URU. ինչու՞ արժե լսել Թումոյում ծնված նոր խմբի ձայնագրությունը
Ռոք

URU. ինչու՞ արժե լսել Թումոյում ծնված նոր խմբի ձայնագրությունը

Թումոյից ամեն տարի բազմաթիվ տաղանդավոր ու ստեղծագործ երիտասարդներ են մտնում Հայաստանի մշակութային ոլորտ, բայց էնտեղ արդեն վաղուց դասավանդող երաժիշտ, երգահան Արիկ Գրիգորյանի (The Bambir, TmbaTa) գործի արդյունքները երևի ամենատեսանելին են: Բոլորովին վերջերս երիտասարդ URU խումբը կարճամետրաժ ալբոմ թողարկեց, ու, արվեստաբան Արթուր Աթայանի կարծիքով, դրան արժի անդրադառնալ (և իհարկե, ունկնդրել):

Տեքստը՝ Արթուր Աթայանի

 

Լուսանկարը՝ TUMO

#Արվեստ #Ռոք

Նախապատմություն

URU-ն (հայերեն «ուրու» բառն է՝ ուրվական, ոգի) պաշտոնապես հիմնադրվել է 2024 թվականին, սակայն խմբի անդամներն արդեն մի քանի տարի իրար հետ նվագելու փորձ ունեին: Երիտասարդները Թումոյում մասնակցում էին Արիկ Գրիգորյանի աշխատարանին. Արիկի հետ նրանք հայկական ժողովրդական ու հոգևոր երաժշտություն էին ուսումնասիրում, սովորում էին՝ ինչպես երգ գրել, որ այն լինի հետաքրքիր և հիշվող: Աշխատարանի ընթացքում հենց Արիկի խրախուսմամբ ուսանողները սկսեցին սեփական գործերը գրել, և այդպես ծնվեց ոչ միայն URU-ն, այլև Kangun քառյակը, որը ևս բոլորովին վերջերս EP թողարկեց: Գոյության գրեթե ամենասկզբից՝ 2024-ի փետրվարից, բազմաթիվ համերգներին զուգահեռ URU-ն զբաղվել է դեբյուտային EP-ի ձայնագրությամբ, որն ամբողջությամբ արտադրվել է Թումոյում: Եվ ահա 2025 թվականի հունվարի կեսին խումբը թողարկեց «Անսահման» սինգլը, իսկ այնուհետև՝ «URU» EP-ն:

 

Ալբոմի մասին

5 գործ ներառող EP-ի հնչողությունը հիմնականում մինիմալիստական է, նույնիսկ՝ չոր, իսկ գործիքների ձայնը մռայլ է և տեղ-տեղ հղում է 90-ականների ալտերնատիվ ռոքին: Ալբոմի կմախքը կազմված է միատոն, կրկնվող կիթառային ռիֆերից (Հովհաննես Հովհաննիսյան), որոնք թմբուկների (Արման Առաքելյան) ու բասի (Րաֆֆի Մուրադյան) հետ վերածվում են զուսպ, քչախոս ռիթմիկ պատկերների: Բայց չնայած այս քչախոսությանն ու պարզությանը, գրուվերը շատ հիշվող են ու մի տեսակ ականջին կպնող. չգիտեմ՝ ուրիշների մոտ ինչպես է, բայց ես «Կգամ»-ը երկու անգամ լսելուց հետո ռիֆն արդեն երազումս էի լսում: 

 

Ցանկացած գործ, ցանկացած խումբ ունի իր, հայերեն ասած՝ «ֆիշկան»՝ էն յուրահատուկ, համով ասելիքը, որը քեզ հետո ստիպում է վերադառնալ: URU-ի պարագայում դա, անկասկած, վոկալներն են. մինիմալ և չոր ռիֆերի վերևում մի ամբողջ երգչախումբ է սավառնում ու երգում երեք-չորս ձայնի համար ստեղծված բարդ ու հետաքրքիր պարտիաներ: Աղջիկների՝ Թամ Մխիթարյանի, Սեդա Պլուզյանի, Էլեն Խալաթյանի և Ինեսա Խաչատրյանի ձայները կերտում են շատ արտասովոր, կարծես այլ աշխարհից եկած հարմոնիաներ (էստեղ հասկանում ես, թե ինչու է խումբն «Ուրու» կոչվում): Պետք է նաև նշել, որ վոկալները շատ հաջող են տեղավորված միքսի մեջ. ձայները թափանցիկ ու լիարժեք են լսվում, ու դա թույլ է տալիս իսկապես վայելել գործերը:

 

EP-ում զգացվում է ժողովրդական երաժշտության ազդեցությունը, ու սա էլ, իհարկե, զարմանալի չէ, քանի որ երաժիշտները մշտապես խոստովանում են, թե ինչ մեծ ազդեցություն է նրանց վրա թողել Արիկ Գրիգորյանը: Եվ իրոք, Արիկի դպրոցը զգացվում է թե՛ ռիֆերի, թե՛ կոմպոզիցիայի մեջ, բայց ի պատիվ երիտասարդների, ուսուցչի երաժշտական ներկայությունը բնավ չի ճնշում և ընդհակառակը, ընդգծում է նրանց մտահղացումները:

 

Գործերի մասին

 

«Անտանելի»

