Vima Art Fair. հայկական «Այգիները» Կիպրոսում
Ի՞նչ էին անում հայ արվեստագետների աշխատանքները Կիպրոսում: hosq հիմնադրամի նախաձեռնությամբ մասնակցում էին Vima Art Fair-ին: Իրադարձությունն այնքան մեծ և ուրախալի էր, որ ԵՐԵՎԱՆը շաբաթներ անց վերջապես կարողացավ բռնացնել նախագծի համադրող Անդրոնիկ Խաչիյանին և հարցուփորձ անել։
Տեքստը՝ Մարիամ Ալոյանի
Լուսանկարները՝ hosq հիմնադրամի
Ինչ է Vima Art Fair-ը
Vima Art Fair-ը ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառ է, որն անցկացվում է Կիպրոսում։ Չնայած այն հիմնադրվել է բոլորովին վերջերս, և սա ընդամենը իր գոյության երկրորդ տարին էր, «Վիման» արդեն իսկ հասցրել է լուրջ հեղափոխություն անել արվեստի աշխարհում։ Առաջին իսկ տարուց այն հավաքեց միջազգային առաջատար լրատվամիջոցների այնպիսի գովեստներ ու բարձր գնահատականներ, որոնք նորաստեղծ նախագծի համար պարզապես անիրական էին թվում։ Նրանց մասին գրեցին անգամ «Forbes»-ի ամենախիստ ու չար քննադատները, ինչպես նաև հեղինակավոր «Art Miss Week»-ը, «Art Paper»-ը և այլ պարբերականներ։ Առաջին իսկ քայլերից այս տոնավաճառը նվաճեց արվեստի ամենապահանջկոտ մասնագետների սրտերը։
«Վիման» իր ձևաչափով փոքր է, բայց ոչ թե բառի ֆիզիկական իմաստով, այլ մտերմիկ, կամերային ու հարմարավետ միջավայրով։ Սա բաց հարթակ չէ, որտեղ ցանկացած պատկերասրահ կարող է պարզապես հայտ ներկայացնել ու մասնակցել։ Նրանք ընտրել էին հայտնի պատկերասրահներ Հունաստանից, Լիբանանից, Թուրքիայից, Վրաստանից, ինչպես նաև եվրոպական այլ երկրներից ու Ամերիկայից , որոնք ներկայացնում էին հենց այս տարածաշրջանի արվեստագետներին։ Այս ամենի հետևում կանգնած են իմ ընկերները՝ Նադյան, Էդգարը և Լարան, որոնց հետ մենք ժամանակին արվեստի հիմնադրամ էինք գործարկում Մեքսիկայում։ Ես գիտեմ, թե նրանք ինչպես են աշխատում. նրանք առավելագույնս հավաքված են, կազմակերպված և արվեստը սիրում են իրական, անկեղծ սիրով։


Ինչպես հայտնվեցինք «Վիմայում»
Մեր հայտնվելը «Վիմայում» մեծ հաջողության, վստահության և մի փոքր էլ արտակարգ իրավիճակների արդյունք էր։ Անցյալ տարվա ընթացքում ես նրանց շատ էի պատմել մեր հիմնադրամի՝ hosq-ի մասին, և նրանք առաջարկեցին մասնակցել: Սկզբնական շրջանում ամեն ինչ այլ կերպ էր պլանավորված։ Մենք պետք է հանդես գայինք մեկ այլ պատկերասրահի ամբողջական համադրողական նախագծով, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը չեղարկվեց։ Ես հայտնվեցի իսկական տագնապի մեջ։ Այդ պահին ես Կոլումբիայում էի և ստիպված էի շտապ թռչել Հայաստան՝ նոր արվեստագետներ գտնելու և նրանց հետ հանդիպելու, քանի որ նրանց աշխատանքները մինչ այդ տեսել էի միայն օնլայն ։ Արվեստագետների և նրանց աշխատանքների վերջնական ցանկը մենք հաստատում էինք իմ Կիպրոս մեկնելուց ընդամենը երեք-չորս օր առաջ։
