Վերակառուցել, բայց չքանդել. 1980-ականների փորձը
Խորհրդային վերջին տարիների քաղաքաշինական միտումների և նախասովետական շրջանի տները վերակառուցելու փորձի մասին պատմում է Արեգ Ասատրյանը։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ HinYerevan.com, Արեգ Ասատրյանի արխիվ
ԵՐԵՎԱՆ #68 | 2021
Ճարտարապետ Արեգ Ասատրյան
Խորհրդային վերջին տարիների քաղաքաշինական միտումների, նախասովետական շրջանի տները վերակառուցելու, օգտագործելու և քաղաքաշինական արդի խնդիրների մասին ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է ճարտարապես Արեգ Ասատրյանի հետ, ով 1985-1988 թվականներին աշխատել է Երևանի Ճարտարապետա-հատակագծային վարչությունում, որպես հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար և ով այժմ ճարտարապետական նախագծերի փորձագետ է ՆյուՅորքի Շենքերի Վարչությունում (NYC Department of Buildings)։
Գլխավոր պողոտան 1980-ականներին
Մեծ նախագծեր, փոքր շենքեր
1982-ի հաստատվեց Երևանի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, որտեղ որպես հիմնական խնդիր կարող եմ նշել Գլխավոր պողոտայի շարունակության և Հյուսիսային պողոտայի մշակման և հետագա կառուցապատման հարցերը: Երկու ուղղություններն էլ շատ ցավոտ էին Երևանի համար, քանի որ դիպչում էին ամենակենտրոնական հատվածներում դեռևս պահպանված նախասովետական թաղամասերին:
Գլխավոր պողոտայի երկու հատվածները`Սարյանից մինչև Կողբացի և Նալբանդյանից մինչև Խանջյան մաքրվել և սկսել էին բարեկարգել 70-ականներից, բայց մի՝ դեռևս չքանդված հատվածը տարբեր կարծիքների և վեճերի առիթ էր: Այդտեղ էին կուտակված մի քանի առավել նշանավոր և արժեքավոր հուշարձան շենքեր, որոնց քանդելը դարձել էր մտավորականության և որոշ երիտասարդ ճարտարապետների բողոքների պատճառ:
Վիճարկողները պնդում էին, որ Գլխավոր պողոտան իր ամբողջականությամբ չի կարող բացվել, քանի որ մի տասնամյակ առաջ ավարտված Պետական պատկերասրահի լրացումը ոչ ոք չի պատրաստվում քանդել պողոտան շարունակելու համար:
Հյուսիսային պողոտայի բացելու հարցն ավելի բարդ է այս զրույցի շրջանակներում քննարկելու համար: Միայն կարող եմ ասել, որ 1984-ին անցկացվեց Հյուսիային պողոտայի կառուցապատման նախագծի մրցույթ (հաղթող խումբ` Գուրգեն Մուշեղյան, Հայկ Տիգրանյան, Ժորժ Շեխլյան, Ռոբերտ Տոնոյան և Կարեն Աստվածատրյան):
80-ականներին նախագծվեցին մի քանի խոշոր կառույցներ, դրանց թվում` Լենինի թանգարանը, Ժողովուրդների բարեկամության տունը և Ռուսական թատրոնի նոր շենքը: Եթե առաջին երկուսի համար անցկացվեցին մրցույթներ, ապա թատրոնի շենքի նախագիծն արդեն մշակվում էր Ջիմ Թորոսյանի արվեստանոցում: Կհարցնեք՝ իսկ ինչու հենց Ռուսական թատրոնի շենք, եթե Ռուսական թատրոնն ուներ շենք Աբովյան փողոցի վրա: Բանն այն է, որ մեծ նախագծերը սովորաբար ֆինանսավորվում էին Մոսկվայի կողմից, և պետք էր առաջարկել «համապատասխան թեմա» (տվյալ դեպքում Ռուսական թատրոն): Բոլորն էլ հասկանում էին, որ Երևանը վերակառուցման կարիք ունի, բայց միշտ չէ, որ հնարավոր էր լինում գտնել համապատասխան ֆինանսական միջոցներ։
