«Վիշապաքարի գաղտնիքը», կամ ո՞ւմ հաջողություն կբերի Վիշապի տարին
Գիրք

«Վիշապաքարի գաղտնիքը», կամ ո՞ւմ հաջողություն կբերի Վիշապի տարին

ԵՐԵՎԱՆի գրական փորձագետ Արաքս Սաֆարյանը՝ չինական վիշապի տարվան ընդառաջ կարդացել է «Վիշապաքարի գաղտնիքը» ֆենթըզին, որը երեք տարի անընդմեջ գլխավորում է «Անտարես» հրատարակչության՝ հայ հեղինակների ամենաշատ վաճառված գրքերի տասնյակը, և բացատրում, թե ինչու է այն հետաքրքիր ոչ միայն պատանիներին։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

Ըստ չինական հորոսկոպի՝ 2024-ը վիշապի տարի է, ուրեմն բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1964, 1976, 1988, 2000, 2012 թվականներին, արդեն իսկ հաջողակ են։ Իսկ մնացածին մնում է միայն պարտաճանաչ հետևել հորոսպոկին, ողջ տարին զանազան վիշապիկ հուշանվերներ հավաքել և, իհարկե, կարդալ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» վեպը։ Այդուհանդերձ, աստղերը հորդորում են գիրքն ընթերցել՝ անկախ ծննդյան տարեթվից, ընդ որում՝ խստիվ պահելով քայլերի հետևյալ հաջորդականությունը (կարելի է կրկնել նաև տան պայմաններում)։

 

Քայլ 1. պատկերացրեք՝ 21-րդ դարի երևանյան իրականություն, Կենտրոն վարչական շրջան, 13 տարեկան հայ պատանիներ ու ոչ պակաս հայ վիշապներ շաուրմա են ուտում։ Քայլ 2․ պատրաստվե՛ք, նստում ենք Վիշապ-Ավիան և ուղևորվում ուղիղ Մոսկովյան փողոց՝ վիշապ Վզգոյին արթնացնելու։

 

Վիշապներ Հայոց աշխարհի, հավաքվե՛ք

- Հը՞, ի՞նչ ես ակներդ չռել։ Կենացդ մեջ վիշապ չե՞ս տեսել,- խռպոտ ձայնով, մաքուր հայերենով (նաև հայերենին հատուկ մուննաթի տարրերով) արտաբերեց վիշապը։

 

«Վիշապաքարի գաղտնիքը» մանկապատանեկան ֆենթըզի վեպ է այն մասին, թե ինչ կպատահեր, եթե 13 տարեկան պատանիները, այդ թվում՝ քյարթուության «լուսավոր» ուղին բռնած ախպեր-ընգերները, հանկարծ հանդիպեին կենդանի վիշապներին, հետն էլ՝ հայ։ Ասել է, թե «լավ, էլի՜, դռակարի՜ս»։

 

Իր այս առասպելական սյուժեի ու վառ նկարազարդումների շնորհիվ գիրքը ոչ միայն անտարբեր չի թողնի երեխաներին, այլև կհետաքրքրի մեծերին, քանի որ առասպելները թափառում են առավել քան իրական Երևանում։ Օրինակ՝ երբ Վահագնը Պապլավոկում ուշագնաց է լինում, մեր սիրելի Վզգո վիշապը նրան տանում է առաջին իսկ պատահած դատարկ շենքը՝ Մոսկովյան փողոցի հայտնի լքված առանձնատունը։ 

 

Իսկ եթե 21-րդ դարի ու վաղնջական ժամանակների այս յուրահատուկ միքսը դեռ բավարար չէ ընթերցողի սիրտը լիովին գրավելու համար, ապա գրքի նուրբ ակնարկները՝ սկսած տանջված երթուղայիններից մինչև համազգային գաղափարներ, հաստատ սառույցը կշարժեն։

 

Երբեմն առասպելներում ավելի շատ ճշմարտություն կա, քան ձեզ՝ անցյալը մոռացած մարդկանց կթվա։

 

