Տուն-տունիկ
Փարաջանով 100

Տուն-տունիկ

Առաջին անգամ Փարաջանովի կյանքը կդառնա անիմացիոն ֆիլմի հիմք. 15 րոպեանոց «Տուն-տունիկ» անիմադոկի հիմքում Փարաջանովի թբիլիսցի ընկեր, լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հուշերն են։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով ռեժիսոր-անիմատոր Ալեքսեյ Երմոլաևը պատմել է, թե ինչպես ծագեց ֆիլմի գաղափարը, ինչու է այն կառուցված Փարաջանովի տան գաղափարի շուրջ և ինչպես ընտրվեց ֆիլմի կոլաժային տեխնիկան։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Պատկերները՝ «Տուն-տունիկ» ֆիլմից

 

ԵՐԵՎԱՆ #86 | 2024

#Կինո #Փարաջանով100

Ի՞նչ է նշանակում վավերագրական անիմացիա

Անիմադոկի ժանրն իրականում բնավ նոր չէ, բայց վերջին տարիներին հատկապես տարածվեց։ Եթե կարճ բնութագրենք ժանրը, ապա պիտի ասենք, որ սա անիմացիոն ֆիլմ է, որի հիմքում ընկած է որևէ վավերագրական նյութ։ Մեր դեպքում այդ նյութը լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հուշերն են, բայց մենք չենք հետևում դրանց տառացի, այլ հիմնվելով դրանց վրա՝ ստեղծում ենք մեր թեմատիկ ֆանտազիաները։ Դա նաև համապատասխանում է Փարաջանովի սկզբունքին, որով նա լցնում էր իր կյանքը հորինվածքներով ու լեգենդներով։ 

 

 

 

Իրականություն բեմադրողը

Մեչիտովի հետ ծանոթացել եմ կնոջս մոր՝ Ալիսա Ստրուկովայի շնորհիվ։ Երկար տարիներ նա Պատուհան դեպի Եվրոպա փառատոնի ծրագրային տնօրենն էր, այնպես որ անասելի քանակության կապեր ուներ։ Մենք տեղափոխվել էինք Թբիլիսի կնոջս հետ, մի օր Ալիսան եկավ մեզ հյուր ու իմիջիայլոց ասաց, որ մի հրաշալի ծանոթ ունի՝ լուսանկարիչ Յուրի Մեչիտովը ու առաջարկեց գնալ նրան հյուր։ Դե, գնացինք։ Հետո ինքը եկավ մեզ հյուր, հետո էլի մենք, մի խոսքով, ընկերացանք։ Փարաջանովի մասին պատմություններն այնքան շատ ու հետաքրքիր էին, որ, ի վերջո, ծնվեց ֆիլմ անելու գաղափարը։ 


Մեչիտովի հետ ժամեր տևողությամբ հարցազրույցներ ունենք ձայնագրած։ Բայց հատկապես մի փաստը ինձ շատ գրավեց ու այդ կետի վրա էլ արդեն կառուցեցինք պատմությունը. Փարաջանովը փոքր ժամանակ շատ էր սիրում քույրերի՝ Աննայի ու Ռուզաննայի հետ «տուն-տունիկ» խաղալ։ Այդ խաղը երևի կա աշխարհի բոլոր մշակույթներում, երբ խաղացողները բաժանվում են տան տերերի ու տան հյուրերի, իրենց շուրջ կառուցում են երևակայական տուն ու սկսում բեմադրել այդ իրականությունը։ Ինձ դուր եկավ այն միտքը, որ գուցե այդ մանկական խաղից ոգեշնչված էր Փարաջանովը հետագայում խաղի վերածում իր կյանքն ու բեմադրում իրեն շրջապատող իրականությունը։ 

 

 

Առանց հայտնի պատմությունների

Մոտ մեկ տարի մտորում էի, թվում էր, թե՝ գաղափարը չափազանց պարզ է. կա հանճար, կա հանճարին ճանաչող մարդ՝ ահռելի քանակությամբ պատմություններով ու վավերագրությամբ, մի՞թե ոչ ոք դրա մասին ֆիլմ չի արել։ Պարզվեց, որ չէին արել։ Համենայն դեպս՝ այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում ստանալ։ 


Որպեսզի մեր ֆիլմը տարբերվի Փարաջանովի մասին մյուս գործերից, որոշեցինք հրաժարվել «Սև ագռավի թռիչքը» լուսանկարից։ Դա, իհարկե, հրաշալի կադր է, բայց արդեն այնքա՜ն են օգտագործվել, այնքա՜ն է հայտնի բոլորին, որ մենք որոշեցինք օգտվել Մեչիտովի բազմաթիվ այլ լուսանկարներից, որոնց մեջ էլ Փարաջանովի կերպարը հրաշալի կերպով բացվում է։ Նույն կերպ հրաժարվեցինք այն հայտնի լեգենդից, թե երբ նա փոքր էր, ծնողները նրան տալիս էին բերանում թաքցնելու ու ոչ մի դեպքում կուլ չտալու ընտանեկան ադամանդները, երբ ՆԿՎԴ-ից գալիս էին օբիսկի։ 

