Վաճառենք, որ օգնենք
Թիկունք 2020

Վաճառենք, որ օգնենք

Հին մետաղադրամներ, զարդեր, ձեռագործ բլիթներ և այլ բաներ, որ վաճառում էին Հիմնադրամին աջակցելու համար։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

ԵՐԵՎԱՆ #66 | 2021

#Թիկունք2020

Պատերազմի ընթացքում բոլորս միահամուռ որոշեցինք ու լիքը փող հավաքեցինք։ 8000 կարճ համարին ինչեր ասես, որ չգրեցինք ու նույնիսկ այդպես միմյանց ծննդյան օրը շնորհավորեցինք։ Եղան և մարդիկ, ովքեր չբավարարվեցին եղածով ու որոշեցին վաճառել ինչ-որ բան՝ գումարը հիմնադրամին փոխանցելու համար։ Ստացվում է՝ թե՛ գնորդն է բարեգործ և թե՛ վաճառողը։ Առք ու վաճառքի այս դեպքերն իսկապես չափազանց շատ են։ Երբ որոշեցինք բոլորին հավաքել մեկ տեղում, ցուցակն անցնում էր 60-ից։ Եվ սա միայն այն դեպքերը, որոնք մեզ հայտնի էին։ Ներկայացնում ենք լոտերից ամենաարտասովորները։

 

 

1910-ականների անտիկվարիատ

Հավաքած գումարը՝ 650 000 դրամ

1911 թվականի Նիկոլայ 2-րդի ոսկյա մետաղադրամից պատրաստված մեդալիոնը երկու անգամ օգնեց տիրոջ հայրենիքին. «Վաճառում եմ այս չերվոնից մեդալիոնը, ամբողջ գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Նախնական գինը՝ 200 000 դրամ, բայց ակնկալում եմ ավելի բարձր գնով վաճառք»,– Քրիստինե Արմենակյանի այս գրառումը մեծ արձագանք ստացավ ֆեյսբուքում, ի վերջո Գևորգ Պողոսյանը գնեց այն 300 000 դրամով և նորից աճուրդի դրեց՝ նախնական գինը սահմանելով արդեն 350 000 դրամ:

 

 

Սերինե Գասպարյանի ձեռագործ պայուսակներ

Հավաքված գումարը՝ 84 000 դրամ

«Հիմնադրամին մի քանի անգամ գումար փոխանցեցի, մի պահ հասկացա, որ էլ գումար չունեմ։ Մայրիկս դերձակ է։ Միասին գնացինք կտոր առանք ու 25 հատ tote-bag կարեցինք։ Ընկերուհիս էլ դրանց վրա տատիկ-պապիկին նկարեց։ Ճիշտն ասած էդ ընթացքում հիվանդացա COVID-19-ով ու գործը մի քիչ հետ ընկավ։ 30-ից ավել պատվեր եղավ։ 84 000 դրամն արդեն փոխանցել եմ հիմնադրամին։ Բայց էլի պատվերներ կան, պայուսակներս հասել են Փարիզ, Վիեննա ու Բեռլին։ Իրենք այնտեղից կփոխանցեն»։

 

 

Ձեռագործ թխվածքաբլիթներ Մարիամից ու Թովմասիկից

Հավաքած գումարը՝ 204 000 դրամ

«900 հատ թխել եմ արդեն: Նպատակին հասնելու համար ևս գոնե մի 15 տոպրակ պետք է վաճառեմ։ Էդ դեպքում 200 000 դրամ կփոխանցեմ հիմնադրամին: Երեք ու կես տարեկան տղայիս հետ ենք պատրաստում։ Ինքն էս թխվածքաբլիթների շնորհիվ կամքի ուժ է ձեռք բերում։ Գիտի, որ չի կարելի ուտել։ Առաջին փաթեթը հենց ամուսինս է գնել մեր տղայի համար։ Այլ պարագայում չէի թողնի վերցնել։ Իհարկե, վատ ստացված կամ կոտրված թխվածքաբլիթները ևս իրենն են։ Հավանաբար թաքուն երազում է, որ կոտրվածքները շատ լինեն»։ Արդյունքում վաճառվեց 99 փաթեթ՝ տասական թխվածքաբլիթով։ Հիմնադրամ փոխանցվեց 204 հազար դրամ։

 

 

Երևանի գրքի տոնավաճառ. ընթերցեցինք ու հանգանակեցինք

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և մի շարք մարդկանց օգնությամբ Երևանի գրքի տոնավաճառը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պուրակում։ Գրահրատարակիչների առջև միայն մեկ պայման կար՝ տոնավաճառից ստացված հասույթի առնվազն 50%-ը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Տոնավաճառն ընդգրկեց 30-ից ավելի գրատներ և որոշ թանգարաններ ու գրադարաններ։ Նրանցից շատերը նույնիսկ վճռեցին հիմնադրամին փոխանցել հասույթը 100%-ով։ Տեղի ունեցավ նաև Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի շնորհանդեսը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Տոնավաճառի արդյունքում վաճառվեց 1455 գիրք և հավաքվեց 2 001 680 դրամ։

