Թումո ստուդիաների նոր հասցեն
Հունիսի 8-ին Արամի 44 հասցեում բացվեց Թումո ստուդիաների նոր տարածքը։
11.06.2025Արամի 44 հասցեում գտնվող սև տուֆից կառուցված շենքը հին Երևանից պահպանված բեկորներից մեկն է։ 1910 թվականին այն կառուցել է ալյուրի մատակարարմամբ զբաղվով հարուստ գործարար Ֆադեյ Թադևոսյանը։ Շենքն ի սկզբանե երկու հարկ ուներ․ երրորդն ավելացվել է 1930-ականներին։
Խորհրդային տարիներին Արամի 44-ը դարձավ Երևանի պետական կոնսերվատորիայի առաջին տունը։ Հենց այստեղ են մինչև 1948 թվականը ուսուցանել և ստեղծագործել Ռոմանոս Մելիքյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Կոնստանտին Սարաջևը և մի շարք այլ կոմպոզիտորներ։
Ավելի ուշ այստեղ է գործել Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղերից մեկը, իսկ շենքի վերջին բնակիչը՝ Երևանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, որն այստեղ էր գործում 1969 թվականից ի վեր, վերջերս տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենք։
Թումո ստուդիաները Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագիրն է, որն իրականացվում է Ճոն և Հասմիկ Մկրտիչեանների հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել հայ դիզայներների և արհեստավորների նոր սերնդին՝ հայկական արհեստագործական ավանդույթների զարգացման և տեղական արտադրության դիզայներական ապրանքների որակի բարձրացման գործում։
Կանոնավոր կրթական ծրագրից զատ, նոր վայրում կանցկացվեն դասախոսություններ և այլ միջոցառումներ՝ ուղղված դիզայնի, արվեստի և արհեստագործության զարգացմանը: Իսկ Արամի 44-ի առաջին հարկում տեղակայված խանութից կարելի է գնել ստուդիաներում ստեղծված արտադրանքը։