Վերադարձ դեպի սիմվոլիկ հայրենիք
Հայրենադարձություն

Վերադարձ դեպի սիմվոլիկ հայրենիք

Ինչպես 1940-ականներին հազարավոր սփյուռքահայեր նոր տուն փնտրեցին Խորհրդային Հայաստանում:

Տեքստը՝ Տիգրան Զաքարյանի

 

Լուսանկարները՝ Արմենպրես, Ազգային ֆիլմադարան

 

ԵՐԵՎԱՆ #31 | 2015

#ՀինԵրևան

Սփյուռքահայեցի անեկդոտներ

Ներգաղթի տարբեր դրվագների, Հայաստանում նրանց ընդունելության, «տեղացիների» ու խորհրդահայ իրականության հետ տհաճ, երբեմն զվարճալի ավարտով հանդիպումների մասին ներգաղթյալները պահպանել են բազմաթիվ հուշեր և նույնիսկ անեկդոտների մի ամբողջ ենթաժանր:

 

***

Հայրենադարձը պատահաբար գիշերով ընկնում է փոսը, կոտրում ձեռքը: Նրան հիվանդանոց այցելության է գալիս մեկ այլ հայրենադարձ: Առաջինը բողոքում է՝ «կարգին երկիրներու մեջ փոս փորեն նե, վրան կարմիր դրոշակ մը կը տնկեն, որ մարդիկ տեսնան, մեջը չ’իյնան (չընկնեն — խմբ.), ոտ-գլուխը չկոտրեն»: Մյուսն ի պատասխան ասում է՝ «Է, ախպար, հոս եկած ատենը, սահմանին վրա մեծ կարմիր դրոշակ մը կար, չի տեսա՞ր»:

 

***

Հայրենադարձին հարցնում են՝ «հոնի օղի սիրու՞մ ես»: Նա պատասխանում է՝ «հոնին ամեն ինչը կը սիրեմ կոր»:

 

***

Սփյուռքահային անընդհատ նեղում են հարցերով թե «այնտեղ» ինչ կար:

— Ձի կա՞ր ձեզ մոտ:

— Այո, կար:

— Կով կա՞ր:

— Է, այո:

— Ոչխար կա՞ր:

— Այո:

— Իսկ էշ, էշ կա՞ր:

Մի քիչ մտածելով հայրենադարձն ասում է.

— Չէ, ամենը հոս եկան:

 

***

Լեոնիդ Բրեժնևը հանկարծակի իրեն շատ վատ է զգում, պետք է լինում անահապաղ վիրահատական միջամտություն: Արյան դոնորի անհրաժեշտություն է առաջանում, Բրեժնևի թիկնապահները մի կերպ ճարում են մի հայրենադարձի, ում արյունը համապատասխանում է երկրի ղեկավարի արյանը: Վիրահատությունը ավարտվել է, հիվանդանոցում են պոլիտբյուրոն, սպասում են, երբ նա ուշքի կգա: Վերջապես Բրեժնևը աչքերը բացում է, պոլիտբյուրոյի անդամները իրար են անցնում, հետաքրքրվում են, թե ինչպես է իրեն զգում շեֆը: Սա պատասխանում է՝ «աղեկ եմ, բայց պիտի երթամ»:

Սփյուռքահայերի հայրենադարձությունը հայ ժողովրդի պատմության մեջ եզակի, իսկ համաշխարհային պատմության հազվադեպ իրադարձություններից էր, որի հետ երևի միակ հնարավոր համեմատությունը հրեաների ներգաղթն էր Իսրայել: Հայրենադարձությունը փոխեց ինչպես հազարավոր սփյուռքահայերի կյանքը, այնպես էլ Երևանի դեմքը. Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը ստացավ մշակութային ներարկումներ աշխարհի տարբեր ծայրերից եկած ու իրենց հետ զանազան ավանդույթներ, գիտելիքներ ու սովորություններ բերած հայերի շնորհիվ: Սակայն գործընթացը հեշտ չէր, հատկապես եկողների համար:

 

Սիմվոլիկ հայրենիք

Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ չանցած՝ 1946-ին, սկսվեց հայ ժողովրդի պատմության ամենամեծ հայրենադարձության ալիքը: Երկու տարվա ընթացքում այն Խորհրդային Հայաստան բերեց շուրջ 100 000 սփյուռքահայի՝ Մերձավոր Արևելքից, Բալկաններից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: 

