Թումանյանի այգու կլոր շենքի վերագործարկումը
Թումո Լաբերն ու 42 Երևան ծրագրավորման դպրոցը վերանորոգում ու վերագործարկում են խորհրդավոր շենքը։
Լուսանկարները՝ Թումոյի արխիվ
Եթե գնում եք Թումանյանի այգում զբոսնելու ու տեսնելով կլոր շենքում ընթացող շինարարական աշխատանքները անհանգստանում եք, թե մի անճաշակ ռեստորան չսարքեն հանկարծ (համապատասխան կենդանի երաժշտությամբ), կարող եք հանգիստ շունչ քաշել․ այստեղ կլինի Թումո Լաբերի ու 42 Երևան նախագծի նոր ուսումնական տարածքը։
Ընդ որում, այսօր արդեն քչերը գիտեն, թե ի սկզբանե ինչ գործառույթ ուներ խորհրդավոր, արդեն վաղուց լքված շենքը։ Սա եղել է «Մանկական տեխնիկական ստեղծարարության տուն», որը կառուցվել է 1960-ականներին և պատկանել է խորհրդային Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկին` տեխնիկական և էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ զբաղվող «Սիրիուսին»։ Կենտրոնը զբաղվել է պատանիների ու երիտասարդ մասնագետների կրթությամբ էլեկտրոնային տեխնիկայի ոլորտում ու աշխատանքի է ուղղորդել նրանց երկրի առաջատար գիտական ու արտադրական կենտրոններ:
Ինչպես նշում է Թումո կենտրոնի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը, «Մեր նպատակն է Թումանյանի այգու ողջ տարածքը իր ենթակառուցվածքներով ու մասնավոր հատվածներով նվիրել կրթական ու մշակութային գործառույթների: Մեզ համար սկզբունքային էր այդ շենքը դարձնել կրթական միջավայրի բաղկացուցիչ, վերականգնել այն որպես կրթական նորարարական տարածք: Խորհրդային շրջանում «Սիրիուս» գործարանի տեխնոլոգիական կենտրոն լինելու մասին իմացանք շենքի վարձակալության բանակցությունների ընթացքում, և դա, կարծես, ևս մի նշան էր, որ ճիշտ որոշում ենք կայացրել»։
Իհարկե, երբ խոսքը գնում է խորհրդային տարիների ճարտարապետական ժառանգության մասին, միշտ կարևոր է հասկանալ, թե ինչ միջամտություններ են արվելու նախագծում, ինչ է ավելանալու ու փոփոխվելու։ Թումանյանի այգու կլոր շենքի վերակառուցման աշխատանքներով զբաղվում է Թումոյի ճարտարապետական թիմը։ Անկախության շրջանում շենքի սեփականատերերի կողմից արդեն իսկ արվել են ներքին հարդարանքի ու կառուցվածքի որոշակի միջամտություններ, և այն շեղվել է իր սկզբնական նախագծից: Թումոյում, իրենց հերթին, նախագիծը հնարավորինս մոտեցրել են իր առաջնային տեսքին: Միակ հավելումը, որ արվել է, պարույրաձև թեքահարթակի ներկառուցումն է՝ կիսահարկին մատչելի մուտք ապահովելու համար։
Թումանյանի այգու կանաչի մեջ կորած շենքը կունենա 3 հարկ, լի կլինի արևի լույսով, ազատ տարածքներով ու տեխնոլոգիական նախագծերով: 2022 թվականի հունվարից 42 Երևանի շուրջ 350 և Թումո Լաբերի ինքնուսուցման ու բազմաթիվ նախագծերի ուսանողները կկարողանան այստեղ կառուցել իրենց մասնագիտական ապագան: