Trinity-ի աշխարհը
Ին Վինոյի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը ԵՐԵՎԱՆին պատմել է, թե ինչպես նկուղային հարկի ակումբից ծնվեց մի ամբողջ գաստրո էկոհամակարգ՝ The Club-ը, Ին Վինոն, Տապաստանը, Սթեյքարարը և 6100-ը՝ գինու բարը։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Trinity
ԵՐԵՎԱՆ #91 | 2026
Հայկական խոհանոցի հոգին
Երևանի կենտրոնում՝ Թումանյան-Փարպեցի խաչմերուկի նկուղային հարկում, 2004 թվականին բացվեց մի վայր, որը դժվար էր մի բառով բնորոշել։ Ցուցասրա՞հ, ռեստորա՞ն, թեյարա՞ն։ Ամեն ինչ միաժամանակ և ավելին։ Ձևաչափն ակումբային էր իր բուն իմաստով, բայց ոչ թե փակ ու էլիտար, այլ բաց, ազատ, ստեղծագործ։ Մի տեղ, որտեղ մարդիկ գալիս էին ոչ թե սպառելու, այլ ստեղծելու ու կիսվելու։
Շատ կարճ ժամանակում այն անխուսափելիորեն դարձավ ստեղծագործ մարդկանց հավաքատեղին։ Համերգներ, ցուցադրություններ, pecha kucha-ներ, ոչ ֆորմալ հանդիպումներ և հրաշալի խոհանոց։ Ով գալիս էր Հայաստան, անպայման բերում էին The Club։ Հայտնի այցելուներից մեկը Պաուլու Կոելյուն էր, որը հեռանալուց մենյուի վրա մի գրություն թողեց. «The Club-ն այն վայրն է, որտեղ ես լսեցի Հայաստանի հոգին»։

Նկուղային հարկում գտնվելու հանգամանքը, որ առաջին հայացքից կարող էր խոչընդոտ թվալ, հենց The Club-ի բնավորության մի մասն էր։ Մի օր բարձրաստիճան պաշտոնյայի թիկնապահը, ներս մտնելով ու բետոնե ինտերիերը տեսնելով, վերևում կանգնած գործընկերոջը հաղորդեց. «Չէ, ախպեր, ստեղ հլը ռեմոնտ ա»։ Բայց հենց այդ խաբուսիկ պարզությունն էր, որ The Club-ին տալիս էր իր գրավչությունը։
Մի քանի տարի անց հիմնադիրները հասկացան, որ հյուրերը շատ գոհ են մնում խոհանոցից ու միջավայրից, բայց հայկական գինին չի արդարացնում նրանց սպասելիքները։ Որոշեցին գնել խաղողի այգիներ Վայոց Ձորում և սկսեցին սեփական գինու արտադրությունը. այսպես ծնվեց Trinity Canyon Vineyards-ը։
Գինու գրագետ մատուցում
Trinity Canyon Vineyards-ի հետ զուգահեռ մի կարևոր հարց առաջ եկավ՝ որտե՞ղ կարելի է պարզապես նստել ու մի գավաթ որակյալ գինի վայելել։ Ոչ թե պարտադիր ընթրիքի հետ, ոչ թե երկար մենյուի առաջ, այլ՝ ճիշտ ջերմաստիճանով մատուցված, գրագետ ներկայացված, թեթև նախուտեստների ուղեկցությամբ։ 2012 թվականին այդ հարցի պատասխանը դարձավ Ին Վինոն։
«Սկզբի տարիներին հաճախ էին հարցնում՝ իսկ օղի՞, կոնյա՞կ,– պատմում է Մարիամը,– բայց մենք չէինք հանձնվում. պատասխանը միշտ նույնն էր՝ միայն գինի»։ Ին Վինոն պետք է լիներ մի վայր, որտեղ յուրաքանչյուր շիշը պատմություն է։ Ուտեստներն էլ այդ նույն փիլիսոփայության շուրջ ձևավորվեցին։ Միայն հմտորեն ընտրված պանիր, երշիկ, ձիթապտուղ և տեղում թխվող հացով սենդվիչներ՝ գինու ցանկի հետ գրագետ համադրված։ Իսկ որպես աղանդեր՝ Տրինիտիի խաղողի մաթով պատրաստված յուրահատուկ շարոցը։
Գինու մասին իրենց գիտելիքները զարգացնելու և հյուրերին ճիշտ ներկայացնելու նպատակով Մարիամն ավարտեց գինու ակադեմիան, իսկ թիմի անդամները պարբերաբար մասնակցում են տարբեր դասընթացների՝ հրավիրյալ մասնագետների հետ։ «Գինու մշակույթը սկսվում է այն մարդուց, որը քեզ այն գրագետ մատուցում է։ Այդ պատճառով էլ այս ոլորտը նաև անդադար կրթվելու և սովորելու մասին է»,– վստահ է Մարիամը։

