Վաճառվում է արվեստ
Թիկունք 2020

Վաճառվում է արվեստ

Ինչպես էին արվեստագետներն իրենց աշխատանքների վաճառքից ստացած գումարով օգնում ճակատին։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

#Թիկունք2020

Հիմնադրամներին գումար փոխանցելու, բանակին ու արցախցիներին օգնելու մղումը յուրահատուկ արձագանք գտավ արվեստագետների շրջանում։ Շատ արագ մեկը մյուսի հետևից իրենց աշխատանքները վաճառքի ու աճուրդի հանեցին գրեթե բոլորը, նրանցից շատերը նույնիսկ իջեցրին արժեքը, որպեսզի մեծացնեն վաճառելու հավանականությունը, ինչը, ինչպես հայտնի է,անթույլատրելի է արվեստի շուկայում։ Եղան նաև առանձին նախաձեռնություններ, ստեղծվեցին վաճառքի հարթակներ՝ օնլայն կատալոգներ և այլն։ Ամենևին պետք չեղան արտ-դիլլերներն ու արվեստաբանական բոցաշունչ տեքստերը։ Մարդիկ պարզապես արվեստ էին գնում։

 

Ալիկ Ասատրյանը Նիդերլանդների Հաագայում իր արվեստանոց-խրամատը ստեղծեց

Ալիկ Ասատրյանն առաջիններից էր, ով արագ արձագանքեց իրավիճակին ու նախաձեռնեց իր աշխատանքների վաճառքը։ Ինքն էլ փաթեթավորում ու հեծանվով փոստատուն էր հասցնում աշխատանքները. «Չգիտեմ, պատահականություն է, թե ոչ, բայց պատերազմի 44 օրերի ընթացքում 41 աշխատանք վաճառեցի և ընդհանուր 22 106 եվրո նվիրվեց հայրենիքին, ևս 230 եվրո՝ մի վիրավոր ազատամարտիկի, չէի էլ հասցնում փաթեթավորել,– ասում է Ալիկն ու հավելում,– իմ արվեստանոցն էլ իմ խրամատն է»։

 

 

Դիանա Հակոբյանն իր արվեստով վա բանկ գնաց

«Մի բան պարտադիր անելու միտքն եկավ միանգամից, պատերազմի առաջին իսկ օրերին։ Սկզբում չէի մտածում, որ կարելի է ֆեյսբուքն օգտագործել որպես վաճառքի հարթակ գեղանկարների համար: Մի քանի հոգու հետ խոսեցի՝ հույս ունենալով, որ ինչ-որ հարթակներ ավելի կազմակերպված ու լայնամասշտամբ կզբաղվեն այդ հարցով, առաջարկեցի թե՛ իմ և թե՛ Դավիթ Կարեյանի գործերից վաճառել: Համաձայնեցին, բայց լավ կազմակերպելու համար ժամանակ էր պետք։ Դե ես էլ մտածեցի, որ մեկը մյուսին չի խանգարի ու վա բանկ գնացի: Շեշտեցի 50% զեղչը, ինչն այլ պայմաններում երբեք չէի անի և ստացա 5400 ԱՄՆ դոլար հասույթ, որն ամբողջությամբ փոխանցեցի հիմնադրամին։ Մեկն էլ ֆոնդի միջոցով եռապատկեց գումարը»։

 

 

Արևիկ Առաքելյանը վաղուց նկարված արևոտ նատյուրմորտներ վաճառեց

«Մտածում էի՝ ո՞նց կարող եմ օգնել բանակին: Ի՞նչն է ինձ մոտ ամենալավը ստացվում։ Դե, իհարկե, նկարելը։ Որոշեցի վաճառել մրգերի շարքս ամբողջությամբ, որի յուրաքանչյուր նկար 30 000 դրամով վաճառվեց Հայաստանում, ևս երկուսը գնեցին Գերմանիայից 150 եվրոյով, մեկ կտավ էլ՝ 270 եվրոյով։ Ամբողջն իհարկե փոխանցեցի հիմնադրամին։ Վաճառքը շարունակվում է»։

 

 

Գևորգ Գրիգորյանի Artists for Artsakh նախաձեռնությունը

«Բանն այն է, որ շատ արվեստագետներ հանդես եկան ցանկությամբ վաճառել իրենց աշխատանքներն ու ինչ-որ կերպ աջակցել հայոց բանակին։ Սակայն վաճառքի արդյունավետ կազմակերպման համար մեկ ընդհանուր հարթակ էր պետք և ես ստեղծեցի այս ֆեյսբուքյան էջը։ Նպատակը մեկն է՝ մեր հնարավորության սահմաններում և դրանից էլ դուրս անել ամեն բան հաղթանակի համար»։ Տեղադրվեց 600 աշխատանք, որոնցից մոտ 100-ն արդեն վաճառվել է և հիմնադրամներին փոխանցված գումարն արդեն իսկ հատել է 6 000 000 դրամը։ Վաճառքներն աճում են, հետաքրքրությունն արվեստի հանդեպ՝ ևս»։

 

 

Գայանե Վան Երկանյանն էլ իր արվեստը վաճառեց

«Սկզբում մտածում էի, թե հիմա ո՞վ պիտի հին աշխատանքներից գնի և որ այս պահին այդ վաճառքից ստացված հասույթը ոչինչ չի փոխի։ Բայց շուտով հասկացա, որ վիճակը ծայրահեղ է, էլ երկմտելու ժամանակ չկա ու գործել է պետք։ Ռադիկալ մտքեր առաջացան մոտս, որ ես ու արվեստս եթե այսօր չէ, ապա էլ ե՞րբ պիտի հայրենիքի կողքին կանգնենք։ Այսօր է այդ օրը։ Առանց մեր հաղթանակի ում է արդյոք պետք իմ արածը։ Հատկապես, որ հայկական գրատպության, տառերի հետ եմ աշխատում, խաղում, իրենցով եմ փորձում Հայաստանից դուրս ասելիքս ասել: Վաճառեցի Ֆեյսբուքի և Etsy-ի միջոցով և 5500 եվրո գումար հավաքեցի։ Հետո էլ մի շաբաթ պաստառներն էի փաթեթավորում ուղարկելու համար»։

 

 

Գրետա Հարությունյանն իր կտավի փոխարեն ուրիշինը վաճառեց

«Վաղուց էի տրամադրվել գործերս վաճառելուն, բայց պատերազմական իրավիճակն ավելի մեծ անհրաժեշտություն առաջացրին գործերս նույնիսկ շատ ավելի մատչելի վաճառելու։ Եվ, ի վերջո, պետք է թույլ տալ, որ գործերը գնան ու իրենց կյանքով ապրեն։ Կամավորական աշխատանք անել չէի կարող, միայն այդ կերպ կարող էի օգնել։ Եկան գնելու իմ գործերից, հավանեցին մի նկար, որ կախված էր պատից, բայց որն իմ հեղինակածը չէր, համ ծիծաղելի էր, համ էլ դե, ինչ տարբերություն, կարևորը գումար լինի, որ փոխանցեմ հիմնադրամին։ Որոշեցի վաճառել, բայց իմ գործերից մեկն էլ նվիրել։ Գնի՛ր մեկը, ստացի՛ր մյուսն անվճար սկզբունքով, ի՞նչ վատ է որ։ Վաճառվեց 70 000 դրամով, դա էլ կփոխանցեմ, տեսնենք, էլ ինչ կվաճառվի»։

 

Նունե Թումանյանի քանդակներն արտագաղթեցին հանուն հայրենիքի

«Երկիրս դժվար օրեր է ապրում՝ պատերազմ, տնավեր մարդիկ ու էլի շատ խնդիրներ, որոնք ահռելի ծախսեր են պահանջում։ Յուրաքանչյուրիս պարտքն է ինչ-որ կերպ, թեկուզ չնչին ներդրումով սատար կանգնել պետությանը։ Անկեղծ ասած՝ մտահղացումն իմը չէ, ֆեյսբուքում աչքովս ընկել էին նման քայլեր։ Եվ քանի որ ինչքան արագ կարողանայի մի բանով օգտակար լինել, այնքան լավ, որոշեցի սկսել առավել մատչելի գործերից։ Դեռևս վաճառվել է երկու գործ։ Գործերս մեկնել են արտերկիր ու հիմնադրամին փոխանցվել է 120 հազար դրամ։ Երկու աշխատանքի արժեք էլ իջեցրել եմ, արագ վաճառելու և կրկին ողջ գումարը հիմնադրամին փոխանցելու նպատակով»:

 

 

Վերոնիկա Բարսեղյանը չտպված գրքի նկարազարդումներ վաճառեց

«Նախքան համավարակը նպատակ կար Հովհաննես Թումանյանի պատմվածքներն իտալերեն թարգմանելու և հրատարակելու։ Ես էլ այդ գրքի համար նկարազարդումներ էի արել։ Համավարակը փոխեց ամեն ինչ։ Նկարազարդումները չտպվեցին։ Ես իրենց շատ էի սիրել, շատ էի ափսոսում։ Եղավ պատերազմն ու ես որոշեցի, որ ավելի լավ տարբերակ լինել չի կարող։ Նկարազարդումները վաճառել է պետք։ Այսպես՝ 5000 դրամ սիմվոլիկ գումարով նկարազարդումների tiff տարբերակներն ուղարկեցի գնորդներին։ Արդյունքում հիմնադրամին փոխանցեցի 250 000 դրամ»։

 

 

Մանու Հարությունյան. պատերազմից հայտնի լուսանկարները՝ յուղաներկով

«Պատերազմը չէր կարող ազդեցություն չթողնել ինձ վրա։ Անկախ ամեն ինչից ստեղծագործում եմ ինձ մտատանջող կամ ընդհանրապես ազդեցություն ունեցող թեմաներով։ Հերթական անգամ, երբ կարդում էի լրահոսը, փորձելով մի բան իմանալ դեպքերի զարգացումից, հանդիպեցի Տեր Աբել Քարտաշյանի խոսքերին ու հենց այդ խոսքերում գտա իմ բաժին ուժն ու խաղաղությունը։ Պատրաստ էր պատկերը։ Երկու ժամում նկարեցի։ Անցան օրեր։ Լսեցի, որ անհրաժեշտ է հիմնադրամին աջակցել ու որոշեցի անել մի բան, որ դեռ չէի հանդիպել այդ օրերին։ Որոշեցի աճուրդով վաճառել կտավս և ուղարկել գումարը հիմնադրամին։ Ստացվեց։ Ստեղծել եմ 3 կտավ՝ արդիական թեմայով, պատկերել իրական պատերազմի դեմքերին։ 2 770 000 դրամ փոխանցել եմ Համահայկական հիմնադրամին և 630 000 դրամ՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հաղթանակի գրավականն ամուր թիկունքն է ու պայքարը՝ կապ չունի վրձնով, պաշտպանիչ ցանցեր գործելով, թե անձրևանոցներ կարելով»։

 

 

4 Պլյուսը լուսանկարներ վաճառեց (և ոչ միայն)

4 Պլյուսը լուսանկարչական օնլայն խանութ է, որտեղ վաճառվում են Նազիկ Արմենակյանի, Փիրուզա Խալափյանի, Նելլի Շիշմանյանի, Անահիտ Հայրապետյանի, ինչպես նաև այս խմբի հետ համագործակցող այլ լուսանկարիչների՝ Աննա Դավթյանի, Վաղինակ Նազարյանի և Տաթև Հակոբյանի լուսանկարները և այդ լուսանկարներով պարագաներ։ Հարթակի հիմնադիրներից Նազիկ Արմենակյանը պատմում է. «Դեռևս նախորդ տարի էինք որոշել գործարկել կայքը, որոշ բաներ անավարտ էին։ Երբ պատերազմ եղավ որոշեցինք արագ ավարտել ու ինչ-որ բանով օգտակար լինել։ Խանութը գործարկվեց հոկտեմբերի 8-ից և վաճառքի հանվեցին 4 Պլյուսի լուսանկարիչների տարբեր տարիներին արված արխիվային լուսանկարներ, գրքեր, լուսանկարներով շապիներ և պայուսակներ»։

 

Խորհրդանշական է, որ Նազիկ Արմենակյանի «Բացիկներ Արցախից» տուփ-գրքից վաճառվեց ավելի քան 70 օրինակ և ամբողջությամբ սպառվեց, չէ՞ որ դրանք այսուհետ պատմական նշանակություն ունեն։ Ի դեպ՝ Նազիկը մտադիր է վերատպել այն։ Վաճառվեցին նաև 6 օրինակ «Վերապրածները» գրքից, 19 ֆոտոպրինտ, այլ պարագաներից՝ 18 նմուշ պայուսակ և շապիկ։ Առայժմ հիմնադրամներին փոխանցվել է 800 000 դրամ։

 

 


100 արվեստագետ ներկայացվեց Art for Artsakh հարթակում

Art for Artsakh-ը (www.forartsakh.art) հենց պատերազմի ընթացքում ստեղծված հարթակ է, կարելի է ասել՝ կատալոգ, որտեղ պոտենցիալ գնորդներն ու արվեստագետները հանդիպում են միմյանց, կապ հաստատում, կազմակերպում վաճառքը, նվիրատվություն ու աշխատանքի փոխադրումը: Այս պահին կայքում ներկայացված է մոտ 100 հեղինակ: 

 

Կայքի նախաձեռնող գրաֆիկական դիզայներ Նվարդ Երկանյանը պատմում է. «Նախաձեռնությունը սկսվեց պատերազմի առաջին օրերին, երբ մտածում էի, թե ինչ կարող եմ անել Հայաստանի համար գտնվելով Ֆլորենցիայում: Որոշեցի իմ աշխատանքները վաճառել և հասույթը փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին։ Նույն օրերին շատ ուրիշ արվեստագետներ նույն նախաձեռնությամբ հանդես եկան իրենց անձնական ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերում։ Քանի որ այս օրերին լրահոսը շատ արագ է լցվում նորություններով եւ գրառումներով, արվեստագետների գրառումները կորում էին լրահոսում: Գաղափարն արագ քննարկվեց Artsakh Awareness visual content փակ խմբում, որը պատերազմի առաջին իսկ օրերին ստեղծված դիզայներների խումբ է: Ինձ միացան ևս մի քանի հոգի, և միասին արագ պատրաստեցինք կայքը։ Հանգանակված գումարի չափը ես չգիտեմ, անձամբ իմ գործերի վաճառքից առ այսօր ընդհանուր առմամբ մոտ 2 000 000 դրամ հանգանակություն եմ կարողացել անել և շարունակում եմ վաճառքը»։

 

 

հավելյալ նյութեր