 

Հազարավոր ոգևորված սփյուռքահայերի ներգաղթին նպաստում էր ոչ միայն Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության հաղթանակի շնորհիվ այդ երկրի հեղինակության աննախադեպ աճը, որը մոռացնել էր տալիս նրանում տիրող ամբողջատիրական համակարգը, այլև Արևմտյան Հայասատանի կամ գոնե Կարսի մարզի վերահաս միացումը Խորհրդային Հայաստանին:

 

Այն ավարտվեց նույնքան անսպասելի, որքան սկսվել էր: Ըստ անեկդոտիկ տվյալների, որոնց իսկությունը չենք կարող պնդել, 1948-ին Ստալինը «խորհուրդ տվեց» Մալենկովին մտածել, չկա՞ն արդյոք հայրենադարձ հայերի շարքերում դիվերսանտներ: Հաջորդ իսկ օրը Մալենկովը զեկուցեց Ստալինին, թե, իբր, հայրենադարձ հայերը, Բաթումում իջնելով «Պոբեդա» շոգենավից, ռումբ են տեղադրել նավի վրա: Այդ պատրվակով հայերի հայրենադարձությունը դադարեցվեց և վերսկսվեց միայն Ստալինի մահից հետո:

 

Իրականում, ո՛չ Սփյուռքում և ո՛չ էլ Խորհրդային Հայաստանում հայության այս երկու հատվածները, կտրված լինելով իրարից, բաժանված երկաթե վարագույրով, չէին ճանաչում իրար և գրեթե անիրազեկ էին դրսում ու ներսում տեղի ունեցող փոփոխություններին, հետևաբար և պատրաստ չէին այս հանդիպմանը: Չնայած «հայրենադարձություն» եզրի օգտագործմանը, շատ վերապահություններ կային, թե իրականում որն էր այդ ներգաղթյալների իրական հայրենիքը: Շատերը ծնվել էին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում կամ Օսմանյան կայսրության այլ հայաշատ վայրերում, Իրանում, ոմանք էլ՝ իրենց ծնողներին ընդունած վայրերում, յուրացնելով տեղի վարք ու բարքի տարրեր, բոլորովին խորթ Խորհրդային Հայաստանին:

 

Այսպիսով, Խորհրդային Հայաստանը նրանցից շատերի համար սիմվոլիկ հայրենիք էր, վայր, ուր մեկնելու խանդավառությունը չէր զուգակցվում տեղի իրականության գիտակցմամբ: Շատերի համար Խորհրդային Հայաս-տանի կենցաղում, առօրյա մշակույթում առկա կովկասյան, ռուսական, մահմեդական տարրերի առկայությունը երկար ժամանակ մնում էր անմարսելի, մղելով նրանց կուտակվել հայրենադարձների «գետտոներում», ուր հաճախ կային ներքին համախմբումներ՝ ըստ իրենց նախկին բնակության վայրի:

 

 

Առաջին հայրենադարձներին դիմավորում են Երևանի երկաթուղային կայարանում, 1948թ.


 

Եգիպտահայ հայրենադարձների ժամանումը Բաթում, 1964թ.

 

Այսպես, օրինակ՝ «հունաստանցիները», «ֆրանսիացիները», «բուլղարացիները», որոնք բացառապես քաղաքային բնակիչներ էին եղել սփյուռքում և զգալի մասով ինտեգրվել էին իրենց ընդունող երկրի հասարակությանը, առավել «վերևից» էին նայում Մերձավոր Արևելքի, մասնավորապես Սիրիայի և Իրաքի գյուղերից կամ գավառական քաղաքներից եկածներին, ինչպես կնայեին միջին եվրոպացիները մերձավորարևելցիներին:


Հայրենադարձներից մոտ 7 հազարը Ֆրանսիայից էին: Զարմանալի չէ, որ նրանք կազմել էին յուրօրինակ «ընտրախավ» վերադարձածների շարքում: Հետագայում նրանք եղան առաջիններից, ովքեր հիասթափվելով խորհրդային իրականությունից, խնդրեցին իրենց երբեմնի երկրի՝ Ֆրանսիայի աջակցությունը այնտեղ վերադառնալու համար:

 

