UNDO. հայկական ռեպի նոր մետամակարդակը
Ձայնագրություն, որը պետք է լսել ականջակալով՝ Երևանի վիզուալ և էմոցիոնալ աղմուկի ֆոնին։
Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի
Լուսանկարները՝ Լեզվանիի
21-րդ դարի Հայաստանում դեռ շարունակում են թերագնահատել ռեպը։ Թերևս պատճառն այն է, որ մարդիկ հայտնի անուններից բացի (Միշո, 3.33, Վնաս) ոչինչ չգիտեն հայկական ռեպի մասին, որը վաղուց արդեն «քուչի տղեքի» լեքսիկոնից վերածվել է լեզվական ու գաղափարական ամուր կառույցներով տեքստերի։ Ստացվում է՝ շատերը չհասցրին աչք թարթել, մեկ էլ պարզվեց, որ հայկական ռեպում կան պոստմոդեռնիստական և նույնիսկ արդեն մետամոդեռնիստական տարրեր, որ հայկական ռեպը երբեմն ժամանակակից ջազի ու հիփ-հոփի խառնուրդ է, որ հայկական ռեպը վաղուց այլևս հանգավորված սիրո խոստովանություն չէ ուզած աղջկան կամ քուչին։
Նմանօրինակ ռեպի փայլուն օրինակ է «Լեզվանի» լեյբլի՝ վերջերս թողարկած I II III IV by UNDO ալբոմը։
I II III IV-ի կոդերը
Եթե I II III IV-ը լիներ արվեստը հերթական անգամ գրքային դարձնելու փորձ, պիտի ստացվեր, որ 4 թիվը պատահականորեն չէ ընտրված։ Մինչդեռ UNDO-ի թվային տրամաբանությունը միայն պատահականությունների տեսություն է։ Ընդամենը 4 երգից բաղկացած ալբոմը հեղինակներ Հրանտի ու Հովհանի երկխոսությունների շարքն է, ինչպես ձայնագրության մեջ ներգրավված այլ արտիստների (Արտյոմ Մանուկյան, Rastas Staff, A.Chilla), այնպես էլ ունկնդրի հետ։
«Դեռ 2018 թիվն էր, ընկերներիցս մեկը զանգեց, ասեց՝ սենց բան եմ մտածել՝ գրել չորսի մասին։ Պատկերացրու՝ չորս մտածող, չորսն էլ՝ դու։ Էդպես շատ պատահական ծնվեց ալբոմի գաղափարը», - պատմում է Հովհանը։ Ճիշտ նույն տրամաբանությամբ էլ՝ ալբոմի թեման մեկը չէ, այլ էլի 4-ը՝ իշխանություն, զենք, փող, հավատք։ Ու եթե սրան գումարենք «չորս մտածող, չորսն էլ՝ դու» սկզբունքը, ստացվում է՝ արտիստները խոսում են այս 4 թեմաների մասին՝ յուրաքանչյուրը իր պատկերացումներով և սուբյեկտիվ ապրումներով, բայց հանրագումարը մեկն է. առանձին մարդկանց հուզող բոլոր հարցերը ծնված են մեկ ընդհանուր հասարակարգից.
