Տպագրությունը էական է․ VisualGapGallery-ի նոր նախագիծը
Ցուցահանդես

Տպագրությունը էական է․ VisualGapGallery-ի նոր նախագիծը

«Տպագրությունը էական է» ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ տպագրության ընձեռած հնարավորությունների ու կարևորության մասին ԵՐԵՎԱնը զրուցել է VisualGapGallery-ի և VisualGap-silkscreen priting studio մետաքսագրության արվեստանոցի հիմնադիր Մերի Մունի հետ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Visual Gap Gallery

#Արվեստ

Ինչպես հիմնադրվեց

2007-ին Մերի Մունն ու Հայկ Թութունջյանը հիմնադրեցին VisualGapGallery-ին։ Կազմակերպվեցին առաջին ցուցադրությունները։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց մի տարածք, որը ստեղծագործական հարթակ հանդիսացավ երիտասարդ ժամանակակից արվեստագետների համար։ 2018 թվականից Գյոթե կենտրոնի աջակցությամբ, VisualGapGallery-ին հիմնադրեց VisualGap-silkscreen priting studio մետաքսագրության արվեստանոցը, որի նպատակն էր ոչ միայն տպագրել արվեստագետների սահմանափակ քանակով տպագրությունների օրինակներ, այլև նպաստել գեղարվեստական տպագրության, այդ թվում ազդագրերի, բացիկների, զարգացմանը Հայաստանում, կազմակերպել փառատոնային ծրագրեր, ներգրավել երիտասարդներին, ծանոթացնել ժամանանակակից տեխնիկաների հետ, զարգացնել արխիվացման գաղափարը և ստեղծել համապատասխան վայր տպագրությունները պահպանելու նպատակով։ 

 

 

 

Տպագրությունը էական է

Արդեն այս տարի Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ Գյոթե կենտրոնի  ցուցադրությունների սրահում բացվեց «Տպագրությունը էական է» գեղարվեստական  տպագրությանը նվիրված ցուցադրությունը: Ցուցադրությանը մասնակցում են Հայասատանում ապրող և ստեղծագործող արվեստագետներ, որոնք ներկայացնում են գեղարվեստական տպագրության տարբեր տեխնիկաներ: Արվեստագետներն ընտրվել են ըստ սերունդների ու տպագրական տեխնիկայի հանդեպ ունեցած հետաքրքրության։ ցուցահանդեսում ներկայացված է 10 տպագրական տեխնիկա՝ մետաքսագրությունից մինչև լուսանկարչություն։   


Ցուցադրվել են Հայկ Մեսրոպյանի, Մերի Մունի, Արա Հայթայանի, Գարիկ Կարապետյանի, Կարինե Մացակյանի, Դիանա Հակոբյանի, Աննա Հակոբյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Տիգրան Սահակյանի, Նազիկ Արմենակյանի (4PLUS), Փիրուզա Խալափյանի (4PLUS), Վաղինակ Ղազարյանի(4PLUS), Մարսել Մայերի, Սարգիս Անտոնյանի, Լուսինե Ղուկասյանի, Լիլիթ Միկոյանի, Սուրեն Սարգսյանի և Կիմա Գյարաքյանի աշխատանքները։


Ցուցահանդեսն ըստ Մերի Մունի, արվեստանոցային գործունեության արդյունքն է և վաղուց հասունացել էր արվեստանոցում ծավալած աշխատանքը ցուցադրելու պահը։ Գաղափարն արտադրանք ստանալն էր։ Ինքն էլ լինելով հայաստանաբնակ արվեստագետ՝ սուր կերպով զգում է սոցիալական խնդիրը․ ինչպե՞ս պիտի արվեստագետը գումար վաստակի Հայաստանում, ովքե՞ր են գնում արվեստ, եթե նրանք կան, ապա որտե՞ղ են և ի՞նչ են նախընտրում գնել։ Այս և շատ այլ հարցեր Մերիին ստիպեցին ստեղծել սեփական միջավայրը, շուկան ու նպաստել այդ շուկայի զարգացմանը՝ արվեստն ավելի հասանելի ու մատչելի դարձնելու ճանապարհով։ 

 

 


«Պետք է շատ տպել, ես խրախուսում եմ տպագրությունը։ Արվեստագետն էլ տպելիս մի տեսակ ցանկություն է ունենում էլի ու էլի տպելու, ու դա օգնում է, որ այն, ինչ անում ենք հնարավորինս շատ տարածվի։ Մեր գործունեությունը միտված է նախ և առաջ արվեստը տարածելուն։ Ու ես շատ բացիկների հետևում պարզապես հայերեն եմ գրում, որ մեր լեզուն էլ պարզապես գնա, տարածվի»։ 


Այսպես՝ սահմանափակ թվով ու տպագրական բազմազան տեխնիկաներով տպագրվող աշխատանքները՝ արվեստագետի ստորագրությամբ հասանելի են գնորդին ավելի քան երբևէ։ Իհարկե, որքան մեծ է տիրաժը, այնքան գինն էլ ավելի մատչելի է։ Բայց, իրականում ոչ մի տարբերություն չկա, բոլորն էլ օրիգինալ ստորագրությամբ գործեր են և հենց դրանում է տպագրական գրաֆիկայի հմայքը։ 

 

Ի դեպ, վերջին հանդիպումը արվեստագետների հետ տեղի կունենա դեկտեմբերի 23ին, ժամը` 17։30։ Բացառիկ հնարավորություն է ներկա գտնվելու և հարցեր ուղղելու հեղինակներին։

հավելյալ նյութեր