Թումոյի ցատկող գնդակները
Անիմացիա

Թումոյի ցատկող գնդակները

Ինչպես Թումոն մի քանի տարում դարձավ հայկական անիմացիայի նոր կադրերի ստեղծման գլխավոր կենտրոնը, փորձի փոխանակման համար Երևան բերեց Pixar-ի պրոդյուսերին ու The Simpsons-ի անիմատորին, իսկ հետո օգնեց իր շրջանավարտներին ստուդիաներ բացել։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկաները՝ Հարութ Մալխասյանի, ԹՈՒՄՈ 

 

ԵՐԵՎԱՆ #74 | 2022

Շարժման մեջ

Թումոն միշտ շարժման մեջ է։ Թվում է՝ չկա շենքի մի անկյուն, որտեղ դատարկ է։ Երբ ներս ես մտնում այգու կողմից, առաջին հայացքից կարող է թվալ, թե խառը իրավիճակ է, բայց մի քանի վայրկյան ուշադիր նայելով՝ հասկանում ես, որ բոլորը զբաղված են որևէ հստակ գործով։ Ուսանողների մի մասն առաջին հարկի համակարգիչների առաջ զբաղվում է ինքնուսուցման վարժանքներով, մյուսներն ապակեպատ կանաչ սենյակներում ուշադիր լսում են դասընթացավարին և աշխատում իրենց նախագծերի վրա։ Թումոյի այլ հարկերում՝ բոլոր սենյակներում ևս աշխատանքային վիճակ է։ Շենքը կառուցված է այնպես, որ ուսանողները տեսնում են, թե ինչպես է աշխատում Թումոյի ստեղծարար թիմը, իսկ վերջիններս էլ իրենց սենյակներից ականատես են լինում կանգ չառնող պատանիների հոսքին Թումոյի ներսում և ուսանողների ամենօրյա արդյունքներին։  


Բայց այս անգամ մեզ հետաքրքրում է անիմացիոն բաղադրիչը, որը Թումոյում ուսուցանվող կարևոր ուղղություններից է հաստատության հիմնադրման առաջին օրվանից։ Դրանում մեծ դեր է խաղում այն, որ Թումոյի կառավարման խորհրդի անդամ է Pixar անիմացիոն ստուդիայի պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանը։  

 

ԹՈՒՄՈ դասընթացավար Տիգրան Մինասը

 

 

Թումոյից դուրս

Թումոյում տիրող անդադար ստեղծագործ աշխատանքի արդյունքում պարբերաբար ձևավորվում են փոքր և մեծ թիմեր, ստեղծվում են համագործակցություններ այլ կազմակերպությունների հետ։ Նման նախագիծ էր «Քուչա» անիմացիոն մինի սերիալը, որը ստեղծվել է Թումոյի առաջին ստարտափի՝ Yelling studio-ի կողմից։ Քուչան, որն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, հիմնականում հեղինակների հավաքական մանկության մասին է՝ հիմնված նրանց և այլ մարդկանց հիշողությունների վրա։ 


Սկզբում երիտասարդ անիմատորները շրջել են Երևանով և մարզերով, լուսանկարներ արել, որպեսզի հետո հենց այդ լուսանկարների վրա ստեղծեն անիմացիոն պատկերապատումը։ Ուսումնասիրել են նաև հայկական յութուբյան վլոգերը։ Այդ ընթացքում խոսել են տարբեր մարդկանց հետ, որոնց մանկությունը նույն ժամանակահատվածում է անցել։ Մի պահից էլ որոշեցին ինտեգրել այդ տարիների փորձառությունն այսօրվա պատկերի մեջ։ 


Yelling-ի թիմից Տիգրանը Թումոյի ուսանող չի եղել և առաջին առնչությունը Թումոյի հետ հենց «Քուչայի» շրջանակում էր։ «Մեր հիմնական նպատակն էր ստանալ անիմացիա, որը կցանկանայինք տեսնել որպես Հայաստանում ապրող երեխա,– պատմում է Տիգրանը,– մի բան, որն այսօր տեսնելով, երեխաները կասեին՝ օօօօ՜»։

 

