👑 Խավարի թագավորը
Լույս է տեսել հեղինակ նկարազարդող Լիլիթ Ալթունյանի («Կապույտ աղվեսը», «Երաժիշտ հրեշը») նոր՝ «Խավարի թագավորը» պատկերագիրքը («Վերնատուն» հրատարակչություն): ԵՐԵՎԱՆը գիրքը քննարկել է հեղինակի, ինչպես նաև լոգոպեդի և մանկական հոգեբանի հետ։
Տեքստը՝ Մարիամ Ալոյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Ալթունյանի
ԵՐԵՎԱՆ #83 | 2023
Նոր գիրքը պատմում է մի թագավորի մասին, որն իր կյանքում միայն մութն է տեսել: Բայց հետաքրքրասիրության շնորհիվ թագավորը դուրս է գալիս իր խավարից ու բացահայտում լույսը: Սկզբում սարսափելի թվացող լույսը նրա առաջ բացում է մի նոր աշխարհ: Սակայն այստեղ կարևորն այն է, որ թագավորը, գտնելով լույսը, չի կորցնում խավարը: Ուստի հեղինակը ցույց է տալիս, որ աշխարհում կարևոր են երկուսն էլ, որովհետև միայն այդպես կարող ենք հասնել ներդաշնակության: Ինչպես և մյուս երկու գրքերի դեպքում, այստեղ ևս Ալթունյանը մի ոչ սովորական պատմություն է ստեղծել՝ օգտագործելով գույները որպես պատմության մի մաս և նկարազարդողի իր աչքով պատմությունն ու նկարազարդումները հրաշալի ձևով միաձուլել է իրար: Այս թեմայի շուրջ էլ զրուցեցինք գրքի հեղինակի հետ:
ԼԻԼԻԹ ԱԼԹՈՒՆՅԱՆ
Հեղինակ
Լիլիթ, արդյո՞ք բոլորիս մեջ կա այդ խավարի թագավորը:
Կարծում եմ՝ բոլորս էլ ինչ-որ մի իրավիճակում ինչ-որ ժամանակ խավարի թագավոր լինում ենք մեր կյանքում: Մարդ արարածին հատուկ է հարմարավետության տարածքում մնալը և պատասխանատվություն կրող հարցերից փախչելը: Օրինակ, երբ թագավորը կարդում է իր գիրքը, տառերը համարյա թե չեն երևում, բայց ինքն իրեն չի հարցնում, թե ինչու է այդպես: Խավարը նաև պատմության մեջ խորհրդանշում է չիմացությունը: Թագավորը երկար ժամանակ նախընտրում է չիմացության մեջ մնալը՝ վախը հաղթահարելու փոխարեն: Մենք էլ ենք երբեմն այդպես վարվում: Եվ ի վերջո, մենք էլ ենք հոգեկան ճնշվածությունից ֆիզիկապես հիվանդանում, երբ հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ պիտի քայլ անենք, բայց հետ ենք կանգնում վախից:
Եթե նույն տրամաբանությամբ մշտապես լույս լինի, դա էլ է սխալ, չէ՞:
Ես, իհարկե, այս պատմության մեջ օգտագործել եմ լույսի ու խավարի հարաբերությունը, բայց դա նրա համար է, որ ցույց տամ երկու ծայրահեղություն: Բնականաբար, կարևոր չէ, թե որ մի ծայրահեղության մեջ ենք, կարևորը, որ չմնանք այդտեղ ու ամբողջականության մեջ տեսնենք ներդաշնակությունը:
Իսկ ինչպե՞ս են ստեղծվել նկարազարդումները։
Պատկերագրքի նկարազարդումները նույնքան կարևոր են պատմությունը փոխանցելու մեջ, որքան տեքստը: «Խավարի Թագավորի» մեջ մի քանի հնարքներով այնպես եմ արել, որ գիրքն ավելի ինտերակտիվ լինի, կարծես ընթերցողին ոչ թե պատմում եմ, այլ ցույց եմ տալիս տեղի ունեցածը: Դրանցից ամենասիրվածը սպիտակ էջերով բացվածքն է, որ «պատկերում» է թագավորի աչքերը շլացնող պայծառ լույսը: Այդ բացվածքին հասնելիս բոլորն անխտիր մի պահ շփոթվում են, հետո գլխի ընկնում, իսկ հետո հրճվում:
