Սակրալ լեռներից դեպի պրոֆան քաղաք. Երևանի վիշապաքարերի ճամփորդությունը
Հնություն

Սակրալ լեռներից դեպի պրոֆան քաղաք. Երևանի վիշապաքարերի ճամփորդությունը

Այս ամռանը հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը հայտ է պատրաստում վիշապաքար կոթողները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար։ Մինչդեռ քչերը գիտեն, որ այդ խորհրդավոր կոթողներից յոթը գտնվում են Երևանում։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը պատմում է, թե ինչ է ընդհանրապես հայտնի վիշապաքարերի մասին և ինչով են յուրահատուկ Երևանում գտնվող նմուշները (որոնք պարտադիր պետք է տեսնել սեփական աչքերով)։

Տեքստը՝ Արսեն Բոբոխյանի


Լուսանկարները՝ Բիայնա Մահարու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #82 | 2023

 

Վիշապների հետազոտությունը

Վիշապաքարերն առաջին անգամ հայտնաբերվել են 19-20-րդ դարերի սահմանին և հետազոտվել տարբեր մասնագետների կողմից, որոնք ենթադրում էին, թե այդ կոթողները ջրաբաշխական համակարգերի հանգուցակետերին գտնվող հուշարձաններ են: Վաղ շրջանի հեղինակների կողմից հիմնական շեշտը դրվում էր վիշապաքարերի խորհրդապաշտական բնույթի մեկնության վրա. առանց էապես կարևորելու հնագիտական համատեքստը: 


Վերջին տասնամյակում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԿԳՄՍ նախարարության Կրթության և գիտության կոմիտեի, ինչպես նաև Բեռլինի Բաց համալսարանի ու Վենետիկի համալսարանի հովանու ներքո սկսվեց գիտական համագործակցություն, որի հիմնական նպատակն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով: 2012-ի ամռանը տեղի ունեցավ առաջին ճանաչողական հետախուզությունը, որի խնդիրն էր ստուգել նախկին հետազոտողների տվյալները վիշապաքարերի տեղադրության վերաբերյալ, ճշտել տեղահանված վիշապաքարերի նախնական դիրքը, փորձել նոր կոթողներ հայտնաբերելու հնարավորությունը: Այս աշխատանքի արդյունքում արշավախումբը տեղեկություններ հավաքեց ավելի քան 100 վիշապաքարերի վերաբերյալ, որոնց գրեթե կեսը նախկինում անհայտ էին: Հիշյալ վիշապաքարերի զգալի մասն իրենց նախնական տեղում էին, այլապես հաջողվեց ճշտել նրանցից որոշների սկզբնական տեղադրությունը:
 

Ինչ է վիշապաքարը

Վիշապաքարերը Հայկական լեռնաշխարհի բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված և կենդանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են: Նրանց անվանումը թերևս առնչվում է հին ավանդույթներին, որոնցում վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ: Անունը կարող էր նաև առաջանալ պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում: 


Վիշապաքարը բրոնզեդարյան երևույթ է (գոյության հիմնական դարաշրջանը միջին և ուշ բրոնզի դարերն են՝ Ք.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կես – 2-րդ հազ. վերջեր): Այս հուշարձանների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից մոտ 100-ը Հայաստանի Հանրապետության տարածքում:


Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են բազալտից և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի` ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով), ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով՝ կրելով ձկան անատոմիական մանրամասներ), ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները):

 

Որտեղ են գտնվում վիշապաքարերը

Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է սկզբնական տեղում՝ հորիզոնական դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ դրանք նախապես եղել են կանգնած: 


Վիշապաքարերը հիմնականում հանդես են գալիս խմբերով՝ ծովի մակերևույթից մոտ 2300-3200 մ բարձրության վրա, հստակորեն սահմանված գոգավոր մարգագետինների միջավայրում, ինչն էապես քչացնում է նրանց տեսանելիության աստիճանը: Առկա են նաև մեկուսի օրինակներ ծովի մակերևույթից մոտ 1200-2300 մ վրա: 


Վիշապաքարային բարձրադիր ծիսական ոլորտի ամենակարևոր հուշարձանն Արագածի հարավային բարձունքներին գտնվող Տիրինկատարն է, որը հայտնաբերվեց մեր արշավախմբի կողմից 2012 թվականին: Վերջին տասը տարվա պեղումների ընթացքում մարգագետնի կենտրոնական հատվածում մեր արշավախմբին հաջողվել է փաստագրել 12 վիշապաքար՝ իրենց տեղում կամ սկզբնական դիրքից ոչ հեռու: Տիրինկատարը վիշապաքարերի մինչ այժմ հայտնի ամենամեծ կուտակումն է մեկ սրբազան լանդշաֆտի միջավայրում: 

