Վահագն Գևորգյան. «Դալման փոքր քաղաք է»
«Դալմա Գարդեն Մոլի» փոխտնօրեն Վահագն Գևորգյանը ԵՐԵՎԱՆին պատմել է կենտրոնի առաջին օրերի ու այն ժամանակվա համար հեղափոխական ձևաչափի մասին։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Դալմա Գարդեն Մոլի, Հայգազ Կրադենյանի
ԵՐԵՎԱՆ #78 | 2022
Սկիզբը
«Դալման» ինձ համար փոքր քաղաք է, որտեղ դու բոլորին գիտես։ Քաղաքում առավոտյան վեցին անցնում է ջրող մեքենան՝ հուշելով, որ օրը սկսվում է։ Այդ նույն ձևով առավոտյան բացվում են «Դալմայի» դռները, միանում են շատրվանները, լույսն ու երաժշտությունը, խանութները կամաց-կամաց սկսում են բացվել։ Ներս մտնելով՝ հին հարևանների պես բարևում ու մի քանի բառ խոսում ես աշխատակիցների հետ, պարզում ես՝ ինչ նորություններ ունեն։ Դու նրանց արդեն լավ գիտես, շատերի հետ երկար ճանապարհ ես անցել։ Դա իմ համար օրվա ամենասիրելի մասն է։ «Դալմայի» նախագծում աշխատում եմ 2008 թվականից։ Ստացվում է, որ 14 տարուց ավել աշխատում եմ «Դալմայում» որպես փոխտնօրեն։ Այստեղ միշտ սովորելու ու զարգանալու տեղ կա, պարբերաբար նոր նախագծերի մտքեր են առաջանում և իրագործվում։ Մարտահրավերներն էլ են շատ, բայց դա թույլ չի տալիս, որ ընկնես միապաղաղության մեջ ու հոգնես աշխատանքիցդ։ Սկզբում զբաղվում էի վարձակալության տրվող տարածքներով ու որոշ չափով նաև մարքեթինգային գործընթացներով։ Այն ժամանակ դեռ գովազդելու շատ բան չկար. շենքը դեռ ամբողջությամբ պատրաստ չէր։ Պարզապես գծագրերով ներկայացնում էինք տարածքները մեր ապագա վարձակալներին։
Նոր ձևաչափը
«Դալման» պիտի լիներ առևտրազվարճային համալիր, որը կտրուկ տարբերվելու էր բոլոր նախորդ ձևաչափերից։ Մենք չէինք ցանկանում բավարարվել միայն երկրում գործող բրենդներով, որոշել էինք բերել նոր անուններ։ Այցելում էինք տարբեր երկրների առևտրի կենտրոնները, ուսումնասիրում, փորձում հասկանալ, թե որ մոտեցումներն արժի տեղայնացնել մեզ մոտ։ Մի բան միանշանակ էր. նոր առևտրի կենտրոնը պիտի լիներ արտասահմանյան ստանդարտներին համապատասխան։ Բնականաբար, միջազգային մակարդակի առևտրի կենտրոնը պիտի ունենար նաև կինոթատրոն։ Քաղաքում կային կինոթատրոններ, բայց բոլորովին նոր ու ավելի բարձր որակ էինք ուզում ունենալ։ Այդպես հայաստանյան շուկա մուտք գործեց «Սինեմասթարը»։
Առաջին քայլերը
Թիմին միանալու առաջարկը ստացա հիմնադիր տնօրեն Էդգար Խաչատրյանից։ Երբ առաջին անգամ եկա «Դալմա», հասկացա, որ ահռելի մեծ տարածքի հետ գործ ունենք։ Շենքը դեռ կիսակառույց էր, ակտիվ շինարարական աշխատանքներ էին տարվում, բաց չափերն արդեն պարզ էին։ Շատերը չէին հավատում, որ մեզ կհաջողվի այդ մեծ տարածքը լցնել։ Շուրջ 50 հազար քառակուսի մետրից 35-ը վարձակալվող տարածքներ էին։ Էդգարի հետ միասին շատ գաղափարներ կյանքի կոչեցինք։ Ճիշտն ասած՝ մենք ինքներս մտավախություններ ունենում էինք, բայց ինչպես ասում են, երբ մի քայլ անում ես, ճանապարհը սկսում է երևալ և մեզ հաջողվեց սկսել քննարկումներ արտասահմանյան հայտնի ընկերությունների հետ ու շատ վարձակալներ հավատացին մեր գաղափարին։ Ի դեպ, դրանցից շատերն արդեն տասը տարուց ավել մեզ հետ են։ Ցավոք այս գարնանն Էդգարը մեզնից հեռացավ, բայց մեր թիմը շարունակում է ապրեցնել միասին ստեղծած գաղափարները։
