Թղթե ականներ․ ցուցահանդես
Կամո Նիգարյանի պայթյունավտանգ պաստառների շարքը Հայաստանի ազգային պատկերասրահում
Մանրամասն միջոցառման մասին
Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է Կամո Նիգարյանի «պայթյունավտանգ» շարքը՝ պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությամբ։
Սա եզակի հնարավորություն է տեսնելու Կամո Նիգարյանի տպագրված և անտիպ ավելի քան 70 պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին արվեստագետի մասնագիտական զարգացման մասին։ Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային և կինոյի թեմաներին, Նիգարյանը կոտրեց այն իլյուստրատիվ և խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում և Հայաստանում։ 1960-ականների լեհական, կուբայական և արևելա-գերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլեց էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը:
Այնուամենայնիվ, Նիգարյանի սյուրռեալիստական պաստառների էսթետիկորեն այլայլող, մտավորապես սադրիչ բնույթը խորթ էր խորհրդահայ արվեստի համակարգին, որը գրաֆիկական դիզայնի մեջ խրախուսում էր լոկ պոզիտիվիստական, գաղափարականորեն-հաստատող կողմնորուշումները: Արդյունքում, տպագրվել են նկարչի սոսկ մի քանի պաստառային նախագծեր, և 1981 թվականից սկսած Նիգարյանը հիմնականում դիմել է գեղանկարչությանն ու լուսանկարչությանը, հետագա տարիներին միայն երբեմն կատարելով դիզայնի պատվերներ։
Բարեբախտաբար, արվեստագետն իր մասնագիտական գործունեության ուշ շրջանում կարողացավ ամբողջությամբ իրականացնել գրաֆիկական դիզայնի կոնցեպտուալ մոտեցումները՝ Ազգային պատկերասրահի ֆիլմերի ցուցադրության ծրագրի համար պատրաստած պաստառների շարքով: Այս պատկերագրորեն բարդ, բայց միտքը բորբոքող պատկերները ամբողջացնում են Նիգարյանի ետարդիական գեղագիտությունը բազմածիր պատկերային մի լեզվում, որը չէր «վաճառում» կամ պարտադրում որոշակի ապրանք կամ գաղափար, այլ դիտողին տանում էր դեպի պատկերված առարկայի վերլուծական բացահայտում:
«Թղթե ականներ» ցուցահանդեսը, կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից` Երևանի Գյոթեի կենտրոնի համագործակցությամբ։ Ցուցահանդեսի համադրողն արվեստաբան Վիգեն Գալստյանն է։
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 18։00-ին և բաց կլինի մինչև մարտի 6-ը։