Պատկերագրքերը հաճախ շատ ավելին են քան գունավոր նկարներն ու մեծ տառերով տեքստերը: Այնտեղ կարելի է գտնել հազարավոր ենթատեքստեր, հղումներ, տրամադրություններ, որոնք գուցե պարզ չլինեն երեխայի համար: Այ ինչպե՞ս հասկանալ կամ ինչպե՞ս մոտեցնել երեխային պատկերագրքին կամ ինչպե՞ս ընտրել:
Հենց «Խավարի թագավորը» գրքում բազում դժվարություններ կան, որոնք պետք է հաղթահարել, որ երեխան չվախենա կամ չկոմպլեքսավորվի: Հակառակ դեպքում հնարավոր է մի անհաջող էջի պատճառով երբեք այլևս գիրք չի բացի:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լոգոպեդ
Մարիամ, ինչո՞ւ մտնել գրախանութ ու ընտրել «Խավարի թագավորը»։
Նախ, ծանոթ լինելով Լիլիթ Ալթունյանի նախորդ գրքերին՝ միանգամից ցանկություն է առաջանում ունենալ գիրքը, կարդալ, կարդալ երեխաների համար, միասին քննարկել, վերլուծել, նայել տարբերվող իլյուստրացիաներին, որոնք ևս շատ յուրօրինակ տեսակի են և տարբերվում են մանկական գրականության մյուս գրքերից։
Գիրքն ունի հետաքրքիր պատմություն, շատ սահուն կերպով թագավորի վախը հաղթահարվում է, և թագավորը, համարձակ քայլ կատարելով, փոխում է իր աշխարհը, դարձնում ավելի լավը։ Նման պատմությունները երեխաներին օգնում են հասկանալ, որ վախենալ պետք չէ, համարձակ պետք է լինել, չվախենալ փոփոխությունից, հաղթահարել սեփական վախերը, և ամեն բան շատ ավելի լավ կլինի։
Բացի այդ, գիրքը հրաշալի տարբերակ է սկսնակ ընթերցողի համար, քանի որ տառատեսակը խոշոր է, գրեթե բոլոր էջերում գրված է սպիտակ հատվածի վրա և այդ հանգամանքը կարևոր է այնքանով, որ շատ ավելի պարզ տեսանելի ու ընթեռնելի են տառերը։ Ամեն էջին 3-4 նախադասություն է, երբեմն՝ մի քանի բառ, ինչը ևս կարևոր է սկսնակ ընթերցողի համար, որպեսզի մոտիվացիա ունենա, որ ստացվում է կարդալ, հաջորդ էջ անցնել։ Բառապաշարը ծանոթ է տարրական դասարանում սովորող երեխայի համար, չկան նոր և պերճաշուք բառեր, ինչը ևս նպաստում է, որ երեխան կարդա, հասկանա և ցանկանա շարունակել ընթերցելը։
Գիրքն առաջին հերթին ո՞ր տարիքի համար է նախատեսված:
Ըստ իս, գիրքը կարելի է կարդալ 4 տարեկանից բարձր երեխաների համար։ Թեպետ միտքն առավել ընկալելի կլինի 6-9 տարեկան երեխաների համար։ Կարող են կարդալ և եզրահանգում անել, որպես օրինակ, որպես մոտիվացիա, որպես կյանքի փորձառություն ընդունել։ Երբ գիրք եմ կարդում երեխաներիս համար, նրանց չեմ բացատրում իմ ընկալածը, այլ հարցերի միջոցով նրանց ուղղորդում եմ գրքի ասելիքին, լսում նրանց ընկալածն ու մեկնաբանությունը։ Շատ հաճախ երեխաներս նկատում են ավելին, քան ես։ Ճիշտ չեմ համարում մեր ընկալածն ու եզրահանգումը փաթաթել երեխաների վզին, այլ պետք է թույլ տալ, որ երեխաները երևակայեն, մտքի ճախրանք ապրեն, չէ՞ որ ամեն մեկս մեր ընկալման աշխարհն ունենք, յուրաքանչյուրս յուրովի է ընկալում և վերլուծում։ Հետո, պատրաստի տարբերակներ առաջարկելով մենք զրկում ենք երեխաներին ունենալ սեփական կարծիք տարբեր երևույթների մասին։
Այնուամենայնիվ, գիրքն ամբողջությամբ հոգեբանական շերտերի շղթա է։ Շատ ծնողներ գուցե կարծեն, որ «Խավարի թագավորը» վախենալու կերպար է, և երեխային պետք է հետ պահել, որպեսզի վախերն ավելի չշատանան: Սակայն գիրքն ունի լրիվ հակառակ ենթատեքստը:
ԻՐԻՆԱ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ
Հոգեբան
Ի՞նչ կտա գիրքը երեխային:
Այս պատմությունն ունի մի քանի կարևոր շեշտադրում։ Կարևոր մտքերից է երևույթներն իրենց ամբողջականության մեջ ընկալման շեշտադրումը։ Որքան էլ լավ լինի որևէ վայրում, որևէ արդեն սովորական դարձած միջավայրում, վստահաբար կան այլ երևույթներ ու վայրեր, որոնք անհրաժեշտ է ճանաչել՝ կյանքն էլ ավելի հարուստ ու զգայական դարձնելու համար։ Մյուս կարևոր շեշտադրումը՝ անորոշությունից չվախենալն է։ Երբ իրավիճակն անհասկանալի է, անորոշ, անճանաչելի, կարևոր է ունենալ համարձակություն և առաջ գնալ։ Երբեմն հենց ամենաանհույս և անորոշ իրավիճակում է գալիս ամենաճիշտ որոշումը, քանի որ ակտիվանում են ամենախորքային ռեսուրսները, որոնք թույլ են տալիս իրականացնել անհնարինը։ Կարևոր է լինել համարձակ ու խիզախ։ Երրորդ կարևոր շեշտադրումը՝ ներքին ձայնին լսելն է։ Երբեմն մենք հասնում ենք մի իրավիճակի և հոգեվիճակի, երբ ամեն բան կոմֆորտ ու հարմար է թվում, երբ ամեն բան սովորական է ու ճանաչելի։ Սակայն սա կարող է ուղիղ ճանապարհ լինել դեպի լճացում, ինչը թույլ չի տալիս զարգանալուն, նորը բացահայտելուն, ինքնաճանաչմանը գնալուն։ Ուստի, շատ կարևոր է ուշիմ լինել տարբեր «ձայների», որոնք կարող են տանել մեզ դեպի նոր բացահայտումներ և հարստացնել մեր կյանքը։
Ինչպե՞ս թագավորը տեսավ լույսը, հնարավոր է, չէ՞, որ այդպես էլ չտեսներ:
Սովորաբար, երբ կոմֆորտն ու հաճույքը դառնում են սովորական և միապաղաղ, պարտադիր լինում է որևէ ազդակ, որը դրդում է զարգացման ու առաջընթացի։ Չափազանց կարևոր է այդ ազդակների ընկալելն ու նկատելը, դրանց կարևորելն ու առաջնահերթություն տալը։ Եթե թագավորն այդպես էլ լույսը չտեսներ, նա ուղղակի ընդմիշտ կմնար խավարի մեջ՝ տգիտության խավարի, լճացման խավարի, զարգացումը կանգնեցնող խավարի մեջ։ Ուստի վախի հաղթահարումն ու համարձակությունը թույլ տվեցին գնալ առաջ և բացահայտել կյանքի էլ ավելի լայն շերտեր։
Գիրքը, առհասարակ, ինչքանո՞վ կարող է ազդել երեխայի հոգեբանական աշխարհի վրա:
Գրքի դերն ու արժեքը երեխայի կյանքում անգնահատելի են։ Գրքի շնորհիվ երեխան բացահայտում է աշխարհը, ճանաչում դրա կառուցվածքը, զարգացնում պատճառահետևանքային և տրամաբանական մտածողությունը, ընդլայնում իր բառապաշարը։ Գիրքը թույլ է տալիս զարգացնել երևակայությունը, ակտիվացնում է պատկերավոր մտածողությունը։ Գրքի շնորհիվ երեխան սովորում է նույնականանալ տարբեր հերոսների հետ, ինչը թույլ է տալիս ճանաչել մարդու էությունը, նրա ապրումների և վարքաձևի դրդապատճառները, հույզերի խոր աշխարհը։ Երեխայի հետ համատեղ ընթերցանությունը նպաստում է մեծահասակ-երեխա հուզական կապի ամրապնդմանը, շփման հմտությունների զարգացմանը։ Պատկերավոր գրքերի շնորհիվ երեխան սովորում է համադրել իր լսածն ու տեսածը, զարգացնում է դիտողականությունը, ավելի ամրապնդում լսածը։ Վերը նշվածներից զատ՝ գրքի ամենակարևոր գործառույթներից է հաճույք ստանալն ու հետաքրքրասիրության բավարարումը։