Մինչ օրս հիշում եմ այն պահը, որ երբ «Ցայգով» դուրս եկանք հանդերձարանից, որ հասնենք բեմին, ու դա պարզապես չստացվեց, քանի որ մարդիկ ամեն տեղ էին՝ բարի վրա, բեմի բոլոր կողքերից և բեմի վրա, միջանցքում, առաստաղից կախված ու անգամ դրսում՝ բաց դռնից ներս նայելով։ Լեգենդն ասում է, որ այդ օրը մուտքի հերթը ձգվում էր մինչև Պոնչիկանոց, իսկ մեզ համար համերգը թեև մի լավ դաս եղավ, այնուամենայնիվ, մնաց ամենախելահեղ հիշողություններից մեկը։