Իսկ ահա թատրոնի շենքի կառուցումը միանգամայն ռեալ էր և նույնիսկ սկսել էին հիմք փորել։ Սակայն մի խնդիր կար` Պուշկին և Սպանդարյան (այժմ՝ Արամի) փողոցներում մի քանի հուշարձան-տներ ընկնում էին այդ ծավալուն շինարարության տարածքում և պետք է քանդվեին։ 80-ականներին, հատկապես վերջին՝ ընդհուպ մինչև 88-ի ազգային զարթոնքը, բարձր էր ազգային ինքնագիտակցությունը քաղաքացիների շրջանում և հինը պահպանելու միտումները գնալով էլ ավելի էին համակում մարդկանց։ Եվ սա լուրջ խնդիր էր, քանի որ քաղաքը զարգանում էր և լուրջ կառուցապատման կարիք կար, բայց ի՞նչ անեին այդ հին տների հետ։
Ժողովուրդների բարեկամության տան հաղթող նախագծի մակետը
Ժամանակին նույնիսկ մի ծիծաղելի առաջարկ կար․ հավաքել այդ բոլոր հուշարձան-տներն ու տանել Պասկևիչի բլրի վրա մի առանձին, հին երևանյան թաղամաս կառուցել։ Այսօրվա «Հին Երևան» նախագիծը հենց այդ գաղափարի հետագա զարգացումն է։ Նման առաջարկների դեմ պայքարը կրկնակի դժվար է, որովհետև օրենքը թույլ է տալիս «պահպանել» տեղափոխելով։ Պահպանելն այստեղ չակերտների մեջ է պետք առնել, քանի որ իրականում շենքն իր տարածքից կտրել, քանդել և վերահավաքելով կորցնում ենք հուշարձանի հիմնական արժեքներից մեկը` իր միջավայրին համահունչ, ներդաշնակ լինելը: Բայց այն ժամանակ իշխանությունները հասկանում էին, որ նման համատարած տեղափոխումը շատ թանկ և տեխնիկապես բավական բարդ պրոցես է, և իրենք պարզապես հայտնվել էին երկու քարի արանքում։
Կանգնել բուլդոզերի առաջ
Հատկապես շատ ակտիվ էր մտավորականությունը։ Ակտիվիզմն այն ժամանակ մի փոքր այլ տեսք ուներ։ Փողոցային պայքարի փոխարեն նամակներ էին գրվում Մոսկվա, կազմակերպվում էին ստորագրահավաքներ։ Հիշում եմ հատկապես լրագրող Սամվել Շահմուրադյանին և ֆանտաստ գրող Կարեն Սիմոնյանին, ովքեր շատ ակտիվ պայքար էին տանում թատրոնի շենքի կառուցման դեմ և ում այն ժամանակվա չափանիշներով կարելի էր ակտիվիստ անվանել։ Շատ ակտիվ էին նաև կինոմատոգրաֆիստները։ Հիշում եմ, «Օտար խաղեր» ֆիլմի նկարահանումներն էին, հենց այդտեղ մոտեցա ու բոլորը սիրով ստորագրեցին Մոսկվա ուղարկվող նամակի տակ։
Ի վերջո, շենքը չկառուցվեց։ Մարդիկ կանգնեցին բուլդոզերի առաջ ու կանխեցին հին տների քանդումը։ Շինարարական փոսն էլ մնաց տարիներով ու ի վերջո այդ նույն փոսն օգտագործվեց մի քանի շենքերի համար, որոնք կառուցվեցին 2010-ականներին և կանգնած են այդտեղ այսօր։
Դրան զուգահեռ որոշ ճարտարապետներ սկսեցին ավելի զգուշությամբ մոտենալ կենտրոնում նախագծվող շենքերի տարածքում գտնվող հին շենքերին և փորձել դրանց պահպանել՝ ընդգրկելով նախագծի կազմի մեջ:
Դրանցից մեկը, օրինակ, Մովսես Խորենացի փողոցի վրա գտնվող Պիոներ պալատի շենքն է, որի հեղինակային խումբը նախագծի ընթացքում փոփոխություններ արեց և արդյունքում այդտեղ գտնվող երկու հին տներից մեկը պահպանվեց (հիմա այն վերածվել է Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի)։
Վերևում նշեցի նաև Ժողովուրդների բարեկամության տան մրցույթի մասին, որի հաղթող խումբը (Մարտին Զաքարյան, Սամվել Գյուլնազարյան) առաջարկում էր հիմնական մասնաշենքը փողոցի կարմիր գծից հետ քաշելով և այն «կախելով» Փավստոս Բուզանդ փողոցի վրա գտնվող մի քանի հուշարձան շենքերի վրա, պահպանել դրանք (լուս. XX): Ամբողջ համալիրն առաջարկվում էր Մաշտոցից Եզնիկ Կողբացի հատվածում, այժմյան Միսաք Մանուշյան պուրակի երկայնքով։ Դժբախտաբար այս նախագիծը չիրականացավ ՍՍՀՄ-ի կազմալուծումից հետո, միութենական ֆինանսավորումների դադարեցման արդյունքում:
Նմանատիպ նախագծերի թվում չեմ կարող չնշել Կոնդի վերակառուցման մրցույթի հաղթող նախագիծը (հեղինակ Արշավիր Աղեկյան), որն ամբողջությամբ հիմնված էր Կոնդի մշակութային շերտը պահելով և վերակառուցելով վերհանել եղած գողտրիկ արժեքները՝ դարձնելով այն տուրիստական գրավիչ թաղամաս:
Սիլ Պլազայի շենքն ու վերակառուցման պատմությունը
Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող մեկ հարկանի գրախանութն արտաքինից աչքի չընկնող կառույց էր: Ինձ առաջարկեցին ներքին հարդարման և վերանորոգման նախագիծ: Նախնական չափագրությունների ընթացքում պարզվեց, որ շենքը կառուցված է սև տուֆից և նախկինում ունեցել է առևտրական պասաժներին բնորոշ մեծ բացվածքներ: Սովետական տարիներին բացվածքները փակել-փոքրացրել էին և քարե պատերը սվաղով ծածկել՝ ներսում գրադարակների պատ ստանալու համար։ Ես առաջարկեցի հիմնական վերանորոգումից բացի նաև հեռացնելով սվաղը՝ վերականգնել իր նախկին իրական տեսքը: Բայց գրախանութի պետական ֆինանսավորումը կրճատվեց և նախագիծը չիրականացավ:
Սիլ Պլազա, Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկ, 1990-ականներ
Հետագայում շենքը սեփականաշնորհվեց և նոր, արդեն մասնավոր սեփականատերը պատվիրեց նոր նախագիծ երկրորդ հարկի ավելացումով և տարածքների ընդլայնումով: Վերակառուման և ավելացման նախագիծն իրականացրեց ճարտարապետների մեկ այլ խումբ՝ Արշակ Ղազարյանի ղեկավարությամբ։ Դա հին շինությունների վերակառուցման մեջ մասնագիտացած ճարտարապետական արվեստանոց էր , որը զբաղվում էր նմանատիպ նախագծերով։ Հենց նրանք են շենքին նոր հարկ ավելացրել՝ օգտագործելով այլ գույնի քար, ինչը թույլ է տալիս տարբերակել հինը նորից, բայց և շատ համահունչ է շենքին, նույն մասշտաբն ու ոճն ունի։ Կարծում եմ՝ շատ լավ վերակառուցում է։ Ի դեպ՝ հենց այս ճարտարապետական խումբն է նույն տարիներին նախագծել Ձորագյուղ ազգագրական թաղամասի վերակառուցումը, որոնցից մի քանի տուն իրականացվեց: Ի դեպ, դրանցից մեկում հիմա տեղակայված է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։