Կարճ ասած. Երևանը՝ կա, ֆենթըզին՝ կա, ախպերությունը՝ կա, վիշապները՝ կան, շաուրման էլ դե կա ու կա։ Նշանակում է՝ հումորն էլ կա։ 

 

Վեպի նկարազարդումների հեղինակն է Հարություն Թումաղյանը

 

Ինչպես կարելի է կռահել շաուրմայի N1 երկրպագուն դարձած վիշապից, գրքում հաճելի միջավայրը ապահովում է հումորը։ «Վիշապաքարի գաղտնիքը», այսպիսով, դառնում է հիանալի հնարավորություն առօրյա հոգսերից մի քիչ կտրվելու և իրականությանը նոր, թարմ հայացքով նայելու համար։ Օրինակ՝ Վլեի «Գետերումը ջուր չկա» կատարումը դեռ երբեք այսքան կարևոր չէր թվացել, ինչքան հիմա։ Մտքներովդ չէր անցնի, չէ՞։

 

Իսկ եթե ասենք, որ…

 

…Վահագն Վիշապաքաղը այլևս այն չէ՞

Ֆենթըզիի սիրահարների համար զարմանալի չի թվա այն, որ գրքում գործողությունները առաջ են տանում Վահագնը, Արեգը և Աստղիկը՝ երեք կարևոր կերպարները՝ ի դեմս գլխավոր հերոսի, նրա մի քիչ վախկոտ ընկերոջ և խելացի ընկերուհու, որոնք կարծես հայտնվում են ճիշտ տեղում ճիշտ պահի։

 

Ընդհանուր առմամբ, գիրքը կառուցված է այնպես, որ տարբեր կերպարների և նրանց պատմություններին ծանոթանալով՝ վերջում գալիս-հանգում ենք միևնույն մտքին. նրանք բոլորը այս կամ այն կերպ կապված են վիշապաքարերի ու վիշապների հետ։ Կարծես բոլոր կերպարները իրենց կյանքի կոնկրետ առաքելությունն ունենան՝ սկսած ուստա Վալոդից մինչև վիշապ Դժնդակը։

 

- Թշվա՜ռ կառապան, որտե՞ղ ես պահում մագաղաթն այն, որ պապերիդ էր հանձնված, և որի մեջ գաղտնիքն է գրված վիշապահյութի։

Վալոդը վստահ չէր՝ հրեշն իսկապե՞ս արտասանեց այս բառերը, թե՞ դրանք միայն իր գլխում հնչեցին։ Ամենասարսափելին այն էր, որ նա չէր հասկացել հարցը։

- Մագաղա՜թը, - մռնչաց հրեշը, - քո պապերին ի պահոց հանձնած։

- Հա… էն, էն հին գ-գ-գիրքը… հա՞։ Տանն ա, տանը, զալի էն հին սերվիսի տակ…

 

Զալի սերվիսը, Կասկադի LOVE արձանը ու «ՎԻՇԱՊ Ա ՎԱՏԱՑԵԼ» վերնագրով լայվերը այն բոլոր դետալներն են, որ Վահագնի մասին առասպելը դարձնում են ավելի քան 21-րդ դարին հարմար (դե, կամ էլ հակառակը)։ Եվ եթե այս ամենի հետ հաշվի առնենք նաև այն, որ գիրքը մանկապատանեկան արկածային վեպ է, մի բան հաստատ է. «Վիշապաքարի գաղտնիքը» կարողանում է ցույց տալ հայկական առասպելների ու ազգային մշակույթի աշխարհն ամենահետաքրքիր լույսի տակ։ 

 

Մի խոսքով՝ գրքի չամիչների մասին՝ այսքանը, մնացածը, այդ թվում՝ վիշապների դեմ պայքարի գաղտնի զենքը՝ գրքում։ 

 

2024-ի հաջողության ուղեցույցը այսքանով պատրաստ է։

 

Եվ եթե նույնիսկ հորոսկոպին չեք հավատում, գոնե վիշապներին հավատացեք։

հավելյալ նյութեր