Վենետիկի Բիենալե. 7 մեղքեր և օտարներ ամենուր
Ժամանակակից արվեստ

Վենետիկի Բիենալե. 7 մեղքեր և օտարներ ամենուր

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում, որը մեկնարկել է ապրիլի 20-ին, Հայաստանի պաշտոնական տաղավարը ներկայացված է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով: Իտալիայում բնակվող ու աշխատող արվեստի խորհրդատու Անի Սմբատին եղել է տաղավարի նախաբացմանն ու ԵՐԵՎԱՆի խնդրանքով պատմել իր տպավորությունների մասին։

Տեքստը՝ Անի Սմբատիի

 

Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի

 

#Արվեստ

Հռոմ, ապրիլի 17, առավոտյան ժամը 6:00. սրտի թրթռոցով արթնանում եմ, արագ հավաքում ճամպրուկն ու վազում Տերմինի կայարան։ Գնում եմ հին ծանոթիս՝ Վենետիկի մոտ, որը 10 տարի առաջ ինձ գրկաբաց ընդունեց, ներս թողեց Փեգի Գուգենհայմի արվեստի աշխարհ, ցույց տվեց իր գաղտնի վայրերը, քնեցրեց ծովածոցի ջրերի չփչփոցի տակ ու սովորեցրեց, թե որն է իսկական սպրիցը՝ 3 կտոր սառույց, 1/3 փրփրուն ջուր, 1/3 Aperol (դառը սիրողների համար՝ Campari), 1/3 չոր պրոսեկո ու մի հատ կանաչ չաղլիկ զեյթուն։

 

4 ժամ անց գնացքի խոսափողից ազդարարում են․ «Սիամո ին առիվո ա Վենեցիա Սանտա Լուչիա»։ Դուրս եմ գալիս կայարանից, ամբողջ թոքերով կլանում Մեծ ջրանցքի խոնավությունը բերող աղի քամին։ Կարոտել էի։ Քարտեզով հաշվում եմ, թե քանի կամուրջ պիտի անցնեմ, մինչև հյուրանոց հասնելը: Ջրի երկայնքով ու ջուրը հատելով՝ մոլորված տուրիստների արանքներով Վենետիկի գիտակի դեմքով հասա հյուրանոց: Իրերս թողնում եմ ու թեթևացած վազում հայկական տաղավար։ 

 

 

Այս տարվա Վենետիկի Բիենալեն յուրահատուկ է․ Իտալիայում առաջին անգամ հայտնվելուց տասը տարի անց ապրում եմ Հռոմում, աշխատում՝ որպես արվեստի խորհրդատու ու ցուցասրահի մենեջեր: Ու հիմա գնում եմ Բիենալեի նախացուցադրությանը, ասել է թե՝ արտոնյալ եմ։ Ավելին, այս տարի հայկական ազգային տաղավարի համադրողն Արմեն Եսայանցն է՝ իմ 18 տարվա ընկերը, իմ դասախոսը, իմ դարդերն օտար ափերում կիսողը, իմ մենթոր ու սենսեյ Արմենը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն ու երիտասարդ արվեստագետներին թևեր տվող Արմենը։

 

Աղի տեղը

2024-ին Վենետիկի արվեստի 60-րդ Բիենալեում հայկական ազգային տաղավարը հանգրվանել է 15-րդ դարի նախկին աղի պահեստում։ «Ուրիշ տեղ չկա՞ր»,- կհարցնեք դուք: Իրականում աղի պահեստն այսօր Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի տրամադրության տակ ծառայում է որպես ցուցասրահ՝ ստեղծագործ ուսանողների և ժամանակակից արվեստի համադրողների համար։ Աղի 3-րդ պահեստում՝ Magazzino del Sale 3-ում, մի քանի շաբաթվա ընթացքում շունչ առավ փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» (ECHO) նախագիծը։ Հայ արվեստասերներին նախագիծը ծանոթ է 2022-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրությունից:

 

Յոթ չափի՛ր, բայց մի՛ կտրիր

Փոթորկոտ Մեծ ջրանցքի երկայնքով շորորալով քայլում էի՝ կարծես հատուկ հետաձգելով հանդիպման պահը։ Տաղավարի մուտքն արդեն նախանշում էր փորձառությունը․ «Հավերժ արձագանքներ․ մեղքի և հոգու ճամփորդություն»։ Կարոտած գրկախառնություններից հետո անցանք գործի՝ բուն ցուցադրությանը։ 

 

Մտնելուն պես դիմացս վեր է խոյանում մի օձաձև «արարած»՝ յոթ մահացու մեղքերի գրաֆիկական պատկերումը՝ 50 մետրանոց թղթի վրա: Այն ինձ թելադրում, գրեթե պարտադրում է՝  ինչպես շարժվել սրահում։ Ամեն յոթ մետրը մեկ հերթական մահացու մեղքի անունն է ու էքսպրեսիվ, գրոտեսկային, պիկասոյական «Գեռնիկային» հատուկ դրամատիզմով ու լարվածությամբ հագեցած ֆիգուրներ։ Բղջախոհություն, Որկրամոլություն, Ծուլություն, Ագահություն, Բարկություն, Հպարտություն, Նախանձ՝ մահացու մեղքերը պատկերված են խիստ, սուր, վստահ ու կոպիտ գծերով, էքսպրեսիվ ձևերով, բազմաֆիգուր ու բազմաձայն, սպիտակով սև ֆոնին՝ օդում կախված, ժամանակակից ու տարածքից կտրված։ 

 

 

 