Սովետախաբություն

Խորհրդային Հայաստանի իրականության հետ առաջին իսկ հանդիպումը շատերի վրա էր թողնում սառը ցնցուղի տպավորություն: Հացի հերթերը, աղքատությունը, մարդկանց թշվառ հագուկապը, քրեական միջավայրը, անհանդուրժողականությունն ու գավառականությունը՝ համեմված խորհրդային քարոզչության տարրերով, ծանր տպավորություն էին թողնում շատերի վրա: 


Հայրենիքի հետ առաջին հանդիպումը շատ հայրենադարձների մոտ է տպավորվել ու ֆիքսվել՝ խանդավառության ու արագ հիասթափության խառնուրդի տեսքով: Ամենից լավ դա կարելի է տեսնել դարաշրջանի տարածված մի կատակի մեջ: Ըստ սյուժեի՝ հայրենադարձը նոր է գալիս Հայաստան, իջնում է գնացքից՝ ճամպրուկներով, հուզված մի կողմ է դնում բեռը, կռանում, համբուրում է հողը: Գլուխը դնում է հողին, մնում առժամանակ: Ապա վեր է կենում, փորձում է ճամպրուկները վերցնել ու հայտնաբերում է, որ արդեն տարել են:

 

Տրոլեյբուսի վարորդ, բեյրութցի հայրենադարձ Հովհաննես Զուլֆարյանը, Երևան, 1950թ.


Հայրենադարձներից շատերը հիասթափվում էին իրենց նկատմամբ կասկածոտ, հաճախ խտրական վերաբերմունքից: Նրանցից ոմանք, մանավանդ ավագ սերնդի պատկանող Մերձավոր Արևելքի գյուղական շրջաններից եկողները, կարող էին ընդհանրապես հայերեն չխոսել, էլ չենք ասում ռուսերենի մասին, որը բոլորի համար անծանոթ լեզու էր: Ճիշտ է, նրանց համար խորհրդային իշխանությունները կազմակերպել էին լեզուների (արևելահայերեն և ռուսերեն) և կուսակցական դասընթացներ, սակայն դրանք, մասնավորապես գաղափարախոսական ուղղվածություն ունեցողները, նկատի ունենալով նաև դրանց խրթին լեզուն, հիմնականում անօգուտ եղան:


Ներգաղթյալների ճնշող մեծամասնության համար փակ էին կուսակցության դռները (բացառությամբ, իհարկե, սփյուռքում կոմունիստական կուսակցության անդամների), նրանց համար անգամ զինվորական ծառայությունը պարտադիր չէր, քանի որ համարվում էին «կասկածելի տարր»:

 

Ներգաղթածին չէին վստահում բարձր պաշտոն, ղեկավար դիրք, պատասխանատու աշխատանք: Անգամ ներգաղթած կոմունիստներից մեկը ասում էր. «Մեր գիտցած կոմունիստը բոլորովին տարբեր է, ասոնց ըսած-ըրածը իրարու հետ չէ բռներ»:


Խորհրդային իրականությունը ցայտուն է արտահայտում մեկ այլ անեկդոտ. հայրենադարձը Հայաստան գալուց մի քանի ամիս անց նամակ է գրում մոտ ընկերոջը, նկարագրելով իրավիճակը և տեղյակ լինելով գրաքննությունից, փորձում է շրջանցել այն: «Հայաստան ամեն ինչ ալ կա, խանութները լեցուն ապրանք կա, մենք բոլորս հոս շատ աղեկ կ’ապրինք, ամեն օր սև ձկնկիթ կ’ուտենք, շատ դրամ կ’աշխատինք», ու նման բաներ է գրում հայրենադարձը, իսկ վերջում ավելացնում է՝ «ես ասանկ կը գրեմ, դուն անանկ հասկցիր»: Մի քանի օր անց հայրենադարձին կանչում են անվտանգության մարմինները և բացատրություն պահանջում վերջում գրածի համար: «Է, ի՞նչ կ’ուզեք: Ասքան ձեզի համար գրած եմ, մեկ տող ալ ինծի համար չե՞մ կրնար գրել», — զարմանում է հայրենադարձը:


Օտար անունները

Բարդությունները սկսվում էին առաջին իսկ օրից: Ընդ որում, ադապտացումը դժվար էր ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար, որոնք իրենց երկրներում հիմնականում զերծ են եղել գաղափարախոսական «մշակումներից»: Սփյուռքում ծնված և այնտեղ մասամբ կրթություն ստացած ծանոթներիցս մեկը պատմում էր երևանյան դպրոցում իր առաջին դասի մասին: Թելադրություն էր, որում, իհարկե, կար նաև «ժողովուրդների հայր» Ստալինի անունը: Աշակերտը, բնականաբար գրում է դասական ուղղագրությամբ, ինչպես սովորել է իր հայալեզու դպրոցում, որի համաձայն Ստալին անունը գրվում է Սթալին: Հայոց լեզվի դասատուն, դիտմամբ թե պատահմամբ, զանց առնելով, որ աշակերտը բնականաբար անծանոթ է խորհրդային հայերենի ուղղագրությանը, «մեկ» է նշանակում հիմնավորելով՝ դու մեծն առաջնորդ Ստալինի անունն անգամ չգիտես ճիշտ գրել, ինչին ի պատասխան տղան տալիս է անկեղծ, բայց «քաղաքականապես վտանգավոր» պատասխան՝ «մեզ սովորեցրել են օտար անունները թ-ով, փ-ով և ք-ով գրել»:

 

Թագվորյանների ընտանիքը Բուլղարիայից, Երևան, 1950-ականներ.


Կապիտալիզմը՝ առանձին վերցրած մեկ խորհրդային օջախեն ներս 

Ներգաղթած արհեստավորները, հատկապես դերձակներն ու կոշկակարները, տներում գաղտնի մասնավոր պատվերներ էին ընդունում՝ շատ թե քիչ տանելի գոյություն ապահովելու նպատակով, միշտ թաքցնելով իրենց գործունեությունը այնժամանակյա «հարկայինից»՝ շրջխորհուրդների ֆինբաժիններից: Այդպիսի գործունեություն ծավալում էր, օրինակ, մեր բարեկամներից մեկը՝ վարպես Հակոբը, որը կոշկակար էր բուլղարական Պլովդիվից: 1946-ին տեղափոխվելով Հայաստան, նա շուտ կռահեց, որ իրավիճակը Խորհրդային Միությունում իր պատկերացրածից շատ տարբեր է: Հետագայում նա տարակուսանքով պատմում էր, թե ինչպես դեռ նրանց տեղափոխող նավի վրա խորհրդային ներկայացուցիչները հորդորում էին իրենց ունեցած հացը ծովը նետել, քանի որ իրենց «առատ հաց էին տալու»:

 

Շատերն այդպես էլ վարվել էին, բայց ոչ Հակոբը: Հայաստանում նրան բնակության վայր են ընտրում Ախուրյան ավանը («Այդ ախո՜ռը», ինչպես նա էր ասում), բայց Հակոբը սեփական նախաձեռնությամբ և սեփական գումարով տեղափոխվեց Երևան: Այնտեղ էլ քիչ անց նորից սկսեց կիսագաղտնի զբաղվել իր արհեստով: Գրանցվելով կոշիկի ֆաբրիկայում իբրև բանվոր և իր կարածը ֆաբրիկային ըստ էության ձրի տալով՝ վարպետը կարողանում է որոշ չափով ապահովել իր փոքր «բիզնեսը»: Հատկանշական է, որ նրա հաճախորդներն էին բարձր կուսակցական պաշտոնյաները, մինիստրներ և այլ պետական պաշտոնյաներ, իսկ «թաղայինը» իր կամ իր ընտանիքի անդամներից մեկի համար կոշիկ կարելու «պատվերով» հաճախ էր այցելու «բուլղարացի» վարպետ Հակոբի տուն:


Լացին պարտեզ

Հայրենադարձների՝ խորհրդային իրականությանը ինտեգրվելու առաջին վայրերից էին Երևանում գործող սև շուկաները, ուր նրանք վաճառում էին իրենց հետ բերած իրերից (հագուստ, կոշիկ և այլն)՝ ընտանիքի սնունդը հոգալու համար: Դրանք նաև հանդիպման վայր էին, որտեղ հայրենադարձները կարող էին տեսակցել, նորություններ ու լուրեր փոխանակել և իրենց ցավերից խոսել: Նմանօրինակ մի վայր էր նաև Երևանում Ներգաղթ կոմիտեի շենքի դիմացի այգին (ներկայումս Շահումյանի արձանի հարևանությամբ), որը հայրենդարձներն անվանում էին ոչ այլ ինչ, քան «լացին պարտեզ»:

 

Հայրենադարձ Երվանդ Փոստանջյանի տունը Երևանում, 1950թ.