Տապաների տունը
Բացումից ընդամենը մի քանի տարի անց Ին Վինոյի հյուրերի մոտ կրկին մի հարց առաջացավ՝ արդյոք մենյուն կընդլայնվի՞։ Երբ մի քանի քայլ այն կողմ ընդարձակ տարածք ազատվեց, պատասխանն ինքնըստինքյան եկավ։ Այդպես ծնվեց Տապաստանը։ Անվանումը կարող է մի պահ շփոթեցնել, բայց շուտով ամեն ինչ պարզ է դառնում. խոսքը ոչ թե տափաստանի, այլ իսպանական տապաս ձևաչափով հայկական ուտեստների մասին է։ Փոքր ուտեստներով`մեծ խնջույք։
Տապաստանը դարձավ քաղաքի ամենաընդարձակ գինու տեսականին ունեցող ռեստորանը՝ ոչ միայն ֆրանսիական կամ իտալական, այլ չինական, չիլիական, արգենտինական, և, իհարկե, հայկական։ Երբ InVino-ն նոր էր բացվել, ցանկում կար 600 գինի գրեթե ամբողջ աշխարհից։ Այսօր 600-ը միայն հայկական գինիներն են, իսկ ցանկում ընդհանուր առմամբ 1800 տեսակ է ներկայացված։ Այս բոլոր գինիները հասանելի են Տապաստանի հյուրերին։
Հենց Տապաստանում ավելի խորը ձևավորվեց ուտեստների ու գինու համադրման փիլիսոփայությունը։ Սա շատ կարևոր է, քանի որ սխալ ընտրված գինին կարող է փչացնել նույնիսկ ամենահամեղ ուտեստի տպավորությունը։ Այս գաղափարը կյանքի կոչվեց հատուկ երեկոների տեսքով, որտեղ այցելուներն իրենք են բացահայտում, թե ինչպես է գինին «խոսում» տարբեր համերի հետ։


Քարի վրա
2022-ին Տապաստանի և Ին Վինոյի միջև տեղավորվեց ընկերության մեկ այլ նախագիծ՝ Սթեյքարարը, որը նոր կյանք հաղորդեց դեռ The Club-ից ծանոթ ու սիրված մի ձևաչափի՝ քարի վրա մատուցվող սթեյքին։ Տաք քարը սեղանին, միսը՝ հենց քո նախընտրած ձևով պատրաստվող։ Ամբողջ մենյուն կառուցված է հենց այս պահի շուրջ։
«Սթեյքարարը Հայաստանում առաջին զրո թափոնով (zero-waste) ռեստորանն է,– ասում է Մարիամը,– և սա պարզապես պիտակ չէ. ռեստորանը մշակման է ուղարկում իր բոլոր թափոնները և ամեն ամիս եկամտի մի մասն ուղղում է անտառների տնկմանը՝ չեզոքացնելով սեփական ածխածնային հետքը։ Իսկ սեզոնային բանջարեղենն անմիջապես Վայոց Ձորից է գալիս՝ Տրինիտիի այգիներից»։
6100
Երևանից մի քանի կիլոմետր հեռու՝ դեպի Գառնի տանող ճանապարհին, որտեղ քաղաքն աստիճանաբար տեղը զիջում է անտառին, գտնվում է Woods կենտրոնը։ Շուրջ մեկ տարի առաջ, երբ առաջարկ եղավ այստեղ գինու բար բացել, թիմում հարցականներ կային. Երևանից դուրս, անծանոթ տարածք, անորոշ լսարան։ Բայց կողքին անտառ էր, բնություն, Հայաստանի ամենաակտիվ զբոսաշրջային երթուղիներից մեկը։ Որոշեցինք փորձել։
Այսօր 6100-ը դարձել է սիրված կետ մոտակայքում ապրող բնակիչների և հյուրերի համար։ Կենտրոնի բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցելով՝ 6100-ը ներկայանում է տարատեսակ գինիներով։ Իսկ «Ին Վինոյի» լեգենդար սենդվիչները կարելի է գտնել նաև այստեղ։ Առաջարկվում են համտեսների փաթեթներ, որտեղ մի քանի ժամվա ընթացքում կարելի է որակյալ գիտելիքներ ձեռք բերել գինու մասին։ Իսկ նրանք, ովքեր ուզում են շարունակել ճանապարհը կամ զբոսնել անտառում, կարող են իրենց հետ վերցնել պիկնիկի զամբյուղ՝ համտեսելու արդեն բնության գրկում։

Վերադարձ դեպի Ակումբ
Մի փոքր ընդմիջումից հետո վերաբացվելով՝ The Club-ը ներկայացավ նույն տարածքով, նույն հոգով, բայց ավելի հայկական։ Եթե նախկինում խոհանոցը հայկական էր ֆրանսիական հպումով, այսօր մոտեցումն ավելի արմատային է. նոր հայկական խոհանոց, որտեղ բաղադրիչների 98 %-ը չեն հատել Հայաստանի սահմանները։
Հիմնական ճաշացանկից բացի The Club-ը կրկին ներկայացրեց Սեթ ճաշացանկի ձևաչափը, որն այժմ նոր խորություն է ստացել. չորս ուտեստ՝ բազմազան տարբերակներով ու գինիների համադրությամբ։
Գինու ցանկն էլ ձևավորվել է անսովոր ճանապարհով. գինեգործներից հավաքագրվել են ամեն շշի ստեղծման պատմությունը՝ այգիների, աշխատանքի, մարդկանց մասին։ Այստեղ գինին ընտրում ես ոչ միայն անունով, պիտակով, իր պատմությամբ, այլ նաև գինեգործների առաջարկով՝ քո ընտրած ուտեստների համադրմամբ՝ բացահայտելով մի նոր աշխարհ։ Նույնկերպ, ինչպես այցելուները բացահայտում են The Club-ը՝ հայտնվելով Թումանյան-Փարպեցի խաչմերուկի նկուղային հարկում։