 

Երևանի վիշապաքարերը

1960-ականների երկրորդ կեսից սկսած տարբեր տարիներին Երևան են տեղափոխվել 7 վիշապաքար, որոնցից մեկը Արագածից (Քարակապ 1), մնացած 6-ը՝ Գեղամա լեռներից (Արշալույսի սար 5, Գեղարդա լիճ 2, 3, 5, Գողթի սար 1, Սախուրակ 2): Բոլոր դեպքերում տեղափոխման հիմք է եղել կոթողների պահպանության ձգտումը՝ ելնելով դրանց բացառիկ նշանակությունից:


Երևանի վիշապաքարերից յուրաքանչյուրն ունի իր անհատական պատմությունը և սակրալ լեռներից դեպի պրոֆան քաղաք ճանապարհորդել է յուրովի: Հնագիտական հուշարձանների տեղահանությունն ի սկզբանե սխալ է. դրա միակ արդարացումը հեռուներում գտնվող հուշարձանի պահպանության ձգտումն է: 


Մյուս կողմից՝ վիշապաքարերի առկայությունը ներկայիս Երևանում կարող է փոխադրել սրբազան միջավայրը վար և փոխել քաղաքային մթնոլորտը համապատասխանաբար: Գուցե Երևանի վիշապաքարերը պահպանում են մեր քաղաք-պետությունը:


Սակայն մեր գերխնդիրը պետք է դառնա վիշապաքարերի վերադարձը դեպի լեռներ՝ դեպի ապահով լեռներ: Գուցե նախնական կարգի վերականգմամբ կվերականգնվի նաև ներկայիս կարգը…

 

ԳԵՂԱՐԴԱ ԼԻՃ 3

Մատենադարանի բակ

Ցլակերպ 

 

 

Գեղամա լեռների հարավային բարձունքներին գտնվող Գեղարդա լճի տարածքում հայտնաբերված ութ վիշապներից մեկն է։ 1970-ականներին տեղափոխվել է Մատենադարանի բակ։ Վիշապաքարն ամբողջական վիճակում է:

 

ՔԱՐԱԿԱՊ 1 

«Կենտրոն» հեռուստաընկերության (նախկին Ֆիզիկայի ինստիտուտի «Կուլտուրայի տուն») դիմաց

Ցլակերպ

 

 


Հայտնաբերվել է 1927 թվականին Հուշարձանների պահպանության կոմիտեի արշավախմբի կողմից (ղեկավար՝ Աշխարհբեկ Քալանթար) Արագածի հարավային լանջերի «Քարակապ», «Ջհանգիր աղայի յայլա» վայրում, որ այժմ ժողովուրդը կոչում է «Պրոսպեկտ»: Հնագետ-վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի արխիվային մի լուսանկարում (1936 թ.) Ամբերդի արշավախմբի անդամներն այս կոթողի շուրջն են խմբված: Մոտ 1960-ին կոթողն Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ «Պրոսպեկտից» տեղափոխվել ու կանգնեցվել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի տարածքում, ապա 1968-1969-ին բերվել է Երևան՝ ներկայիս տեղը: 


Կոթողը լավ վիճակում է, պահպանվել են պատկերի բոլոր մանրամասները։

 

ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՍԱՐ 5

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Ցլակերպ

 

 

 

Այս բացառիկ՝ 5 գլխանի ցլերով/հորթերով բնորոշվող վիշապաքարը մեզ ցույց տվեց հովիվ Վիջայ Խալիտովը 2018 թվականի օգոստոսին։ Խալիտովն իր ընկերների հետ դեռևս 2011-ին տեսել էր քարը Գեղամա լեռների հարավային լանջերին գտնվող Արշալույս գյուղի արոտավայրում։ Քարի տակը փորել էին, այն հանել մեծ մեքենայով, որի ընթացքում կոթողը կոտրվել էր մի քանի մասի: Ելնելով գտածոյի անկրկնելի լինելուց և վերականգնման նպատակով՝ բնօրինակը 2021-ին իջեցվել է Երևան, իսկ կրկնօրինակը տեղադրվել նախնական տեղում (քանդակագործ՝ Վաղարշակ Եղիազարյան): 


2022 թվականին նկարիչ Հրաչյա Վարդանյանի նախաձեռնությամբ բնօրինակը մասնակցել է Starmus VI փառատոնի Dragonstone: The Message of the Rock ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ապոլոն 16»-ի լուսնագնաց Չարլի Դյուքի ու iPod-ի հիմնադիր և iPhone-ի համահիմնադիր Թոնի Ֆադելի մասնակցությամբ: 