Դալմայի առաջին այցելուները
Պատմական պահը
Երկար փնտրելուց հետո գտանք հանրահայտ «Ինդիտեքս» ընկերության ներկայացուցիչներին։ Տարածքը և մեր կատարած աշխատանքը տեսնելուց հետո նրանք հավատացին մեր գաղափարին և այդպես իրենց 25 բրենդներով միացան «Դալմային»։Դրանց թվում էին Zara, Pull and Bear, Bershka, Massimo Dutti, Stradivarius, OYSHO-ն և շատ այլ հայտնի խանութներ, որոնք այսօր մեզ համար սովորական են դարձել։ Նման մասշտաբային հաջողությունն այլ ընկերություններին համոզեց միանալ մեզ։ Իրականում, «Դալմայի» շնորհիվ հայաստանյան շուկան գրավիչ դարձավ արտասահմանյան հայտնի բրենդերի համար։Արդյունքում Հայաստանում առաջին անգամ բացվեցին նաև Cole Haan, Jo Malone, Springfield, Women’secret և այլն։
Առաջին օրը
Բացման օրը տպավորություն էր, թե ոչինչ չենք հասցնում, սրճարանի պատը ներկեցինք հյուրերի գալուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Պիտի առավոտյան 9:30 լինեինք «Դալմայում», իսկ նախապատրաստական աշխատանքները ձգվել էին մինչև այդ նույն օրվա առավոտյան ժամը 8:00-ը։ Արագ բոլորս գնացինք տուն թարմանալու, որպեսզի մի ժամ հետո գանք պաշտոնական բացմանը։ Massimo Dutti խանութի առջև առ այսօր հանգստի գոտի կա։ Կահույքագործները նստարանի մի մասն ուշ ժամի բերեցին, առանց որի այն ցածր էր ու անավարտ։ Առավոտյան տուն գնալիս մտածեցինք, որ հաստատ կհասցնենք վերադառնալ ու տեղադրել այն մինչև հյուրերի գալը։ Բնականաբար չհասցրինք։ Ժամը 10-ին «Դալմա» էին գալու նախագահը, քաղաքապետը և հիմնադիրները։ Կարճ ասած՝ շատ ավելի կարևոր հարցեր կային։ Երբ հիշեցինք, արդեն ուշ էր. մարդիկ մտածել էին, որ ձևը հենց այդպես է և նստած հանգստանում էին։
Մոլի բացումն ազդարարվեց բացօթյա մեծ համերգով ու հրավառությամբ
Նոր մշակույթ
Մեկ օրում երկու բացում ենք ունեցել։ Պաշտոնական մասից հետո «Դալման» դիմավորեց իր առաջին հաճախորդներին։ Բավականին մարդաշատ էր ու առաջին օրվանից պարզ դարձավ, որ «Դալման» երբեք դատարկ չի լինելու։ Ընդ որում այդ ժամանակ խանութների միայն մի մասն էր բաց։ Հանձնված էին տարածքների միայն 60-70 տոկոսը, բայց շատ կարճ ժամանակում ազատ տարածքները սպառվեցին։ Հետ հայացք գցելով՝ իրոք շատ բան է փոխվել։ Բոլորս էլ ստադիոնի տոնավաճառում «կարտոնի» վրա վատ կապույտ լուսավորության տակ շոր փորձել ենք ու հետո տուն գնալով հասկացել, որ այլ գույնի շոր ենք գնել։ «Դալման» բերեց հարմարավետ, հաճույքով գնումներ կատարելու փորձառությունը։ Բացի այդ, այսօր հաճախորդները դարձել են ավելի ոճային, նրանց հնարավորությունները ևս ավելացել են։ Մեր մտածելակերպն էլ է փոխվել։ Այսօր մեզ համար առաջնային է մարդկանց պահանջարկը, յուրաքանչյուր բրենդ բերելիս մտածում ենք, արդյո՞ք այն ավելացված արժեք կստեղծի մեր այցելուի համար, որն ավելի բանիմաց է դարձել, ավելի հստակ գիտի, թե ինչ է փնտրում։