Վալդեմար Կազակ․ «Պանիկայի նոպայից ինձ օգնեց դուրս գալ Հրազդանի կիրճում մատիտով նկարելը»
Ռելոկացիա

Վալդեմար Կազակ․ «Պանիկայի նոպայից ինձ օգնեց դուրս գալ Հրազդանի կիրճում մատիտով նկարելը»

Երևանը՝ ռուսաստանցի Վալդեմար Կազակի նկարազարդումներում, որոնք օգնում են հեղինակին հանգստություն գտնել այս խառը ժամանակներում։

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Նկարազարդումները՝ Վալդեմար Կազակի

 

Ես Վալդեմար Կազակն եմ, իլյուստրատոր, 50 տարեկան եմ: Կրթությունս ստացել եմ Ռուսաստանում 90-ականներին` որպես դիզայներ, և երկար ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ որպես փաթեթավորումների ու գրքերի շապիկներ մշակող: Փոքրուց երազել եմ դառնալ ավտոդիզայներ, բայց չհաջողեցի: 

 

Ես Ռուսաստանից եմ, եկել եմ այստեղ հոգեկան առողջությունս վերականգնելու համար: Հիմա աշխատում եմ հայկական իրավական ընկերությունում: Բայց նկարում եմ այն, ինչ առաջ էի նկարում: Չնայած, իհարկե, ես զգում եմ ուժեղ անհանգստություն, հատկապես երբ կարդում եմ հայրենիքիս մասին նորությունները, և սա շատ է խանգարում աշխատելուս: Թվում է, թե պարզ է ինքդ քեզ վերացականացնելն ու ամեն ինչ գլխիցդ շպրտելը, բայց գործնականում կապն այն երկրի հետ, որտեղ ապրել ես ամբողջ կյանքդ, քեզ տանում է այնպիսի վայրեր, որոնց մասին նախկինում երբեք չէիր մտածել։ 

 

 

 

Ինձ դուր է գալիս այս քաղաքը, չնայած ի սկզբանե մենք գնում էինք Թբիլիսի, բայց հայտնվեցինք Երևանում: Ես Երևանը այլ կերպ էի պատկերացրել` ոչ լավ, ոչ վատ, պարզապես լրիվ այլ կերպ: Մենք թռանք փետրվարին, երբ մեզ մոտ -15 էր և հայտնվեցինք +10-ում: Երեկոյան դուրս եկանք հյուրանոցից. ոչ մի ձյուն, դրսում գեղեցիկ հագնված մարդիկ ծիծաղում էին, բարձր խոսում միմյանց հետ, շուրջբոլորը ռեստորանների կրակներն էին, օծանելիքի բույրեր, սոսիների սպիտակ բներ, լիքը մերսեդեսներ կային, մի տեսակ անիրականության զգացում էր: Հետո հայտնվեցին այլ պլյուսներ ևս. համեղ ուտելիքներ, լեզվի բարիերի բացակայությունը, գեղեցիկ տեղերը, ճարտարապետական հուշարձանները, որոնք կարելի է նկարել կամ թեկուզ պարզապես նայել, որով և մենք մինչև հիմա զբաղված ենք: 

 

Ես որպես հյուր այս երկրում, որն ինձ ու իմ մտերիմներին ընդունել է շատ սիրալիր, չեմ ուզում նեգատիվ բաներ ասել: Միայն այն, որ հայերը շատ զգացմունքային են վերաբերվում քննադատությանը: Դա ես հասկացա իմ ֆեյսբուքյան նկարից: Փառք աստծու, հայերի մեծ մասի մոտ հումորի լավ զգացողություն կա: Բայց մի բացասական երևույթ ես ամեն դեպքում կնշեմ․ դա վարձակալության արժեքն է: 

 

 

 