Ալբոմի բացող թրեքը խմբի այցեքարտային գործն է, որ գրեթե միշտ հնչում է համերգների ավարտին: Սա, իրականում, շատ լավ ներածություն է. դանդաղ գրուվին հետևող առաջին իսկ բազմաձայնությունը միանգամից որսում է ուշադրությունդ: Գրուվն ու երկու նոտայից կազմված ռիֆը սկսում են աճել ու ուժգնանալ (երաժշտական լեզվով դրան «կրեշենդո» ենք ասում) ու արդեն առաջին րոպեի ավարտին պայթում ջղային կրկներգում: Խոսակցական հայերենով գրված ռեչիտատիվը շատ լավ է նստում ռիթմի վրա, և երգի մեխն, ինչ խոսք, այդ կիսաերգված-կիսաարտասանված տների ու մետալային կրկներգերի միջև կոնտրաստն է: Եվ իհարկե, երգի ծանր կուլմինացիան գրեթե նույնքան տպավորիչ է, որքան համերգի ժամանակ:

 

 


 

«Գիշեր» 

«Գիշերը» գրված է Չարենցի հանրահայտ բանաստեղծության վրա: Երգն ամբողջովին կառուցված է մութ, մոնոտոն կիթառային արպեջիոյի շուրջ, որի երկու փոփոխվող ակորդներն աջակցում են բանաստեղծության տրամադրությանը համահունչ հոսող բազմաձայնությանը: Հաջող է նաև կոտրված ռիթմիկ պատկերի ընտրությունը՝ 5/8 չափը համընկնում է չարենցյան տողերի վանկերի քանակին, ու խումբը չի փորձում, ինչպես հաճախ է պատահում, բանաստեղծությունը հարմարեցնել ավելի հեշտ ու տարածված որևէ չափի: 

 

 


 

«Կայծակ»

«Կայծակը», ինչպես և «Գիշերը», շատերս կհիշենք դեռ դպրոցական անգիրների ցանկից: Թումանյանի բանաստեղծությունն իմպուլսիվ է ու եռանդուն, և դրանով պայմանավորված է նաև երգի արագ տեմպն ու շա՜տ ֆոլկային հնչող 12/8-ը: Ի համեմատ մյուս գործերի, «Կայծակը» ավելի պարզ ու նաիվ է, և դա հեշտությամբ բացատրվում է պարզ մի փաստով. այն ստեղծված էր ավելի վաղ՝ դեռ աշխատարանի շրջանում: Դրանում կարծես երևում են ուսումնական պրոցեսից մնացած հետքեր, կարծես երգի կառուցվածքից անգամ զգացվում է, որ այն ծնվել է ինչ-որ հմտություն յուրացնելու ընթացքում: Կարծում եմ, չեմ սխալվի, եթե ասեմ, որ զգացվում է նաև Արիկի միջոցով ժառանգված կելտական ֆոլկի որոշակի ազդեցություն:

 

 


 

«Կգամ»

Նուրբ «Գիշեր»-ին ու ֆոլկ-ռոքային պոզիտիվ «Կայծակին» հետևում է արագ ու ծանր «Կգամ»-ը: Մարմինը շարժող, հիշվող գրուվով էս գործը ևս երկար աճ ունի, և հատկապես երկրորդ տնից մտնող բազմաձայնությունն ինձ համար ալբոմի բարձրակետն է: Էստեղ պիտի փառք ու պատիվ ասեմ URU-ին, քանի որ Համո Սահյանի բանաստեղծությունը լրիվ նոր գույներով է ներկայանում. բանաստեղծության բարդ, հետաքրքիր  չափի ու երգի ռիթմի համադրությունն իսկապես շատ, շատ տաղանդավոր է արված: «Կգամ»-ն էմոցիոնալ, հուզիչ, հիշվող երգ է, որը կարելի է հանգիստ խղճով դասել հայ պոետների բանաստեղծությունների վրա գրված լավագույն երգերի շարքին:

 

 


 

«Քնիր»

Ալբոմի վերջին ստեղծագործությունը հանգուցալուծում է «Կգամ»-ի էմոցիոնալ լարվածությունը: Ինչպես և բացող «Անտանելին», «Քնիր»-ը խմբի հեղինակային գործն է: Սա դանդաղ, մռայլ երգ է, որը կարելի է բնորոշել անգլերեն լավ մի բառով՝ creepy (անհանգստացնողի ու վախենալուի խառնուրդն է, որը երբեմն լավ իմաստով է օգտագործվում): Ինձ դուր է գալիս մտածել, որ «Անտանելին» ու «Քնիր»-ը կոնցեպտուալ մի ամբողջություն են կազմում, որտեղ կյանքի անտանելիությունից ճչացող մարդուն մի ուրու շշնջում է. «Քնի՛ր, որ երազներ տեսնես, քնի՛ր, որ ներկան անտեսես»: 

 

 

Ամփոփում

Հեռավոր 2000-ականների ռոքերները կհաստատեն՝ մեր սերնդի համար «խումբ ստեղծելը» հաճախ նշանակում էր առաջին մի 5 տարին հայտնի խմբերի քավրներ նվագել, հետո  ուղղակի հոգնել ու ցրվել: Սակայն հայկական նոր խմբերը շատ ավելի բարձր նշաձող են սահմանել: Հենց առաջին քայլերից սկսած նոր արտիստները փորձում են ավելի հետաքրքիր ու հարուստ երաժշտություն ստեղծել, ավելի բարդ մարտահրավերներ սահմանել իրենց համար: URU-ն այս տենդենցի լավագույն դրսևորումներից մեկն է, և միայն մնում է նրանց հաջողություն մաղթել բռնած գործում: 

 

Հ.Գ. Բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման գնալ նրանց հրաշալի համերգներին՝ շատ տպավորիչ ու լիցքավորող փորձառություն է:

հավելյալ նյութեր