Ալավերդյան փողոցի վերակառուցման նախագիծը
Ինչպես արդեն նշեցի, 1982-ին հաստատվեց Երևանի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, որտեղ առաջարկվում էր առանձնացնել Ալավերդյան և Հոկտեմբերյան փողոցների հատվածը որպես պատմամշակութային պահպանման գոտի, որտեղ քիչ թե շատ պահպանված էին նախասովետական շրջանի բնակելի և հասարակական շենքեր։ Գոտին ձգվում էր այժմյան Հանրապետության փողոցից մինչև Խորենացու փողոց և Տիգրան Մեծ պողոտայի Մելիք-Ադամյանից մինչև Խանջյան-Արշակունյաց հատվածը։ Նախագծի նպատակն էր եղած հուշարձան շենքերի վերակառուցումը, ինչպես նաև համահունչ լրացումների օգնությամբ ստանալ Երևանի 20-րդ դարին բնորոշ թաղամաս, որը հիմնականում պետք է լիներ հետիոտն՝ կապելով Գլխավոր պողոտայի ներկայում Վերնիսաժի հատվածը Անգլիական այգու հետ:
1. Հին Կոնդի վերակառուցման տարածք / 2. Հյուսիսային Պողոտայի տարածք / 3. Ռուսական թատրոն /
4. Ժողովուրդների բարեկամության տուն / 5. Սիլ Պլազա / 6. Լենինի անվան թանգարան / 7. Ալավերդյան-
Հոկտեմբերյան փողոցների պատմական տարածք / 8. Սպանդարյան շրջանի Պիոներների պալատ
Նշված պատմամշակութային գոտին վերակառուցելու համար ստեղծվեց հատուկ նախագծային խումբ, որը գլխավորում և կոորդինացնում էր այն ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Խմբի ղեկավարն էր Արտակ Սադոյանը, ընդգրկված էին Ռուբեն Չախմախչյանը, Նելլի Բադալյանը և ես։ Աշխատանքներին մասնակցում էին նաև Արամ Ներսիսյանը, Բորիս Հարությունյանը և Սուրեն Օհանյանը:
Աշխատեցինք մոտ մեկ տարի և նախագիծը հավանության արժանացավ, հաստատվեց Երևանի քաղխորհրդի կողմից և դարձավ հետագա կոնկրետ շենքերի վերակառուցման հիմք-առաջադրանք: Այդ նախագծից 1983-ից սկսած վերակառուցվեցին ընդամենը մի քանի շենք։
Դրանցից առաջինը ներկայիս Մհեր Մկրտչյան 10 հասցեում գտնվող տունն է (այժմ «Միրզոյան» գրադարան)։ Շենքը կիսաքանդ էր, քանդված էր նաև ֆասադը։ Այս շենքի վերակառուցման աշխատանքները կարելի է դասական վերակառուցում համարել։ Իհարկե, որոշ միջամտություններ արվել են, որպեսզի այն ավելի ֆունկցիոնալ լինի, բայց հիմնականում ամեն բան արվել է մաքսիմալ հնի նման։ Այն նախատեսվում էր որպես գրքասերների ընկերության միության շենք, սակայն 88-89-ի Արցախյան շարժման ընթացքում անցավ Հայ Ազգային Բանակի տնօրինության տակ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ շենքը սեփականաշնորհվել է, հետագայում արդեն բացվեց ներկայիս գրադարանը։ Լավ է, որ այն ի վերջո կապ ունեցավ գրքի հետ։