Գնդակներ և ընկնող դաշնամուրներ

Տիգրանն այսօր Թումոյի դասընթացավար է։ Նրան բռնացրինք իր դասընթացից կես ժամ առաջ և միասին իջանք մատիտների հետևից։ Երբ վերադարձանք, Տիգրանը միացրեց LTJ Bukem-ի Demon’s Theme գործը, իսկ այդ ընթացքում ուսանողները սկսեցին մտնել ու տեղավորվել համակարգիչների առաջ։ Այսօր նրա՝ առաջին մակարդակի խմբի նախավերջին դասն էր։


Թումոյի անիմացիոն դասընթացների առաջին մակարդակում ուսանողները սկսում են կատարել ցատկող գնդակի վարժությունը։ «Այդ պարզ վարժանքով կարելի է ներկայացնել անիմացիայի բոլոր 12 սկզբունքները»,– ասում է Տիգրանը՝ սենյակ մտնող ուսանողներից վերցնելով նրանց անցաքարտերը։

 

Դրվագ Disney-ի Arjun անիմացիոն ֆիլմի ռեժիսոր, հնդկական անիմացիայի լեգենդ Արնաբ Չաուդուրիի աշխատարանից


Յուրաքանչյուրի գնդակը կարող է լինել տարբեր, ունենալ նախապատմություն և դիմագծեր։ Դասընթացի այդ ցիկլի ավարտին գնդակը պետք է շարժման մեջ լինի։ Այս ամենի արդյունքում պատանին ոչ միայն սովորում է անիմացիա ստեղծել, այլև ծանոթանում է ֆիզիկայի օրենքներին, սկսում է պատկերացնել, թե ինչպես է շարժման մեջ փոխվում առարկայի տեսքը և այլն։ Երկրորդ փուլում ուսանողների առջև դրված խնդիրներն ավելի են բարդանում, ծանոթանում են անիմացիայում ընդունված տարբեր մոտեցումներին, կերպարներ զարգացնում և ստիպում, որ այդ կերպարն իրենց ուզած գործողությունն անի։ Այստեղ ամենակարևորն այն է, որ ստեղծած պատմությունը սկիզբ և հանգուցալուծում ունենա։ Օրինակ՝ մարդուկը վազի և մի պահ նրա գլխին դաշնամուր ընկնի։ 


Արդեն երրորդ փուլի ավարտին պատանիներին ստեղծագործական ազատություն է տրվում։ Նրանց սովորեցնում են պատմություն ներկայացնելու մեթոդները. սթորիբորդից, անիմացիայի վերածելուց մինչև մաքրագրում ու գունավորում։ Վերջնարդյունքը պետք է լինի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ։ 

 

The Simpsons-ի layout արտիստ ու անիմատոր Ելենա Գեոդակյանի աշխատարանի ընթացքում

 

 

Դժոխք, Քավարան, Դրախտ 

Գոհար Սարգսյանը Թումո է հաճախում շուրջ վեց տարի։ Նրա խոսքով՝ ավելի շատ նկարում է, քան խոսում և որոշել է հենց անիմացիայի ուղղությամբ էլ շարունակել իր ճանապարհը։ Այնպես որ՝ Թումո ի սկզբանե եկել էր հենց անիմացիայի և ֆիլմերի ստեղծումով զբաղվելու նպատակով։ Նրան հանդիպեցինք հենց կենտրոնի արվեստանոցներից մեկում։


Գոհարն այս պատերում ծնված մեկ այլ նախագծի ստեղծագործական թիմից է։ Անցյալ տարի Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյակի առիթով Թումոն առաջարկ ստացավ նրան վերաբերող վիզուալ արվեստի գործ ստեղծել։ Կոմիքս արտիստ Շամիրամ Խաչատրյանի հետ միասին Թումոյի ուսանողներն անիմացրեցին «Աստվածային կատակերգություն» պոեմի բոլոր երեք մասերը՝ Դժոխքը, Քավարանն ու Դրախտը՝ ստեղծելով դրանց առաջին հայերեն քարտեզները:


Աշխատանքները տևեցին շուրջ երկու ամիս։ Առաջին շաբաթներին ուսանողներն ուսումնասիրում էին ստեղծագործությունը, միասին քննարկում, մասնակցում դասախոսություններին։ Հետո արդեն ամեն մարդ անցավ իր աշխատանքին, ուսումնասիրելով կերպարներին՝ սկսեցին նկարել։ «Ամենահետաքրքիրը դժոխքի հատվածի պատկերումն էր,– հիշում է Գոհարը,– հիմնական գործող անձիք Դանթեն, Վիրգիլիուսն ու Բեատրիչեն էին, որոնց կերպարները ստեղծում էինք՝ ուսումնասիրելով հին նկարները»։


Դանթեի նախագծի ավարտից հետո թիմից մի քանի ուսանողներով որոշեցին միասին շարունակել աշխատանքը և ստուդիա հիմնել։ Նորաբաց Syndicats-ն այժմ աշխատում է Ապոկալիպսիսի ձիավորների մասին կոմիքսի վրա. ըստ սյուժեի՝ Սատանան գործից հանել է ձիավորներին և նրանք ստիպված տեղափոխվել են Կոնդ։

 

Արնաբ Չաուդուրիի աշխատարանը

 

Թումոցիների պատրաստած՝ «Աստվածային կատակերգություն» անիմացիոն նախագիծը

 

Արկածների ժամանակը

Դասընթացներից զատ Թումոյում պարբերաբար անցկացվում են տարբեր աշխատարաններ, որոնց շրջանակում ուսանողների հետ աշխատում են ոլորտի մասնագետներ թե՛ տեղացի, թե՛ արտասահմանից։ Աշխատարանների շրջանակներում հայտնի անիմատորներն ամեն օր աշխատում են ուսանողների հետ՝ դառնալով մի թիմ։ Մինչ համավարակը տարեկան կտրվածքով Թումոյում իրականացվում էր շուրջ 150 աշխատարան, որոնց ընթացքում, օրինակ՝ Sponge Bob Square Pants-ի և Adventure Time-ի կադրավորման տնօրեն Նեյթ Քեշի հետ Թումոյի ուսանողներն աշխատել են իրենց սիրած մուլտֆիլմերի հեղինակներից մեկի հետ: Յուրաքանչյուր ուսանող մտածել է պատմություն, դրա հիման վրա նկարել է Adventure Time-ի նոր էպիզոդ ու իրականացրել է էպիզոդի հնչյունավորումը: 


Իսկ լեգենդար The Simpsons-ի լեյաութ-արտիստ ու անիմատոր Ելենա Գեոդակյանի հետ մասնակիցներից յուրաքանչյուրը երկու շաբաթվա ընթացքում ստեղծել է սեփական couch gag-ի (սերիալի այցեքարտը դարձած բացման հոլովակը, որտեղ դեղնամաշկ ընտանիքը տեղավորվում է հյուրասենյակի բազմոցի՝ couch-ի վրա) տարբերակը, ինչպես նաև «սիմփսոնացրել» է ինքն իրեն։ 

 

Թումոյի շրջանավարտ Հակոբ Մուրադյանը, որն այժմ աշխատում է MPC Film ստուդիայում, եկել էր Թումոյի պատանի ուսանողների հետ աշխատելու


Disney-ի Arjun անիմացիոն ֆիլմի ռեժիսոր, հնդկական անիմացիայի լեգենդ Արնաբ Չաուդուրիի կողմից Թումո Երևանում և Բեյրութում անցկացված աշխատարանների շրջանակում ուսանողները ստեղծել են ամբողջական անիմացիոն ֆիլմեր՝ իրենց օրիգինալ գաղափարները հասցնելով վերջնական արդյունքի: Աշխատարաններից մեկի հյուրը եղել է Լիզ Արթինյանը, որը ներկայումս Netflix-ի դեռ չհրապարակված անիմացիոն նախագծի արտ տնօրենն է և ժամանակին աշխատել է Atomic Cartoons ու Cartoon Network ստուդիաներում։ 


Այսքանից հետո, թերևս, զարմանալի չէ, որ Թումո մտնող պատանիները կարող են նվիրվել անիմացիայի կախարդական աշխարհին։ Ոմանք հետո այլ ուղիներ կընտրեն, իսկ մյուսներն այս աղմկոտ միջանցքներից դուրս կգան որպես հայկական անիմացիայի նոր հսկաներ։ Սպասու՜մ ենք։

հավելյալ նյութեր