2023-ի գարնանը վիշապաքարը Գյումրիից տեղափոխվել է Առինջ գյուղ և ժամանակավորապես հանգրվանել քանդակագործ Հարություն Կարապետյանի արվեստանոցում: Այստեղից տեղափոխվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան և 2023-ի մայիսին դրվել թանգարանի դիմացը՝ «Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիայի իրականացման համատեքստում:  

 


Կոթողը և նրա պատկերը պահպանվել են ամբողջությամբ, թեև մոնոլիթ քարը բաժանված է մի քանի մասի։

 

ԳՈՂԹԻ ՍԱՐ 1

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի բակ

Ցլակերպ 

 

 


Տարածքը, որտեղից բերվել է վիշապաքարը, գտնվում է Գեղարդից դեպի Գեղամա լեռները գնացող ճանապարհին և կոչվում է Չայրասի: 1986 թվականին վիշապաքարը դուրս է եկել հողի տակից մելորացիայի ժամանակ: Հուշարձանը տեղափոխող Գողթ գյուղի բնակիչ Հրաչ Հայրապետյանի հայրը՝ Կարաբալա Հայրապետյանը, որդուն խնդրել է, որ այդ քարը մահից հետո դնի իր գերեզմանի վրա: Հայրապետյանը մահանում է 1992 թվականին և Հրաչը երկու տասնյակ համագյուղացիների հետ 1993-ին բարձում է վիշապաքարը մեքենայի վրա և բերում Գողթի գերեզմանոց: Գեղարդի (այժմ Երևանի Սբ. Սարգսի) քահանա Տեր Պետրոսը տեղեկանում է, որ մի վիշապաքար ուզում են որպես խաչքար տեղադրել գերեզմանի վրա և կանխում է այս քայլը՝ արգելելով պատմական հուշարձանի վերաօգտագործումը: Տեր Պետրոսն այդ մասին տեղեկացնում է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանին: Վերջինս այցելում է Գողթ, որից հետո նախաձեռնությունը դադարեցվում է: 


Մինչ 2001 թվականը քարը մնում է Գողթի գերեզմանոցում, ապա Ստեփան Նալբանդյանի կողմից տեղափոխվում է Երևան՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի բակ (Կառավարական 3-րդ շենք): Այն կանգնեցվում է նույն թվականին ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանի կողմից: Վերամբարձ կռունկը և բետոնն անում է շինարար Վազգեն Պողոսյանը:
Չնայած այս տեղափոխումներին, կոթողը լավ վիճակում է, թեև մասնակիորեն մաշված է ձախ աչքը, իսկ գլխամասի ձախ հատվածը կոտրված է։

 

ՍԱԽՈՒՐԱԿ 2

Օղակաձև այգի (Պոպլավոկի հարևանությամբ)

Ձկնացլակերպ

 


Հայտնաբերվել է Նիկողայոս Մառի և Յակով Սմիրնովի արշավախմբի կողմից 1909 թվականին՝ Գեղամա լեռների հարավային բարձունքների Վիշապներ կամ Աժդահա Յուրտ արոտավայրում (այսօր այն կոչում են «Կաթի պունկտ»): Հայկական ՍՍՀ Պետշինի ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության հատուկ թույլտվությամբ Սախուրակ 5 վիշապաքարի (ներկայումս Սարդարապատի թանգարանի առջև) հետ տեղափոխվել է Երևան և տեղադրվել Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան փողոցի հատվածում: 


Սախուրակ 5-ը եղել է այգու հարավային հատվածում արդեն 1968-1969-ին, ինչը խոսում է այն մասին, որ այս վիշապաքարը ևս կարող էր ավելի վաղ իջեցված լինել: Նախ այն գտնվել է Մոսկովյան փողոցում՝ խորեոգրաֆիկ դպրոցի դիմացի կանգառի մոտ, ուր մնացել է մինչև 1999 թվականը, ապա վերստին տեղափոխվել է լճակի հարավ-արևելյան հատված՝ դրվելով կիսով չափ հողի մեջ, իսկ 2010 թվականին տեղափոխվել է այդ տեղից քիչ հեռու՝ պատվանդանի վրա: 

 

Օղակաձև զբոսայգու վիշապաքարն ըստ Մառի և Սմիրնովի 1909 թ. լուսանկարի


1995 թվականին մի քանի ամսով տարվել է գերմանական Բոխում և ցուցադրվել քաղաքի թանգարանում տեղի ունեցած «Հայաստան. մի հին մշակութային լանդշաֆտի վերահայտնագործումը» ցուցահանդեսին: 