Հեռվից լսվող ձայնը կանչում է դեպի մյուս սրահ, որի ճանապարհին Նինայի ակնարկ-մտորումներն են․ «Չկա ավելի մարդկային բան, քան մեղքն է, և չկա ավելի մարդկային բան, քան մեղքը հաղթահարելու ցանկությունը», «Վերադառնալով արմատներին՝ հասկանում ես, որ ամեն բան միասնական է՝ անցյալը, ներկան և ապագան․․․ չնայած ժամանակին և տարածությանը։» 

 

Կապույտի մեջ, կապույտի մեջ - արևի ոսկին

Կապույտ սրահում հնչում է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի եթերային ձայնը՝ շարականների ակապելլա կատարումով։ Մթության միջից նշմարվում են կավե քանդակներում նյութականացած 11 ապաշխարության շարականները՝ գրված հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Կոբալտե կապույտով պատված 11 գունդ, որոնց վրա ոսկով, հայ միջնադարյան ձեռագրերին հատուկ տառատեսակով ու պատկերներով ամբողջանում են 5-րդ դարում գրված շարականների տեքստերը։ Գնդերը «ծածկող» շարականները վերածվում են անվերջանալի մանտրաների՝ անկշռության մեջ պտույտ գալով առանցքի շուրջ ու նախանշելով ճանապարհը տարածության ու ժամանակի մեջ։ 

 

Մուլտիսենսորիալ մեդիտատիվ փորձառությունն անշտապ առաջնորդում է գնդերի միջով ու տրամաբանորեն ավարտվում երրորդ սրահում։ Այստեղ իր ողջ վեհությամբ ու մաքրությամբ հառնում է ոսկե գունդը՝ որպես ապաշխարությունից հետո ներման խորհրդանիշ, որպես երկրպագության խորան, որպես բացարձակ ճշմարտություն, որպես մութ ճամփից հետո բացվող լույս։

 

 

 

Օտարներ ամենուր

Վենետիկի արվեստի 60-րդ Բիենալեի համադրող Ադրիանո Պեդրոսան «Օտարներ ամենուր» խորագիրը հայտարարվեց այս տարվա կարգախոսը։ Այն փոխառվել է «Քլեր Ֆոնտեն» արվեստային կոլեկտիվի համանուն աշխատանքների շարքից՝ բաղկացած արտահայտության՝ տարբեր գույներով ու լեզուներով նեոնային քանդակներից: Stranieri Ovunque – Foreigners Everywhere արտահայտությունն իր հերթին գալիս է թուրինյան կոլեկտիվի անունից, որը 2000-ականների սկզբին Իտալիայում պայքարում էր ռասիզմի և այլատյացության դեմ: «Օտարներ ամենուր» արտահայտությունը, - բացատրում է Ադրիանո Պեդրոսան, - ունի մի քանի իմաստ: Նախ, ուր էլ գնաս, ուր էլ լինես, միշտ կհանդիպես օտարերկրացիների. նրանք/մենք ամենուր ենք: Բացի այդ, անկախ նրանից, թե որտեղ ես, դու միշտ հոգու խորքում օտար ես»։

 

Ավելի քան 30 տարի Փարիզում բնակվող ու ստեղծագործող Նինան Ֆրանսիայում օտարերկրացի է՝ հայ արվեստագետ, որը իր ստեղծագործությամբ նորովի է մատուցում հայկական մշակութային ժառանգությունը։ Արմեն Եսայանցի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն ցույց տալ Նինա Խեմչյան արվեստագետի բազմաշերտ ստեղծագործությունը, այլև հայկական մշակութային լեզվի բազմազանությունը։ 5-րդ դարի շարականների մատուցումը ժամանակակից արվեստի լեզվով նոր շունչ ու մեկնաբանություն է տալիս հայ վաղ միջնադարյան հոգևոր ժառանգությանն ու, միևնույն ժամանակ, ընդգծում թեմայի ու ենթատեքստի արդիականությունը։ «Արձագանք» նախագիծը որքան կապված է հայկական ինքնության հետ, այնքան էլ անդին է հայկական մշակութային սահմաններից։ Սև ու սպիտակ երկչափ գրաֆիկան հակադրվում է կապույտ ու ոսկեգույն եռաչափ գնդերին, երկրայինը՝ երկնայինին՝ այդպիսով վերածելով նախագիծը ինտերսեմիոտիկ մեկնաբանության. գրաֆիկական ֆիգուրները վերածվում են տեքստի, իսկ օտարի համար անընթեռնելի հայերեն գրությունները՝ պատկերների:

 

Անի Սմբատին, Արմեն Եսայանցը, Նինա Խեմչյանը

 

 

Հայկական ազգային տաղավարը բացման առաջին երկու օրում ավելի քան 1000 այցելու ընդունեց՝ արվեստասերներ, արվեստագետներ, աշխարհահռչակ թանգարանների ու փառատոնների տնօրեններ, արվեստի քննադատներ ու հավաքորդներ։ Վենետիկի Բիենալեի հիմնական ցուցադրություններին՝ Արսենալեին ու Ջարդինիին, այլ ազգային տաղավարներին ու առընթեր միջոցառումներին զուգահեռ Նինա Խեմչյանի «Արձագանքը» բաց է մինչև 2024-ի նոյեմբերի 24-ը։

 

Հինգ օր, մեկ Բիենալե, ինը ցուցահանդես, անհամար քայլած կիլոմետրեր, կամուրջներ, սպրիցներ ու չիկետիներ, մի զույգ կարմիր ֆրիուլանա, երկու փարթի ու երեք անձրև անց վերադառնում եմ Հռոմ՝ իմ 6 տարվա տուն, որտեղ յուրային ու օտար եմ տեղացիների համար և շուրջս էլ օտարներ՝ ամենուր։

հավելյալ նյութեր