Բռնաճնշումներ

Երկրորդ աշխարհամարտի ավարտից քիչ անց աշխարհը երկաթե վարագույրով կրկին բաժանվեց հակամարտ մասերի, որը գնալով ամրանում էր և շուտով սփյուռքահայերի ներհոսքը դադարեց, իսկ ԽՍՀՄ-ում ծայր առան նոր բռնաճնշումներ: Հայաստանում 1949-ի հունիսյան մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 13 000 հոգի՝ հիմնականում հայրենադարձներ,  ձերբակալվեցին և աքսորվեցին Սիբիր ու այլ հեռավոր, ոչ շատ հաճելի վայրեր: Բռնաճնշումների մասնավոր թիրախը ներգաղթյալներն էին, ինչը հիմնավորելու համար լուրեր էին տարածվում, թերթերում նյութեր էին տպագրվում «ախպարների կազմակերպած սաբոտաժների», Երևանի խմելու ջրի թունավորման և այլ «չարագործությունների» մասին: Նրանց ազատում էին աշխատանքից առանց որևէ հիմնավորման կամ ազատելու սպառնալիքի տակ ստիպում վկայություն տալ այս կամ այն ներգաղթածի հակասովետական գործունեության մասին:

 

Նրանք մեղադրվում էին արտասահմանի ազգականների հետ ունեցած կապերում, ինչը որակավորվում էր լրտեսական գործունեություն: Այս ամենը աստիճանաբար ձևավորեց երկրից հեռանալու տրամադրություններ, և շշուկով արտասանվում էր՝ «երթալը կփրկե»:


Հայրենադարձ ականատեսներից մեկի վկայությամբ՝ գիշերվա ուշ ժամին իրենց տան դուռը թակում են ինչ-որ անծանոթներ, որոնք եկել են սև ավտոմեքենայով, ամենայն հավանականությամբ՝ խորհրդային անվտանգության ծառայությունից: Խեղճ բնակիչները լեղաճաք բացում են դուռը՝ ակնկալելով, որ շուտով կհանգրվանեն ինչ-որ Սիբիրյան աքսորավայրում: Իրականում նրանք հասցեն էին շփոթել: Գնում են: Բայց պարզ է, որ այդ ճակատագրին է արժանացել մեկ այլ ներգաղթյալ ընտանիք: 

 

Մեկ այլ դեպքում՝ սփյուռքահայ ուսուցչին աքսորել են նրա համար, որ նա, նկատելով աղբի մեջ ուտելիք փնտրող կիսասոված մանուկների, գլուխն օրորել է ու ասել՝ «մի՞թե այս սերունդն է մեր ապագան»: Նման իրադարձությունները ծնունդ են տալիս նաև դառը հումորի: Այսպես, մի անեկդոտում Ամերիկա մեկնող մի հայրենադարձի հարցնում են, թե ինչու է գնում, արդյոք այնտեղ բարեկամ-ազգակա՞ն ունի, վերջինս պատասխանում է՝ «49-ին Սիբիրիա ղրկեցիր նե, հոն ազգական-բարեկա՞մ ունեի»:


Ա-լա ֆրանկի

Սփյուռքում մեծացած, ինչ-որ դիրքի հասած մարդիկ, բնականաբար, բավարարված չէին տեղի իրականությամբ, ուր երբեմն փողոցի «խուլիգանները» կարող էին հասարակական տրանսպորտում վնասել մեկի արտասահմանյան շքեղ կոստյումը՝ ավելի շուտ նախանձից, քան որևէ շահադիտությամբ: Նման դժգոհներից էր հորս ընկերը՝ ֆրանսահայ Ժոզեֆը՝ հայտնի սրախոս և բազմաթիվ իրապատում զվարճալի իրադարձությունների ընտրանիով, ով 1960-ականներին վերադարձավ Ֆրանսիա:


Հիշում եմ՝ Ֆրանսիայում ծնված և հասունության հասած Ժոզեֆի տանը ֆրանսիական կենցաղ էր տիրում՝ կեսօրին, երեկոյան նույն ժամին, զանգով բոլորը հավաքվում էին առաջին հարկում գտնվող ճաշասենյակում: Մի անգամ տուն են կանչում փայտահատների՝ իրենց ձմեռվա փայտը կոտրելու: Ժոզեֆի մայրը առաջարկում է բանվորներին փոքր-ինչ հանգստանալ ու սուրճ է պատրաստում: Բանվորներից մեկը, բոլորովին անտեղյակ սուրճի ինչ լինելուց, արագ վերցնում է տաք հեղուկով գավաթն ու «կենացդ մայրիկ ջան» ասելով, փորձում է խմել դրա պարունակությունը մեկ ումպով: Թե ինչ է դրան հետևում՝ կարելի է պատկերացնել:


Մեկ այլ դրվագում, նույն Ժոզեֆը, հավանաբար 50-ականներին, երբ ձիթապտուղ կարելի էր գտնել Երևանի խանութներում, իսկ գնորդների թիվը ամենայն հավանականությամբ շատ քիչ էր, նման մի «օյին» է խաղում ձիթապտղից անտեղյակ տեղացու գլխին: Երբ խանութում վերջինը հետաքրքրվում է, թե ինչ է դա և ինչպես են այն ուտում, Ժոզեֆը նրան է առաջարկում իր ուտելիքի «բաղադրատոմսը»՝ խաշած, ապա տապակած և սոխառածով ու համեմունքներով: Միամիտ քաղաքացին ի վերջո գնում է ձիթապտուղը իբրև ուտելիք:

 

Հայրենադարձ ուսանողուհին, Երևան, 1950թ.

 

Երևանյան հանրախանութի աշխատակից, հայրենադարձ Խոսրով Շմավոնյանը, 1950թ.


Վարագույրից այն կողմ

Այդուհանդերձ, հայրենադարձության արդյունքում Հայաստանը ձեռք բերեց բարձր որակավորում ունեցող հմուտ մասնագետներ բազմաթիվ ոլորտներում: Առողջապահության բնագավառը ձեռք բերեց նեղ մասնագիտացման բժիշկներ, օտար լեզուների մասնագետներ, որոնց կարիքը կար դպրոցներում և բուհերում: Հայաստան ներգաղթած մշակույթի գործիչների շնորհիվ նկատելիորեն աշխուժացավ հանրապետության մշակութային կյանքը:


Արման Մանարյանի «Տժվժիկ» ֆիլմը կարելի է համարել «ախպարական»՝ նախ քանի որ ողջ ֆիլմը արևմտահայերեն է և նրանում համարյա բացառապես հայրենադարձներ են: Հիշում եմ՝ փոքր ժամանակ, թե ինչպես տարիքով հայրենադարձները դիտում էին այդ ֆիլմը և նրա ինչ-որ աննշան էպիզոդում տեսնելով որևէ ծանոթի, թողած ֆիլմը, քննարկում այդ ծանոթի կյանքը: Հայրենադարձների գալը Հայաստան առիթ եղավ տեղի բնակչության համար մի փոքր բարձրացնել երկաթե վարագույրը, ծանոթանալով իրականությանը նրանից այն կողմ: Այդ առումով, կարելի է ասել, որ խորհրդային իշխանությունների վախը՝ հայրենադարձների «գաղափարախոսական անհուսության» առումով, որոշակիորեն արդարացված էր:


Բոլոր հայերի մայրաքաղաք

Հայրենադարձությունը, իր բոլոր հիասթափություններով և անհանդուրժողականության պոռթկումներով հանդերձ, դրական մեծ լիցք հաղորդեց հետպատերազմյան խորհրդային հայ հասարակությանը: Նախկին սփյուռքահայերը, սկզբնական դժվարություններից ու հետդարձի որոշ գործընթացներից հետո, ինտեգրվեցին խորհրդային հայ հասարակությանը: Նրանց որոշ ներկայացուցիչները ամուր տեղեր գրավեցին հայաստանյան ընտրախավում: 1960-ականների երևանյան քաղաքային մշակույթի բուռն զարգացումն ու վերելքը շատ բանով են կապված հայրենադարձների ներկայության հետ: Երևանը, որը հռչակված էր «բոլոր հայերի մայրաքաղաք», վերջապես սկսեց համապատասխանել այդ տիտղոսին:

հավելյալ նյութեր