 

 

Ռաֆայել Դանիելյանը System Of A Down-ի մեդիատոր է վաճառում (դեռ)

«SOAD-ի հանրահայտ Երևանյան համերգի ընթացքում տղաները մեդիատոր նետեցին բեմից։ Էդ հաջողակը ես էի, ով բռնեց: Դե, մտածեցի, SOAD-ը հայտնի է, իրենց սիրում են, իրենցից մի մասնիկն աճուրդի հանելն ինձ հետաքրքիր գաղափար թվաց։ Դեռ չի վաճառվել, բայց աճուրդը շարունակվում է, տեսնենք, առաջին առաջարկված գինը 100 ԱՄՆ դոլարն է»։

 

Չօգտագործած կարմիր զգեստ Իննա Սարգսյանից

Հավաքված գումարը՝ 100 դոլար

«Պատմությունը սկսվեց դեռևս փետրվարին, երբ չկար համավարակ և երկու մոտ ընկերներիս շատ սպասված հարսանիքին կրելու համար պատվիրեցի մի չքնաղ կարմիր զգեստ։ Բայց, ցավոք, համավարակի պատճառով հարսանիքը չկայացավ։ Դե ես էլ զգեստներ շատ եմ սիրում, դա բոլորը գիտեն, ու, իհարկե, շատ էի ափսոսում, որ այդ կարմիր զգեստն այդպես էլ չհագա։ Երբ սկսվեց պատերազմը՝ զգեստապահարանս բացելիս ոչ հագուստների բրենդներն էր աչքիս երևում, ոչ էլ գույները։ Այնպես ստացվեց, որ այդ ընթացքում չունեի աշխատանք և հիմնադրամին չէի կարող գումար փոխանցել։ Եվ ինձ նման բրենդամոլն առանց մեկ վայրկյան վարանելու որոշեց վաճառել այդ կարմիր զգեստն ու գումարը փոխանցի հիմնադրամին։ Վաճառքի հայտարարությունս ֆեյսբուքում ոչ միանշանակ ընկալվեց, բայց ի վերջո մի կին ցանկություն հայտնեց գնել այն՝ վճարելով նույնիսկ ավելին, քան ես նախատեսել էի։ Արդյունքում 100 ԱՄՆ դոլարը փոխանցվեց հիմնադրամին։ Եղբայրս այդ ժամանակ սահմանին էր, երբ զանգ տվեց և իմացավ կատարվածի մասին, խոստացավ կրկին գնել ինձ համար այդ զգեստից, երբ վերադառնա»։

 

Արծաթագործ Թադևոս Հովհաննիսյանի աշխատանքներ

Հավաքված գումարը՝ 450 000 դրամ

«2017-ից զբաղվում եմ արծաթագործությամբ, իմ աշխատանքներում ներառում եմ նաև հայկական հարուստ զարդարվեստային մշակույթը։ Պատերազմի օրերին միտք հղացավ սահմանափակ քանակի աշխատանքներ վաճառել և ամբողջը տրամադրել Հայաստան համահայկական հիմնադրամին։ Վաճառքն իրականացրել եմ իմ անձնական ֆեյսբուքյան հաշվով և TEVO'S-ի բրենդից դուրս՝ որպես շարքային քաղաքացի։ Գտա, որ ազգային մշակույթը, որից ոգեշնչվել և օգտվել եմ այս դժվարին պահին, իմ միջնորդությամբ կարող է ծառայել շատ կարևոր նպատակի իրագործմանը։ Արդյունքում վաճառքից գոյացած 450 000 դրամ հասույթը փոխանցեցի հիմնադրամին։ Խոնարհումս մեր բանակին և խաղաղություն բոլորիս»։

 

 

Դիանա Մնացականյանի թխած սինաբոններ

«Քովիդի ժամանակ, երբ մարդիկ տարբեր բաներ էին պատրաստում ու հրապարակում, ես էլ որոշեցի սինաբոններ պատրաստել։ Ընկերներս ասում էին, որ լավ է ստացվում։ Պատերազմի ժամանակ հասկացա՝ ինչքան որ կարող ենք օգնել, շատ քիչ էր, պետք էր նոր բաներ ձեռնարկել։ Մի օր նստած մտածում էի ինչ անել, ոնց անել, մտածեցի հասկանամ, մարդկանց ռեակցիան հասկանալ ու ֆբ-ում փոսթ արեցի, հատը 1000 դրամով սինաբոն վաճառելու մասին։ Միանգամից պատվերների մեծ քանակ հավաքվեց։ Ընդհանուր թվով 340 հատ սինաբոն եմ վաճառել, և այդքան գումար եմ ուղարկել հիմնադրամին։ Դրա հետ մեկտեղ տատիկս փափուշներ էր գործում, որոշեցինք դրանք էլ վաճառել, դրանից էլ 20 000 դրամ հավաքվեց, դա էլ առանձին ուղարկեցինք»։