Մեկ-մեկ ձմեռը մեկ-մեկ ամառ ա,
Խախանդ ա, բազառ ա,
Ռուբլի ա, դոլար ա,
Հոթել, խրամատ ա,
Հիմա լա՞վ ա, թե՞ վատ ա,
Մեկա՜:
Պարզ է, որ խրամատից դեպի ռուբլու փոխարժեք ու հակառակը շրջապտույտի մեջ բացի հեգնանքից մարդուն այլ բան չի մնում։
Ապակոդավորում
Ալբոմի կարևոր սկզբունքը էքսպերիմենտալ լեզվամտածողությունն է, քանի որ երգերից յուրաքանչյուրը լի է բառախաղերով և թաքնված թվերով։ I-ում, օրինակ, հերիք չէ՝ անվերջ կրկնվում է «մեկ-մեկ» արտահայտությունը, ընդ որում՝ երկիմաստ, նաև թաքնված է 1 թիվը տարբեր լեզուներով։
Մեկ-մեկ թվում ա` իզուր ապրում ես,
Քաշում ես, քաշվում ես,
Չկա ապագա,
Մեկ-մեկ լինում ա, որ կյանքն անցնում ա,
Դու էլ ղեկին, բայց բացակա
Եթե նախորդ հատվածում բառախաղը պարզ էր, ապա այստեղ թվերը թաքնված են հանգերի մեջ՝
Պլյուս էդ ստորին պետք ա ներեք, փաթաթվեք, սիրեք,
Թե չէ չարը մեջը բորբոքում ա թարախի շիրեք,
Նույն տրամաբանությամբ էլ 4-րդ երգի առաջին մասի յուրաքանչյուր տողը սկսվում է «չորս» բառով.
Չորս հերթ,
Չորս դուռ,
Չորս հույս,
Չորս դեմք,
Չորս կոչ
Առաջին հայացքից թվերի հետ սովորական բառախաղերը իրականում գաղափարական կողմ ունեն. նրանցից յուրաքանչյուրը, ուղիղ համամեմատական 4 թեմաներին, իր փիլիսոփայական իմաստն ունի։ Օրինակ, եթե չորս մարդուն հաջորդում է ևս չորս մարդ, ապա նրանց բոլորին հաջորդում է 4G ինտերնետը։
Չորս մենք,
Չորս դուք,
Չորս G
I + II + III + IV = 1
Ի վերջո, ինչի՞ մասին է UNDO-ի I II III IV-ը՝ Հայաստանի՞, առհասարակ պետականությա՞ն, կրոնի՞, թե՞… այդ ամենի մեջ ապրող մարդու։
Ուշադիր նայիր հայելուն,
Փայլում ա ինքը, իսկ դու` անգույն,
Մեկ-մեկ ժամանակավոր կորի`
Գորիս, Սևան, հետ գալիս Լոռի,
Մեկ-մեկ երազում փախնել Բալի,
Գալիք տալիքը, եթե տամ բանկին
«Առաջին բառից մինչև վերջին բառը ենթատեքստ է», - ասում է Հովհանը։ Եվ եթե այդ ենթատեքստերից որոշները համեմատաբար պարզ են, մյուսները գտնել է պետք։
Տեղ-տեղ զգալի քաղաքական ենթատեքստերը, այդուհանդերձ, չեն խանգարում, որ ալբոմը նեղ իրականությունից դուրս գա դեպի համամարդկային, սոցիալական հարթություն և ցույց տա մեզ մեր իրական դեմքը։ Եվ միայն մի հարց է տանջում՝ ինչպիսի՞ հասարակագ կունենայինք, եթե չլիներ օրենքը, իշխանությունը կամ հավատքը։
Թալանել են Ալադինին էլի լամպը չի գտնի
Տապչկեքից մեկը էլի հագը չի մտնի
Մարդ կա չորրորդ ցանկություն ունի էլի Ջինը հայտնվի
Մարդ կա ինքը տեղով Ջին է բայց ցանկություն չունի
Իրոնիայի ու անկեղծության հենց այսպիսի խառնուրդն էլ, ընդհանուր առմամբ, ալբոմին տալիս է մետամոդեռնիստական երանգներ։ Որովհետև UNDO-ն բնավ ուտոպիա չի ստեղծում, այլ ցույց է տալիս, որ մարդիկ ինչ-որ կերպ ապրում են այս իրականության մեջ՝ թեև հեգնանքով և տեղ-տեղ առանց էմոցիաների։ Չէ՞ որ փախուստ չկա, երբ «որոշում ես թռչել Մարս, բայց խանգարում ա պռոբկեն դեպի Նորք Մարաշ»։