Խորհրդային մոդեռնիզմի թաքնված ուղերձը
Մոդեռնիզմ

Խորհրդային մոդեռնիզմի թաքնված ուղերձը

Նկարիչ Նվարդ Երկանյանը պատմում է, թե ինչու չի կարելի կորցնել խորհրդային մոդեռնիստական ճարտարապետական հուշարձանները և հուշում, թե հատկապես որոնց է պետք ուշադրություն դարձնել Երևանում։ Նկարազարդումները՝ Երկանյանի «Բետոնե տեսիլք» գրքից։

Տեքստն ու նկարազարդումները՝ Նվարդ Երկանյանի

 

ԵՐԵՎԱՆ #82

 

#Դիզայն #Ճարտարապետություն

 

 

Նվարդ Երկանյանի՝ հայ մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված գրաֆիկական շարքից շուրջ 30 աշխատանք ընգրկվել է նկարչուհու առաջին հեղինակային պատկերագրքում։ «ՄանԲան» արվեստի հրատարակչության հրատարակած «Բետոնե տեսիլքն» ուրվագծում է խորհրդահայ մոդեռնիզմի նշանակալի ձեռքբերումները արվեստագետի ինքնատիպ և գունեղ գրաֆիկական գործերի միջոցով։

Մեծանալով անկախ Հայաստանում՝ ես միշտ գերվել եմ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետական հուշարձաններով: Այս շենքերի ֆուտուրիստական ծավալներն ինձ հիշեցնում էին այլմոլորակայինների տիեզերանավեր, որոնք տեսել էի ֆիլմերում, և ամեն անգամ, երբ գտնվում էի այդ շենքերից մեկում, երևակայությունս ինձ տանում էր ճանապարհորդության՝ հայտնաբերելու նոր և անհայտ աշխարհներ: Աչքերս զննում էին խորաքանդակներն ու խճանկարները՝ փորձելով գտնել թաքնված հաղորդագրություններ ապագայի մասին: Ավելի ուշ, ժամանակի ընթացքում, հասկացա, որ թաքնված ուղերձը վերաբերում էր հենց իրենց փխրունությանը և խոցելիությանը: 


Անկախ Հայաստանում քաղաքական փոփոխությունները հանգեցրին նրան, որ այդ հուշարձաններից շատերը քանդվեցին կամ քայքայվեցին քաղաքաշինական նոր զարգացումների բերումով: Այդ պրոցեսներից մասնավորապես մեկը մեծ նշանակություն ունեցավ ինձ համար իբրև ստեղծագործող:

 

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ
 


2010-ին կինո «Մոսկվայի» ամառային դահլիճի սեփականատերերը որոշեցին տարածքն օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի նրա տեղում վերակառուցվի ժամանակին մոտակայքում տեղակայված և 1930-ականներին քանդված 7-րդ դարի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին։


Բացօթյա դահլիճն արդեն իսկ աղճատվել էր տարիների ընթացքում և գտնվում էր բավականին վատ վիճակում, իսկ փողոցի կողմից այլևս տեսանելի չէր, քանի որ առջևում կառուցվել էր սրճարան, որն ամբողջովին փակում էր այն, ինչ մնացել էր դահլիճից: Անսպասելիորեն կարծես թե մոռացված կինոդահլիճը քանդելու վտանգը մեծ բողոքի ալիք բարձրացրեց մասնագիտական և քաղաքացիական շրջանակներում և մեզ հաջողվեց կասեցնել հուշարձանի քանդումը: Շարժման հաջողությունը հնարավոր դարձավ նաև սոցցանցերի շնորհիվ, որոնք հետագայում ինձ համար ևս գործիք դարձան «Բետոնե Տեսիլք» նախագիծը կոնտեքստավորելու և լայն շրջանառության մեջ դնելու համար:

 

ԺՆՏՑ համալիրը Չարբախում

 

***
2016-ին, երբ մեկնեցի Ֆլորենցիա ուսանելու, առաջին նկարազարդումն արեցի՝ Սևանի Գրողների հանգստի տան ճաշարանի շենքը: Նկարազարդումը մեծ համակրանք ու հետաքրքրություն առաջացրեց, և հուշեց ինձ, որ սա կարող է շարունակական նախագիծ դառնալ՝ նվիրում հայ մոդեռնիստական ճարտարապետությանը և արվեստային ակտիվիստական քայլ, փորձ՝ պահպանելու եթե ոչ ճարտարապետական հուշարձանները, ապա հիշողությունը դրանց մասին:


Նախագիծը հետագայում նաև միջազգային ուշադրության արժանացավ՝ հրապարակվելով The Guardian-ում, Arch Daily, My Modern Met, Creative Boom, Elle, World Architecture Community և շատ ուրիշ պարբերականներում, ինչն օգնեց ևս մեկ անգամ հաստատել, որ այս ժառանգությունն արժանի է մեր հոգատարությանն ու ուշադրությանը:

 

Երևանի ճոպանուղու կայարան


Նկարազարդումները հետագայում վիրտուալ տարածքից դուրս եկան և սկսեցին տպագրվել, հայտնվել մարդկանց տներում, նրանց կենցաղում՝ պայուսակների, բարձերի, հեռախոսի պատյանների, ցնցուղի վարագույրների և շատ այլ տարօրինակ մակերեսների վրա: Այս տարի նաև հրատարակվեց «Բետոնե Տեսիլք» գիրքը, որը հավաքեց գրեթե բոլոր նկարազարդումները մի տեղում: Ետ բերելով այս հուշարձաններն առօրյա, պահպանելով նրանց մասին հիշողությունները՝ ես հույս ունեմ, որ պատկան մարմինների և քաղաքացիների կողմից ցանկություն կառաջանա նոր կյանք տալ և վերաիմաստավորել այս ճարտարապետական կոթողները:

 

Ավտոբուսային կանգառ Երևանում

 

«Արագիլ» սրճարան

 

***
Այս շարքի ստեղծման ընթացքում ես հարցազրույցներ եմ վերցրել տարբեր տարիքի անհատների հետ և հավաքել հիշողություններ, երազանքներ և երևակայություններ, որոնք կապված են այս հուշարձանների հետ և ներառել դրանք իմ ստեղծագործությունների մեջ: Կարծում եմ, որ այս անձնական և զգացմունքային մոտեցումը դիտորդին ավելի խոր պատկերացում է տալիս մարդկանց վրա այս շենքերի ազդեցության մասին և ինչպես են դրանք հիշվում և ընկալվում: Այս նկարազարդումները վերաբերում են ոչ միայն այս շենքերի ֆիզիկականությանը, այլ նաև այն հույզերին, գաղափարներին և հիշողություններին, որոնք դրանք առաջացնում են: Ընդհանուր առմամբ, իմ շարքը արտացոլում է իմ շարունակական ուսումնասիրության ուղիները, որոնցով կառուցված միջավայրը ձևավորում է մեր ինքնությունը և մեր հարաբերությունները շրջապատող բնապատկերի հետ, անհատական և հավաքական հիշողությունների կարևորությունը:


Կարծում եմ, որ այս շենքերը, որոնք ժամանակին եղել են առաջընթացի և հզորության խորհրդանիշներ, այժմ կանգնած են որպես անցյալ դարաշրջանի մասունքներ: Դրանք ոչ միայն կարևոր են հիշելու և պահպանելու, այլև անցյալի և ներկայի մասին մտածելու և դրանք հասկանալու, ինչպես նաև ապագան պատկերացնելու համար»:

հավելյալ նյութեր