 

Էլյա Խաչատրյանի թխած էկլերներ

«Գաղափարն առաջացավ, երբ մարդիկ սկսեցին տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, իրականացնել բարեգործական վաճառքներ։ Իմ ընկերների և բարեկամների շրջանում մեծ համբավ է վայելում իմ պատրաստած էկլերների աշտարակը, որը Կռոկեմբուշ է կոչվում։ Ես էլ որոշեցի հենց դրա միջոցով գումար աշխատել հիմնադրամի համար։ Ես իրականում զբոսավար եմ, տուրիզմի ոլորտից եմ, բայց այս տարի համավարակով պայմանավորված մնացի գործազուրկ և այլ տարբերակ հանգանակման համար պարզապես չունեի։ Դեռևս 30 000 դրամ է հավաքվել, բայց վաճառքը շարունակվում է»։

 

Կիլիկյան մետաղադրամներ

Հավաքած գումարը՝ 1225 ԱՄՆ դոլար

«Եթե մետաղադրամները վաճառվեն,– գրել էր ֆեյսբուքում դրանց տերը,– խորհրդանշական կերպով հայոց արքաները նույնպես ուղղակիորեն ներդրում կունենան արցախյան նոր հաղթանակի կերտման գործում»։ Հավաքածուն, որի աճուրդի նախնական գինը 500 ԱՄՆ դոլար սահմանվեց, ներառում էր Լևոն Բ արքայի մեկ արծաթե մետաղադրամ, ևս մեկը՝ Հեթում Ա արքայի և Զաբել թագուհու, ինչպես նաև մեկ պղնձե մետաղադրամքարտեզ՝ Լևոն Գ արքայի։ Աճուրդն ավարտվեց 1225 ԱՄՆ դոլար վերջնական գնումով։

 

Ձեռագործ տիկնիկ Լիլիթ Հարությունյանից

Հավաքված գումարը՝ 15 եվրո

«Ի սկզբանե գործում էի նվիրելու նպատակով, հետո միտք առաջացավ տիկնիկները վաճառել Ֆեյսբուքի միջոցով և ամբողջ գումարը հիմնադրամին փոխանցել: Արտերկրից մի երիտասարդ գնեց, փոխանցման կտրոնն ուղարկեց ինձ և ասաց, որ տիկնիկը կարող եմ նվիրել ում ցանկանամ։ Արժեքը 7000 դրամ էր, բայց ինքը 15 եվրո էր փոխանցել: Մեկն էլ եմ վաճառել, մյուսն էլ ընթացքի մեջ է։ Ցավոք ժամանակի սղության պատճառով քիչ եմ կարողանում գործել։ Մեկ տիկնիկի պատրաստումը 5-6 օր կարող է տևել կեսգիշերն անց աշխատելու հաշվին»:

 

 

LOFT-ում գրքեր ու լիքը ուրիշ հավես բաներ վաճառեցին

Պատերազմի առաջին իսկ օրերից LOFT-ն իրականացրեց տարաբնույթ միջոցառումներ՝ հիմնադրամին աջակցելու համար։ Ընդհանուր առմամբ վաճառքի դրվեց երեք գիրք. Հայկ Հակոբյան «Հովսեփ Օրբելի. Գանձասարի և Հավոցպտուկի արձանագրությունները» գիրքը, որի շնորհանդեսին վաճառվեց 50 օրինակ (արժեքը՝ 1000 դրամ), Քրիստեան Բատիկեանի «Մետաղէ երազներ» գիրքը, որից վաճառվեց 4 օրինակ (արժեքը՝ 5000 դրամ) և Lևոն Չուգասզեանի «Արշակ Ֆեթվաճեան» գիրքը, որից էլ 5 հատ վաճառվեց (արժեքը՝ 6000 դրամ)։ Գրքերից բացի LOFT-ը հաջողությամբ իրականացրեց Արթուր Հովհաննիսյանի «Ստվերներ և արտացոլանքներ» շարքից մեկ գեղանկարի վաճառքը (արժեքը 1 000 000 դրամ), կազմակերպեց «Կին ձեռներեցները՝ զինվորի կողքին» բարեգործական տոնավաճառ, որի հասույթը կազմեց 1 700 000 դրամ, հյուրընկալեց Sigma Sol բենդի համերգը, որի հասույթը կազմել է 120 000 դրամ, ինչպես նաև իրականացրեց կրծքանշանների, շապիկների ու tote-bag-երի վաճառք։