Մարդիկ տարբեր են, ինչպես և լինում է սովորաբար մեծ քաղաքում: Մեծ մասամբ երևանցիներն ավելի կենսախինդ և ազատ են ռուսներից: Նրանք հաստատ ավելի արկածախնդիր են և միևնույն ժամանակ շատ ավելի հանգիստ: Սանտեխնիկը կարող է ուշանալ երկու ժամ, հետո հանգիստ նստել, խմել մի բաժակ սուրճ ու զրուցել, հարևանները մեկ անգամ չէ, որ օգնել են տնային գործերում, իսկ հարևան տատիկը հյուրասիրել է մեզ մրգեր և հրաժարվել է փոխարենը մի բան վերցնի: Ինձ փրկել է սրտաբանը, որն ընդունեց ինձ առանց հերթի, թեև ինձ շատ անհարմար էր: Ցավոք, ես այնքան փակ մարդ եմ, որ նոր կապեր դժվար եմ հաստատում: Այս ամենում հաջողում է իմ աղջիկը: 

 

 

Եթե արվեստը քոնն է, ապա այն օգնում է քեզ հաց և երշիկ գնել (կամ բաստուրմա), իսկ եթե ուրիշինն է, ապա արվեստի միջոցով կարող է  քեզ շեղել, ծիծաղեցնել և հանգստացնել կամ օգնել վերապրել ուժեղ պահեր, հիշողությունից հանել ցավը, սերը, հանդիպման բերկրանքը։ Նշեմ, որ այն, ինչ ես եմ անում, կիրառական արվեստ է։ Սա մոլբերտ գրաֆիկա չէ թանգարաններում կամ Sotheby's-ի ժամանակակից արվեստում: Այնուամենայնիվ, ես իմ հմտություններով կարողանում եմ ձեռք բերել ակնհայտ թերապևտիկ ազդեցություն ինքս ինձ համար։ Օրինակ՝ 2022 թվականի գարնանն ու ամռանը, ես լրիվ կորած էի, գումարած դրան պետք էր լուծել մի շարք խնդիրներ: Պանիկայի նոպայից ինձ օգնեց դուրս գալ Հրազդանի կիրճում մատիտով նկարելը: Հետո մի քիչ ավելի համարձակ դարձա ու սկսեցի նկարել կենտրոնական փողոցների նստարաններին նստած։ 

 

Ես երկար ժամանակ աշխատել եմ ամսագրերի գրաֆիկայում, միշտ հետաքրքրվել եմ պատմություններով, հիմնականում՝ հումորային։ Այստեղ՝ Երևանում, ինձ մոտ մի քանի զվարճալի գաղափար է առաջացել, բայց, ցավոք, մինչ այժմ միայն մեկն եմ իրականացրել։  Սյուժեները վերաբերվում են քաղաքային կյանքին` օտարի տեսանկյունից: Հիմա քաղաքային Երևանը շատ տարբեր ազգերով է լի, հաճախ պարադոքսալ սյուժեներ կան, որոնցից ես ուզում եմ պատմել գրաֆիկայի լեզվով: 

 

 

 

 

Հաճախ ընդունված է ասել արվեստի դաստիարակչական դերի մասին, նրա մասին, որ արվեստը բարձր զգացմունքներ է հաղորդում մարդուն: Բայց դա այդպես չէ, բավական է լսես Վագներին, և դու արդեն հարձակվում  ես  Լեհաստանի վրա: Լսում ես շանսոն և ծխախոտի մնացուկը գցում ես ծաղկանոցում: Մի այլ կողմից՝ կարո՞ղ է ժամանակակից մարդը ապրել առանց արվեստի: Ոչ, չի կարող, վաղ թե ուշ, նա կհոգնի ինստագրամում կատուների նայելուց կամ սերիալներ ներբեռնելուց: Սա է արվեստի կախարդական ուժը: Նրա ուժը նաև նրանում է, որ դու, լինելով նկարիչ, սուրճ ես խմում և գնում նկարելու, քանդակելու կամ քարից քանդակելու՝ անկախ նրանից, թե հասարակությունն ինչ է մտածում այդ մասին։ 

 

Իմ երազանքն է չաշխատել, ապրել առողջ և նկարել մինչև 200 տարեկան, ունենալ տուն՝ շրջապատված մեծ ծառերով: Եվ իհարկե, ես երազում եմ, որ մարդիկ վերջապես կսովորեն բանակցել և դադարեն բռունցքով հարվածել միմյանց երեսին։

 

հավելյալ նյութեր