Բիզնեսի ու քաղաքականության հետ մեկտեղ այլ երկրների և սփյուռքի հետ կապեր ստեղծելու լավագույն միջոցներից է հենց արվեստը, մասնավորապես՝ նմանատիպ փառատոններն ու տոնավաճառները։ Դրանք նպաստում են մեր առաքելությանը՝ տեղական արվեստը տարածել աշխարհով մեկ։


Ինչ էր ներկայացված հայկական տաղավարում
5 տարբեր ոճի ու բովանդակության արվեստագետ՝ մի վայրում, մի թեմատիկ շրջանակում․այս մարտահրավերն անհնարին է թվում։ Սակայն, Արմեն Հակոբջանյանը, Գայանե Ավետիսյանը, Աստղիկ Պետրոսյանը, Գոհար Սարգսյանը և ես, չնայած այդքան տարբեր լինելուն, կարծես ամբողջացել, միավորվել էինք մի տաղավարում, դարձել բնության մի մաս։ Նախագիծը որոշեցի անվանել «Այգիներ»։
Անկեղծ լինեմ․ արվեստագետներին ընտրելիս ես չէի առաջնորդվել նախապես մշակված համադրողական կոնցեպտով։ Ես պարզապես ընտրում էի այն, ինչն իմ զգացողությամբ կենդանի էր, մի փոքր արտասովոր և կարող էր հետաքրքրել այդ տարածաշրջանի հանդիսատեսին։ Ես ուզում էի տեսնել մի բան, որն իր ձևի մեջ օրգանական է։ Քանի որ ես ինքս էլ որպես արվեստագետ աշխատում եմ բնության տարբեր դրսևորումների, նույնիսկ՝ բակտերիաների հետ, այդ թեման ինձ շատ հարազատ է։ Երբ առաջին անգամ բոլոր աշխատանքները ֆիզիկապես հավաքեցի և կախեցի իրար կողքին, հասկացա, որ մեր տաղավարը մեծ մի այգի է։
Այգին այն միակ վայրն է, որտեղ այգեպանը մշտապես փոխազդում է իրեն անվերահսկելի տարերքների հետ։ Այգին ջերմոց չէ, որտեղ կարող ես կառավարել ջերմաստիճանն ու խոնավությունը։ Այգեպանը պետք է լինի բացարձակ «ձեն» (zen) վիճակում։ Երբ ինչ-որ անկանխատեսելի բան է լինում, դու պարզապես ասում ես՝ «Դե լավ, այսպիսի բան պատահեց, ուրեմն ես այսպես կանեմ»։ Այս ներդաշնակության ու հանգստության վիճակն է, որ ես փնտրում եմ իմ արվեստում։


Ինչպես ծանոթացնել աշխարհին մեր արվեստը
Ցուցադրության 4 օրերի ընթացքում ես անձամբ պատմել եմ մեր նախագծի մասին ավելի քան 300 մարդու: Ես հանդիսատեսին ներս էի տանում մեր տաղավարի խորքը և ցուցադրությունը միշտ սկսում Արմենի գործերից։ Արմենի աշխատանքները մեդիտատիվ են, բացարձակ աբստրակտ, առանց կերպարների ու սիմվոլների։ Մարդկանց դա խորապես հարազատ էր թվում․ նրանք երկար կանգնում ու իսկապես սիրահարվում էին այդ գործերին։ Արմենից հետո ես նրանց տանում էի դեպի բոլորովին այլ տիրույթԳոհար Սարգսյանի կտավները։ Եթե Արմենի մոտ պետք չէր իմաստներ փնտրել, ապա Գոհարի գործերը իսկական թավուտներ էին։ Այնուհետև գալիս էին Գայանե Ավետիսյանի գործերը, ապա՝ Աստղիկ Պետրոսյանի յուրօրինակ կառուցվածքը։ Իսկ էքսկուրսիան ես ավարտում էի իմ սեփական ջրաներկ աշխատանքներով։ Ամեն անգամկատակում էի. «Դե, սրանք իմ գործերն են, բայց համեստ բաներ են, դրա համար թողել եմ վերջում»:
Տոնավաճառի ընթացքում մենք, փաստորեն, ունեցանք իսկական հաջողություն. վաճառվեցին բոլոր գործերը, բացի մեկից։ Եվ այդ վաճառքների հետևում կանգնած են պատմություններ, որոնք արժե հիշել։
Աստղիկ Պետրոսյանի աշխատանքը մեր տաղավարի ամենափոքր գործերից էր, բայց այն դարձավ ցուցադրության առանցքը ։Դա մի տարօրինակ, անկանոն ձև ունեցող կտոր էր, որը կտրուկ տարբերվում էր մնացած սովորական, ուղղանկյուն կտավներից։ Այս աշխատանքը գնեց վրացի հրաշալի մի կին՝ Թամարան։ Բայց ամենահետաքրքիրն սկսվեց տոնավաճառի փակվելուց հետո։ Թամարայի ընկերուհին, տեսնելով նրա գնած գործը, այնքան էր տպավորվել, որ պատմել էր իր մեկ այլ ընկերուհու՝ Լոնդոնում սեփական պատկերասրահ ունեցող մի տիկնոջ՝Սանազին։ Վերջինս ,Ինստագրամում գրառում էր արել, թե ցանկանում է իր պատկերասրահի համար ինչ-որ հայ նկարչի գտնել։ «Վիմայի» կազմակերպիչները տեսել էին գրառումը, կապվել ինձ հետ, և հիմա՝ տոնավաճառից ընդամենը մեկ շաբաթ անց, գալիս է մեզ մոտ։


Գոհարի հսկայական կտավների անակնկալ վաճառքը
Վերջին օրն էր՝ ժամը արդեն 7:20-7:30։ Տոնավաճառն ավարտվել էր․ բոլորը փաթեթավորում էին իրերը, դուրս տանում աղբը, տեղավորվում մեքենաների մեջ։ Նայում էի գործերին ու ափսոսում՝վերջ, այս գործերն էլ գնող չի լինի ։Հանկարծ հայտնվում են երկու բրիտանուհի։ Նայում են ու հարցնում. «Այս կտավները դեռ հասանելի՞ են»։ Ասում եմ՝ այո, Գոհար Սարգսյանն է։ Անհավանական պատահականությամբ հենց այդ պահին ես Թամարային (վրացի կնոջը) փոխանցում էի իր գնած Աստղիկի աշխատանքը։ Լսելով բրիտանուհիների հարցը՝ Թամարան հանկարծակիի է գալիս. «Սպասեք, սպասեք, այսի՞նքն, սպասեք, , ես հիմա ընկերուհուս կանչեմ»։ ։ Ընկերուհին միանում է՝ իր հետ բերելով նաև երրորդ ընկերուհուն։ Արդյունքում, չորս հոգով կանգնած, իրար մեջ որոշում էին՝ ինչը գնել, ինչը՝ ոչ։, Իսկ ես սպասում էի: Արդյունքում նրանք գնեցին աշխատանքները:
Ինձ ցնցեց նաև կազմակերպիչների անձնվեր մոտեցումը։ Նրանք անձնուրաց, երբեմն՝ առողջության հաշվին, աշխատում էին, որպեսզի ապահովեն տոնավաճառի հետ կապված նույնիսկ աննշան մանրուքները։ Հաշվարկում էին, թե ինչ ճանապարհով հյուրերը պիտի հասնեն տոնավաճառին, համագործակցում էին տեղական իշխանությունների հետ, սրտացավորեն վերահսկում նույնիսկ չնչին թվացող հարցերը։ Արդյունքում նրանք կարողացան տոնավաճառի շուրջ համախմբել բոլոր-բոլորին։ Զգացողություն կար, որ ամբողջ քաղաքն ապրում է այդ իրադարձությամբ։ Երբ ես տեսնում եմ, թե մարդիկ ինչպիսի նվիրումով ու մանրուքներով են աշխատում, ես հասկանում եմ, որ «Վիմայում» մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու և հայկական արվեստագետների համար կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել։ Սա միայն սկիզբն է։