2020 թվականին կոթողը ԿԳՄՍ նախարարության, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Կալիֆորնիայի Արարատ-Էսկիջյան թանգարանի ջանքերով կանգնեցվել է ճիշտ՝ ուղղահայաց դիրքով Օղակաձև այգու արևելյան հատվածի հրվանդանի վրա:

 

ԳԵՂԱՐԴԱ ԼԻՃ 2 և ԳԵՂԱՐԴԱ ԼԻՃ 5

Վիշապների պուրակ, Նոր Նորքի 2-րդ զանգված

Ցլակերպ, ձկնակերպ

 

 


Ցլակերպ Գեղարդա լիճ 2-ը հայտնաբերվել է Նիկողայոս Մառի ու Յակով Սմիրնովի կողմից 1910 թվականին Գեղամա լեռների հարավային բարձունքներին գտնվող Գեղարդա լճի տարածքում: Ձկնակերպ Գեղարդա լիճ 5-ը հայտնաբերվել է հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից 1963 թվականին (ղեկավար՝ Լավրենտի Բարսեղյան): Այս վիշապաքարերն իրենց նախնական տեղից տեղահանվել են 1970-ականներին, երբ Գեղարդա լիճն ընդլայնվում էր, և վերադրվել Նոր Նորքի այգում։

 


Բացի այս երկու կոթողներից, որոնք, ի դեպ, լավ պահպանված վիճակում են, պուրակում տեղադրված են նաև 16-րդ դարի մի քանի տապանաքարեր։

 

 

ՍԱԽՈՒՐԱԿ 5

Նախկինում՝ Օղակաձև այգի, այժմ՝ Սարդարապատ

Ձկնացլակերպ 


Բացի վերոհիշյալ վիշապաքարերից, Երևանին առնչվում է նաև ձկնացլակերպ Սախուրակ 5-ը՝ վիշապաքարերի գլուխգործոցը, որն այժմ գտնվում է Սարդարապատի հուշահամալիրում՝ հայոց ազգագրության թանգարանի բակում:  

 


Լավրենտի Բարսեղյանի մի հաղորդման համաձայն՝ Հայկական ՍՍՀ Պետշինի ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության հատուկ թույլտվությամբ Գեղամա լեռներից երկու վիշապաքար՝ Սախուրակ 2-ը և 5-ը, տեղափոխվում և տեղադրվում են Երևանի Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան փողոցի հատվածում: Կոնկրետ երբ, չի նշվում, բայց դա պիտի լիներ 1970-ին կամ առաջ (լուսանկարիչ Վիկտոր Գորկինի մի լուսանկարում կոթողն Օղակաձև այգու հարավային հատվածում է արդեն 1968-1969 թթ.), քանի որ Սախուրակ 5-ը 1970 թվականին տեղափոխվում է Լուվր՝ «Հայաստանի մշակույթն Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդես, ապա 1973-ին՝ Լոս Անջելես՝ Հայաստանի մշակույթին նվիրված ցուցահանդես: 1978 թվականի սեպտեմբերի 13-ին հայ արվեստի պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովի բացման օրը (որը համընկավ Սարդարապատի թանգարանի բացման հետ) վիշապաքարը տեղադրվեց թանգարանի առջև:

 

Վիշապաքարերի վերարտադրությունները Երևանի ժամանակակից միջավայրում

Երևանում վիշապաքարը ներկա է նաև որպես ժամանակակից արվեստի միավոր: Մատենադարանի նախասրահում կարող ենք տեսնել Վան Խաչատուրի որմնանկարը, որտեղ վիշապաքարը կենտրոնական դեր է խաղում հայ մշակույթի պատմության համատեքստում: Տիգրան Մեծի պողոտա 2 հասցեում՝ Հանրապետության հրապարակին կից, շենքի հիմքին քանդակված է մի վիշապաքար, որը կարծես պահում է այդ շենքը (կերամիստ՝ Մանվել Բաղդասարյան, 1990-ական թթ.):

 

 

 

 

 

Silk Road հյուրանոցում կան երկու վիշապաքարերի քանդակներ (քանդակագործ՝ Ռաֆիկ Սարգսյան, 2000-ական թթ.): Վիշապաքարի քանդակ է առկա նաև Մալաթիայի այգում (քանդակագործ՝ Սամվել Մարտիրոսյան, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված քանդակագործական գիտաժողովի 2015 կազմակերպիչներից, որի առթիվ էլ դրվել են այգու քանդակները): Այս օրինակներն ինչպես նմանակում են հայտնի վիշապաքարերը, այնպես էլ վերացարկում դրանք:

հավելյալ նյութեր