 

 

 

Փարաջանովի մեթոդներով

Իրականում ես վաղուց եմ աշխատում կոլաժային անիմացիայի տեխնիկայով, իսկ ահա այս ֆիլմը երբ սկսեցինք, մտքովս անցավ անել նկարչական տեխնիկայով։ Բայց նախապատրաստական փուլում, ում հետ որ քննարկում էի, բոլորը համոզում էին վերադառնալ կոլաժին՝ հաշվի առնելով Փարաջանովի սերը այդ ժանրի հանդեպ։ Չգիտեմ՝ իրեն դուր կգար, թե չէ մեր ստացած արդյունքը, բայց գործելաոճը երևի թե կգնահատեր։ Ի վերջո, ինքն էլ հաճույքով ու հավեսով իր անկրկնելի գործերը ստանալու համար օգտվում էր, օրինակ, Լեոնարդո Դա Վինչիի կտավներից, ընդհանրապես չէր նեղվում հեղինակային իրավունքի գաղափարից, որովհետև կարևորը վերջնարդյունքն էր համարում։ Մենք էլ կփորձենք ազատորեն օգտվել իր հետ կապված բազում նյութերից՝ այդ ոգին փոխանցելու համար։ Հուսամ, որ վերջում չենք ամաչի Փարաջանովից։ 

 

Քաղաքը՝ որպես գլխավոր հերոս

Թբիլիսին լինելու է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը։ Մեզ համար շատ կարևոր էր փոխանցել քաղաքի ոգին, որը ես շատ եմ սիրում։ Զարմանալիորեն, սակայն, փարաջանովյան հետքեր այստեղ գրեթե չեն մնացել. թանգարանը Երևանում է, իր ապրած տանը հիմա սովորական հյուրանոց է գործում… Դրա համար մեր առաքելություններից մեկն էր նաև Փարաջանի օրոք եղած Թբիլիսին հավերժացնելը, ցույց տալ ինչպիսին էր քաղաքի ոգին, ինչ պայմաններում էր նա ապրում։ Դա ջերմ ու աշխույժ քաղաք էր, որը լի էր կախարդանքով ու լցված էր սիրով։ 


Արվեստանոցում, որտեղ մենք աշխատում ենք, մի հարևան ունենք՝ պապիկ է, որն ամեն օր դուրս է գալիս պատշգամբ ու ծխում։ Երբ ծխախոտը վերջանում է, նա անցորդներին է ձայն տալիս ու նրանցից նոր գլանակ ուզում։ Եթե համաձայնվում են, պարանով իջեցնում է զամբյուղը, բարձրացնում վերև ու շարունակում իր թբիլիսյան օրը վայելելը… Այսպիսի փոքր բաներն էլ այսօրվա Թբիլիսիից շատ համահունչ ներթափանցում են պատմության մեջ։ Շատ հավես է, որ քաղաքը ինքն է տալիս այդպիսի համովություններ։ Պատահում է, որ օպերատորի հետ աշխատելիս պարզապես դուրս ենք գալիս պատշգամբ, նայում քաղաքին, ուսումնասիրում լույսը, հետո վերադառնում ստուդիա, այդ ամենը փորձում փոխանցել մեր ֆիլմին։ 

 

 

 

Երբ «Տուն-տունիկը» կբացի դռները

Փարաջանովի գլխավոր տարբերությունը մյուս նկարիչներից այն է, որ նրա հետ կապված բացարձակ ամեն ինչ՝ հարցազրույցներից ու նամակներից մինչև խանութի կտրոններ, ամեն ինչ իր մեջ ունի ինչ-որ գեղարվեստական հետաքրքրություն, խենթ գաղափարներ, անհավատալի դետալներ։ Նա այնքան հետաքրքիր ու բազմազան ժառանգություն է թողել, որ կարելի է դեռ մի տասնյակ ֆիլմ էլ նկարել։


Հիմա ունենք «Տուն-տունիկի» նկարահանած երկու րոպե, աշխատում ենք մեր այլ նախագծերին զուգահեռ, վերջերս նաև սկսեցինք Հայաստանում համագործակցել ՕնՕֆֆ ստուդիայի հետ՝ այն հույսով, որ շուտով կունենանք բավարար ֆինանսավորում ու մոտ երկու տարում կավարտենք ամբողջապես։

հավելյալ նյութեր