Մյուսն այն ժամանակվա Սփյուռքահայերի կոմիտեի շենքն է, որտեղ մինչև սովետները տեղակայվել է Առաջին Հանրապետության կառավարությունը։ Սփյուռքահայության կոմիտեն լրացուցիչ տարածքների կարիք ուներ: Մեր խումբը նախագծեց և իրականացրեց շինարարությունը։ Մեր լրացումը շարունակում էր գոյություն ունեցող երկու հարկանի շենքը՝ պահպանելով նախկինին բնորոշ ոճական լուծումները և ընդհանուր տեսքը։ Միևնույն ժամանակ առաջարկեցինք կամարակապ բացվածքներ, որոնք տանում էին դեպի ներքին բակ, որտեղ՝ նկուղում, «Վահագն» անունով մի սրճարան կար: Այն հայտնի էր իր աջարական խաչապուրիով։ Բակից մուտք կար դեպի այդ թաղակապ նկուղ և վերակառուցելիս մենք այնպես արեցինք, որ պահպանենք այդ նկուղն ու այդ բակը վերածվեց սրճարանի բացօթյա հատվածի։ Տարիներ անց, կարծում եմ, փոխվեցին շենքի սեփականատերերը և արվեց ներկայումս կանգնած սպիտակ սյուներով լրացումը: Իրականում այս վերջին լրացումը լիովին փակեց և բացվածքները, և ներքին բակը: Վստահ չեմ, բայց կարծում եմ հիմա չի պահպանվել նաև «Վահագնի նկուղը:
Երրորդ շենքը, որը գտնվում է Մելիք Ադամյան և Հանրապետության փողոցների արանքում, ամբողջությամբ տեղափոխված է Արամի փողոցից։ Այն իր կառուցվածքով շատ նման է Մ. Մկրտչյան 10-ի Միրզոյան գրադարանի շենքին։ Կրկին դալանով հնարավոր է մտնել ներքին բակ, ուր կրկին նկուղ կար, որն այն ժամանակ ևս նախատեսվում էր սրճարանի համար։ Իհարկե, շենքն ամբողջությամբ տեղափոխել անհնար է իր բոլոր ներքին կառուցվածքով, բայց ֆասադի քարերի գրեթե 90 տոկոսը մենք օգտագործել ենք, քանի որ շենքը շատ խնամքով էր ապամոնտաժվել։ Իրականում այդ սրճարանային բակերը մեկը մյուսի հետ կապված էին, և քայլելով հնարավոր էր անցնել մեկից մյուսը։ Այն, ինչ այսօր ուզում են անել Ֆիրդուսում, այն ժամանակ հենց Հանրապետության փողոցում էր նախատեսվում։
Ալավերդյան 10 (այժմ՝ Մհեր Մկրտչյան փողոց), 1980-ականներ
Մհեր Մկրտչյան 10, վերակառուցումից հետո
Չորրորդ շենքը, որ կարծես փակում ամբողջացնում է այդ եռանկյունի տարածքը՝ երկու հարկանի շենք է մանսարդներով, որը կապում է Մելիք-Ադամյանը Հանրապետության փողոցին։ Այն ամբողջությամբ նոր շենք է և հատուկ կառուցվել է սև տուֆով, հին տների ոճին համահունչ՝ ամբողջացնելով ողջ եռանկյունաձև տարածքը (այժմ`Շվեյցարիայի դեսպանատուն)։
Իրականում, եթե պետությունը միջոցներ ունենար, ապա այս գոտում գտնվող հին տների վերակառուցման նախագծերն ամբողջությամբ կիրականացվեին։ Բայց, օրինակ, վերը նշված Ձորագյուղի ազգագրական թաղամասում մեկ այդպիսի տան վերակառուցումը երեքից հինգ անգամ ավել արժի, քան մեկ սովորական տուն կառուցելը։ Եվ, եթե նույնիսկ նման բաներ արվում էին, ապա այլ չարված բաների հաշվին։
Այս է նաև պատճառը, որ նույն Միրզոյան գրադարանի հակառակ մայթում, շինարարական ցանկապատերի հետևում կիսաքանդ վիճակում կանգնած են մի քանի հին շենքերի պատեր: Դրանից մի 100 մետր հեռավորության վրա միլիոնանոց շենքերի նախագծեր են առաջարկում իրականացնել, իսկ այս հատվածն այդպես կմնա, մինչև պատերը վերջնականապես փլվեն: Այն ժամանակ պատվիրատուներն իրար հերթ չեն տա, քանի որ հինը վերակառուցելու փոխարեն նորը կառուցելը շատ ավելի էժան և հետևաբար շահավետ է:
Արամի փողոցից տեղափոխված շենքը
Քաղաքաշինությունն արտահայտում է հասարակարգի պատկերացումները
Ինչպես նշեցի՝ նույն 84-ին Հյուսիսային պողոտայի կառուցման համար հայտարարվեց մրցույթ, որի հիմնական նպատակն էր վերակառուցել քաղաքի ամենակենտրոնական մասն այնպես, որ դառնար մշակութային-հասարակական կառույցների շղթա: Այն պետք է Օպերայի հրապարակը, որը մշակութային հրապարակ է, կապեր Հանրապետության, այսինքն՝ վարչական հրապարակին։ Բնականաբար, պողոտայի երկայնքով կառուցվելիք շենքերը պիտի լինեին մշակութային-հասարակական նշանակության։
Այն ժամանակ դա գուցե հնարավոր լիներ կառուցել Մոսկվայի աջակցությամբ։ Բայց արդեն նորանկախ Հայաստանում որտեղի՞ց պիտի գտնվեր ֆինասավորում։ Եվ գտնվեց ամենահեշտ լուծումը․ կառուցել բնակելի շենքեր ու վաճառել դրանք, անունն էլ դնել, թե՝ Թամանյանի նախագիծն են իրականցնում։ Այն, ինչն առաջարկված էր մրցույթի հաղթող նախագծով, ուներ իր խորհրդային իրականությանը բնորոշ գաղափարախոսությունը և քաղաքաշինական տեսանկյունից գրագետ էր։ Այն, ինչը կառուցվեց մեր օրերում, ո՛չ գաղափարախոսություն ունի և ո՛չ էլ գրագետ է։ Այս առիթով ավարտելով Հյուսիսային պողոտայի մասին խոսակցությունը՝ նշեմ, որ հատկապես նման մեծածավալ նախագծերն են նաև Երևանի տրանսպորտային կոլապսի պատճառը։
Բիզնեսը վատ բան չէ, այն շարժիչ ուժ է։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ քաղաքում ենք ուզում ի վերջո ապրել։ Այստեղ կուզեմ մեջբերել հոդվածներիցս մի հատված․ «Ի վերջո, ի՞նչ է քաղաքը։ Դա հանրության՝ որպես մի ամբողջություն և անհատների՝ որպես առանձին քաղաքացիների, միջև կնքված պայմանագիրն է մի միասնական կենսատարածքում ապրելու համար: Մի կողմից քաղաքացին է, որը ներկայացնում է իր շահերը՝ հիմնվելով իրեն պատկանող սեփականության իրավունքից բխող գործառույթների վրա, մյուս կողմից՝ քաղաքային իշխանություններն են, որ ներկայացնում են հավաքական հանրության շահերը նույն քաղաքում համակեցության սկզբունքների վրա ստեղծված օրինագծերի սահմաններում»:
Ի վերջո՝ եթե չլինի բիզնեսը, ինչպե՞ս պիտի զարգանա քաղաքը։ Եվ սա շատ լուրջ հարց է։ Մենք պետք է հասկանանք, թե համակեցության ի՞նչ կանոններ ենք ուզում կիրառել Երևանի դեպքում։
Քաղաքը որոշակի մշակույթ է ենթադրում։ Ինչու՞ են ասում քաղաքային մշակույթ։ Քաղաքն ուրիշ ապրելակերպ է ենթադրում, գյուղն ուրիշ։ Հիմա ինչպե՞ս է դա կարգավորվում։ Պետք են կանոններ, այլ ոչ թե գլխավոր ճարտարապետ։ Նույնիսկ ՆյուՅորքի նման քաղաքում կան հստակ կանոններ, որոնք էլ սահմանում են, թե որտեղ և ինչպես է կարելի 100 հարկանի շենք կառուցել։
Ալավերդյան 37, Վահագն սրճարանի ներքին բակը (այժմ՝ Հանրապետության փողոց)
Հանրապետության 37
Այս առումով Երևանի քաղաքաշինությունը ճիշտ ճանապարհով չգնաց, որովհետև մենք դեռևս չենք պարզել, թե մեր երկիրն անկախացումից ի վեր ի՞նչ սկզբունքով է զարգանում։ Խորհրդային Միությունում կար հստակ գաղափարախոսություն, իսկ այժմ ո՞րն է մեր գաղափարախոսությունը։ Չէ՞ որ քաղաքաշինությունն արտահայտում է հասարակարգի պատկերացումները։ Ոչ ոք հենց այնպես շենք չի կառուցում։ Այդ բոլորը փոխկապակցված են։
Մի պարզունակ պատկերացում կա` շինարարությունը, կառուցելն ընդհանրապես, զարգացնում է քաղաքը: Դա պատրանք է, քանի որ առաջին հայացքից, այո, շինարարությունը ենթադրում է ֆինանսական մեծ ներդրումներ և հետևաբար տնտեսության որոշակի շարժում, աճ: Բայց իրականում լրիվ հակառակն է` զարգացող քաղաքն ինքնին առաջադրում է նոր շինարարություն, հետևաբար ֆինանսական ներդրումներ: Եթե դուք հույսը դնում եք միայն շինարարության շնորհիվ ներգրավվող ֆինանսների վրա, ապա որոշ ժամանակ անց քաղաքը սկսում է խեղդվել, քանի որ ցանկացած նոր կառուցապատում ենթադրում է դրան սպասարկող զարգացած ինֆրաստրուկտուրա` ջրամատակարարում, կոյուղի, աղբահանություն, էլեկտրականություն և բազմաթիվ այլ սպասարկող և հարակից ծառայություններ, էլ չասեմ երթևեկության և հանրային տրանսպորտի մասին:
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Երևանի կենտրոնում` շատ կարճ ժամանակահատվածում 2002-2015 թթ. կառուցեցին մեծասամբ բնակելի շենքեր՝ որպես մասնավոր շահ հետապնդող գործ և քաղաքը, չունենալով համապատասխան բյուջե (իսկ որտեղի՞ց պետք է ունենար, եթե այլևս չկա պետական ֆինանսավորումը), չհասցրեց ներդաշնակորեն զարգացնել մնացած անհրաժեշտ հարակից ծառայությունները: Եվ չի էլ կարողանալու մոտակա տարիներին, քանի որ հստակեցված չէ մասնավորի և պետականի պարտականությունների շրջանակները և սահմանները:
Իսկ նոր կառուցապատումներ իրականացնելու գաղափարը դեռ գերիշխում է և ներկա կառավարությունը ևս հակված է տնտեսական աճեր գրանցել շինարարությանը զարկ տալով, մնացած ծագող խնդիրները թողնելով հետագա սերունդների վրա:
Ամփոփելով գուցե կրկնեմ` ի վերջո ի՞նչ քաղաք է Երևանը և մենք ի՞նչ քաղաքում ենք ուզում ապրել։ Արդյոք նախընտրում ենք եվրոպական քաղաք ունենա՞լ, որտեղ փոքր կենտրոնը հիմնականում փակ է ակտիվ երթևեկության համար, թե՞ բողոքելու ենք երկար ոտքով քայլելուց, կամ արդյոք շատերը կնախընտրեն հեծանվով երթևեկել, և արդյո՞ք քաղաքի լանդշաֆտը հարմար է հեծանվի համար։ Գուցե քաղաքի հարավային ավելի հարթավայրային մասում՝ այո, իսկ Արաբկիրի և Նոր Նորքի զանգվածները տանող մասերում՝ ոչ: Ամեն բան մոդայի հարց չէ։ Եվ մենք պետք է գտնենք բոլորիս համար ընդունելի քաղաքի մոդելը, ստեղծենք դա իրականացնելու կանոնակարգը և խստորեն առաջնորդվենք դրանով:
Գուցե այդ դեպքում մի 30-50 տարի հետո կունենանք երկրին ֆինանսական հնարավորություններին համապատասխանող, ներդաշնակ և ապրելու համար ընդունելի միջավայր: Հակառակ դեպքում շատ դժվար է քաղաքաշինությունից ինչ-որ բան պահանջել, քանի դեռ չկա մեկ ընդհանուր պատկերացում երկրի ու քաղաքի ապագայի մասին։